1. Եւ եղիցի յաւուրս յետինս յայտնի՛ լեառն Տեառն. պատրաստեալ ի գլուխս լերանց. և բարձրասցի՛ ի վերայ բլրոց, և փութասցին ի նա ժողովուրդք բազումք.
2. և երթիցեն ազգք բազումք և ասիցեն. Եկա՛յք ելցուք ի լեառն Տեառն՝ և ի տուն Աստուծոյ Յակոբայ, և ցուցցեն մեզ զճանապարհս նորա՝ և գնասցուք ի շաւիղս նորա։ Զի ի Սիոնէ ելցեն օրէնք, և բան Տեառն յԵրուսաղեմէ.
3. և դատեսցի ի մէջ ժողովրդոց բազմաց, և յանդիմանեսցէ զազգս հզօրս մինչև ցհեռաւորս. և կոտորեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, և զգեղարդունս իւրեանց ի մանգաղս. և ո՛չ ևս առցէ ազգ յազգի վերայ սուր, և ո՛չ ևս ուսանիցին պատերազմել։
4․ Եւ հանգիցէ իւրաքանչիւր ընդ որթով իւրով՝ և ընդ թզենեաւ իւրով, և ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ. զի բերա՛ն Տեառն ամենակալի խօսեցաւ զայս։
5. Եթէ ամենայն ժողովուրդք գնասցեն իւրաքանչիւր ի ճանապարհս իւրեանց. այլ մեք գնասցուք յանուն Տեառն Աստուծոյ մերոյ յաւիտեա՛նս և առ յապայ։
6. Յաւուր յայնմիկ ասէ Տէր, ժողովեցից զմանրեալն, և զհեռացեալն ընկալա՛յց՝ և զորս մերժեցին.
7. և արարից զբեկեալն ի զաւակ, և զմանրեալն յա՛զգ հզօր. և թագաւորեսցէ Տէր ի վերայ նոցա ի լերինն Սիոնի յայսմհետէ մինչև յաւիտեան։
8. Եւ դու աշտարա՛կ հօտի, մթին դուստր Սիոնի, ի վերայ քո եկեսցէ և մտցէ առաջին իշխանութիւն թագաւորութեան ի Բաբելոնէ դստե՛ր Երուսաղեմի։
9․ Եւ արդ ընդէ՞ր ծանեար զչար. միթէ թագաւոր ո՞չ գոյր քո, կամ թէ խորհուրդն քո կորեա՞ւ. զի սաստկացան երկունք քո իբրև զծննդականի։
10. Երկնեա՛ և զօրացի՛ր, և մերձեա՛ դուստր Սիոնի իբրև զծննդական։ Զի այժմ ելցե՛ս ի քաղաքէ, և բնակեցուցի՛ց զքեզ ի դաշտի. և հասցես մինչև ի Բաբելոն. և անտի փրկեսցէ զքեզ՝ և անտի ապրեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո ի ձեռաց թշնամեաց քոց։
11. Եւ արդ ժողովեցան ի վերայ քո ազգք բազումք. որք ասէին. Եկայք ոտնհա՛ր լիցուք, և տեսցեն աչք մեր ի վերայ Սիոնի։
12. Եւ նոքա ո՛չ գիտացին զխորհուրդ Տեառն, և ո՛չ ի միտ առին զկամս նորա. զի ժողովեաց զնոսա իբրև զօրան ի կալ.
13. կանգնեա՛ց և կա՛ս զնոսա դուստր Սիովնի։ Զի զեղջեւրս քո արարից երկաթիս, և զկճղակս քո պղնձիս. և մանրեսցես զժողովուրդս բազումս, և փշրեսցես նոքօք զազգս. և մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, և զզօրութիւն նոցա Տեառն ամենակալի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: