Բացատրական Աստվածաշունչ
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
16-19․ Ես լսեցի, և ներսս ցնցվեց. այդ լուրից դողացին շրթունքներս, ցավը թափանցեց ոսկորներիս մեջ, և ծնկներս ծալվեցին. սակայն ես պիտի հանդարտ լինեմ նեղության օրը, երբ իմ ժողովրդի վրա կգա նրա կողոպտիչը։ [16] Թեկուզ թզենին չծաղկեց, և որթատունկերի վրա պտուղ չեղավ, ձիթենին պտուղ չտվեց, իսկ արտը՝ բերք. թեկուզ փարախում ոչխար չմնաց, և մսուրներում՝ եղջերավոր անասուններ, Բայց և այնժամ ես պիտի ուրախանամ Տիրոջով և պիտի ցնծամ իմ փրկության Աստծով։ Տեր Աստված իմ զորությունն է. Նա իմ ոտքերը կդարձնի եղջերուի ոտքերի նման և ինձ կբարձրացնի իմ բարձունքների վրա։ [Գլխավոր երաժշտին] (Սինոդական թարգ․)
Իր «աղոթքի» և միևնույն ժամանակ իր ամբողջ գրքի վերջում մարգարեն նկարագրում է Աստվածհայտնությունից ստացած իր տպավորությունները, ինչպես նաև այն զգացումներն ու մտքերը, որոնք առաջ էին եկել մարգարեության ողջ բովանդակությունից: Մարգարեի տեսիլքից և հայտնությունից ստացած առաջին տպավորությունը ամբողջ էությունը համակող սարսափի և ակնածանքի զգացումն է (16-րդ համար, ա), ճիշտ այնպես, ինչպես Դանիել մարգարեն էր ունենում իր տեսիլքների տպավորությունից (Դան. 8:18, 27, 10:8): Միևնույն ժամանակ սարսափը, որը պատել էր մարգարեին, և որի մասին նա հիշատակում է դեռևս իր աղոթքի սկզբում (2-րդ համար), պայմանավորված էր ոչ միայն Աստվածհայտնության գերբնական և երկնային բնույթով, այլև իր կողմից կանխագուշակված այն սարսափելի իրադարձություններով, որոնք անմիջական և կործանարար ազդեցություն պիտի ունենային հարազատ ժողովրդի ճակատագրի վրա. «Օտարերկրացիների նկատմամբ կարեկցանքից մղված՝ նա աղոթքում արտահայտված կանխատեսումներից սարսափի ու վախի մեջ է ընկնում» (Երանելի Թեոդորիտոս, էջ 38): Բայց, որպես Աստծու պատվիրանների և դատաստանի ճշմարիտ բանբեր, մարգարեն գիտի և ի լուր մարդկանց հայտարարում է, որ սարսափելի աղետի հետ պետք է լինի նաև Աստծու մխիթարական հույսը, իսկ բարկության մեջ՝ Նրա անսահման ողորմությունը (16-րդ համար, Ես. 14:13, 57:18):
Սա դեռ ամենը չէ. հաջորդ՝ 17−19−րդ համարներում մարգարեն՝ որպես հավատի և բարոյականության, սրբության և բարության ճշմարիտ վարդապետ, արտահայտում է այն վեհ գաղափարը, որ Աստված պետք է փառավորվի նույնիսկ մեծագույն աղետների մեջ: 17−րդ համարում մարգարեն նկարագրում է կյանքի ամենածանր և ամենազգայուն զրկանքների և դժվարությունների պատկերը. նա կանխատեսում է մոտալուտ մի ժամանակաշրջան, երբ Պաղեստինի՝ մեղրով և կաթով սնվող այդ երկրի բնակիչները թշնամիների ներխուժման հետևանքով աստվածաշնչյան հրեաների պես պիտի կրեն կենսապահովման միջոցների ծայրահեղ պակաս: Չեն լինելու ո՛չ այգեգործական մշակաբույսեր՝ թզենու պտուղներ, խաղողի վազեր և ձիթապտուղներ, ո՛չ երկրագործական մշակաբույսեր և ցորենի բերք և ո՛չ էլ անասնապահական բարիքներ: Սուրբ երկրի ամայացման այս վառ նկարագրությունը հիշեցնում է Հովել մարգարեի նմանատիպ նկարագրությունը՝ մորեխի ներխուժմամբ պայմանավորված ժողովրդական աղետի մասին (տե՛ս Հովել 1:17−20): Բայց նույնիսկ գոյության նման ծանր պայմաններում, անկախ ազգային աղետի ամբողջ ծանրությունից, Ամբակում մարգարեն, ինչպես նման հանգամանքներում գտնված Միքիա մարգարեն (Միք. 7:7), դրսևորում է Տեր Աստծու հանդեպ ամուր հավատ, Նրա վրա դրված կատարյալ հույս և ամբողջական նվիրվածություն: Եվ այդ պատճառով էլ Նրան գովաբանելու լիակատար պատրաստակամություն է ցուցաբերում (18-19-րդ համարներ):
