Գիրք` 8. Թուղթք Պաւղոսի Առաքելոյ առ կորնթացիս Բ

Գլուխ 2

   
1. Բայց զայս եւեթ ընտրեցի, զի մի՛ միւսանգամ տրտմութեամբ եկից առ ձեզ:

2. Զի եթէ ես տրտմեցուցանե՛մ զձեզ. եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ որ տրտմիցին յինէն:

3. Եւ զայս գրեցի, զի մի՛ յորժամ գայցեմ տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանի՛դ իցէ ինձ ուրախ լինել: Յուսացեա՛լ եմ ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս՝ ձե՛ր ամենեցուն է:

4. Զի ի բազում վշտաց եւ ի նեղութենէ սրտի գրեցի առ ձեզ բազում արտասուաւք. ո՛չ զի տրտմիցիք, այլ զի զսէրն իմ գիտասջի՛ք, զոր ունիմ առաւելապէս առ ձեզ:

5. Ապա թէ ոք տրտմեցոյց, ո՛չ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ի շատէ, զի մի՛ ծանրացայց ամենեցուն ձեզ:

6. Շա՛տ է այնպիսւոյն պատուհասն այն, որ ի բազմաց անտի է:

7. Այսուհետեւ նմին հակառակ, մանաւանդ շնորհե՛լ ձեզ նմա՝ եւ մխիթարել. զի մի՛ յառաւե՛լ տրտմութենէն ընկղմեսցի այնպիսին:

8. Վասն որոյ աղաչեմ զձեզ, հաստատել ի նա զսէրն:

9. Վասն այնորիկ իսկ եւ գրեցի. զի զչա՛փ առից զձեր, եթէ յամենայնի հպատա՛կիցէք:

10. Զի եթէ ումեք շնորհիցէք՝ եւ ե՛ս. քանզի եւ ե՛ս, եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցեմն՝ վասն ձե՛ր ի դէմս Քրիստոսի.

11. զի մի՛ զրկիցիմք ի սատանայէ. քանզի չե՛մք անտեղեակ խորհրդոցն նորա:

12. Այլ իբրեւ հասի ես ի Տրովադա յաւետարանն Քրիստոսի, եւ դուռն բա՛ց էր ինձ ի Տէր,

13. ո՛չ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ո՛չ գտի ես անդ զՏիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեա՛լ ի նոցանէ՝ գնացի ի Մակեդովնիա:

14. Այլ Աստուծոյ շնորհքն որ յամենայնի հռչա՛կ հարկանէ զմէնջ ի Քրիստոս Յիսուս, եւ զհոտ գիտութեանն իւրոյ յայտնի՛ առնէ մեւք յամենայն տեղիս:

15. Զի հոտ անո՛յշ եմք Քրիստոսի առ Աստուած՝ ի մէջ փրկելոցն, եւ ի մէջ կորուսելոցն.

16. ոմանց հո՛տ մահուանէ ի մա՛հ, եւ ոմանց հոտ ի կենդանութենէ ի կեա՛նս. եւ առ այս՝ ո՞ բաւական իցէ:

17. Քանզի ո՛չ եմք իբրեւ զայլսն, որ վաճառակա՛ն լինին բանին Աստուծոյ. այլ իբրեւ ի հաստատութենէ՛, այլ իբրեւ յԱստուծոյ առաջի Աստուծոյ, ի Քրիստոս խաւսիմք: