Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 11 (10)

   
1․ Յամին երրորդի Կիւրոսի արքայի Պարսից, բանն յայտնեցաւ Դանիելի՝ որոյ անուն կոչեցաւ Բաղտասար. և ճշմարի՛տ է բանն. և զօրութիւն մեծ և հանճա՛ր տուաւ նմա ‘ի տեսլեանն։
2․ Յաւուրսն յայնոսիկ՝ ես Դանիէլ էի ‘ի սուգ երիս եւթներորդս աւուրց.
3․ հաց ցանկութեան ո՛չ կերայ, և միս և գինի ո՛չ եմուտ ‘ի բերան իմ, և իւղով ո՛չ օծայ, մինչև ‘ի կատարել երից եւթներորդաց աւուրց։
4․ Յաւուրն քսաներորդի և չորրորդի ամսեանն առաջնոյ. կայի ես առ ափն գետոյն մեծի՝ որ է Տիգրիս Դկլաթ։
5․ Ամբարձի զաչս իմ, և ահա այր մի զգեցեալ փառս. և ընդ մէջ իւր ածեալ կամար յոսկւոյն Ոփազայ.
6․ և մարմին նորա ծովագոյն. և երեսք նորա իբրև զտեսիլ փայլատական, և աչք նորա իբրև ճառագայթք հրոյ. բազուկք և բարձք նորա իբրև զտեսիլ փայլուն պղնձոյ. և բարբառ բանից նորա իբրև զբարբառ զօրու։
7․ Եւ տեսի ես Դանիէլ միայն զտեսիլն. և արքն որ ընդ իս էին՝ ո՛չ տեսին զտեսիլն, այլ ա՛հ մեծ անկաւ ‘ի վերայ նոցա, և փախեան զարհուրեալք։
8. Եւ ես միայն մնացի, և տեսի զտեսիլն զայն մեծ. և ոչ մնա՛ց յիս զօրութիւն. և փառք իմ յապականութիւն դարձան, և չհանդարտեցի զօրութեանն։
9. Եւ լուայ զբարբառ բանից նորա. և ‘ի լսելն իմում զբարբառ բանից նորա՝ կայի հիացեալ, և երեսք իմ յերկիր խոնարհեալ։
10. Եւ ահա ձեռն ձգեալ առ իս՝ կանգնեաց զիս ‘ի ծունգս իմ և ‘ի թաթս ձեռաց իմոց.
11. և ասէ ցիս. Դանիէ՛լ ա՛յր ցանկալի, խելամո՛ւտ լեր բանիցս զոր խօսեցայց ընդ քեզ, և կա՛ց ‘ի կայի քում՝ զի այժմ առաքեցայ առ քեզ. և ‘ի խօսել նորա ընդ իս զբանս զայս՝ յոտն կացի դողութեամբ։
12. Եւ ասէ ցիս. Մի՛ երկնչիր Դանիէլ. զի յօրէ յորմէ ետուր զսիրտ քո խելամո՛ւտ լինել, և վշտանալ առաջի Աստուծոյ քոյ, լսելի՛ եղեն բանք քո, և ես եկի ընդ բանից քոց։
13. Եւ իշխան թագաւորութեանն Պարսից կայր հակառա՛կ ինձ զքսան և զմի օր. և ահա Միքայէլ՝ մի յառաջին իշխանացն եկն օգնել ինձ. և թողի՛ զնա անդ ընդ իշխանի թագաւորութեանն Պարսից.
14. և եկի խելամուտ առնել զքեզ որչափ ինչ ա՛նցք անցանելոց իցեն ընդ ժողովուրդ քո յաւուրս յետինս. զի տեսիլդ յաւո՛ւրս է։
15. Եւ ‘ի խօսելն նորա ընդ իս ըստ բանիցս այսոցիկ, անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց յերկիր՝ և կայի հիացեալ։
16. Եւ ահա իբրև ‘ի նմանութիւն որդւոյ մարդոյ մերձենայր ‘ի շրթունս իմ. բացի զբերան իմ և խօսեցայ. և ասեմ ցայրն որ կայր յանդիման ինձ. Տէր՝ յերևելդ քո ինձ՝ խռովեցա՛ւ փոր իմ յիս, և ո՛չ գոյ յիս զօրութիւն։
17. Եւ զիա՞րդ կարիցէ ծառայ քո տէր խօսել ընդ տեառն իմում. և ո՛չ ևս է յիս զօրութիւն կալոյ, և շունչ ո՛չ մնաց յիս։
18. Եւ յաւե՛լ ևս մերձեցաւ յիս իբրև զտեսիլ մարդոյ, և զօրացոյց զիս,
19. և ասէ. Մի՛ երկնչիր ա՛յր ցանկալի. խաղաղութիւն ընդ քեզ. զօրացի՛ր և քա՛ջ լեր. և ‘ի խօսել նորա ընդ իս՝ զօրացայ և ասեմ. Խօսեսցի՛ տէր՝ զի զօրացուցեր զիս։
20. Եւ ասէ. Եթէ գիտիցե՞ս վասն էր եկի առ քեզ. և արդ դառնամ անդրէն տա՛լ պատերազմ ընդ իշխանին Պարսից. և ես երթայի՝ և իշխանն Յունաց գայր։
21. Բայց պատմեցի՛ց քեզ զինչ կարգեալ է ‘ի գիրս ճշմարտութեան. և ո՛չ ոք է ինձ օգնական այսոցիկ, բայց Միքայէլ իշխանն ձեր։