Գիրք` 33. Ամովս

Գլուխ 1

   
1․ Պատգամք Ամովսայ որ եղեն յԱկկարիմ Թեկուայ, զորս ետես ի վերայ Երուսաղեմի. յաւուրս Ոզիայ արքայի Հրէաստանի, և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ արքայի Իսրայէլի։ Երկուք ամօք յառաջ քան զգետնաշարժն. և ասէ.

2. Տէր ի Սիովնէ՛ բարբառեցաւ, և յԵրուսաղեմէ ետ զձա՛յն իւր. և սո՛ւգ առին արօտք հօտից. և ցամաքեցա՛ն բարձունք Կարմելայ։

3. Եւ ասէ՛ Տէր ի վերայ երիցն անօրէնութեանցն Դամասկեայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի կտրէին զյղիս Գաղաադացւոց սղոցօք երկաթեօք։

4. Եւ առաքեցից հո՛ւր ի տունն Ազայելի, և կերիցէ զհիմունս որդւոյ Ադերայ։

5․ Եւ խորտակեցից զնիգս Դամասկեայ. և սատակեցից զբնակիչս դաշտացն Աւնայ. և կոտորեցից զազգն յարանց Խառանու. և գերեսցի ընտիր ժողովուրդն Ասորւոց՝ ասէ Տէր։

6. Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Գազայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէն. փոխանակ զի գերեցին զգերութիւն Սողոմոնի արգելուլ յԵդովմ։

7․ Եւ առաքեցից հո՛ւր ի վերայ պարսպացն Գազայ, և կերիցէ զհիմունս նորա։

8. Եւ սատակեցից զμնակիչս յԱզովտայ, և բարձցի՛ ազգն յԱսկաղոնէ. և ածի՛ց զձեռն իմ ի վերայ Ակկարոնի, և կորիցեն մնացորդք այլազգեացն ասէ՛ Տէր Տէր։

9. Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Ծուրայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի արգելին զգերութիւնն Սողոմոնի յԵդոմ, և ո՛չ յիշեցին զուխտ եղբարց։

10. Եւ առաքեցից հո՛ւր ի վերայ պարսպացն Ծուրայ, և կերիցէ՛ զհիմունս նորա։

11. Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Եդոմայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէ. փոխանակ զի հալածեա՛ց սրով զեղբայր իւր, և ապականեաց զեղբայր յերկրի. և յափշտակեաց ի վկայութիւն զսոսկո՛ւմն իւր. և զյանդգնութիւն իւր պահեաց ի հակառակութիւն։

12. Եւ առաքեցից հո՛ւր ի Թեման, և կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա։

13. Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Ամոնայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէ. փոխանակ զի հերձոյին զյղիս Գաղաադացւոց, զի ընդարձակեսցեն զսահմանս իւրեանց։

14. Բորբոքեցից հո՛ւր ի վերայ պարսպացն Հռաբայ, և կերիցէ՛ զհիմունս նորա աղաղակաւ յաւուր պատերազմի. և շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։
15․ Եւ գնասցեն ի գերութիւն թագաւորք նոցա. քուրմք նոցա՝ և իշխանք նոցա ի միասին, ասէ Տէր Տէր։