1․ Եւ անդ էր այր ծանաւթ առնն Նոոմինայ, եւ այրն հզաւր զաւրութեամբ, յազգէն Էղիմեղիքայ, եւ անուն նորա Բոոս. եւ ետ Նոոմինայ տուն այրութեան բնակելոյ ի նմա:
2․ Եւ ասէ Հռութ Մովաբացի ցՆոոմին. երթայց յանդ եւ քաղեցից հասկս զհետ ուրուք, որոյ գտից շնորհս առաջի աչաց նորա: Եւ ասէ ցնա. Երթ դուստր:
3․ Եւ գնաց: Եւ երթեալ քաղէր հասկ յանդի զհետ հնձողացն. եւ դիպելով դիպեցաւ վիճակի անդին Բոոսայ` ազգականի Ելեմեղիքայ:
4․ Եւ ահա Բոոս եկն ի Բեթղահեմէ եւ ասէ ցհնձաւղս իւր. Տէր ընդ ձեզ: Եւ ասեն ցնա. 0րհնեսցէ զքեզ Տէր:
5․ Եւ ասէ Բոոս ցպատանին իւր, որ կայր ի վերայ հնձողացն. Ո՞յր է աղջիկդ այդ:
6․ Պատասխանի ետ պատանին որ կայր ի վերայ հնձողացն եւ ասէ. Մովաբացի աղջիկն է, որ դարձաւ ընդ Նոոմինայ յագարակէն Մովաբայ:
7․ Եւ ասէ. Թող քաղեցից եւ ժողովեցից հասկ ի մէջ որայոց զհետ հնձողացդ. եւ եկն եկաց յառաւաւտէ մինչչեւ ցայժմ, եւ ոչ դադարեաց` եւ ոչ սակաւիկ ինչ յանդիս:
8․ Եւ ասէ Բոոս ցՀռութ. Լուա՞ր դուստր. մի ուրեք երթիցես քաղել հասկ յայլոց անդի, եւ մի բնաւ ուրեք գնասցէս աստի. այլ աստէն իսկ յարեաց յաղջկունս իմ.
9․ եւ աչք քո յանդիս ուր եւ հնձիցեն, եւ երթիցես զհետ նոցա: Ոչ ապաքէն պատուէր ետու մանկտւոյ իմում չմերձանալ ի քեզ. եւ եթէ ծարաւիցիս, երթիցես յամանսն եւ արբցես` ուստի հանիցեն ջուր մանկտիդ:
10․ Եւ անկեալ ի վերայ երեսաց իւրոց երկիր եպագ յերկիր ի խոնարհ, եւ ասէ. Զի՞ է զի գտի շնորհս առաջի աչաց քոց ճանաչել զիս. Եւ ես եմ կին մի աւտար:
11․ Պատասխանի ետ Բոոս եւ ասէ ցնա. Պատմելով պատմեցաւ ինձ ամենայն ինչ զոր արարեր սկեսրի քում յետ մահուան առնն քում. եւ զիարդ թողեր զհայր քո եւ զմայր, եւ զերկիր ծննդեան քոյ. Եւ եկիր ի ժողովուրդ զոր ոչ գիտէիր յերեկ եւ յեռանտ:
12․ Հատուսցէ քեզ Տէր ըստ վաստակոց քոց, եւ եղիցի լի վարձք քո ի Տեառնէ Աստուծոյ Իսրայէլի, յոր դիմեցերն ապաստան լինել ընդ թեւաւք նորայ:
13․ Եւ նա ասէ. Գտի շնորհս առաջի աչաց քոց Տէր, զի մխիթարեցեր զիս, եւ զի խաւսեցար ի սիրտ աղախնոյ քոյ. եւ ես եղէց իբրեւ զմի յաղախնանց քոց:
14․ Եւ ասէ ցնա Բոոս. Ահա ժամ ճաշոյ է. մատիր այսր եւ կեր ի հացէդ, եւ թացցես զպատառ քո ի քացախիդ: Եւ նստաւ Հռութ ի կողմանէ հնձողացն. եւ խառնեաց նմա Բոոս փոխինդ. եւ եկէր, եւ յագեցաւ. եւ եթող նշխար.
15․ եւ յարեաւ քաղել հասկ: Եւ պատուիրեաց Բոոս մանկտւոյ իւրում, եւ ասէ. Այլեւ ի մէջ որայոցն քաղիցէ. եւ մի պատկառեցուցանէք զնա:
16․ Այլ եւ բառնալով բարձուսջիք, եւ արկանելով արկջիք առաջի նորա ի փոխնդոցն խառնելոց, եւ թոյլ տաջիք նմա եւ կերիցէ եւ քաղիցէ հասկ. եւ մի ինչ զզուիցէք զնա:
17․ Եւ քաղեաց յանդին մինչչեւ ցերեկոյ. եւ ծեծեաց զոր քաղեացն, եւ եղեւ արդու մի գարւոյ.
18․ եւ առ` եւ եմուտ ի քաղաքն: Իբրեւ ետես սկեսուրն նորա զոր քաղեացն, եւ եհան Հռութ ետ նմա ի նշխարէն` յորոց յագեցաւն:
19․ Ասէ ցնա սկեսուրն իւր. Ո՞ւր ժողովեցեր այսաւր, եւ կամ ո՞ւր եղեր. եղիցի որ ծանեաւն զքեզ` աւրհնեալ: Եւ պատմեաց Հռութ սկեսրին իւրոյ թէ ո՞ւր եղեւ. եւ ասաց զանուն առնն առ որում եղեւ այն աւր` թէ Բոոս է:
20․ Ասէ Նոոմին ցնու իւր. 0րհնեալ է նա ի Տեառնէ. զի ոչ պակասեցոյց զգութ իւր ի կենդանեաց եւ ի մեռելոց: Եւ ասէ ցնա Նոոմին. Մերձ է այրն ի մեզ, ի մերձաւորաց մերոց է:
21․ Եւ ասէ Հռութ ցսկեսուրն իւր. Իրաւ է. ասաց ցիս թէ յաղջկունսդ իմ յարեաց, մինչչեւ վախճանեսցեն հունձսդ` որչափ իցեն իմ:
22․ Եւ ասէ Նոոմին ցՀռութ նու իւր. Բարի է դուստր, զի եղեր ընդ աղջկունս նորա, եւ մի պատահիցէ ոք քեզ յայլում անդի:
23․ Եւ յարեցաւ Հռութ յաղջկունսն Բոոսայ քաղել հասկ մինչչեւ վախճանել հնձոցն գարեաց, եւ հնձոց ցորենոյ: Եւ նստաւ առ սկեսրի իւրում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: