Ա. Լոպուխին
16-19․ Ես լսեցի, և իմ ներսը դողաց, այս մասին հաղորդելիս իմ շուրթերը դողացին, ցավը թափանցեց իմ ոսկորները, և տատանվում է իմ [կանգնած] տեղը, իսկ ես պետք է հանգիստ լինեմ աղետի օրը, երբ իմ ազգի վրա գա նրան թալանողը: [16] Չնայած որ թզենին չծաղկեց, և խաղողի որթատունկերի վրա պտուղ չեղավ, և ձիթենու պտուղը փոխվեց, և արտը սնունդ չտվեց, չնայած որ փարախի մեջ ոչխար չմնաց և եղջերավոր անասուն մսուրում, բայց այդ ժամանակ էլ ուրախ կլինեմ Տիրոջով և իմ փրկիչ Աստծով: Տեր Աստված է իմ զորությունը, Նա իմ ոտքերը եղջերու ոտքերի պես է դարձնելու և ինձ իմ բարձունքներին է բարձրացնելու: [Երգչախմբի ղեկավարին] (Սինոդական թարգ․)
Իր «աղոթքի» և, միևնույն ժամանակ, նաև իր ամբողջ գրքի վերջում մարգարեն նկարագրում է Աստվածհայտնությունից իր ստացած տպավորությունները, ինչպես նաև դրանից և ընդհանրապես մարգարեության ամբողջ բովանդակությունից առաջացած զգացումներն ու մտքերը: Մարգարեի տեսիլքից և հայտնությունից ստացած առաջին տպավորությունը՝ ամբողջ էությունը համակող սարսափի և ակնածանքի տպավորություն է (համար 16 ա), ճիշտ այնպես, ինչպես Դանիել մարգարեի տեսիլքների տպավորությունն է (Դան. 8:18, 27, 10:8): Միևնույն ժամանակ սարսափը, որը պատել էր մարգարեին, և որի մասին նա հիշում է դեռևս իր աղոթքի սկզբում (համար 2), պայմանավորված էր ոչ միայն Աստվածհայտնության գերբնական և երկնային, այլ նաև իր կողմից կանխագուշակված իրադարձությունների սարսափելի բնույթով, որոնք անմիջապես և մահացու կերպով ազդելու էին հարազատ ժողովրդի ճակատագրի վրա. «Օտարերկրացիների նկատմամբ կարեկցանքից մղված՝ նա աղոթքում ասված կանխատեսումներից սարսափի ու վախի մեջ է ընկնում» (Ամբակում մարգարեի գրքի մեկնություն: Սերգիև Պոսադ, 1907 թ., էջ 38): Բայց, որպես Աստծո պատվիրանների և դատաստանի ճշմարիտ բանբեր, մարգարեն գիտի և ի լուր մարդկանց հայտարարում է, որ սարսափելի աղետի հետ պետք է լինի նաև Աստծո մխիթարական հույսը, և բարկության մեջ՝ Նրա անսահման ողորմությունը (համար 16, Ես.. 14:13, 57:18): Սա դեռ բավարար չէ, հաջորդ՝ 17−19−րդ համարներում մարգարեն՝ որպես հավատի և բարոյականության, սրբության և բարության ճշմարիտ ուսուցիչ, արտահայտում է այն վեհ գաղափարը, որ Աստված պետք է փառավորվի նույնիսկ ամենամեծ արհավիրքների մեջ: 17−րդ համարում մարգարեն նկարագրում է մեծագույն և առավել զգայուն զրկանքների և դժվարությունների պատկերը. մարգարեն կանխատեսում է այնպիսի ժամանակների մոտ լինելը, երբ Պաղեստինի՝ մեղրով և կաթով սնվող այս երկրի բնակիչները թշնամիների ներխուժման հետևանքով աստվածաշնչյան հրեաների պես կյանքի կենսական պայմանների բավարարման համար անհրաժեշտ պարագաների ծայրահեղ պակաս կզգան: Չեն լինի ո՛չ այգեգործական մշակաբույսեր՝ թզենու պտուղներ, խաղողի վազեր և ձիթապտուղներ, ո՛չ երկրագործական մշակաբույսերի և ցորենի բերք և ո՛չ էլ կենդանական ապրանքներ: Սուրբ երկրի ամայացման այս վառ նկարագրությունը հիշեցնում է Հովել մարգարեի նկարագրած մորեխի ներխուժման հետևանքով առաջանալիք ազգային աղետի պատկերը (տե՛ս Հով. 1:17−20): Բայց նույնիսկ գոյության նման ծանր պայմաններում, չնայած ազգային աղետի ամբողջ ծանրությանը, Ամբակում մարգարեն, նմանատիպ հանգամանքներում գտնված Միքեա մարգարեի նման (7:7) Տեր Աստծու հանդեպ ամուր հավատ, Նրա վրա դրված կատարյալ հույս և Նրան ամբողջական նվիրվածություն է դրսևորում և, հետևաբար, Նրան գովաբանելու լիակատար պատրաստակամություն ցուցաբերում (համար 18, 19։1): Այստեղ, ինչպես շատ այլ աստվածաշնչյան հատվածներում (օրինակ, Սաղմոս. 72:25, 26), տրվում է կրոնական բարիքի, Աստծո հետ հաղորդակցության և ընդհանրապես ճշմարիտ կրոնի բացարձակ արժեքի մասին վառ և ակնհայտ վկայություն: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի աղետների է ենթարկվում մարդը, նա իր ամբողջ ուժով պարտավոր է «երկյուղով Աստծուն ծառայել և Նրա առջև դողալով ցնծալ» (Սաղմ. 2:11): Եվ ով մարգարեի պես կհասնի այդ համոզումին, նա էլ մարգարեի նման իր կրոնական սխրագործությունների համար ձեռք կբերի շնորհի զորությունը և մարգարեի հետ կբացականչի «Տեր Աստված է իմ զորությունը, Նա իմ ոտքերը եղջերուի ոտքերի պես է դարձնելու և ինձ իմ բարձունքներին (այսինքն` փրկության բարձրությանը) է բարձրացնելու (համար 19)», այսինքն՝ «Աստված կզորացնի իմ բնության թուլությունը և կդարձնի այնպիսին, որ ես կկոխոտեմ օձերին, կարիճներին և չար ոգիներին, մինչև չբարձրանամ առաքինության բարձունքին և իմ Փրկչի և Արարչի համար հաղթանակի երգ չերգեմ» (տե՛ս Երանելի Թեոդորիտ, նույն տեղում, էջ 39–40): Ամբակում մարգարեի «աղոթքի» ընդհանուր իմաստի վերաբերյալ երանելի Թեոդորիտը նկատում է. «Ինձ հայտնի է, որ ուրիշները Ամբակում մարգարեի ամբողջ «աղոթքը» հասկանում են պատմականորեն և պնդում, որ դրանով մարգարեն կարծես կանխատեսել է Բաբելոնից վերադարձի մասի: Չեմ հակաճառի, եթե որևէ մեկը ցանկալի է համարում ենթադրել, որ այդ բանը կանխագուշակվել է գերությունից վերադարձածների մասին, քանի որ նման ըմբռնումը համաձայն է իմ մեկնաբանության հետ, եթե Հին Կտակարանը իսկապես Նոր Կտակարանի իրական նախապատկերն է: Բայց ես կարծում եմ, որ ոչ մի բանի հետ անհամապատասխանություն չկա, երբ գերակայում է իրականությունը, և մարմինը փակում է ստվերը, ուստի՝ մարգարեությունը ինչ−որ մեկ ուրիշի մասին հասկանալը, ոչ այնքան տեղին է... » (նույն տեսում, էջ 40): Եկեղեցու ուսուցչի և սուրբգրային հեղինակավոր մեկնիչի այս դիտարկումից հետևում է, որ «աղոթքի» բովանդակության, ինչպես նաև Ամբակում մարգարեի ամբողջ գրքի մեկնաբանության համար երկու տարրերն էլ՝ պատմական և տիպաբանական, պետք է ունենան հավասարակշիռ ու ներդաշնակորեն համակցված կիրառություն: Այս կանոնին պետք է հետևել նաև Հին Կտակարանի ուրիշ մարգարեությունների մեկնության ժամանակ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից: Կը հանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը.
(Արարատ թարգ․) Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։
(Գրաբար) Զգուշացայ, եւ զարհուրեցաւ սիրտ իմ ի ձայնէ աղաւթից շրթանց իմոց, եմուտ դողումն յոսկերս իմ, եւ խռովեցաւ փոր իմ ի ներքուստ։ Հանգեայց յաւուր նեղութեան ելանել ինձ ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: