Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց:
Փառք Քեզ, ամենախորհրդավոր Էակի՛ Որդի, քանի որ արյունահոսությունից տառապող կնոջ գաղտնի վշտերի և վերքերի միջոցով Քո կողմից կատարված բժշկության մասին հայտարարվեց, և տեսանելի կնոջ միջոցով Քո անտեսանելի Աստվածությունը հայտնվեց մարդկանց (Մարկ.5։25−34, Ղուկ. 8։43−48): Որքան բժշկող Որդու աստվածությունը դրսևորվեց, այնքան էլ արյունահոսություն ունեցած և բժշկված կնոջ հավատը բացահայտվեց:
Այսպիսով, երբ ամբողջ իմաստությամբ զգեստավորված արվեստը լռեց և նահանջեց, այդ ժամանակ հագուստով զգեստավորված Աստվածայինը բացահայտեց Ինքն իրեն: Նա այն բանի համար մարմնով զգեստավորվեց և մարդկանց մոտ իջավ, որպեսզի կարողանա մարդկանցից պոկել ու նետել այն, ինչը բնորոշ է մարդուն, և խորհրդանիշերի միջոցով հավատարիմներին հստակորեն ցույց տա Իր Աստվածային բնությունը: Չհամարձակվե՛ս մտածել միայն Տիրոջ մարդկային բնության մասին: Նա Իր մարդկությունն այնպես բացահայտեց, որ երկնային ոգիները հավատան, թե Նա երկրային է դարձել, և Աստվածությունն այնպես բացահայտեց, որ երկրային արարածները հավատան, որ Նա է երկնային: Մարդկանցից մարմին վերցրեց, որպեսզի մարդիկ կարողանան բարձրանալ մինչև Նրա Աստվածությունը, և Աստվածությունը բացահայտեց, որպեսզի Նրա մարդկությունը չնվաստացվի։
Բայց թեև մենք հիմա, կարծես բոլորի աչքի առաջ, Սողոմոնի նման կանանց շրջանակի (արյունահոսություն ունեցող և պոռնիկ (Ղուկ. 7։37)) մեջ ենք, սակայն Իմաստուն արքայի պես կանանցից վնասներ չենք կրում, թեև Նրա նման մենք ևս պտտվում ենք նրանց մեջ: Թեև հեթանոս կանայք իրենց հմայքով Սողոմոնին Աստծու պաշտամունքից դեպի իրենց կուռքերը շեղեցին (Ա Թագ. 11։1−8), բայց այստեղ մենք հեթանոս կանանց հավատը ավելի մեծ ենք համարում, քան հրեա կանանցը: Իրենց առողջ մարմիններով Սողոմոնի կանայք ստիպեցին, որ նրա առողջ հավատը դառնա հիվանդ, իսկ այս կանայք իրենց ապաքինման հրաշքով հիվանդ հավատին վերադարձրին առողջությունը:
Ո՞վ չէր բուժվի այս կնոջ հավատով: Հանկարծ Նրա հավատը աչք թարթելու պես դադարեցրեց տասներկու տարի տևած արյունահոսությունը (Մարկ. 5։25): Երկար տարիներ տարբեր բժիշկների մոտ բուժվելու հետևանքով (Մարկ. 5։26) կնոջ ունեցվածքի մեծ մասը վատնվեց, բայց երբ նա մի ակնթարթում դիմեց մեր Բժիշկին, նրա ցրված մտքերը միավորվեցին մեկ հավատի շուրջ: Մինչ երկրային բժիշկներն էին հոգ տանում նրա մասին, նա նրանց երկրային ինչքեր էր տալիս, իսկ երբ նրան հայտնվեց երկնային Բժիշկը, Նա Նրան երկնային հավատ ընծայաբերեց: Երկավոր նվերները երկրի վրա՝ նրա բնակիչներին մնացին, բայց հոգևոր պարգևները համբարձվեցին հոգևոր Աստվածության մոտ:
Բժիշկները փորձում էին, ցասումից մոլեգնած վայրի կենդանիների նմանվող, հիվանդությունից առաջացած տառապանքները մեղմել, քանի որ նաև կատաղած կենդանիների նմանվող տառապանքներն էին նրանց ու դեղերը այս ու այն կողմ նետում: Միայն մի անմաքրությունից ծագեցին այս տառապանքները, որոնց պատճառով շատերը անմաքուր համարվեցին: Միայն մեկ Բժշկի անուն էլ փառավորվեց այս հիվանդությամբ, որը օգնության կանչված բազմաթիվ բժիշկների պատճառով երկար ժամանակ և ամենուր անարգվում էր: Մինչ կինը շատերին պարգևներ էր տալիս, նրա հիվանդությունը նույնիսկ մի փոքր չէր թեթևանում, սակայն երբ նրա ձեռքը դատարկ մեկնվեց, նրա ներսը առողջությամբ լցվեց: Մինչ նրա ձեռքը լի էր տեսանելի վարձով, աներևույթ հավատքի համար այն դատարկ էր մնում, բայց երբ տեսանելի վճարը թափվեց նրա ձեռքից, այն լցվեց անտեսանելի հավատով: Տեսանելի վարձատրություն տալով՝ տեսանելի բուժում չի ստանում, իսկ անտեսանելի հավատ ընծայելով՝ ծածուկ ապաքինում է ստանում: Թեև վստահելով գումար էր վճարում, սակայն այդ վստահության համար պարգև չէր ստանում, իսկ երբ հափշտակության արդյունքը (այսինքն՝ հավատը) որպես վճար տվեց, դրա համար վարձատրություն՝ մասնավորապես ծածուկ ապաքինում ստացավ:
Եթե Սուրբ Գրքի խոսքերը միայն մեկ իմաստ ունենային, ապա ցանկացած առաջին թարգմանիչ այն կգտներ, և դրանից հետո մյուս լսողները դժվարությամբ և ջանքեր գործադրելով դրա (իմաստը) որոնելու կարիք չէին ունենա, և այն գտնելուց հետո ոչ մի մխիթարություն չէին ստանա: Բայց Տիրոջ յուրաքանչյուր խոսք ունի իր մարմինը, և յուրաքանչյուր այդպիսի մարմին ունի բազմաթիվ անդամներ, և յուրաքանչյուր անդամ առանձնապես ունի իր հատկությունները, և (հետևաբար) յուրաքանչյուրը լսում է այնքան, որքան կարող է, և մեկնաբանում է ըստ իրեն տրվածի: Այսպիսով, եթե նախկինում այս կինը շատերի մոտ էր գնացել, որոնք չէին կարողացել բուժել նրան, այսինքն՝ ապարդյուն էին տանջվել նրա վրա, ապա այժմ նա հայտնվում է Նրա առաջ և բժշկվում Նրանից: Մեկը, Ում դեմքը շրջված էր, բուժեց նրան, որպեսզի դատապարտի նրանց, որոնք մեծ ջանասիրությամբ ուղղվում էին դեպի նա և չէին բուժում նրան: «Աստծո տկարը,− ասում է (Սուրբ Գիրքը),− ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1։25): Թեև Տիրոջ արտաքին դեմքը կարող էր միայն մեկ ուղղությամբ նայել, սակայն Նրա ներքին Աստվածությունը բոլոր ուղղություններով նայող ամենատես աչք էր:
Կնոջ արգանդի մահաբեր հոսքը չորացրեց, իսկ բերանում առողջության վերադարձի մասին քարոզչության հեղեղ բացեց: Կինը դիպավ Նրա Աստվածությանը և Նրանից առողջություն ստացավ: Անապատում ժայռը սրբացնող ջրեր բխեցրեց, որոնցով ըմպելիք էր առաքվում ժողովրդի տասներկու ցեղերին, իսկ այստեղ տասներկու տարի անմաքուր արյուն էր բխում, որն էլ պղծում էր նրա մարմնի բոլոր անդամները: Ժայռը պատռվեց Մովսեսի գավազանով՝ մեր Արարչի նշանով, իսկ արյունահոսությունը չորացավ մեր Բժշկի հագուստի եզրերով․ այնտեղ ամուր (ժայռը) պատռեց ամուր գավազանը, այստեղ էլ արյան հոսքը չորացրեց փափուկ հագուստը: Թեև առաջին հայացքից գավազանը դաժան է թվում, սակայն դրա վրա դրոշմված է Խաչի խոնարհությունը, և չնայած որ հագուստը արտաքնապես փափուկ է, բայց դրանից հզոր ուժ է բխում: Սա հիանալի բժշկում է: Նախքան Քրիստոսի ձեռքից սերմի ընկնելն այն հողը, որի համար այն նախատեսվել էր, արդեն առատորեն ստացել էր այդ սերմերը (այսինքն՝ նախքան Քրիստոսի կողմից «քո հավատը քեզ փրկեց» (Մարկ. 5։34) ասելը, կինը արդեն առողջացել էր)․ և մինչ սերմը դեռ Տիրոջ շտեմարանում էր, այն արդեն հասցրել էր հասնել այն հողին, որտեղ պետք է ցանվեր, որպեսզի իրեն վերապահված արդյունքը տար և ստացված կապիտալը տոկոսներով վերադարձներ: Ահա՛, Տիրոջ իրական սերմը: Մինչ սերմը դեռ իր շտեմարանում էր, դրա բերքն արդեն հավաքվել էր, և մինչ այն Սերմնանողի ձեռքին էր, նրա մտավոր հատիկները աչք թարթելու պես բանական երկրից բանական սերմեր էին հավաքում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: