Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 7 (6)

   
1․ Եւ հաճո՛յ թուեցաւ առաջի Դարեհի, և կացոյց’ի վերայ թագաւորութեանն նախարարս հարեւր և քսան. զի իցեն յամենայն թագաւորութեան նորա.

2․ և’ի վերայ նոցա երիս հրամատարս, և մի’ի նոցանէ էր Դանիէլ. տալ նոցա նախարարացն հրաման, զի արքայ՝ աշխատ ինչ մի՛ լիցի։

3․ Եւ Դանիէլ առաւե՛լ էր քան զնոսա. զի հոգի առաւել գոյր’ի նմա.

4․ և թագաւորն կացոյց զնա’ի վերայ ամենայն արքայութեան իւրոյ։ Եւ հրամատարքն և նախարարքն նախանձէին՝ և խնդրէին պատճառս զԴանիելէ. և ամենևին պատճառս և յանցանս և բաղբաղայս ո՛չ գտանէին զնմանէ. քանզի հաւատարի՛մ էր։

5․ Եւ ասեն հրամատարքն. Չգտանեմք ուստեք պատճառս զԴանիելէ, բայց եթէ յօրէնս Աստուծոյ իւրոյ։

6․ Յայնժամ հրամատարքն և նախարարքն կացին առաջի թագաւորին՝ և ասեն ցնա. Դարե՛հ արքայ՝ յաւիտեա՛ն կեաց։

7․ Խորհուրդ արարին ամենեքեան որ են’ի թագաւորութեան քում, զօրավարք և նախարարք՝ իշխանք և կուսակալք, հաստատել արքունի հաստատութեամբ, և զօրացուցանել ուխտ մի. զի եթէ խնդրեսցէ ոք խնդրուածս յամենայն աստուծոյ՝ կամ’ի մարդոյ մինչև յաւուրս երեսուն՝ բա՛ց’ի քէն արքայ, անկցի՛’ի գուբ առիւծուց։

8․ Արդ հաստատեա՛ արքայ զուխտն, և գրեա՛ գիր. զի մի՛ եղծանիցի հրաման Մարաց և Պարսից։

9․ Յայնժամ Դարե՛հ արքայ պատուէր ետ գրել զհրամանն։

10․ Եւ Դանիէլ իբրև գիտաց թէ կարգեցաւ հրամանն, եմո՛ւտ’ի տուն իւր, և պատուհանք բա՛ց էին նմա’ի վերնատունս իւր ընդդէ՛մ

Երուսաղեմի. և երի՛ս ժամս յաւուր դնէ՛ր ծունր և կայր յաղօթս, և գոհանայր առաջի Աստուծոյ իւրոյ. որպէս առնէր յառաջագոյն։

11․ Յայնժամ արքն այնոքիկ դիտեցին՝ և գտին զԴանիէլ զի կայր յաղօթս և աղաչէր զԱստուած իւր։

12․ Մատեա՛ն և ասեն ցթագաւորն. Ա՛րքայ՝ ո՞չ ուխտ մի կարգեցեր, զի ամենայն մարդ որ խնդրիցէ խնդրուածս յամենայն աստուծոյ՝ կամ’ի մարդոյ մինչև յաւուրս երեսուն, բա՛ց եթէ’ի քէ՛ն արքայէ, անկցի’ի գուբ առիւծուց։ Եւ ասէ արքայ. Ճշմարի՛տ է բանդ, և զհրաման Մարաց և զՊարսից չէ՛ օրէն շրջել։

13․ Յայնժամ պատասխանի ետուն արքայի՝ և ասեն. Դանիէլ՝ որ յորդւոց գերութեանն Հրէաստանի, ո՛չ հնազանդեցաւ հրամանի քում արքայ. և երի՛ս ժամ խնդրէ խնդրուածս յԱստուծոյ իւրմէ։

14․ Յայնժամ թագաւորն իբրև լուաւ զբանն՝ տրտմեցա՛ւ յոյժ վասն Դանիելի, և ջանայր փրկել զնա. և մինչև ցընթրեկերս ջանացաւ փրկել զնա։

15․ Յայնժամ արքն այնոքիկ ասեն ցթագաւորն. Գիտասջի՛ր արքայ, զի հրամանի Մարաց և Պարսից՝ և ամենայն ուխտի և հաստատութեան զոր արքայ հաստատիցէ, ո՛չ է օրէն շրջել։

16․ Յայնժամ հրաման ետ թագաւորն՝ և ածին զԴանիէլ, և արկին զնա’ի գո՛ւբն առիւծուց. և ասէ արքայն ցԴանիէլ. Աստուածն զոր դո՛ւն պաշտես յաճախ, նա՛ փրկեսցէ զքեզ։

17․ Եւ բերին վէմ մի, և եդին’ի վերայ գբոյն. և կնքեա՛ց թագաւորն մատանեաւ իւրով, և մատանեօք մեծամեծացն. զի մի՛ այլ ազգ ինչ շրջեսցին վասն Դանիելի։

18․ Եւ գնաց թագաւորն’ի տուն իւր. և ննջեաց առանց ընթրեաց, և խորտիկ ո՛չ մուծին առաջի նորա. և քուն՝ հատա՛ւ’ի նմանէ։ Եւ եխի՛ց Աստուած զբերանս առիւծուցն, և ո՛չ լլկեցին զԴանիէլ։

19․ Յայնժամ յարեաւ արքայն ընդ առաւօտս լուսով, և փութո՛վ եկն’ի գուբն առիւծուց.

20․ և իբրև մերձեցաւ’ի գուբն՝ աղաղակեաց’ի ձայն մեծ՝ և ասէ. Դանիէ՛լ ծառա՛յ Աստուծոյ կենդանւոյ. Աստուածն քո զոր դու յաճա՛խ պաշտէիր, եթէ կարա՞ց փրկել զքեզ’ի բերանոյ առիւծուցդ։

21․ Եւ ասէ Դանիէլ ցարքայ. Արքայ՝ յաւիտեա՛ն կեաց.

22․ Աստուած իմ առաքեաց զհրեշտակ իւր և եխի՛ց զբերանս առիւծուցս, և ո՛չ ապականեցին զիս. զի առաջի նորա ուղղութիւն գտաւ իմ. և առաջի քո արքայ վնա՛ս ինչ՝ ո՛չ արարի։

23․ Յայնժամ թագաւորն զուարճացա՛ւ յանձն իւր. և հրաման ետ հանել զԴանիէլ’ի գբոյ անտի. հանա՛ւ Դանիէլ’ի գբոյ անտի, և ամենևին ապականութիւն ո՛չ գտաւ’ի նմա. զի հաւատա՛ց յԱստուած իւր։

24․ Եւ հրամա՛ն ետ թագաւորն՝ և ածին զարսն չարախօսս զԴանիելէ. և ընկեցան’ի գուբն առիւծուց, ինքեա՛նք և որդիք իւրեանց, և կանայք նոցա. և չև՛ էին յատակս գբոյն հասեալ՝ մինչև տիրեցին նոցա առիւծքն, և զամենայն ոսկերս նոցա մանրեցին։

25․ Յայնժամ Դարեհ արքայ գրեաց առ ամենայն ազգս և ազինս և լեզուս, որ բնակեալ էին յամենայն երկրի. Խաղաղութիւն ձեզ բազմասցի՛։

26․ Յերեսաց իմոց եդաւ հրամանս այս ընդ ամենայն իշխանութիւն թագաւորութեան իմում. զի երկնչիցին և դողայցեն յերեսաց Աստուծոյն Դանիելի. զի նա՛ է Աստուած կենդանի՝ և կա՛յ յաւիտեանս. և արքայութիւն նորա ո՛չ եղծանի, և տէրութիւն նորա մինչև ցվախճան։

27․ Օգնակա՛ն լինի և փրկէ, և առնէ նշանս յերկինս և յերկրի. որ փրկեաց զԴանիէլ’ի բերանոյ առիւծուցն։

28․ Եւ Դանիելի աջողէ՛ր’ի թագաւորութեանն Դարեհի՝ և Կիւրոսի Պարսկի։