Այստեղ, ինչպես Սուրբ Գրքի շատ այլ հատվածներում (օրինակ՝ Սաղմ. 72:25-26), տրվում է հոգևոր բարիքի, Աստծու հետ հաղորդակցության և ընդհանրապես ճշմարիտ հավատի բացարձակ արժեքի վառ և ակնհայտ վկայություն: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի աղետների է ենթարկվում մարդը, նա իր ամբողջ ուժով պարտավոր է «երկյուղով ծառայել Աստծուն և դողալով ցնծալ Նրա առջև» (Սաղմ. 2:11): Եվ ով մարգարեի պես կներշնչվի այս համոզմունքով, նա ևս, ինչպես մարգարեն, իր հոգևոր սխրանքների համար կստանա շնորհի զորություն և մարգարեի հետ կբացականչի. «Տեր Աստված իմ զորությունն է. Նա իմ ոտքերը կդարձնի եղջերուի ոտքերի նման և ինձ կբարձրացնի իմ բարձունքների վրա» (19-րդ համար)։ Այսինքն «Աստված կամրացնի իմ բնության տկարությունը և կդարձնի այնպիսին, որ ես եղջերուի նման ոտնակոխ կանեմ օձերին, կարիճներին և չար ոգիներին, մինչև որ բարձրանամ առաքինության բարձունքը և հաղթական օրհներգ երգեմ իմ Փրկչին ու Արարչին» (տե՛ս Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 39–40):
Ամբակում մարգարեի «աղոթքի» ընդհանուր իմաստի վերաբերյալ երանելի Թեոդորիտոսը նկատում է. «Ինձ հայտնի է, որ ոմանք Ամբակում մարգարեի ամբողջ «աղոթքը» հասկանում են պատմականորեն և պնդում, թե դրանով մարգարեն կարծես կանխատեսել է Բաբելոնից վերադարձը: Չեմ հակաճառի, եթե որևէ մեկը ենթադրի, որ այդ նախապատկերային մարգարեությունը վերաբերում է գերությունից վերադարձածներին, որովհետև նման ընկալումը համահունչ է իմ մեկնությանը, եթե հինկտակարանյանը իսկապես նորկտակարանյանի իրական նախապատկերն է: Բայց ես կարծում եմ, որ այստեղ անհամապատասխանություն չկա, երբ գերակայում է իրականությունը, և մարմինը ծածկում է ստվերը, ուստի՝ մարգարեությունը մեկ ուրիշի մասին հասկանալը, այնքան տեղին չէ...» (նույն տեղում, էջ 40): Եկեղեցու վարդապետի և սուրբգրային հեղինակավոր այս մեկնիչի դիտարկումից հետևում է, որ «աղոթքի» բովանդակության, ինչպես նաև Ամբակում մարգարեի ամբողջ գրքի մեկնության մեջ երկու տարրերն էլ՝ պատմական և նախապատկերային, պետք է ստանան իրենց հավասարակշիռ ու ներդաշնակորեն համակցված կիրառությունը: Նույն կանոնը պետք է պահպանվի նաև Հին Կտակարանի մյուս մարգարեությունների մեկնության ժամանակ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից: Կը հանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը.
(Արարատ թարգ․) Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։
(Գրաբար) Զգուշացայ, եւ զարհուրեցաւ սիրտ իմ ի ձայնէ աղաւթից շրթանց իմոց, եմուտ դողումն յոսկերս իմ, եւ խռովեցաւ փոր իմ ի ներքուստ։ Հանգեայց յաւուր նեղութեան ելանել ինձ ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: