Գիրք` 34. Միքիէ

Գլուխ 5

&nbsp
1․ Արդ պաշարեսցի դուստրն ցանգով. զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայէլի։

2. Եւ դո՛ւ Բեդղահէմ տուն Եփրաթայ սակաւաւոր՝ իցե՛ս լինել ի հազարաւո՛րս Յուդայ. ի քէ՛ն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի. և ելք նորա իսկզբանէ աւուրց աշխարհի։

3. Վասն այնորիկ տացէ զնոսա մինչև ի ժամանա՛կ ծննդականին. ծնցի՝ և մնացորդք եղբարց նորա դարձցին առ որդիսն Իսրայէլի։

4․ Եւ կացցէ՛, և տեսցէ՛ և հովուեսցէ՛ հօտի իւրոյ զօրութեամբ Տեառն, և ի փառս անուան Տեառն Աստուծոյ իւրեանց հաստատեսցին։ Զի այժմ մեծասցին մինչև ի ծա՛գս երկրի.

5. և եղիցի նմա խաղաղութիւն. յորժամ եկեսցէ Ասորեստանեայն յերկիր ձեր՝ և յորժամ հասցէ յաշխարհ ձեր. յարուսցէ ի վերայ նորա եւթն հովիւ՝ և ո՛ւթ վարիչ մարդկան։

6. Եւ հովուեսցեն զԱսորեստանեայն սրով. և զերկիրն Նեբրովթայ ի պատնիշի իւրում. և փրկեսցէ զքեզ յԱսորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր. և յորժամ հասցէ ի վերայ սահմանաց ձերոց։

7․ Եւ եղիցի մնացորդքն Յակոբայ ի հեթանոսս ի մէջ ազգաց բազմաց՝ իբրև զցօղ անկեալ ի Տեառնէ, և իբրև զգառինս ի վերայ սիզոյ, որպէս զի ժողովեսցէ և մի՛ մի. և մի՛ մնասցէ ի մէջ որդւոց մարդկան։

8․ Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ի հեթանո՛սս ի մէջ ազգաց բազմաց իբրև զառեւծ ի մէջ խաշին յանտառի, և իբրև զկորիւն առիւծու՝ ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ՛ և յափշտակիցէ՝ և ո՛չ ոք իցէ որ թափիցէ։

9. Բարձրասցի՛ ձեռն քո ի վերայ նեղչաց քոց, և ամենայն թշնամիք քո սատակեսցին։

10․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Սատակեցից զերիվարս քո ի միջոյ քումմէ, և կորուսից զկառս քո.

11. և սատակեցից զքաղաքս երկրի քոյ, և բարձից զամենայն ամուրս քո. և բարձից զամենայն կախարդութիւնս քո ի ձեռաց քոց. և հարցուկք ո՛չ եղիցին ի քեզ։

12. Ջնջեցից զդրօշեալս քո, և զարձանս քո ի միջոյ քումմէ. և ո՛չ ևս երկիրպագցես գործոց ձեռաց քոց։

13. Եւ կոտորեցից զանտառսդ ի միջոյ քումմէ, և ապականեցից զքաղաքս քո,

14. և արարից բարկութեամբ և սրտմտութեամբ վրէժխնդրութիւն ի մէջ ազգաց. փոխանակ զի ո՛չ լուան։