Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 6 (5)

   
1․ Բաղտասա՛ր արքայ՝ արա՛ր ընթրիս մեծամեծաց իւրոց հազա՛ր առն. և ըստ հազարացն նոյնպէս և գինի. և իբրև ընդ գինիս եմուտ Բաղտասար,

2․ հրամայեաց բերել զսպաս արծաթոյ և զոսկւոյ, զոր եհան Նաբուքոդոնոսոր հայր նորա’ի տաճարէն որ յԵրուսաղէմ. զի արբցեն նոքօք թագաւորն և մեծամեծք իւր, և հարճք և կանայք իւր։

3․ Եւ բերին զսպասսն զոսկեղէնս և զարծաթեղէնս, զոր բերեալ էր’ի տաճարէն Աստուծոյ՝ որ է՛ր յԵրուսաղէմ. և ըմպէին նոքօք թագաւորն և մեծամեծք իւր, և հարճք նորա՝ և կանայք։

4․ Ըմպէին գինի, և օրհնէին զաստուածս զոսկեղէնս՝ և զարծաթեղէնս՝ և պղնձիս՝ և զերկաթիս, և զփայտեղէնս՝ և զքարեղէնս. և զԱստուածն յաւիտենից ո՛չ օրհնեցին, որ ունէր իշխանութիւն ոգւոց նոցա։

5․ Ի նմին ժամու ելի՛ն մատունք ձեռին մարդոյ, և գրէին հանդէպ գնդին’ի վերայ բռելոյ որմոյ տաճարի թագաւորին. և թագաւորն տեսանէր զթաթ ձեռինն որ գրէր։

6․ Յայնժամ հատա՛ն գոյնք թագաւորին, և խորհուրդք նորա խռովեցուցանէին զնա, և յօդք միջոյ նորա լուծանէին, և ծունկք նորա զմիմեանս բաբախէին։

7․ Եւ աղաղակեաց թագաւորն զօրութեամբ՝ ածել զմոգս և զքաղդեայս, և զգէտս. և ասէ ցիմաստունս Բաբելացւոց. Որ ոք ընթերցցի՛ զգիրդ զայդ, և զմեկնութիւն դորա ցուցանէ ինձ, ծիրանի՛ս զգեցցի, և մանեակ ոսկի’ի պարանոց իւր. և երրորդի՛ թագաւորութեան իմում տիրեսցէ։

8․ Եւ մտանէին ամենայն իմաստունք Բաբելացւոց. և ո՛չ կարէին զգիրն ընթեռնուլ, և ո՛չ զմեկնութիւն նորա ցուցանել թագաւորին։

9․ Եւ արքայ Բաղտասար խռովեցա՛ւ, և գոյն երեսաց նորա շրջեցաւ. խռովեցա՛ն և մեծամեծք նորա ընդ նմա։

10․ Եւ եմուտ տիկինն’ի տաճարն խրախութեան՝ և ասէ. Ա՛րքայ՝ յաւիտեա՛ն կեաց. մի՛ խռովեցուսցեն զքեզ խորհուրդք քո, և գոյն երեսաց քոց մի՛ եղծցի .

11․ զի է՛ այր մի’ի թագաւորութեան քում, յորում գո՛յ Հոգի Սուրբ Աստուծոյ. և յաւուրս հօր քոյ՝ զօրութիւնք և իմաստութիւնք գտանէին’ի նմա. և արքայ Նաբուքոդոնոսոր հայր քո՝ իշխա՛ն կացոյց զնա’ի վերայ գիտաց և մոգուց՝ և քաղդէից՝ և ըղձից ։

12․ Զի ոգի առաւե՛լ գոյ’ի նմա իմաստութեան և հանճարոյ. մեկնէ զերազս՝ և պատմէ զառակս, և լուծանէ զիրս կապեալս՝ Դանիէլ, և արքայ՝ Բաղտասա՛ր անուն եդ նմա. արդ կոչեսցի՝ և զմեկնութիւն դորա պատմէ։

13․ Յայնժամ ածին’ի ներքս զԴանիէլ առաջի թագաւորին։ Եւ ասէ թագաւորն ցԴանիէլ. Դո՛ւ ես Դանիէլ յորդւոց գերութեանն Հրէաստանի, զոր ա՛ծ Նաբուքոդոնոսոր հայր իմ.

14․ լուայ զքէն թէ Հոգի՛ Սուրբ Աստուծոյ է’ի քեզ, և զօրութիւն՝ և հանճար՝ և իմաստութիւն առաւե՛լ գտաւ’ի քեզ։

15․ Եւ արդ՝ աւասիկ մտին առաջի իմ իմաստունք և մոգք և իղձք, զի զգիրդ զայդ ընթեռնուցուն՝ և զմեկնութիւն դորա ցուցցեն ինձ, և ո՛չ կարացին պատմել ինձ։

16․ Եւ ես լուայ զքէն՝ թէ կարօ՛ղ ես մեկնել մեկնութիւնս. և արդ եթէ կարիցես զգիրդ ընթեռնուլ՝ և զմեկնութիւն դորա ցուցանել ինձ, ծիրանի՛ս զգեցցիս, և մանեակ ոսկի’ի պարանոցի քում. և երրորդի՛ թագաւորութեան իմում տիրեսցես։

17․ Եւ ասէ Դանիէլ առաջի թագաւորին.Պարգևք քո քե՛զ լիցին, և զպատիւ տան քոյ այլո՛ւմ տուր. բայց զգիրդ ե՛ս ընթերցայց, և զմեկնութիւն դորա ցուցի՛ց քեզ։

18․ Ա՛րքայ՝ Աստուած Բարձրեալ՝ զմեծութիւն՝ և զթագաւորութիւն՝ և զպատիւ և զփառս ե՛տ Նաբուքոդոնոսորայ հօր քում.

19․ և’ի մեծութենէն զոր ետ նմա, ամենայն ազգք և ազինք և լեզուք զարհուրեալ դողայինյերեսաց նորա. զորս կամէր հարկանէ՛ր, զորս կամէր սպանանէ՛ր, և զորս կամէր ի՛նքն բարձրացուցանէր, և զորս կամէր ինքն խոնարհեցուցանէր։

20․ Եւ յորժամ բարձրացաւ սիրտ նորա, և ոգի նորա զօրացաւ յամբարտաւանել, անկա՛ւ յաթոռոյ թագաւորութեան իւրոյ. և պատիւն բարձա՛ւ’ի նմանէն.

21․ և’ի մարդկանէ հալածեցաւ. և սիրտ ընդ գազա՛նս տուաւ նմա, և ընդ ցի՛ռս բնակութիւն նորա. և խոտ՝ իբրև արջառոյ ջամբէին նմա. և’ի ցօղոյ երկնից մարմին նորա ներկա՛ւ. մինչև ծանեաւ թէ տիրէ՛ Բարձրեալն թագաւորութեան մարդկան, և ում կամի՝ տացէ՛ զնա։

22․ Եւ դու՝ որդի նորա Բաղտասար՝ ո՛չ խոնարհեցուցեր զսիրտ քո առաջի Աստուծոյ՝ ուստի զա՛յդ ամենայն գտեր.

23․ և ընդդէմ Աստուծոյ երկնից հպարտացար. և զսպաս տան նորա բերին առաջի քո, և դո՛ւ և մեծամեծք քո՝ հարճք քո և կանայք քո ըմպէին նոքօք գինի. և զաստուածս զոսկեղէնս և զարծաթեղէնս՝ և զպղնձիս և զերկաթիս՝ և զփայտեղէնս և զքարեղէնս, որ ո՛չ տեսանեն և ո՛չ լսեն և ո՛չ իմանան՝ օրհնէիր. և զԱստուած՝ որոյ շունչ քո’ի ձեռին նորա է՝ և ամենայն ճանապարհք քո, զնա ո՛չ փառաւորեցեր։

24․ Վասն այսորիկ յերեսաց նորա առաքեցաւ թա՛թ ձեռինն՝ և զգիրդ զայդ գրեաց։

25․ Եւ ա՛յս ինչ է գիրդ որ գրեալ է. Մանէ՛,Թէկէղ, Փարէս։

26․ Եւ ա՛յս է մեկնութիւն բանիդ. Մանէ, չափեաց Աստուած զթագաւորութիւն քո՝ և վախճանեաց զնա։

27․ Թէկէղþ, կշռեցա՛ւ’ի կշիռս՝ և գտաւ պակասեալ։

28․ Փարէս, բաժանեցա՛ւ թագաւորութիւն քո, և տուաւ Մարաց և Պարսից։

29․ Եւ հրաման ետ Բաղտասար՝ և զգեցուցին նմա ծիրանիս, և մանեա՛կ ոսկի’ի պարանոցի նորա, և քարո՛զ կարդայր առաջի նորա լինել իշխան երրորդի՛ թագաւորութեան նորա։

30․ Եւ’ի նմին գիշերի սպանա՛ւ Բաղտասար արքայ Քաղդեացւոց։

31․ Եւ Դարե՛հ արքայ՝ ա՛ռ զթագաւորութիւնն, որ էր ամաց վաթսուն և երկուց։