Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։29

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց:

   
    Փառք Քեզ, ամենախորհրդավոր Էակի՛ Որդի, քանի որ արյունահոսությունից տառապող կնոջ գաղտնի վշտերի և վերքերի միջոցով Քո կողմից կատարված բժշկության մասին հայտարարվեց, և տեսանելի կնոջ միջոցով Քո անտեսանելի Աստվածությունը հայտնվեց մարդկանց (Մարկ.​​5։25−34, Ղուկ. 8։43−48): Որքան բժշկող Որդու աստվածությունը դրսևորվեց, այնքան էլ արյունահոսություն ունեցած և բժշկված կնոջ հավատը բացահայտվեց:

   Այսպիսով, երբ ամբողջ իմաստությամբ զգեստավորված արվեստը լռեց և նահանջեց, այդ ժամանակ հագուստով զգեստավորված Աստվածայինը բացահայտեց Ինքն իրեն: Նա այն բանի համար մարմնով զգեստավորվեց և մարդկանց մոտ իջավ, որպեսզի կարողանա մարդկանցից պոկել ու նետել այն, ինչը բնորոշ է մարդուն, և խորհրդանիշերի միջոցով հավատարիմներին հստակորեն ցույց տա Իր Աստվածային բնությունը: Չհամարձակվե՛ս մտածել միայն Տիրոջ մարդկային բնության մասին: Նա  Իր  մարդկությունն այնպես բացահայտեց, որ երկնային ոգիները  հավատան, թե Նա երկրային է դարձել, և Աստվածությունն այնպես բացահայտեց, որ երկրային արարածները հավատան, որ Նա է երկնային: Մարդկանցից մարմին վերցրեց, որպեսզի մարդիկ կարողանան բարձրանալ մինչև Նրա Աստվածությունը, և Աստվածությունը բացահայտեց, որպեսզի Նրա մարդկությունը չնվաստացվի։

   Բայց թեև մենք հիմա, կարծես բոլորի աչքի առաջ, Սողոմոնի նման կանանց շրջանակի  (արյունահոսություն ունեցող և պոռնիկ (Ղուկ. 7։37)) մեջ ենք, սակայն Իմաստուն արքայի պես կանանցից վնասներ չենք կրում, թեև Նրա նման մենք  ևս պտտվում ենք նրանց մեջ: Թեև հեթանոս կանայք իրենց հմայքով Սողոմոնին Աստծու պաշտամունքից դեպի իրենց կուռքերը շեղեցին (Ա Թագ. 11։1−8), բայց այստեղ մենք հեթանոս կանանց հավատը ավելի մեծ ենք  համարում, քան հրեա կանանցը: Իրենց առողջ մարմիններով Սողոմոնի կանայք ստիպեցին, որ նրա առողջ հավատը դառնա հիվանդ, իսկ այս կանայք իրենց ապաքինման հրաշքով հիվանդ հավատին վերադարձրին առողջությունը:

   Ո՞վ չէր բուժվի այս կնոջ հավատով: Հանկարծ Նրա հավատը աչք թարթելու պես դադարեցրեց տասներկու տարի տևած արյունահոսությունը (Մարկ.  ​​5։25): Երկար տարիներ տարբեր բժիշկների մոտ բուժվելու հետևանքով (Մարկ. ​​5։26)  կնոջ ունեցվածքի մեծ մասը վատնվեց, բայց երբ նա մի ակնթարթում դիմեց մեր Բժիշկին,  նրա ցրված մտքերը միավորվեցին մեկ հավատի շուրջ: Մինչ երկրային բժիշկներն էին հոգ տանում նրա մասին, նա նրանց երկրային ինչքեր էր տալիս, իսկ երբ նրան հայտնվեց երկնային Բժիշկը, Նա Նրան երկնային հավատ ընծայաբերեց: Երկավոր նվերները երկրի վրա՝ նրա բնակիչներին մնացին, բայց հոգևոր պարգևները համբարձվեցին հոգևոր Աստվածության մոտ:

   Բժիշկները փորձում էին, ցասումից մոլեգնած վայրի կենդանիների նմանվող,  հիվանդությունից առաջացած տառապանքները մեղմել, քանի որ նաև կատաղած կենդանիների նմանվող տառապանքներն էին նրանց ու դեղերը այս ու այն կողմ նետում: Միայն մի անմաքրությունից ծագեցին այս տառապանքները, որոնց պատճառով շատերը անմաքուր համարվեցին: Միայն մեկ Բժշկի անուն էլ փառավորվեց այս հիվանդությամբ, որը օգնության կանչված բազմաթիվ բժիշկների պատճառով երկար ժամանակ  և ամենուր անարգվում էր: Մինչ կինը  շատերին պարգևներ էր տալիս,  նրա հիվանդությունը նույնիսկ մի փոքր չէր թեթևանում, սակայն երբ նրա ձեռքը դատարկ մեկնվեց,  նրա ներսը առողջությամբ լցվեց: Մինչ նրա ձեռքը լի էր տեսանելի վարձով, աներևույթ հավատքի համար այն դատարկ էր մնում, բայց երբ տեսանելի վճարը թափվեց նրա ձեռքից,  այն լցվեց անտեսանելի հավատով: Տեսանելի վարձատրություն տալով՝ տեսանելի բուժում չի ստանում, իսկ անտեսանելի հավատ ընծայելով՝ ծածուկ ապաքինում է ստանում: Թեև վստահելով գումար էր վճարում, սակայն այդ վստահության համար պարգև չէր ստանում, իսկ երբ հափշտակության արդյունքը (այսինքն՝ հավատը) որպես վճար տվեց, դրա համար վարձատրություն՝ մասնավորապես ծածուկ ապաքինում  ստացավ:

   Եթե ​​Սուրբ Գրքի խոսքերը միայն մեկ իմաստ ունենային, ապա ցանկացած  առաջին թարգմանիչ այն կգտներ, և դրանից հետո մյուս լսողները դժվարությամբ և ջանքեր գործադրելով դրա (իմաստը) որոնելու կարիք չէին ունենա, և այն գտնելուց հետո ոչ մի մխիթարություն չէին ստանա: Բայց Տիրոջ յուրաքանչյուր խոսք ունի իր մարմինը, և յուրաքանչյուր այդպիսի մարմին ունի բազմաթիվ անդամներ, և յուրաքանչյուր անդամ առանձնապես ունի իր հատկությունները, և (հետևաբար) յուրաքանչյուրը լսում է այնքան,  որքան կարող է, և մեկնաբանում է ըստ իրեն տրվածի: Այսպիսով, եթե նախկինում այս կինը շատերի մոտ էր գնացել, որոնք  չէին կարողացել բուժել նրան, այսինքն՝ ապարդյուն էին տանջվել նրա վրա, ապա այժմ նա հայտնվում է Նրա առաջ և բժշկվում Նրանից: Մեկը, Ում դեմքը շրջված էր, բուժեց նրան, որպեսզի դատապարտի նրանց, որոնք  մեծ ջանասիրությամբ ուղղվում էին դեպի նա և չէին բուժում նրան: «Աստծո տկարը,− ասում է (Սուրբ Գիրքը),− ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1։25): Թեև Տիրոջ արտաքին դեմքը կարող էր միայն մեկ ուղղությամբ նայել, սակայն Նրա ներքին Աստվածությունը բոլոր ուղղություններով նայող ամենատես աչք էր:

   Կնոջ արգանդի մահաբեր հոսքը չորացրեց, իսկ բերանում առողջության վերադարձի մասին քարոզչության հեղեղ բացեց: Կինը դիպավ Նրա Աստվածությանը և Նրանից առողջություն ստացավ: Անապատում ժայռը սրբացնող ջրեր բխեցրեց, որոնցով ըմպելիք էր առաքվում ժողովրդի տասներկու ցեղերին, իսկ այստեղ տասներկու տարի անմաքուր արյուն էր բխում, որն էլ պղծում էր նրա մարմնի բոլոր անդամները: Ժայռը պատռվեց Մովսեսի գավազանով՝ մեր Արարչի նշանով, իսկ արյունահոսությունը չորացավ մեր Բժշկի հագուստի եզրերով․ այնտեղ ամուր (ժայռը) պատռեց  ամուր գավազանը, այստեղ էլ  արյան հոսքը չորացրեց փափուկ հագուստը: Թեև առաջին հայացքից գավազանը դաժան է թվում, սակայն դրա վրա դրոշմված է Խաչի խոնարհությունը, և չնայած որ հագուստը արտաքնապես փափուկ է, բայց դրանից հզոր ուժ է բխում: Սա հիանալի բժշկում է: Նախքան Քրիստոսի ձեռքից սերմի ընկնելն այն հողը, որի համար այն նախատեսվել էր, արդեն առատորեն ստացել էր այդ սերմերը (այսինքն՝ նախքան Քրիստոսի կողմից «քո հավատը քեզ փրկեց» (Մարկ. ​​5։34) ասելը,  կինը արդեն առողջացել էր)․ և մինչ սերմը դեռ Տիրոջ շտեմարանում էր, այն արդեն հասցրել էր հասնել այն հողին, որտեղ պետք է ցանվեր, որպեսզի իրեն վերապահված արդյունքը տար և ստացված կապիտալը տոկոսներով վերադարձներ: Ահա՛, Տիրոջ իրական սերմը: Մինչ սերմը դեռ իր շտեմարանում էր,   դրա բերքն արդեն հավաքվել էր, և մինչ այն Սերմնանողի ձեռքին էր, նրա մտավոր հատիկները  աչք թարթելու պես բանական երկրից բանական սերմեր էին հավաքում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25