Գիրք` 47. Դանիէլ

Գլուխ 10 (9)

   
1․ Յամին առաջնորդի Դարեհի որդւոյ Արշաւրայ ի զաւակէ՛ Մարաց, որ թագաւորեաց ի թագաւորութեանն Քաղդեացւոց ։

2․ Ե՛ս Դանիէլ խելամուտ եղէ ի գրոց, թուոյ ամացն որ եղև բան Տեառն առ Երեմիայ մարգարէ. ի կատարումն աւերածոյն Երուսաղեմի յամս եւթանասուն .

3․ և դարձուցի՛ զերեսս իմ առ Տէր Աստուած իմ խնդրել աղօթիւք և խնդրուածովք, պահօք և խորգով.

4․ կացի յաղօթս առ Տէր Աստուած. գոհացա՛յ և ասեմ. Տէր Աստուած մեծդ և սքանչելի. որ պահես զուխտ և զողորմութիւն սիրելեաց քոց, որոց պահեն զպատուիրանս քո։

5․ Մեղաք, անօրինեցաք, անիրաւեցաք և ապստամբեցաք, և խոտորեցաք ի պատուիրանաց քոց, և յիրաւանց քոց.

6․ և ո՛չ լուաք ծառայից քոց մարգարէիցն որք խօսեցան յանուն քո առ թագաւորս մեր, և առ իշխանս մեր, և առ հարս մեր, և առ ամենայն ժողովուրդս երկրին։

7․ Քո Տէր արդարութիւն, և մեր ամօթ երեսաց իբրև յաւուր յայսմիկ, առն Յուդայ՝ և բնակչաց Երուսաղեմի, և ամենայն Իսրայէլի մերձաւորաց և հեռաւորաց յամենայն երկրի ուր ցրուեցեր զնոսա անդր վասն անհնազանդութեան իւրեանց՝ զոր անհնազանդեցան քեզ Տէր։

8․ Մեր ամօթ երեսաց մերոց, և թագաւորաց մերոց՝ և իշխանաց մերոց, և հարցն մերոց որք մեղա՛ք.

9․ և Տեառն Աստուծոյ մերոյ գթութիւնք և քաւութիւնք. զի ապստամբեցաք ի Տեառնէ.

10․ և ո՛չ լուաք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ, գնա՛լ յօրէնս նորա զոր ետ առաջի մեր ի ձեռն ծառայից իւրոց մարգարէից։

11․ Եւ ամենայն Իսրայէլ անցին զօրինօք քովք, և խոտորեցան զի մի՛ լուիցեն ձայնի քում. և եկին ի վերայ մեր անէծն և երդումնն, գրեալ յօրէնս Մովսիսի ծառայի քո՝ Տէր. զի մեղա՛ք նմա.

12․ և հաստատեաց զբանս իւր զոր խօսեցաւ  ի վերայ մեր, և  ի վերայ դատաւորաց մերոց որ դատէին զմեզ՝ ածե՛լ  ի վերայ մեր չարիս մեծամեծս, որ ո՛չ եղեն  ի ներքոյ ամենայն երկնից՝ ըստ այնմ որ եղեն յԵրուսաղէմ։

13․ Որպէս և գրեալ է յօրէնսն Մովսիսի. այն ամենայն չարիք եկին  ի վերայ մեր, և ո՛չ աղաչեցաք զերեսս Տեառն Աստուծոյ մերոյ, դառնա՛լ յանիրաւութեանց հարցն մերոց. և խելամո՛ւտ լինել ամենայն ճշմարտութեան քում։

14․ Եւ զարթեաւ Տէր Աստուած մեր  ի վերայ չարեացն մերոց՝ և ա՛ծ զնոսա ի վերայ մեր. զի արդա՛ր է Տէր Աստուած մեր ի վերայ ամենայն գործոց իւրոց զոր արա՛ր ընդ մեզ. և ո՛չ լուաք ձայնի նորա։

15․ Եւ արդ Տէր Աստուած մեր որ հաներ զժողովուրդ քո յերկրէն Եգիպտացւոց հզօր ձեռամբ, և արարեր քեզ անուն որպէս և յաւուր յայսմիկ. մեղաք և անօրինեցաք։

16․ Տէր ամենայն ողորմութեամբ քով դարձցի՛ սրտմտութիւն քո, և բարձցի բարկութիւն քո ի քաղաքէ քումմէ յԵրուսաղեմէ, և ի լեռնէ սրբոյ քոյ. զի մեղաք, և առ անօրէնութեան մերում և հարցն մերոց՝ Երուսաղէմ և ամենայն ժողովուրդ քո եղև ի նախատինս ամենեցուն որ շուրջ զմեւք էին։

17․ Եւ արդ լո՛ւր Տէր Աստուած մեր աղօթիցծառայի քոյ և խնդրուածոց. և երևեցո՛ զերեսս քո վասն քո ի սրբութիւնն որ աւերեցաւ։

18․ Խոնարհեցո՛ Աստուած իմ զունկն քո՝ և լո՛ւր ինձ. բա՛ց զաչս քո և տե՛ս զապականութիւն մեր, և զքաղաքին քո յորոյ վերայ կոչեցեալ է անուն քո. զի ո՛չ առ արդարութեանց մերոց արկանեմք զգութս մեր առաջի քո, այլ վասն բազում գթութեան քոյ Տէր։

19․ Լո՛ւր Տէր. քաւեա՛ Տէր. անսա՛ Տէր. և մի՛ յամեր վասն քո՝ Աստուած իմ. զի անուն քո կոչեցեալ է ի վերայ քաղաքին քոյ։

20․ Եւ մինչդեռ ես խօսէի և յաղօթս կայի, և խոստովա՛ն լինէի զմեղս իմ, և զմեղս ժողովրդեանն Իսրայէլի. և արկանէի զգութս առաջի Տեառն Աստուծոյ իմոյ վասն լերինն սրբոյ.

21․ և մինչդեռ խօսէի յաղօթսն։ Եւ ահա այրն Գաբրիէլ՝ զոր տեսանէի յառաջնում տեսլեանն, թռուցեալ և մերձեցաւ առ իս, իբրև ի ժամ երեկորին պատարագին.

22․ և խելամուտ արար զիս, և խօսեցա՛ւ ընդ իս՝ և ասէ. Դանիէլ՝ այժմ եկի խելամո՛ւտ առնել զքեզ։

23․ Իսկզբան աղօթից քոց ե՛լ պատգամ, և ես եկի պատմել քեզ. զի այր ցանկալի՛ ես դու. արդ՝ ա՛ծ զմտաւ զբանդ, և ի մի՛տ առ զտեսիլդ։

24․ Եւթանասուն եւթներորդք համառօտեցան ի վերայ ժողովրդեան քոյ, և ի վերայ քաղաքին սրբոյ. ի վախճանել մեղաց, և ի կնքել անօրէնութեանց, և ի ջնջել անիրաւութեանց, և ի քաւել ամպարշտութեանց, և ի գա՛լ յաւիտենական արդարութեանն. և ի կնքել տեսլեան և մարգարէի. և յօծանել սրբութեան սրբութեանցն։

25․ Եւ գիտասցես և խելամո՛ւտ լիցիս յելի՛ց բանին տալ պատասխանի։ Եւ ի շինելն Երուսաղեմի մինչև ցՕծեալն առաջնորդ՝ եւթներորդք եւթն, և եւթներորդ վաթսուն և երկու. և դարձցին և շինեսցին հրապարակքն և պարիսպք, և նորոգեսցին ժամանակք։

26․ Եւ յետ վաթսուն և երկուց եւթներորդաց, բարձցի՛ Օծութիւնն, և իրաւունք ո՛չ իցեն ի նմա. և քաղաքն և սրբութիւնն ապականեսցին առաջնորդաւն հանդերձ որ գայցէ. և ջնջեսցին հեղեղաւ. և մինչև ի վախճան պատերազմին համառօտելոյ կարգեսցէ զապականութիւն. և զօրացուսցէ զուխտ բազմաց. եւթներորդ մի և կէս եւթներորդի, դադարեցուսցէ զսեղանս և զպատարագս. և մինչև ի ծայրս անկեանն ապականութիւն. և մինչև ցվախճան և ցտագնապ կարգեսցէ ի վերայ ապականութեանն.

27․ և զօրացուսցէ զուխտ բազմաց։ Եւթներորդ մի՝ և կէս եւթներորդի բարձցին զոհք և նուէրք. և ի վերայ տաճարին պղծութիւն աւերածո՛յն կացցէ. և մինչև ի վախճան ժամանակի կատարա՛ծ տացի ի վերայ աւերածին։