1․ Եւ ես յառաջնում ամին Կիւրոսի՝ կայի ի հաստատութեան և ի զօրութեան։
2․ Եւ արդ պատմեցի՛ց քեզ զճշմարտութիւնն. Ահա երե՛ք թագաւորք յարիցեն յերկրիդ Պարսից, և չորրորդն մեծասցի մեծութիւն մեծ քան զամենեսեան. և յետ զօրանալոյ նորա ի մեծութեան իւրում, յարիցէ ի վերայ թագաւորութեանցն Յունաց։
3․ Եւ յարիցէ թագաւորհզօր, և տիրեսցէ տէրութեամբ բազմաւ. և արասցէ ըստ կամս իւր.
4․ և իբրև յարիցէ՝ թագաւորութիւն նորա փշրեսցի, և բաժանեսցի ի չորս հողմս երկնից. և ո՛չ ըստ վախճանի նորա, և ո՛չ ըստ տէրութեան նորա զոր տիրեաց. զի խլեսցի թագաւորութիւն նորա, և այլոց՝ թո՛ղ զնոցայն։
5․ Եւ զօրասցի թագաւորն հարաւոյ. և մի յիշխանացն զօրասցի ի վերայ նորա, և տիրեսցէ տէրութիւն մեծ.
6․ և յետ ամացն իւրեանց խառնակեսցին ընդ միմեանս։ Եւ դուստր արքային հարաւոյ մտցէ առ արքայն հիւսւսոյ, առնել դաշինս ընդ նմա. և ո՛չ հանդարտեսցէ զօրութեան բազկին. և ո՛չ կացցէ զաւակ նորա. և մատնեսցի ինքն և ածելիքն իւր. և օրւորդն, և որ զօրացուցանէր զնա ի ժամանակին ։
7․ Եւ յարիցէ ի ծաղկէ արմատոյ նորա ի վերայ պատրաստութեան իւրոյ. և եկեսցէ առ զօրութիւնն. և մտցէ ի հաստատութիւնս թագաւորութեանն հիւսւսոյ. և արասցէ ընդ նոսա, և զօրասցի։
8․ Եւ զաստուածս նոցա կործանեսցէ՛ հանդերձ ձուլածոյիւք նոցա. և զամենայն սպաս ցանկալիս նոցա՝ զոսկւոյ և զարծաթոյ գերի՛ առեալ բերիցէ յԵգիպտոս. և ինքն հաստատեսցի քան զթագաւորն հիւսւսոյ.
9․ և մտցէ ի թագաւորութիւն արքային հարաւոյ. և դարձցի՛ անդրէն յերկիր իւր։
10․ Եւ որդիք նորա ժողովեսցեն ամբոխ զօրաց բազմաց. և մտցէ դիմեալ, և հեղեղատեսցէ. և անցցէ և դադարեսցէ, և գրգռեսցի մինչև ի զօրութիւն նորա։
11․ Եւ գազանասցի՛ թագաւորն հարաւոյ, և ելցէ և տացէ պատերազմ ընդ թագաւորին հիւսւսոյ. և գումարեսցէ զօր բազում, և մատնեսցի զօրն ի ձեռս նորա։
12․ Եւ առցէ զամբոխն՝ և բարձրասցի սիրտ նորա. և կործանեսցէ զբիւրաւորս, և ո՛չ զօրասցի։
13․ Եւ դարձցի արքայն հիւսւսոյ, և ածցէ զօր բազում քան զառաջինն. և ի վախճանի ժամանակաց եկեսցէ մտանել զօրաւ մեծաւ և բազում ստացուածովք։
14․ Եւ ի ժամանակսն յայնոսիկ բազումք յարիցեն ի վերայ թագաւորին հարաւոյ. և որդիք մնացելոց ժողովրդեան քոյ բարձրասցին ի հաստատել զտեսիլն, և տկարասցին։
15․ Եւ մտցէ թագաւորն հարաւոյ, և կուտեսցէ հող՝ և առցէ զքաղաքս ամուրս. և բազուկք արքային ոչ հաստատեսցին. և յարիցեն ընտրեալք նորա, և ո՛չ իցէ զօրութիւն կալոյ։
16․ Եւ արասցէ ի մտանելն իւրում առ նա զկամս իւր. և ո՛չ ոք իցէ որ ունիցի զդէմ նորա. և կացցէ յերկրին Սաբիմայ, և վախճանեսցի ի ձեռս նորա։
17․ Եւ դիցէ զերեսս իւր մտանել զօրութեամբ իւրով յամենայն թագաւորութիւնս նորա, և զամենայն ուղղութիւնս առնիցէ ընդ նմա. և զդուստր կանանց տացէ նմա յապականութիւն. և մի՛ յամրասցի, և մի՛ եղիցի նա նորա։
18․ Եւ դարձուսցէ զերեսս իւր ի կղզիս, և առցէ զբազումս. և այրեսցէ զիշխանսն որ նախատեցին զնոսա. և զնախատինս նոցա դարձուսցէ յերեսս նոցա։
19․ Եւ դարձցի զօրութեամբ յերկիր իւր, և տկարասցի՛ և անկցի, և ո՛չ գտանիցի։
20․ Եւ յարիցէ յարմատոյ նորա տունկ թագաւորութեան ի վերայ պատրաստութեան նորա, և բռնադատիցէ առնել շուք թագաւորութեան. և յաւուրսն յայնոսիկ խորտակեսցի. և ո՛չ երեսօք և պատերազմաւ
21․ կացցէ ի վերայ պատրաստութեան իւրոյ, զի արհամարհեցաւ. և ո՛չ ետուն նմա փառս թագաւորութեան. և եկեսցէ յաջողութեամբ, և բռնադատեսցի թագաւորութեանց գայթագղութեամբք։
22․ Եւ բազուկք այնր որ հեղեղատիցեն, և հեղեղատեսցին յերեսաց նորա. և խորտակեսցի և առաջնորդ ուխտին։
23․ Եւ այնոցիկ որ խառնիցինն ի նա արասցէ նենգութիւն։ Եւ ելցէ և զօրասցի ի վերայ նոցա սակա՛ւ ազգաւ։
24․ Եւ յաջողութեամբ բազում աշխարհօք եկեսցէ՝ և արասցէ զոր ո՛չ արարին հարք նորա, և ո՛չ հարք հարց նորա. և զաւար և զկապուտ և զստացուածս բաշխեսցէ նոցա. և ի վերայ Եգիպտացւոց խորհուրդ խորհեսցի մինչև ի ժամանակ.
25․ և զարթիցէ զօրութիւն նորա, և սիրտ նորա ի վերայ թագաւորին հարաւոյ զօրութեամբ մեծաւ։ Եւ թագաւորն հարաւոյ խմբեսցէ պատերազմ զօրաւ մեծաւ և հզօրա՛ւ յոյժ, և ո՛չ հանդարտեսցէ. զի խորհեսցին ի վերայ նորա խորհուրդս։
26․ Եւ կերիցեն որ ինչ նմա ա՛նկ իցէ. և խորտակեսցեն զնա, և զզօրսն այրեսցեն, և անկցին վիրաւորք բազումք։
27․ Եւ երկոցունց թագաւորացն սիրտք իւրեանց ի չարութեան. և ի միում սեղան սուտ խօսեսցին, և մի՛ յաջողեսցի. զի վախճանն ի ժամանակս է։
28․ Եւ դարձցի յերկիր իւր մեծութեամբ բազմաւ. և սիրտ նորա ի վերայ ուխտի սրբոյ. և արասցէ և դարձցի յերկիր իւր։
29․ Ի ժամանակի դարձցի՝ և եկեսցէ ի վերայ հարաւոյ. և ո՛չ եղիցի իբրև զառաջինն վերջինն։
30․ Եւ մտցեն ի նա բանակք Կիտացւոց, և խոնարհեսցին. և դարձցի և բարկասցի ի վերայ ուխտին սրբոյ. և արասցէ և դարձցի և գումարեսցի ի վերայ այնոցիկ ոյք թողին զուխտն սուրբ ։
31․ Եւ յարիցեն զաւակք ի նմանէ, և պղծիցեն զսրբութիւնն բռնութեամբ. և փոխեսցեն զհանապազորդութիւնն, և տացեն պղծութիւն ապականութեան։
32․ Եւ ապականիչք ուխտին ածցեն ի վերայ իւրեանց զգայթագղութիւն։ Եւ ժողովուրդ որ ճանաչէ զԱստուած իւր՝ զօրասցին՝ և արասցեն։
33․ Եւ հանճարեղք ժողովրդեանն բազում իմիք խելամուտ եղիցին. և տկարասցին սրով և հրով՝ և գերութեամբ և յափշտակութեամբ զաւուրս։
34․ Եւ ի տկարանալ նոցա՝ օգնականութիւն ինչ սակա՛ւ գտցեն. և յաւելցին ի նոսա բազումք գայթագղութեամբք։
35․ Եւ ի հանճարեղացն տկարասցին ի փորձել զնոսա և ընտրել, և յայտնել մինչև ի վախճան ժամանակի. զի տակաւին ժամանա՛կ է.
36․ և արասցէ ըստ կամաց իւրոց։ Եւ բարձրասցի թագաւորն, և հպարտասցի ի վերայ ամենայն աստուածոց, և ի վերայ Աստուծոյն աստուծոց խօսեսցի ամբարտաւանս. և յաջողեսցի մինչև վախճանեսցի բարկութիւն, քանզի ի վախճա՛ն լինելոց է։
37․ Եւ ի վերայ աստուծոց հարց իւրեանց զմտաւ ածցէ, և վասն ցանկութեան կանանց. և զամենայն դիս զմտաւ ո՛չ ածցէ. և ի վերայ ամենայնի հպարտասցի.
38․ և զԱստուած հզօր ի տեղւոջէ իւրմէ փառաւորեսցէ. և զաստուած զոր ո՛չ ծանեան հարք նորա՝ փառաւորեսցէ, ոսկւով և արծաթով և ակամբք պատուականօք և ցանկալեօք։
39․ Եւ անցցէ յաւուրս փախստականաց ըստ աստուծոյ օտարի, և յաճախեսցէ փառս. և հնազանդեցուսցէ նմա զբազումս, և զերկիրն բաժանեսցէ ի պարգևի։
40․ Եւ ի ժամանակի վախճանի ոգորեսցի՛ ընդ արքային հարաւոյ. և զօրաժողով լիցի ի վերայ նորա արքայն հիւսւսոյ, կառօք և հեծելովք և նաւօք բազմօք, և մտցէ յերկիրն՝ և խորտակեսցէ. և անցցէ՛
41․ և մտցէ յերկիրն Սաբայիմ. և բազումք տկարասցին։ Եւ սոքաիցեն որ ապրիցեն ի ձեռաց նորա. Եդովմ, և Մովաբ, և իշխանութիւն որդւոցն Ամովնայ։
42․ Եւ ձգեսցէ զձեռն իւր յերկիրն. և երկիրն Եգիպտացւոց ո՛չ եղիցի ի փրկութիւն.
43․ և տիրեսցէ ի վերայ գաղտնեաց ոսկւոյ և արծաթոյ, և ի վերայ ամենայն ցանկալեացն Եգիպտացւոց՝ և Լիբեացւոց, և Եթւովպացւոց յամուրս նոցա։
44․ Եւ ապա համբաւք և տագնապք ճեպեսցեն զնա յարևելից, և ի հիւսւսոյ եկեսցէ սրտմտութեամբ բազմաւ ապականել զբազումս։
45․ Եւ հարցէ զխորան իւր յԵփագնոն, ի մէջ ծովուցն ի լեառն Սաբային սուրբ, և եկեսցէ մինչև ի կողմն մի նորա. և ո՛չ ոք իցէ որ փրկիցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: