1․ Լուարո՛ւք զբանս զայս զոր ես առի՛ց ի վերայ ձեր ողբս։ Անկա՛ւ տունդ Իսրայէլի, և ո՛չ ևս յաւելուցու յառնել։
2. Կոյսն Իսրայէլի կործանեցաւ յերկրի իւրում, և չի՛ք ոք որ կանգնիցէ զնա։
3․ Քանզի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ի քաղաքէ յորմէ ելանէին հազարք՝ մնասցէ հարեւր, և յորմէ ելանէին հարեւր՝ մնասցէ տասն տանդ Իսրայէլի։
4․ Քանզի այսպէս ասէ Տէր առ տունդ Իսրայէլի. Խնդրեցէ՛ք զիս և կեցջիք.
5. և մի՛ խնդրէք զԲեթէլ, և ի Գաղգաղա մի՛ մտանէք, և ի Ջրհորն երդման մի՛ ելանէք. զի Գաղգաղա գերելով գերեսցի, և Բեթէլ եղիցի իբրև զչեղեալ։
6. Խնդրեցէ՛ք զՏէր և կեցջիք. զի մի՛ բորբոքեսցի իբրև զհուր տունն Յովսեփայ՝ և կերիցէ զնա. և ո՛չ ոք իցէ որ շիջուցանիցէ։
7․ Որ առնէ ի բարձունս իրաւունս, և արդարութիւն եդ յերկրի.
8. որ առնէ զամենայն և նորոգէ, և դարձուցանէ յայգ զստուերս մահու, և զտիւ ի գիշե՛ր մթացուցանէ. որ կոչէ զջուրս ծովու՝ և հեղու ի վերայ երեսաց երկրի. Տէր ամենակալ անուն է նորա.
9. որ բաշխէ զբեկումն ի վերայ զօրութեան, և ածէ զթշուառութիւն ի վերայ ամրոցաց։
10. Ատեցի՛ն ի դրունս զյանդիմանիչս, և զբանս սուրբս պի՛ղծս արարին։
11. Վասն այնորիկ փոխանակ զի կռփէիք զաղքատս, և կաշառս ընտրանաւ առնոյիք ի նոցանէն. ապարանս զարդարեա՛լս շինեսջիք՝ և մի՛ բնակեսջիք ի նոսա. այգիս ցանկալիս տնկեսջիք՝ և զգինի նոցա մի՛ արբջիք։
12. Զի գիտացի ես զբազում ամպարշտութիւնս ձեր. և սաստի՛կ են մեղք ձեր։ Առ ոտն կոխէիք զարդարն առնլով փոխանակս, և խոտորեցուցանէիք զաղքատն ի դրունս։
13. Վասն այնորիկ որ իմաստունն է՝ ի ժամանակին յայնմիկ լռեսցէ, զի ժամանակն չա՛ր է։
14. Խնդրեցէ՛ք զբարի և մի՛ զչար՝ զի կեցջիք, և եղիցի ընդ ձեզ Տէր Աստուած ամենակալ. զոր օրինակ ասացէքն՝ թէ ատեցաք զչարիս, և սիրեցաք զբարիս։
15. Հաստատեցէ՛ք զիրաւունս ի դրունս ձեր, զի ողորմեսցի Տէր Աստուած մնացորդաց Յովսեփայ։
16. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած ամենակալ. Յամենայն հրապարակս կո՛ծ, և յամենայն ճանապարհս ասասցի վա՛յ վա՛յ. կոչեսցի մշակ ի սուգ և ի կոծ և ի ձայնարկուս.
17․ և յամենայն ճանապարհս կոծ. քանզի անցի՛ց ընդ մէջ քո՝ ասէ Տէր։
18. Վա՛յ որ ցանկայ աւուրն Տեառն. զի՞ կայ ձեր և աւուր Տեառն. և նա խաւա՛ր է, և ո՛չ լոյս։
19. Զոր օրինակ թէ փախիցէ մարդ յերեսաց առիւծու, և պատահեսցէ նմա արջ, և փախնուցու ի տուն՝ և յեցուսցէ զձեռս իւր յորմն, և հարկանիցէ զնա օձ.
20. ո՞չ ապաքէն խաւա՛ր է օր Տեառն՝ և ո՛չ լոյս. աղջամղջին՝ և ո՛չ գոյ ի նմա ճաճանչ։
21. Ատեցի՛ մերժեցի՛ զտօնս ձեր, և ի տարեկանս ձեր ո՛չ հոտոտեցայց։
22. Զի թէ մատուցանէք զողջակէզս և զզոհս ձեր՝ ո՛չ ընկալայց, և յերևելիս փրկութեանց ձերոց ես ո՛չ հայեցայց։
23. Ի բա՛ց արա յինէն զձայն երգոց քոց. և զնուագս սրընգաց քոց ես ո՛չ լուայց։
24. Եւ յորդեսցեն իբրև զջո՛ւր իրաւունք, և արդարութիւն իբրև զհեղեղ անհուն։
25. Միթէ սպա՞նդ և զոհս մատուցէք ինձ յանապատի՛ անդ զքառասուն ամ տո՛ւնդ Իսրայէլի.
26. և առէք զվրանն Մողոքայ՝ և զաստղ աստուածոյն ձերոյ զՀռեմփայ, զպատկերս նոցա զոր արարէք ձեզ։
27. Եւ փոխեցից զձեզ անդր քան զԴամասկոս՝ ասէ Տէր, Աստուած ամենակալ անո՛ւն է նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: