ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Երգ հայոց կաթողիկոս Տեր Ներսես Շնորհալու՝ ասված գիշերվա պաշտամունքի ժամանակ

 

Գիշերը պիտի հիշենք Քո անունը, Տե՛ր:

Մեր սրտերը բարի խոսք պիտի բխեն,

Եվ մեր լեզուները պիտի պատմեն

Երկնավոր Թագավորիդ գործերը:

Գիշերվա ընթացքում վեր կենալով

Պիտի գոհանանք Քեզանից, Տե՛ր:

Մեր աղոթքները Քեզ պիտի ուղղենք, Տե՛ր,

Քո գավիթներում Նոր Երուսաղեմի:

Գիշերը մեր ձեռքերը սրբությամբ

Առ Քեզ պիտի բարձրացնենք, Տե՛ր:

Գոհության ձայնով, բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը:

Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր,

Եվ ես կարթնանամ առավոտյան, ալելուիա˜:

Արթնացե՛ք հրեշտակների հետ, Վերի´ն Սիոնի մանուկներ, ալելուիա˜:

Արթնացե՛ք, լույսի՛ որդիներ, Լույսի Հորն օրհնելու, ալելուիա˜:

Արթնացե՛ք, արյա´մբ փրկվածներ,  և փա´ռք տվեք Փրկողին, ալելուիա˜:

Արթնացե՛ք, նո՛ր ժողովուրդներ,

Նոր երգեր նվիրելով Նորոգողին, ալելուիա˜:

Արթնացե՛ք, հոգո՛վ հարսներ, սպասելով

Սուրբ Փեսայի Գալստյանը, ալելուիա˜:

Արթնացե՛ք, լույսո˜վ վառվածներ,

Իմաստուն սուրբ կույսերի պես, ալելուիա˜:

Արթնացե՛ք, պատրաստե´ք լապտերների յուղը՝

Ջերմ արտասուք, ալելուիա˜:

Արթնացե՛ք և մի՛ ննջեք,

Հիմար կույսերի նման մի՛ նիրհեք, ալելուիա˜:

Արթնացե՛ք, երկրպագենք

Եվ արտասուքներով այս ասենք, ալելուիա˜:

Արթնացի՛ր, ինչո՞ւ ես ննջում,

Տե՛ր, իսպառ մեզ մի՛ մերժիր:

Ելի՛ր, Տե՛ր, օգնի՛ր մեզ, Քո անվանը փառք տանք

Այժմ և հավետ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. ամեն:

Գիշերային հանգստից արթնացածներիս

Թող Մարդասեր Տերը շնորհի մխիթարություն

Նաև եկեղեցու սփոփանքներով,

Ահ ու դողով կանգնենք աղոթքի,

Գանք խոստովանենք հանցանքները

Եվ Քրիստոսից կգտնենք քավություն և մեծ ողորմություն:

Ամեն, ալելուիա, ալելուիա,  ալելուիա:

Միաձայնելով երկնային զորքերին՝

Անբաժանելի և Համագո Երրորդությանդ

Փառք մատուցենք:

Փա´ռք Քեզ:

Որ բարձրացյալ նստած ես Անարվեստ Աթոռին,

Սո´ւրբ Աստված, Հզո´ր և Սքանչելագո´րծ,

Փա´ռք Քեզ:

Որ անէությունից գոյացրիր բոլոր արարածներին,

Սո´ւրբ Աստված, Անճառելի՛ Հոր Անեղ Որդի:

Փա´ռք Քեզ:

Որ տեսչությամբ խնամում ես բոլոր արարածներին,

Սո´ւրբ Աստված, Անսպա՛ռ Աղբյուրի Բխում:

Տե՛ր, եկեղեցու ժողովրդապետները Քեզանից

Հայցում են՝ ասելով՝ Բարի՛ Հովիվ,

Ողորմի՛ր բանական հոտին:

Ամեն, ալելուիա˜, ալելուիա˜, ալելուիա˜:

Ամեն, ալելուիա˜, ալելուիա˜, ալելուիա˜:

 

Քարոզ

 

Հանգիստ քնից, որը մեզ շնորհեց Մարդասերն Աստված իբրև մխիթարություն և սփոփանք մեր տկարությանը, բոլոր զարթնածներս և մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ամենասուրբ  անունը միաբան, հոգևոր երգով պատվելու և փառաբանելու եկածներս ահով ու դողով Նրա առաջ աղոթքի կանգնենք և գիշերային այս ժամին գոհանանք Նրանից Նրա արդարության և իրավունքների  համար, որ ընտրեց մեզ Իր ողորմությամբ և շնորհեց մեզ նման լինել երկնային հրեշտակներին և փառաբանել ամենքի Տեր Աստծուն: Եվ մենք այսուհետև սրբելով մեր խիղճը և մեր անձերը չար գործերից, կբարձրացնենք մեր ձեռքերը սրբությամբ՝ առանց բարկության և երկմտության: Հավատվ խնդրենք Նրանից մեր մեղքերին քավություն և թողություն: Խոստովանենք մեր սրտի գաղտնիքները Ծածկագետ Աստծուն, որպեսզի ընդունի մեր պաղատանքները բոլոր սրբերի աղոթքներով և բարեխոսությամբ, շնորհի մեզ Մարդասերն Աստված առաքինությամբ և անարատ վարքով, Նրա կամքի համաձայն ապրել այս աշխարհում՝ արժանավոր լինելով հավիտենական և երկնային խորաններին, որը խոստացավ Իր սիրելիներին Ճշմարիտն Աստված՝ Հիսուս Քրիստոս,

Տե՛ր մեր, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:

Ապրեցրո՛ւ, Տե՛ր:

Գիշերվա մնացած մասը խաղաղությամբ անցկացնել Տիրոջից հավատով խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Խաղաղության հրեշտակը՝ իբրև մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Մեր մեղքերին քավություն և թողություն Տիրոջից  խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:

Շնորհի՛ր, Տե՛ր:

Նաև միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Տե՛ր, ողորմի՛ր:

Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Քեզ՝ Տիրոջդ ենք հանձնվում:

Ողորմի´ր մեզ, Տե´ր Աստված մեր, Քո մեծ ողորմածության համաձայն, ասենք բոլորս միաբան:

Տե´ր, ողորմի´ր, Տե´ր, ողորմի´ր, Տե´ր, ողորմի´ր:

 

«Տե´ր, ողորմի´ր» ասվում է, ինչպես պատշաճ է օրվան: Կիրակի և Տերունական տոներին՝ երեք անգամ «Տե´ր, ողորմի´ր», իսկ սրբոց տոներին՝ հիսուն «Տե´ր, ողորմի´ր», պահոց օրերին՝ հարյուր «Տե´ր, ողորմի´ր»:

 

 

Երգ Հայոց կաթողիկոս Տեր Ներսեսի՝ զղջացյալ անձի ողբերգությունը և յուրաքանչյուրի բողոքը խոստովանաբար

 

Ամբողջ աշխարհը

Ինձ նայեց,

Ախտակի՛ց[1] եք:

Բացում եմ շուրթերս,

Խոսում լեզվովս,

Բողոքում ինձնից:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Գող եղա մեղքերի,

Կորուստ գտնող,

Գուբ[2] ինձ փորեցի,

Դավեցի ինձ,

Դավաճանեցի,

Դարանակալ եղա:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Լույս էի մի ժամանակ,

Այժմ խավար եմ

Եվ մահվան ստվեր:

Ինչպե՞ս ասեմ

Իմ մեղքերի չափը,

Որովհետև խիստ շատ են:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Երկի´նք և երկի´ր,

Եկեք ողբացե´ք

Եղկելի իմ անձի վրա:

Ընտրեցի չարը,

Ընդունեցի հոժարակամ

Մեղքերի բազմությունները:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Թաթախվում եմ տղմով,

Թավալվում մեղքերի մեջ,

Թոթափել չեմ կարողանում:

Ժանտ[3] ախտով լցվեցի,

Գարշահոտություն եղա

Երկար ժամանակ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Հեռացա

Սուրբ խորհուրդներից,

Բարի գործերից:

Լավ համարումով իմ անձը

Լույսից հեռանում է,

Խավարում է լինում:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Չարի խորհուրդները

Խաբում են հոգիս,

Խորասույզ անում:

Ծածկում են անդունդներում,

Ծիծաղում գլորմամբս,

Ծանակում ինձ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Կամքովս կորացա,

Անձամբ կարկամելով,

Կանգնել չեմ կարողանում:

Մեղքերի հուրը կիզողը

Իմ մեջ հրդեհեց

Հոգևոր բարիքներ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Ձաղկվեցի մեղքերով,

Ծաղրեցին տեսնողները,

Ձանձրացավ հոգիս:

Դառնության լեղին

Պահվեց իմ սրտում,

Ճրագն իմ հանգեց:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Մեղքերի ճաշակմամբ

Ճաշակեցի մահը,

Ճոխս աղքատացա:

Մեռել եմ հոգովս,

Մոլորվել մտքերովս,

Միայն կամ մարմնովս:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Որսողի մահու

Որոգայթն ընկա,

Հաղթվեցի ախտերից:

Թշնամու նետերին

Նշանակետ եղա,

Անընդհատ խոցոտվում եմ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Շրջապատել են ինձ

Շներ բազում,

Շաղախվում են արյամբս:

Որս եղա չարին,

Մեղքերի ուռկանով

Որսաց ինձ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Չարաչար վշտերով

Չարչարվում եմ ես,

Չունեմ դադար:

Պարտապան եղա

Հանցանքների պարտքերին

Մեղքերից պարտվածս:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Ջանում եմ զղջալ,

Վառվում եմ նորից,

Վառվում մեղքերի հրով:

Ռաբբի կոչվեցի,

Հիմար եմ անվանվում

Գռեհկական վարքովս:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Ցանկության, սաստիկ

Բարկության սիրով

Իմ սիրտը խոցվել է:

Հանցանքների վերքերով

Վշտանում է հոգիս,

Վարանած շրջում եմ:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Տիրեցին ինձ չարքերը,

Տարագիր դարձրին

Տիրական գրկից:

Բարի ուսուցչի

Ուրախ ձայնը

Տխմարս չեմ լսում:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

Ցանկությունը չարյաց

Ցանկալի տեսքով

Ցավեցրեց իմ աչքերը:

Հյուսմամբ

Բազում ախտերի

Հյուծվել է հոգիս:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

 

 

Շտապի՛ր, ի՛մ անձ,

Փախչել չարից,

Փափագել բարիք:

Միշտ հիշի՛ր

Եկող մահվան քունը,

Քննող Դատավորին:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ հիշի՛ր, Տե՛ր, և ողոմի՛ր:

 

 

Հայոց կաթողիկոս Տեր Ներսես Շնորհալու աղոթական երգը՝ Սուրբ Երրորդության Անձերին, նաև Երրորդության Յուրաքանչյուր Անձին՝ առանձնակի

 

Առավո՛տ Լույսի,

Արեգա՛կ Արդար,

Ինձ վրա լո՛ւյս ծագցերու:

 

Բխում Հորից,

Բխի՛ր հոգուս մեջ

Քեզ հաճելի խոսք:

 

Գա՛նձդ ողորմության,

Ծածկված գանձիդ

Ինձ գտնող արա՛:

 

Դուռը ողորմության

Դավանողիս բա՛ց,

Վերնայինների հետ դասի՛ր:

 

Եռյա՛կ Միություն,

Արարածների՛ խնամող,

Ի՛նձ էլ ողորմիր:

 

Զարթնի՛ր, Տե՛ր,

Զարթնեցրո՛ւ թմրյալներին,

Օգնելու նմանվել հրեշտակներին:

 

Հայրն Անսկիզբ է,

Էակից է Որդին,

Միշտ կա Սուրբ Հոգին:

 

Ընդունի՛ր ինձ, Գթա՛ծ,

Ընդունի՛ր, Ողորմա՛ծ,

Ընդունի՛ր, Մարդասե՛ր:

 

Թագավո՛ր փառքի,

Թողությո՛ւն Տվող,

Ների՛ր ինձ հանցանքներս:

 

Ժողովո՛ղ բարյաց,

Ընդունի՛ր և ինձ

Անդրանիկների ժողովում:

 

Քեզանից եմ, Տե՛ր, հայցում,

Մարդասերի՛ցդ,

Ինձ բժշկություն:

 

Կյա՛նք եղիր մեռյալիս,

Լույս՝ խավարածիս,

Վերացնող՝ ցավերիս:

 

Խորհուրդնե՛ր Իմացող,

Խավարիս շնորհի՛ր

Խորհուրդ լուսավոր:

 

Հո՛ր ծոցի Ծնունդ,

Ստվերով ծածկվածիս վրա

Ծագեցրո՛ւ փառաց լույսը:

 

Կենարա՛ր Փրկիչ,

Ապրեցրո՛ւ մեռածիս,

Կանգնեցրո՛ւ գլորվածիս:

 

Հաստի՛ր[4] հավատով,

Հաստատի՛ր հույսով,

Հիմնեցրո՛ւ սիրով:

 

Ձայնովս աղաչում եմ,

Ձեռքերովս պաղատում եմ,

Բարիքների ձիրք շնորհի՛ր:

 

Լույսի լապտերով,

Ղեկավա՛ր Ճարտար,

Հաստատի՛ր տարուբերվողիս:

 

Ճառագա՛յթ Փառաց,

Ճանապարհ ինձ ցո՛ւյց տուր,

Երկինք շտապելու:

 

Հո՛ր Միածին,

Մտցրո՛ւ ինձ առագաստ

Մաքուր հարսանյաց:

 

Երբ գաս փառքով

Ահավոր Օրը,

Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս:

 

Նորոգո՛ղ հնությունների,

Նորոգի՛ր և ինձ,

Նորապես զարդարի՛ր:

 

Շնորհատո՛ւ բարիքների,

Շնորհի՛ր քավություն,

Շնորհի՛ր թողություն:

 

Ուրախացրո՛ւ, Տե՛ր,

Հոգուս փրկությամբ,

Որի համար սգի մեջ եմ:

 

Չար մշակողին,

Նրա չար սերմերի

Պտուղը չորացրո՛ւ:

 

Պարգևի՛չ բարիքների,

Պարգևի՛ր թողություն

Իմ պարտքերին:

 

Ջո՛ւր շնորհիր աչքերիս՝

Ջերմ արտասուքներ հեղելու,

Հանցանքները ջնջելու:

 

Քա՛ղցր բալասան,

Ռամկական հոգիս արբեցրո՛ւ,

Լույսի ճանապարհ ինձ ցո՛ւյց տուր:

 

Սե՛ր անվամբ Հիսուս,

Սիրով Քո ճմլի՛ր

Սիրտն իմ քարեղեն:

 

Հանուն  գթությանդ,

Հանուն ողորմությանդ,

Վերստին ապրեցրո՛ւ:

 

Տենչալիիդ տեսիլքով

Տո՛ւր ինձ հագենալ,

Տե՛ր Հիսուս Քրիստոս:

 

Րաբունի՛ Երկնավոր,

Աշակերտներին կցորդի՛ր

Երկնայինների երամին:

 

Քո արյան ցողը, Տե՛ր,

Ցողի՛ր հոգուս մեջ,

Ցնծա իմ անձը:

 

Մեղքերով հյուծվածս,

Հյուծված աղաչում եմ,

Ինձ բարի՛ք հյուսիր:

 

Փրկի՛չ բոլորի,

Շտապի՛ր ինձ փրկել

Մեղքերի փորձություններից:

 

Քավի՛չ հանցանքների,

Քավի՛ր օրհնաբանողներին՝

Քեզ փառաբանելու:

 

Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

 

Աղոթք

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ շնորհեցիր մեզ հանգիստ քուն խաղաղությամբ և զարթնեցնելով կանուխ հասցրիր մեզ երկրպագելու Ահավոր և Փառավորյալ Քո Սուրբ անունը: Տո՛ւր մեզ, Տե՛ր, աղաչում ենք Քեզ, գիշերվա մնացած մասը խաղաղությամբ անցկացնել և մեր պանդուխտ կյանքի ամբողջ ժամանակը Քո երկյուղով ամրացրո՛ւ և պահպանի՛ր, որպեսզի, զգուշությամբ և անարատ վարքով կրոնավորելով[5] այս աշխարհում, ժամանենք անխռով և խաղաղ նավահանգիստը՝ հավիտենական կյանքը, շնորհներով և մարդասիրությամբ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, Որի հետ Քեզ՝ Հորը և Սուրբ Հոգուդ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Խաղաղություն ամենքին,

Աստծուն երկրպագենք.

Նայի՛ր, Բարերա՛ր Տեր, Քո ողորմությամբ Քո Սուրբ Անունը երկրպագողներին և փառաբանողներին: Զորությունների՛ Տեր, խաղաղեցրո՛ւ մեզ ամեն տեսակ սատանայական խռովություններից և աշխարհական զբաղմունքներից. Քո խաղաղության հրեշտակին առաքի՛ր մեզ մոտ, որ գա պահի մեզ անխռով առավոտյան և գիշերը, մեր արթուն և հանգստի ժամանակ, որպեսզի բարեպաշտությամբ և արժանավորապես Քեզ՝ Տիրոջդ ծառայելով այս կյանքում, ժամանենք Քո հավիտենական Երկնքի Արքայությունը, որը պատրաստեցիր աշխարհի սկզբից Քո սրբերի համար: Եվ նրանց հետ գոհանալով փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

 

Երգ

Հայոց կաթողիկոս Տեր Ներսես Շնորհալու,

որն ասել է Մեծ Ուրբաթ գիշերվա Ավետարանների համար

 

 

Այսօր Անճառ Լույսի Ծագումը

Իրագործում է մեր փրկությունը,

Խոնարհվում է վերնատանը,

Ստվերային տոների լրումն է:

Նախքան Խորհրդավոր ընթրիքը

Մեջքին սրբիչ գցեց Լույս Գցողը,

Ջուրն առնելով ծառայաբար,

Աշակերտների ոտքերը լվաց:

 

Հոր Փառաց Լույսի Բանին

Պետրոսը թույլ չտվեց մերձենալ [իր] ոտքերին,

Այն ձեռքերին, Որի գործերն են

Երկինքների երկինքը և երկրավորները,

Որով կույրերի աչքերը բացվեցին,

Խուլերն ու համրերը արձակվեցին,

Որն իրեն ծովից վեր բարձրացրեց,

Սաստեց ալիքներին, ու լռեցին:

 

Փոքր հոտի ընտրյալ գլխի

Անգետ խորհուրդը սաստեց,

Որով դարձավ և հնազանդվեց,

Խնդրեց ոտքերն ու գլուխը մաքրել:

Ասաց՝ ջրով լվացում

Գլխիդ պետք չէ, զի լվացված է,

Ոտքերիդ է պետք մաքրություն՝

Գլխին սրբությամբ միանալու:

 

Իր աշակերտների դասին,

Որին նախ խոսքով վարդապետեց,

Իր մեջ այսօր գործով ցույց տվեց

Գերագույն խոնարհությունը.

Հողեղեններին սպասավորեց,

Նա, որ անտես է հրեղեններին,

Իր ծառաներին ծառայեց,

Նա, որ պաշտվում է սերովբեներից:

 

Եթե [Ես]՝ արարածների Տերս, - ասաց, -

Եվ բոլորի վարդապետս,

Աշակերտներիդ և ծառաների

Ոտքերը լվացի հին աղտերից,

Միմյանց և դուք համաբնությամբ

Ցո՛ւյց տվեք նույն խոնարհությունը.

Բարձրացածի կործանման համար

Եվ ընկած բնության կանգնեցման համար:

 

Որ մաքրեցիր ավազանում

Մաքուր ձեռքերով նրանց ոտքերը

Եվ ուսուցանեցիր խոնարհությամբ

Հաղթող լինել չար հպարտին.

Եվ իմ մեղքերի տիղմը լվա՛

Սուրբ գնդի աղաչանքներով,

Եվ ոտքերի ընթացքն ուղղի՛ր

Խոնարհ քայլերով դեպի երկինք:

 

***

Լրացրեց Մովսեսի օրենքը,

Որը խոսվեց Սինայում,

Կերավ օրինակի գառը

Եվ բաղարջը՝ եղեգի փոխարեն՝

Հինը նորով փոխելով,

Ստվերը լույսով ճշմարտելով,

Գառի փոխարեն Ինքն եղավ՝

Գառն Աստծուն նվիրելով:

 

Անխմոր  բաղարջ հացի փոխարեն

Իր Մարմինը տվեց Երկնավոր,

Կուսածին, Անսերմնավոր,

Անապական և Հոգևոր.

Արյան ուխտի ոչխարի փոխարեն

Տվեց մեզ Իր արյունը իբրև ուխտ կրկին,

Եվ դառնագույն եղեգի փոխարեն

Աստվածային վարքը:

 

Արարածների Թագավորը

Կենաց հացը տվեց  քաղցածներին,

Եվ բաժակն ուրախարար [տվեց] նրանց,

Որոնք Ադամից տրտմել էին,

Սա Իմ Արյան նոր ուխտն է

Հին ուխտի արյունների փոխարեն,

Որը արե՛ք Իմ հիշատակի համար,

Մինչև գամ Ես մյուս անգամ:

 

Ժողովված տասնմեկի հետ

Հավաքվածներս Քեզանից հայցում ենք,

Որ Կենարար Քո Մարմինը

Բաշխելով տվեցիր բաժակով,

Շնորհի՛ր և մեզ, Տե՛ր, նրանց հետ

Հաղորդ լինել Քո սեղանին,

Կենաց Հացիդ, Որին փափագում ենք,

Եվ Ըմպելիիդ, Որին ծարավ ենք:

 

Ընտրյալ աշակերտներից՝

Սուրբ գառներից Հուդան մեկնեց,

Մեղքերն Իր վրա վերցնող Աստծո Գառին

Արծաթով մահվան մատնեց,

Հոգևոր ընթրիքին

Մերձեցավ ժպիրհը և նենգավորը,

Ուտելով վարդապետի հետ,

Ավելացրեց խաբեությունը:

 

Լույսը խոսեց աղերսալի

Խավարի հետ՝ դարձի համար,

Ձեզանից մեկը, - ասաց, - եղբայրնե՛ր,

Ինձ մատնելու է մահվան,

Պետրոսը դա լսելով զարհուրեց

Եվ ասաց Հովհաննեսին՝

Հարցնելով, թե ո՞վ է

Դավաճանողը Վարդապետին:

 

***

Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ,

Եվ  իմ հալածիչներից ազատի՛ր ինձ:

 

Սիրո խնամքով տրտմությունը

Փարատեց Իր սիրելիներից ՝

Թրջելով պատառը տվեց Հուդային,

Նշավակելով մատնիչ գողին,

Որը վերցրեց և մերկացավ

Աստվածային Հոգու շնորհներից,

Վարդապետի մատնությամբ

Մատնվեց նախաչարին:

 

Գերագույն լույսից զրկվեց,

Խավարասերը դուրս եկավ,

Տերը հայտնեց նրանց, որոնք լույս էին,

Գիշերվա գայթակղությունը.

Պետրոսի խրախուսելի խոսքերը,

Եվ հավախոսին կշտամբվելը,

Իր՝ աշխարհից փոխադրվելն ասաց,

Եվ Հոգու Գալուստը պատմեց:

 

Կեդրոնյան այնկողմյան ձորից

Վերնատուն ելավ խորհրդի,

Մտավ պարտեզ պարտեզի միջով,

Մտցրեց Ադամին եդեմական դրախտը:

Մտցրո՛ւ և մեզ, Տե՛ր, նրա հետ,

Որտեղից հանեցիր նախ առաջինին,

Որ ժառանգելու արժանանանք

Հայրենիքը մենք վերստին:

 

Մտածում էր չարչարանքների մասին տրտմաբար,

Երիցս եղավ առանձնաբար,

Փրկել աշխարհը հոգին հոժար է,

Բայց մարմնի բնությունը տկար է,

Ո՛չ մեկը ուժեղ և զորավոր էր,

Եվ ոչ մյուսը՝ անզոր, վտանգավոր,

Այլ միևնույնի մեջ միավորված՝

Նեղությունները տանում էր կամավոր:

 

Աղերսում էր ձայնով աղոթական

Իր Անեղ Հորը ինձ համար,

Ծունր դրեց խոնարհաբար,

Որին ծունկ է խոնարհում ամեն ոք.

Եթե մարդկանց փրկվել հնարավոր է

Առանց Իմ մահվան, որ գրված է,

Մահվանս բաժակը Ինձանից թող անցնի

Ոչ ի՛մ կամքով, այլ Քոնը լինի:

 

Թաքցնելով երկյուղով քրտնքի հոսքը,

Ոլոռաձև իջնող կաթիլները՝

Զորանալու համար հրեշտակը մերձեցավ,

Օրենքի գիրը կատարվեց,

Քանզի Կատարյալ Բանն Աստված

Վերցրել էր մարդկային բնությունը,

Պետք է կրեր Իր մեջ

Երկյուղն ու տրտմությունը անօրենության:

 

***

Նրանք Քո ձեռքից մերժվեցին,

Մենք Քո ժողովուրդն ենք և արոտի հոտը:

 

Էի Փառաց Ճառագայթը, որ

Մարդկային բնության պես

Տագնապեցիր գիշերը,

Աղոթեցիր Երկնային Հորը,

Ծագեցրո՛ւ մեզ վրա երկնային լույսը

Եվ փարատի՛ր չարի երկյուղը,

Մեր հոգին ու մարմինը

Թող բևեռվեն Քո սուրբ երկյուղին:

 

Մոտեցավ Հուդան, որ մատնվելու է

Փարիսեցիների դասի հետ,

[Նրանք] ընկան ցած գլորվածների նման,

Որոնք հավիտյան չեն կանգնելու:

Հուդան նենգեց համբուրելով,

Մահվան առիթ ցույց տալով,

Սիրո փոխարեն Նրան մատնելով,

Բարու փոխարեն չար հատուցելով:

 

Այնժամ սիրո գթով Պետրոսը

Սուսերով կտրեց աջ ականջը

Մաղքոս անունով ծառայի,

Որ չլսեց իր Տիրոջը,

Իսկ Տերը մեր արագապես,

Մոտենալով ականջին բժշկապես,

Առողջացրեց Աստվածապես,

Որը չտեսավ կույրերի բազմությունը:

 

Նոր փոքր հոտը ցրվեց,

Քանզի Քաջ Հովիվը բռնվեց,

Պետրոսը միայն հետևից գնաց,

Աղջկանից[6] վեմը շարժվեց,

Նշանակյալ հավը խոսեց,

Պետրոսին էր Տերն ակնարկել,

Խոսքը հիշեց, դառն արտասվեց,

Գլորումից դարձյալ կանգնեց:

 

Սրտանց արտասվելու համար

Ներեցիր վեմին եկեղեցու,

Որին պահեցիր ընկնելուց

Եվ կանգնեցրիր գլորվելուց:

Կանգնեցրո՛ւ և ինձ, Տե՛ր, նրա հետ,

Սայթաքեցնողի գլորումից`

Տալով աչքերիս հորդ արտասուք

Եվ գլխիս՝ ծովի չափ ջուր:

 

Ով [Դու], Որ կամքով Անկապելի ես,

Կապելով ձեռքերը Արձակողի՝

Տարան ապարանքը

Կայիափայի և Աննայի:

Ծառան Այն Երեսին ապտակեց,

Որից սերովբեն թևասքողվում է,

Թքեց պիղծ բերանով Նրա վրա,

Որը կույրին թքով լույս տվեց:

 

***

Խոսեցին իմ մասին նենգ լեզվով

Եվ ատելության խոսքով պաշարեցին ինձ:

 

Մարդկանց չար կապանքները Լուծող,

Որ կապվեցիր կապվածի հետ,

Ինձ արձակի՛ր ինքնակապից,

Մեղքերի դժոխային կապերից,

Որ մեղապարտի հետ

Անմեղդ ատյանում կանգնեցիր,

Երբ գաս փառքով Հայրենի,

Ինձ նրանց հետ մի՛ դատիր:

 

Հին Ադամի պատկառանքով,

Որ ձաղկվեցիր հանուն նրա,

Ջնջի՛ր լրբենի մեղքերի ամոթը,

Որով իմ երեսը ծածկեցին,

Որ ներեցիր չար ծառային՝

Ձեռքով Քեզ ապտակելու,

Ուժգնակի հարվածի՛ր չարի դեմքին,

Որպես և ինձ հարվածեց ուժգին:

 

Լույսի Ջահը առավոտյան,

Հին Զատկի ուրբաթ օրը

Կանգնած էր դատավորի առաջ,

Ծառան նստած էր ատյանում:

Պիղատոսի հարցնելու ժամանակ

Տերը պատասխան չէր տալիս,

Որպեսզի կանխասաց գիրը կատարվի.

«Եղա Ես մարդ, որ չի խոսում»:

 

Ռամկական դասը զինվորների

Նախատինքների զգեստը գցեց Նրա վրա,

Որի զգեստն է լույսը փառաց՝

Իբրև օթոց՝ Իր շուրջը գցված:

Ծունր իջնելով կատակում էին,

Եղեգով գլխին էին խփում,

Փշե պսակ բոլորեցին

Մեղքերի փուշը Վերցնողի համար:

 

Քերովբեների համար Սոսկալին

Ինքն իրենով բառնաց խաչափայտը

Մինչև Գողգոթայի վայրը,

Որում դրվեց մարդն առաջին:

Ըմպել տվեցին գինի զմռսված

Եվ կերակուր լեղիով խառնված,

Որով դառը համը պտղի

Մեզ համար փոխեց քաղցր և ախորժալի:

 

Վերնայինները զարհուրելով

Տեսան Տիրոջը մերկացած,

Եվ հանդերձները՝ բաժանված,

Պատմուճանի համար՝ վիճակ գցված:

Ձեռքերն ու ոտքերը ծակեցին,

Ըստ հայտնապես դավթյան խոսքի,

Խաչափայտին բևեռեցին

Մատները, որով գրեց տախտակին:

 

***

Խոստովանենք Տիրոջը, որովհետև բարի է,

Որովհետև հավիտյան է Նրա ողորմությունը:

 

Տարածելով ձեռքերը ձեռքերի հետ,

Ոտքերը՝ ընթացող ոտքերի հետ,

Փայտը՝ փայտի հետ,

Մահվամբ փոխարկեց դառը պտղի կյանքը:

Երկու անօրենների մեջ

Մերկացած էր օրենքի Տվողը,

Որը չտեսավ ազգը կույրերի՝

Բացի ավազակներից մեկից:

 

Արեգակի ժամերին

Ցերեկը դարձրեց գիշերանման,

Ստվերը՝ իբրև մերկ քող, գցեց,

Որ չտեսնի աչքն անարժան:

Միջօրեին նսեմացավ,

Երբ Ադամը մեղքով մեռավ,

Իններոդ ժամին լույս եղավ,

Երբ մահվամբ մահը վերացավ:

 

Արտասուք էր ցողում ցավագին

Մայրը Տիրոջ, որ մոտ կանգնած էր խաչին.

Երբ լսեց իր Միածնի խոսքը

Ծարավի մասին:

Քացախ տվեցին՝ խառնած լեղու հետ,

Նրան, որ բխեցրեց գետ եդեմում

Եվ ժայռից վտակ բարի,

Խմեցրեց դառնացնող տոհմին:

 

Երրորդ ժամին տկարացրեց օձը

Նախնի մոր՝ Եվայի միտքը,

Վեցին նրա հրապուրիչ խոսքով

Ընկավ առաջին մարդը:

Նույն ժամին Տերը խաչին էր,

Որ քավի նրանց մեղքերը,

Եվ երբ ելավ  Ադամը հին,

Դրախտում դրեց ավազակին:

 

Ինձ հետ աղերսական խոսք՝

«Էլի, Էլի» Հորը գոչեց,

Հոգին կամքով Հորն ավանդեց,

Մարդկանց հոգիները նույնպես ընծայեց:

Երկիրը հիմքից սասանվեց,

Եվ  վարագույրը մեջտեղից պատռվեց,

Քարերն իրենք իրենց ճեղքվեցին,

Եվ մահվան գերեզմանները բացվեցին:

 

Քարոզվում է սքանչելապես.

Աստված  մարմնով ինձ համար է խաչվում,

Մեր բնությամբ մեռնում է,

Անմահ Աստված է խոստովանվում:

Կողի կրկնավտակ աղբյուրներով

Իր եկեղեցին է հաստատվում:

Ջրով մաքրում է, արյունն ըմպում,

Որդուն Հոր հետ փառավորում:

 

 

Երգ Հայոց կաթողիկոս Տ. Ներսես Շնորհալու՝ ասված Մեծ

Ուրբաթ ցերեկվա Ավետարանների համար

 

ԲԿ.  ԴԿ.

Նորոգո՛ղ տիեզերքի,

Որ հագցրիր մեզ փառաց լույս,

Զինվորները Քեզ վրա գցեցին

Նախատինքների կարմիր քղամիդ:

Հանի՛ր ինձնից քուրձը մեղքերի՝

Տրտմագին արյամբ ներկված,

Եվ հագցրո՛ւ ուրախալին՝

Իմ պատմուճանը առաջին:

 

Երկնավոր Թագավորիդ առջև

Ծունր իջնելով ծաղրում էին,

Գլուխդ բռունցքներով էին ծածկում

Եվ եղեգով խփում էին:

Երբ ես գետին  ընկնեմ՝

Չարի կամքին հնազանդվելով,

Չթողնես ծաղրվել այսպես,

Այլ վերստին ինձ կանգնեցնես:

 

Դատավորի վճռից հետո

Ամբողջ Քո մարմինը

Սաստիկ հարված ստացավ

Նախաստեղծի հարվածների համար:

Ինձ, որ ոտքից մինչև գլուխ

Անհնարին ցավերով նեղվում եմ,

Առողջացրո՛ւ դարձյալ, կրկին,

Ինչպես շնորհներով Ավազանի:

 

Սրբափայլ պճնյալ հանդերձանքի փոխարեն,

Որը հագցրիր Ահարոնին,

Իսրայելի այգու մշակները

Փշե պսակ դրեցին:

Մեղքերի փուշը հանի՛ր ինձնից,

Որը տվեց ինձ թշնամին,

Եվ առողջացրո՛ւ խայթվածքները,

Որպեսզի ջնջվեն մեղքերի սպիերը:

 

Բան ԲՁ. ԴՁ.

 

Տվեցին Քեզ ըմպել լեղին

Ու քացախը ծարավի ժամին,

Խմեցիր [Քո] կամքով, որ քաղցրանա

Դառնագույն պտղի համը:

Դառնությունը թունավոր,

Որը գցեցին հոգուս մեջ,

Հեռու վանի՛ր սրա հետ,

Եվ կքաղցրանա նրանում քո սերը:

 

Փոխարեն բողբոջած մահաբեր ծառի,

[Նրա], որ բուսնեց դրախտում,

Խաչափայտը բարձրացրիր,

Գողգոթա հանեցիր:

Մեղքերի մեջ ընկած

Եվ ծանրագույն բեռը բարձող իմ հոգին

Ոչխարի պես բարձրացրո՛ւ հույսովդ,

Հանի՛ր ուխտյալ վայրը՝ երկինք:

 

Ուրբաթ՝ ժամը երեքին,

Բևեռվեցի՛ր, Տե՛ր, խաչին,

Արձակեցիր կապանքները նախաստեղծի,

Եվ կապեցիր թշնամուն:

Ինձ ամրացրո՛ւ կենդանարար

Քո նշանի հովանու ներքո,

Եվ արևելքից ծագելիս

Լուսավորի՛ր նրա լույսով:

 

Երանյալ ավազակին

Բացեցիր  դուռը դրախտի,

Ըստ սրտի հավատի նրա՝

Կատարեցիր խնդրանքը:

Տո՛ւր և ինձ, Տե՛ր, նրա հետ

Լսել նույն պատասխանը.

«Այսօր ինձ հետ կլինես դրախտում՝

Քո առաջին հայրենիքում»:

 

ԱԿ.ԳԿ.

 

Բառբառելով՝ Էլի,Էլի,

Երկրի հիմքերը սասանվեցին,

Եվ վարագույրը հին օրենքի

Վերից վար պատռվեց:

Արդ, քարերի հետ, որոնք շարժվեցին,

Շարժի՛ր անշարժ իմ սիրտը դեպի բարին,

Վարագույրի պատռվելու հետ՝

Իմ պարտքի գիրը պատռի՛ր:

 

Արեգակի լույսը քողարկվելով՝

Խավարեց միջօրեին,

Եվ գերեզմանները բացվեցին,

Սրբերի մարմինները հարություն առան:

Լուսավորների խավարելով՝

Մաքրի՛ր իմ մեջ գործը խավարի,

Մեռելների հետ, որ հարություն առան,

Կանգնեցրո՛ւ մեղքերով մեռած հոգիս:

 

Նոր սիրո պատվիրանի խոսքը

Գործով կատարող եղար,

Աղոթեցիր Հորը, որ երկնքում է,

Ներել մեղքերը, որ խաչին են:

Ինձ, որ, հոգով հավատալով,

Երկրպագում եմ Քեզ, Միածի՛ն,

Ների՛ր պատվիրանազանցությունը,

Թող չհիշվեն առաջին մեղքերը:

 

Սարսեցին սանդարամետականները,

Երբ հոգիդ ավանդում էիր Հորը,

Որ իջար ներքև՝ դժոխք,

Մահվան և խավարի բանտը,

Կապելով մահածին իշխանին՝

Հանեցիր հոգիներին, որ բանտում էին,

Եվ ինձ հանի՛ր, Տե՛ր, նրանց հետ,

Աղջամուղջ մեղքերի բանտից:

 

ԱՁ. ԳՁ.

Անմահարար Մահվանից հետո

Անապական աղբյուրների վտակ բխեց Քեզանից՝

Կողածնի կրկին նորոգման համար,

Բա՛ց բերանն իմ՝

Քո կենարար արյան արբեցման համար,

Լվա՛ դարձյալ ավազանում

Ոչ թե շնորհներով, այլ արտասուքներով:

 

Անմահիդ մեռնելով՝

Մեռյալ հոգիս կենդանացրո՛ւ,

Նոր գերեզմանում թաղվելով՝

Մեղքերի մեջ թաղվածիս վե՛ր հանիր,

Ստորին գուբը իջնելով՝

Մեղքերի գբից վե՛ր բարձրացրու,

Մահվան ստվերում Քո բնակվելով՝

Լուսավորի՛ր և ինձ հոգով:

 

Սիրտն իմ առ Քեզ է աղաղակում՝

Բանիդ, որ Հոր հետ է ի սկզբանե,

Որ կամավոր, մարդկանց համար

Կրեցիր մարմնով այս ամենը.

Ինձ լսելի՛ արա դեպի Արքայությունդ

Կանչող Քո ձայնը՝

Այնտեղ ժողովված անդրանիկների հետ

Օրհնել Քեզ միշտ, հավիտյան:

 

Երգ՝ ասված

Տեր Ներսեսի կողմից ի Քրիստոս ննջածների համար

 

Աստված Անեղ Անժամանակ,

Հայր Անսկիզբ և Անքանակ,

Պատճառ Որդուն՝ ծննդյամբ անճառ,

Հոգուն՝բխմամբ անքննաբար,

Աղաչում ենք Քեզ, Գթա՛ծ,

Երկայնամի՛տ և Ողորմա՛ծ,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Բանիդ, որ Հոր ծոցի Միածինն է

Եվ սկզբնատիպի կերպարանը,

Որով երկինքը գոյացավ,

Աշխարհն ամբողջ հաստատվեց,

Հայցում ենք Քեզ, Տե՛ր և Փրկի՛չ,

Ամենողո՛րմ Կեցուցիչ,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Երկնավորներին և երկրայիններին

Գերագույն շնորհների Բաշխող,

Կյանք և կյանք տվող Հոգի՝

Հորը և Որդուն արարչակից,

Խնդրում ենք Քեզանից, Աղբյո՛ւր Բարյաց,

Հագեցնո՛ղ ծարավածներին,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Դավանում ենք սերովբեների հետ

Համայնի Կենդանարարիդ,

Երեքսրբյան մի Տերությանը՝

Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,

Որով հանգուցյալները մկրտվել էին,

Եվ Որին հավատով խոստովանում էին,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Եռակի թիվ կատարյալ,

Երեք Անձերի բաժանված,

Երրորդությամբ միավորված,

Մեկ բնությամբ հավասար,

Որով կապվածներս ազատվում ենք

Եվ վերստին առանց լծի կապվում,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Հորը Էակից Որդուդ

Փառավորում ենք անլռելի,

Որ իջար Կույսի արգանդը,

Ադամական մարմինն առար,

Քո Անապական ծնողի՝

Աստվածածնի աղաչանքներով

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Երևացիր մարմնով երկրի վրա,

Որ Հորից անմեկնելի ես,

Հողեղենների հետ բնակվեցիր,

Հրեղեններից ես երկրպագվում,

Պաղատանքներով երկնավորների՝

Քո փառաբանիչ հրեշտակների,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Մովսեսի օրենքով

Ընծայվեցիր տաճարին,

Որ մարդկային բնությունը

Ընծայես Հորը, որ երկնքում է,

Խնդրվածքներով սուրբ ծերունու՝

Քեզանով կապից արձակվածին,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

Թագավորդ հրեղենների,

Որ հողեղեն մարդկանց հետ

Շրջեցիր տնօրինաբար,

Կրեցիր կրքերը մարդաբար,

Որ մեզ  համար այս ամենը

Հանձն առար խոնարհությամբ,

Ողորմի՛ր Քո արարածներին՝

Հույսով ի Քեզ ննջածներին:

 

ԲՁ.ԴՁ.

 

Աշխարհից Քո ծառայի

Հրաժեշտի համար հավաքվածներս

Հայցում ենք Քեզ՝ արտասվելով

Եվ պաղատում՝ այս ասելով՝

Դեպի Քեզ տանող ելքի ճանապարհին

Ննջեցյալին ուղեկի՛ց եղիր,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Սկզբում մեր փրկության համար

Մկրտվեցիր Հորդանանում,

Որով շնորհեցիր նոր ավազան

Մարդկանց մեղքերի մաքրության համար,

Կրկին հայցմամբ Կարապետ Մկրտչի՝

Ծնունդների մեջ մեծի,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Լուսավոր ձայնով երկնքից

Քեզ դավանեց[7] Հայրն Էակից,

Աղավնակերպ Հոգին իջավ,

Իր Համագոյի վրա հանգրվանեց՝

Նույն Հոգով մկրտվածներին

Հորը հավատով որդեգրելու:

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Մեղքերի խավարը հալածվեց,

Լույսը գիտության Քեզանով ծագեց,

Օձի խայթը բժշկվեց,

Մեր հիվանդությունը բժշկվեց,

Մեռյալների՛ Կենդանարարդ,

Եվ խավարածների՛ Լուսատուդ,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Անվամբ՝ Հոր Ծնունդ,

Որ ընտրյալ դասը աշակերտների՝

Իբրև տիեզերքի լուսավորիչ,

Ընտրեցիր աշխարհում,

Աղաչանքներով առաքյալների,

Որոնք հարության փողեր են մեզ՝ ողջերիս համար,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Կյա՛նք՝ Կյանքից, Լո՛ւյս՝ Լույսից,

Որ ստեղծեցիր մեզ հողից,

Նորոգեցիր դարձյալ, կրկին

Ծննդյամբ սուրբ ավազանի,

Որ ապրեցրիր Քո շնորհով

Մահվանից այն առաջին,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Հոգով լցրիր առաջին մարդուն,

Որ կործանվեց չարի խաբմամբ,

Նույն Հոգին վերստին

Քո խոսքով հեղեցիր մեր հոգիներին,

Նույն Հոգով Սուրբ և Բարի

Առաջնորդի՛ր սրա հոգուն,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Ղազարոսին ձայնեցիր,

Որով մեռյալներին հույս տվեցիր,

Չորեքօրյա [մահացածի] կենդանությամբ

Կենդանացան նրանք, որոնք Ադամից էին,

Կենաց ձայնով վերջին փողի

Սրան կանչի՛ր այս հողից,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

Կենարար ձայնից

Թաքնվելով սարսեց մահվան պահակը,

Արագապես, խոսքի պահին

Ըստ հրամանի տվեց մեռյալին,

Օդի իշխաններն այս թող սարսեն,

Սրա հոգուն թող չարգելեն,

Քո Հոր լույսի օթևաններում

Մեր ննջեցյալներին հանգստացրո՛ւ:

 

ԱԿ. ԳԿ.

 

Ճանապա՛րհ մոլորվածների

Եվ ճառագա՛յթ խավարածների,

Լույսի որդիներին հրավիրեցիր

Քո երկնային հարսանիքին:

Այնտեղ ժողովվածների զվարճալից

Դասերին սրան արժանացրո՛ւ,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Մեր բնությամբ, որը հագար,

Խաչափայտին բևեռվեցիր,

Ազատեցիր մեզ մեղքերից՝

Նախահոր կապանքներից,

Հանուն Քո սուրբ չարչարանքների

Ազատի՛ր և սրան կապանքներից:

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Կամավոր խաչի մահից հետո

Դրվեցիր նոր գերեզմանում,

Երկրում երեքօրյա թաղմամբ

Կենդանի ստեղծեցիր մեզ նորից,

Քեզ հետ մահվան հողը իջածներին

Վերակոչի՛ր[8] փողի ձայնով,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Հավիտյան Կենդանիիդ

Յուղաբեր կանայք նստել

Ողբում էին արտասվալից,

Անհուսալից մեռյալի նման:

Հանուն նրանց սուրբ արտասուքների՝

Մաքրի՛ր սրան հանցանքներից,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Շարժվեց դժոխքը հիմքերից,

Երբ ներսում Քեզ տեսավ,

Կապելով մահածին իշխանին,

Հանեցիր հոգիներին, որոնք բանտում էին,

Հանգուցյալ սուրբ հոգիների հետ

Հանգստացրո՛ւ ննջեցյալների հոգիները,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Ուրախությամբ երկնային զորքը

Երկնքից երկիր իջավ,

Երբ մեռելներից հարություն առար,

Լույս ծագեցրիր արարածներին:

Սուրբ Հարությամբ Քո կենարար

Հարությո՛ւն տուր սրան՝

Անմահ կյանքի համար,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Պահապանները չդիմացան

Երկնավորների երկյուղից,

Որոնք ավետիս էին տալիս կանանց,

Թե մահը վերացավ մահկանացուների:

Սա, որ Քո մահվանը տնկակից է,

Թող լինի կյանքիդ հաղորդակից:

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Անմարմինները պարակցեցին

Կենսատու սուրբ գերեզմանի մոտ,

Մարդկանց ավետիս տվեցին՝

Կյանքի համար հավերժական:

Վերջին օրը նրանց պարին

Ննջեցյալներին համադասի՛ր,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

Ջահավորված խաչի նշանը

Արևելքից փայլելով կծագի,

Հավատացյալները Քեզանով կբերկրեն,

Իսկ ուրացողները կկոծեն:

Սուրբ խաչը երկրպագողներին

Պայծառացրո՛ւ նրա լույսով,

Լի լապտերներով առագաստ մտցրո՛ւ

Իմաստուն սուրբ կույսերի հետ:

 

ԱՁ.ԳՁ.

Երկնավորները ճանապարհ կբացեն՝

Նախապես գալով Քո առջևից,

Քո ընտրյալներին ժողովելով ՝

Քեզ ընդառաջ կբերեն ամպով,

Օդում պարող աղավնիների

Սուրբ երամին սրան խառնի՛ր,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Կսարսափեն երկրի տարրերը,

Երբ գաս փառքով Հայրենի,

Արեգակի լույսը կխավարի,

Լուսինը աստղերի հետ կնվաղեն,

Սրան Օրն Աներեկո

Լուսավորի՛ր լույսով Քո,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Վերնային զորքերի պետը

Փող կփչի ավետաբեր,

Վե՛ր կացեք մեռյալներ, որ Ադամից էիք,

Քանզի ահա եկավ Փեսան,

Սրբերի շարքը դասի՛ր սրան

Հարսնացյալ մաքուր հոգիների հետ,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Տիրական աթոռին կնստես,

Արարածներից կերկրպագվես,

Արդարությամբ աշխարհը կդատես,

Ըստ գործերի վարձ կհատուցես,

Այնժամ շնորհի՛ր ողորմություն,

Մեր ննջեցյալներին թողություն:

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Մարդկանց դասերը կհավաքվեն,

Որոնք Ադամից էին ծնվել,

Եվ կվայրաբերվեն բոլոր դասերը

Երկնային հրեշտակների,

Այս ահեղ հրապարակում

Հիշի՛ր սրան Օրն Ահավոր,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Կցուցադրվեն մարդկանց գաղտնիքները

Յուրաքանչյուր, որ կատարվեցին,

Բարիք գործողները կպսակվեն,

Չարիք գործողները անշեջ հրին կմատնվեն,

Այնժամ հիշի՛ր սրա բարին,

Մեղաց գործերը թող ջնջվեն,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Կհյուսվեն պսակներ զանազան

Եվ պատմուճաններ լուսափայլ,

Սուրբ վկանների գլխներին կդրվեն

Եվ արդարներին կզարդարեն,

Հաղո՛րդ արա նրանց հայցմամբ

Սրան փառքի լույսին նրանց,

Քեզ փառաբանելու համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Աջակողմյանները կհամբարձվեն,

Փառքերի փառքը կբարձրանան,

Երբ լսեն երանական

Առ Քեզ կանչող ձայնն օրհնության:

Լսեցրո՛ւ մեր ննջեցյալներին

Քո խոսքն Աստվածային,

Քեզ փառաբանելու  համար դասավորի՛ր

Հրեշտակների հետ վերնային:

 

Քահանաներ և ժողովուրդներ,

Հայցում ենք Քեզանից, Բարեգութ Տե՛ր,

Հավատով ննջածների հետ

Ընդունի՛ր սրան նույն հույսով

Վերին Երուսաղեմ քաղաքում,

Որտեղ արդարները կժողովվեն,

Նրանց հետ փառք երգել միշտ

Երրորդության Երեք Անձերիդ:

 

Երգ ԳՁ.

Սուրբ Առաքյալների տոնին

Արարի՛չ  և Մարդասե՛ր,

Անոխակա՛լ և Բարեգո՛ւթ,

Որ գովվում ես սերովբեներից,

Տե՛ր, Դատավո՛ր արդարության.

Սուրբ առաքյալների հետ,

Տե՛ր, պսակի՛ր մեր ննջեցյալներին,

Ողորմա՛ծ Տե՛ր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Ս. Մարգարեների տոնին

 

Երբ այն օրվա մասին մեզ պատմող

Գրվածները կատարվեն,

Մարգարեների խոսքերը իրականանան,

Առաքյալներինը հատուցվեն,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Վարդավառի տոնին և  ննջեցյալների համար

 

Վերին Երուսաղեմում

Հրեշտակների բնակարանում,

Ուր Ենովքն ու Եղիան են

Ծերացած, աղավնակերպ,

Եդեմական դրախտում

Արժանապես  պայծառացած,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Ծաղկազարդին և Քրիստոսի Համբարձման տոնին

Թագավո՛ր փառաց, Քրիստո՛ս,

Որ գաս երկնքից

Հողմերի թևերի վրա

Քո Հայրենի կերպարանքով

Եվ  հրափորձությամբ կատարես

Մարդկանց որդիների քննությունը,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

 

Ննջեցյալների համար

 

Երբ բեմը դրվի, բազմի փեսան,

Եվ առագաստը զարդարվի,

Գաբրիելյան փողը կանչի,

Բոլոր սուրբերն այնտեղ հավաքվեն,

Արդարների դասերը բերկրեն,

Իսկ մեղսասերները թախանձեն,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Երբ փողի ձայնը լինի

Եվ Ղևտական գիրը հայտնվի,

Ճառագայթները Սուրբ Խաչի

Արևելքից փայլելով ծագեն,

Հրեշտակների գնդերը տարածվեն,

Հրեշտակապետները  շրջապատեն,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Քահանայի ահեղ խորհուրդը

Բազկատարած բեմին է,

Սուրբ սեղանի առաջ,

Հուրը կհանգչի, խավարը կմերժվի,

Տրտմած հոգիները կուրախանան,

Որովհետև մեղքերի թողություն կլինի,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Աստվածախոս Մովսեսը

Եվ Ղևտացի Ահարոնը,

Մարգարեները Իսրայելի

Եվ քահանաները հին օրենքի

Նախապես մեզ ծանուցեցին

Գալուստը Սուրբ Միածնիդ,

Մեր փրկության համար հայտնեցին,

Անապատում կերակրվում էին.

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Ս. Խաչի

Տրտմահաղորդ չարչարանքներով

Հանձն առար խաչի մահը

Եվ փայտը բարձող եղար

Նախաստեղծ Ադամի համար,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր,

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Զարհուրեց  երկնային զորքը,

Երբ տեսավ Տիրոջդ խաչի վրա,

Արեգակի լույսը քողարկվեց,

Եվ լուսնի լույսը նվազեց,

Աստվածորդուդ ահեղ փառքից

Խավար եղավ տիեզերքում,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Ս. Հարության

Ուրախացան մարդկանց ազգերը,

Երբ լսեցին Քո Հարությունը,

Նորափետուր զարդարվեցին

Սուրբ Միածնիդ հարության ժամանակ,

Ողորմա՛ծ Տեր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

Հայրապետների և բոլոր մարտիրոսների տոնին

 

Աղաչանքներով Սուրբ Խաչի՝

Անբարբառ բարեխոսի,

Սուրբ Աստվածածնի,

Հովհաննես Կարապետի,

Սուրբ Ստեփանոսի՝

Առաջին մարտիրոսի,

Սուրբ Լուսավորչի՝

Հայաստանյայց Հայրապետի,

Սուրբ առաքյալների,

Եվ բոլոր մարտիրոսների,

Ողորմա՛ծ Տե՛ր, ողորմի՛ր

Մեր ննջեցյալների հոգիներին:

 

 

Երբ վերցվեցին իմ օրերն ինձնից, ես ասացի՝ ում մոտ գնամ ես այսօր, առաջին օթևանում, որը չգիտեի, օգնի՛ր ինձ, Քրիստո՛ս, այսօր, առաջին ճանապարհին և մյուս անգամ Քո Գալստյանը օգնի՛ր ինձ:

Եկավ հասավ իմ վախճանի օրը, լացը, ողբը և ապաշխարելը, սիրտս խռովվեց իմ մեջ, և ոսկորներն իմ ցամաքեցին, օգնի՛ր ինձ:

Մահճումս զարթնեցրին ինձ իմ հոգին պահանջողները, տանում էին ինձ հեռավոր ճանապարհ, որը չգիտեի, օգնի՛ր ինձ:

Նայեցի, և ոչ ոք չկար, որ օգներ ինձ, ապավինեցի իմ փրկության Աստծուն, թող ցնծա իմ հոգին Քո Արքայության մեջ, օգնի՛ր ինձ:

Գրվեցի ես կենդանության գրքում և մեկնեցի գնալու Երկնի և Երկրի Արարչի մոտ, օգնի՛ր ինձ:

Անստվեր և Անեղ Լույսից հեռացա խավարի խաբմամբ, ճաշակեցի մահառիթ պտուղը, հողանում է Բարերար Ստեղծողիդ պատկերը, օգնի՛ր ինձ:

Երբ հոգիս անջատվի մարմնիցս, գեղեցիկ շինվածքս քանդվի, կզարհուրեմ Թագավորի սպառնալիքներից, եթե պահանջի ինձանից պատվիրանի քանքարը, օգնի՛ր ինձ:

 

Քրիստոսի Ս. Ծննդյան տոնին

 

Կուսածին մարդացյալ Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս, Ահեղ Ատյանի այն օրը Քո արյամբ գնվածներին մի՛ դատապարտիր, օգնի՛ր ինձ:

Սոսկալի է Վախճանի օրը, և ահեղ՝ Դատաստանի օրը, Ահեղ Ատյանի այն օրը Քո արյամբ գնվածներին մի՛ անտեսիր, որովհետև Բարերար Ստեղծողիդ պատկերն եմ, օգնի՛ր ինձ:

Դատավորիդ Ահավոր դատաստանը տեսա և զարհուրեցի, որովհետև անպատրաստ գտա ինձ Քո հրամաններին, Թագավո՛ր Հավիտենից, օգնի՛ր ինձ:

 

՛

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին

 

Աստվածածի՛ն Անարատ, Մա՛յր Տիրոջ և Սո՛ւրբ Կույս, բարեխոսի՛ր Քո Միածին Որդու մոտ, որ փրկի մեզ գեհենի սպառնալիքներից և պարգևի մեզ Երկնքի Արքայությունը և հանգստացնի մեր ննջեցյալների հոգիները, օգնի՛ր ինձ:

 

Մաղթանք

Հանգուցյալ հոգիների Քրիստո՛ս Աստված, տո՛ւր հանգիստ և ողորմություն և մեզ՝ մեղավորներիս, շնորհի՛ր մեղքերի թողություն:

 

Քարոզ

Խաղաղության համար ևս Տիրոջը խնդրենք:

Հանգուցյալ հոգիների համար աղաչենք մեր Քրիստոսին Փրկչին, որ նրանց արդարների հետ դասի և մեզ ապրեցնի Իր ողորմության շնորհով: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր:

Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Քրիստո՛ս, Որդի՛ Աստծո, Անոխակա՛լ և Բարեգո՛ւթ, գթա՛ Քո Արարչական սիրով Քո հանգուցյալ ծառաների հոգիներին: Հիշի՛ր Քո Արքայության գալստյան մեծ օրը: Արժանի՛ արա ողորմության, մեղքերի քավության և թողության: Դասավորելով պայծառացրո՛ւ Քո սուրբերի հետ աջակողմյան դասում, որովհետև Դու ես բոլորի Տերը և Արարիչը, կենդանիների և մեռյալների Դատավորը: Եվ Քեզ վայել են փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Եվ ապա «Հայր մեր» են ասում և հետո մաղթանք:

 

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Քո Սուրբ Հրաշափառ Հարությանդ (կամ Տերությանդ) շնորհով լուսավորելով պայծառացրո՛ւ հույսով ի քեզ ննջած բոլոր հավատացյալների հոգիները, և  մանավանդ նրանց, ովքեր այս Սուրբ Տաճարի ներքո են թաղված:

 

Ապա ասվում է օրհնություն, ինչպես պատշաճ է օրվան կամ ըստ ձայնի և հետո՝ մաղթանք, քարոզ և աղոթք օրհնությունից հետո:

 

Տերունական տոների մաղթանք

 

Փա՛ռք հրաշափառ Ծննդյանը Քո, Տե՛ր, Քո՝ օրհնյալ և փառավորյալ, հրաշալի, հաղթական Սուրբ Ծնունդն ենք օրհնում և փառավորում: Մարդասե՛ր Տեր, հանուն քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

Այսպե՛ս ասա բոլոր Տերունական տոներին ինչպես պատշաճ է օրվան՝ Հայտնության, Գալստյան, Պայծառակերպության, Տնօրինության, Մատնության, Խաչելության, Թաղման, Հարության, Համբարձման, Սուրբ Հոգու Գալստյան և Սուրբ Խաչի և եկեղեցու տոներին: Իսկ Սուրբ Հոգու Գալստյան ժամանակ «Մարդասեր Տեր» հատվածը այսպե՛ս ասա. «Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Սրբուհի Անարատ Մոր և Կույսի և հանուն պատվական խաչի, ընդունի՛ր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ»: Որովհետև սխալ են նրանք, ովքեր Սուրբ Հոգուն ասում են՝ Քո Մոր և Քո Խաչի: Իսկ եկեղեցու տոներին ասա՛. «Փա˜ռք Տերությանը Քո, Տե՛ր» և այլն, ինչպես վերևում:

 

Մաղթանք Սրբերի տոներին

 

Բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի և Ս.Հովհանես Մկրտչի, Սուրբ Ստեփաննոս Նախավկայի և մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Հիշատակությամբ և աղոթքներով (այս անվամբ) սրբերի, որոնց հիշատակն է այսօր: Եվ հանուն Քո պատվական խաչի, Տե՛ր, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

Պահքի մաղթանք

«Երանության» կանոնի

ԴԿ.

Քրիստոսն իմ Աստվածն է, և փառավորում եմ նրան. իմ հոր Աստվածն է, և պիտի բարձրացնեմ նրան: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի մոր և Կույսի և  հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

                                Մաղթանք «Երկինք պատմեն» կանոնի                                                                                                                                                                                                                                                                   

 

ԱՁ.

Փա՛ռք տվեք Աստծուն, օրհնությո՛ւն տվեք Հավիտենական Մարդասեր Թագավորին, որ Փրկում է Իր ծառաներին և ապրեցնում: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի մոր և Կույսի և  հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

«Մի՛ նախանձիր» կանոնի

ԱԿ.

Դո՛ւ ես մեր Տերը, Դո՛ւ ես, Քրիստո՛ս, մեր Փրկիչը, մենք օրհնում ենք Քեզ: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

«Ողորմեա» կանոնի

ԲՁ.

Բարձրացավ իմ եղջյուրը[9] իմ Փրկիչ Աստծով, իմ սիրտը հաստատվեց Տիրոջ վրա, Տիրոջով և հավատով: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

«Իբրև» կանոնի

ԲԿ.

Խաղաղությո՛ւն տվող Քրիստոս, Քո խաղաղությունը և երկնային ողորմությունը պարգևի՛ր Քո արարածներին: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

«Տէ՛ր, ապավէն» կանոնի

ԳԿ.

Հո՛ւյս կենդանության, Հո՛ւյս և Ապավե՛ն փրկության, Տե՛ր, Հիսո՛ւս Փրկիչ, փրկի՛ր և փարատի՛ր անձիս ցավերը: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

«Խոստովան» կանոնի

ԳԿ.

Թող հասնեն մեր աղոթքները Քո Սուրբ տաճարին: Թող խոնարհվի Քո ունկը դեպի մեր խնդրվածքները: Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

«Ի նեղութեան» կանոնի

ԴՁ.

Լսի՛ր մեզ, Տե՛ր, լսի՛ր մեզ. Քո Աստվածային ողորմությամբ և գթությամբ խնայի՛ր Քո արարածներին, Մարդասե՛ր Տեր, հանուն Քո Անարատ և Սրբուհի Մոր և Կույսի և հանուն Քո պատվական խաչի, ընդունի՛ր մեր աղաչանքները և ապրեցրո՛ւ մեզ:

 

Քարոզ

«Երանեալ» և «Իբրև» կանոնների

 

ԲԿ.ԴԿ.

Ի վերուստ [տրվող] խաղաղության և մեր փրկության համար Տիրոջն աղաչենք:

Տե՛ր, ողորմի՛ր:

Տեր Աստծուն մեր աղաչանքների ձայները լսելի լինելու համար Տիրոջն աղաչենք:

Մեր մեղքերը Աստծո քավելու և ներելու համար Տիրոջն աղաչենք:

Կամա և ակամա [գործված] մեր բոլոր հանցանքների համար Տիրոջն աղաչենք:

Պատասխանատվության օրը խոտանների մեջ չգտնվելու համար Տիրոջն աղաչենք:

Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք:

Նաև միաբան, մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Մեզ և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Ողորմի՛ր, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմածության համաձայն, միաբան ասենք բոլորս:

 

Աղոթք

ԲԿ.ԴԿ.

Տե՛ր ցերեկվա և Գոյացուցի՛չ գիշերվա, Որ արարեցիր ցերեկը բարեգործության զբաղմունքի համար՝ ի փրկություն մեր անձերի, և գիշերը՝ մեր տկար բնության հանգիստ քնի համար: Իսկ այժմ զարթնեցնելով բացեցիր մեր բերանները՝ օրհնաբանելու Քո Սուրբ Ահավոր և Փառավորյալ անունը:

Ընդունի՛ր և այժմ մեր աղաչանքները և հաջողեցրո՛ւ մեզ ուղիղ հավատով և առաքինասեր վարքով միշտ նույն պաշտամունքին Քո շտապել և նույն կանոնով[10] անդադար փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Խաղաղություն ամենքին,

Աստծուն երկրպագենք:

Քեզ, որ ամեն ինչում Գթած և Մարդասեր Տեր ես, հանապազ աղաչում ենք, որ զորացնես մեզ օրըստօրե մնալ մեր կրոնավորության[11] կարգում:

Թեթևացրո՛ւ, Տե՛ր, Քո քաղցր լուծը, որ դրեցիր մեզ վրա, որպեսզի կարողանանք հաստատուն մնալ Քո պատվիրանի մեջ և Քեզ հաճելին անել ամեն ժամ՝ ցերեկը և գիշերը, հրեշտակային երգակցությամբ օրհնել Քեզ, գովել Քեզ և գոհություն և փառք մատուցել Քեզ՝ Ամենազոր Տերությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Մաղթանք

ԲԿ. ԴԿ

Սաղմոսներով, օրհնությամբ և հոգևոր երգերով անդադար փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն:

 

«Հայր մեր»

Քարոզ

«Երկինք պատմեն» և «Տէ՛ր, ապաւէն» կանոնների

 

ԱՁ.ԳՁ.

 

Որպեսզի գիշերը և ցերեկը և ամեն ժամ մենք Տիրոջ խոսքը խոսենք, Տիրոջն աղաչենք:

Փորձության մեջ, որը չենք կարող տանել, մեր չընկնելու համար, Տիրոջն աղաչենք:

Քրիստոսի Ահեղ Ատյանի առաջ անբիծ և անդատապարտ մեր կանգնելու համար Տիրոջն աղաչենք:

Անվախճան կենաց նավահանգիստը մեզ առաջնորդելու համար Տիրոջն աղաչենք:

Վերին կոչմանը և Երկնքի Արքայությանը մեր արժանի լինելու համար Տիրոջն աղաչենք:

Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք:

Եվ ևս միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Մեզ և միմյանց Ամենակալ Տե՛ր Աստծուն հանձնենք:

Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմածության համաձայն, միաբան ասենք բոլորս:

Տե՛ր ողորմի՛ր, Տե՛ր ողորմի՛ր, Տե՛ր ողորմի՛ր:

 

Աղոթք

ԱՁ.ԳՁ.

 

Գիշերը և ցերեկը և ամեն ժամ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզանից, Մարդասե՛ր Տեր, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկիչ մեր, թող խոնարհվի Քո ունկը մեր խնդրանքներին, որպեսզի ունայն չլինի Քո ծառաների վաստակը, այլ մեր աշխատանքները համարի՛ր արդարության գործ և Աստվածպաշտության պտուղ: Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքներն ու երկրպագությունները և առատապես հատուցի՛ր մեզ Քո ողորմածությամբ, պահի՛ր մեզ Քո Ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրո՛ւ մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ՝ իբրև աչքի բիբ, և մեզ համար բարի նշան արա՛՝ ի գովեստ և ի փառաբանություն Քո Սուրբ Անվան: Որովհետև Քո փառքի համար է բոլոր արարածների կողմից մշտնջենավոր փառաբանություն ի բարձունս ուղղվում՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Խաղաղություն ամենքին,

Աստծուն երկրպագենք:

Հովի՛վ Քաջ, Հովի՛վ Բարի և Հավիտենական, նայի՛ր և այցելի՛ր Քո բանական հոտին, որ ժողովեցիր Քեզ մոտ Քո գթությամբ: Որովհետև Քո առաջ ենք, Տե՛ր, և Քո ողորմություններին և գթություններին ենք սպասում: Բոլորին օրհնի՛ր, բոլորին իմաստացրո՛ւ, բոլորին լուսավորի՛ր և բոլորին պարգևի՛ր Երկնքի Արքայությունդ: Որովհետև Դու ես Տերը կյանքի և Ողորմության Աստվածը և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

Մաղթանք

ԱՁ. ԴՁ.

Գիշեր և ցերեկ և ամեն ժամ անդադար փառավորում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Քարոզ

«Մի՛ նախանձիր» և «Խոստովան» կանոնների

 

ԱԿ. ԳԿ.

Մեր ընթացքը դեպի խաղաղության ճանապարհները ուղղելու համար Տիրոջն աղաչենք:

Տե՛ր, ողորմի՛ր:

Չարի բոլոր խորհուրդները մեզանից վանելու համար Տիրոջն աղաչենք:

Առողջ խորհուրդներ և առաքինի վարք մեզ պարգևելու համար Տիրոջն աղաչենք:

Իր Ամենազոր Աջի հովանու ներքո մեզ պահելու համար Տիրոջն աղաչենք:

Շուտափույթ մեր ոտքերով հակառակորդին խորտակելու համար Տիրոջն աղաչենք:

Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք:

Եվս միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Մեզ և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմածության համաձայն, միաբան ասենք բոլորս:

 

Աղոթք

ԱԿ. ԳԿ.

Տե՛ր երկնքի և երկրի, Արարի՛չ բոլոր արարածների՝ տեսանելիների և անտեսանելիների: Քեզ ենք աղաղակում ամեն ժամ, որովհետև ամեն տեղ է Քո Տերությունը, և Քո Արքայությունը բոլորին է տիրում: Շնորհի՛ր մեզ երկյուղով հանապազ շտապել Քո պաշտամունքին, սիրել Քեզ ամբողջ սրտով, բովանդակ մտքով և մեր ամբողջ զորությամբ պահել Քո պատվիրանները, առ Քեզ բարձրացնել մեր ձեռքերը սրբությամբ, առանց բարկության և երկմտության և գտնել Քեզանից  շնորհներ և ողորմություն և առաքինասեր գործերի հաջողություն: Որովհետև Դու ես կյանքի Տերը և ողորմությունների Աստվածը և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Խաղաղություն բոլորին,

Աստծուն երկրպագենք:

Քո Ամենազոր և Հաղթող Տերությանդ ամեն ծունկ է իջնում երկրպագելու, և բոլորից փառավորվում է Քո թագավորությունը: Նայի՛ր մեր երկրպագությանը և սովորեցրո՛ւ մեզ կատարել ճշմարիտ արդարությունը: Որովհետև Դու ես խաղաղության Աստվածը, որ մեջտեղից վերացրիր թշնամությունը և խաղաղություն արեցիր երկնքում և երկրի վրա և հեռավորներին և մերձավորներին ավետարանեցիր Քո բարիքների նոր պարգևները, որի համար և մեզ արժանավոր անես մեծ շնորհներիդ՝ դասելով Քո ճշմարիտ երկրպագուների հետ, Աստվա՛ծ մեր և Տե՛ր և Փրկի՛չ Հիսուս Քրիստոս, որ օրհնյալ ես Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Մաղթանք

ԱԿ. ԳԿ.

Օրհնության երգերով և սաղմոսների ձայնով անդադար փառավորում ենք Հորը, Որդուդ և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Քարոզ

«Ողորմեա» և «Ի նեղութեան» կանոնների

 

ԲՁ. ԴՁ.

Մեր Բարերար Տիրոջից շնորհներ և ողորմություն գտնելու համար Տիրոջն աղաչենք:

Մարդկանց զրպարտությունից և սատանայի որոգայթներից մեզ փրկելու համար Տիրոջն աղաչենք:

Բոլոր քրիստոնյաների և հավատացյալ տների համար Տիրոջն աղաչենք:

Լեռներում, քարանձավներում  և  ծերպերում բնակվող մեր սուրբ հայրերի համար Տիրոջն աղաչենք:

Նրանց համար, ովքեր իրենց կյանքի ամբողջ ժամանակը սաղմոսներով և օրհնությամբ են անցկացնում, Տիրոջն աղաչենք:

Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք:

Նաև միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:

Մեզ և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:

Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմածության համաձայն, միաբան ասենք բոլորս:

 

Աղոթք

 

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ արթնացրիր մեզ քնի հանգստից Քո ողորմության շնորհով: Առ Քեզ արթնացրո՛ւ մեր միտքն արդարությամբ, Տե՛ր Աստված մեր, որպեսզի մեր աչքերը տեսնեն փրկությունը Քո: Թող գա և բնակվի մեր մեջ Քո Աստվածությունը, և Ողորմությունը Քո հովանի և պահապան լինի Քո պաշտոնյաների[12] վրա: Եվ մեզ՝ Քո ծառաներին, արժանի՛ արա ցերեկը և գիշերը և ամեն ժամ՝ միշտ, խորհել Քո պատվիրանների սիրո մասին և գոհանալով փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Խաղաղություն բոլորին,

Աստծուն երկրպագենք:

Կենդանարա՛ր Զորություն և Աղբյո՛ւր Անմահության, Դո՛ւ ես, Քրիստո՛ս Աստված, մեր Փրկիչը, որ շնորհեցիր մեզ գիշերվա ընթացքում վեր կենալ և գոհանալ Քեզանից Քո իրավունքների և արդարության համար: Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տե՛ր Աստված մեր, արթնացրո՛ւ մեզ և պատրաստի՛ր առավոտյան ժամի համար Քո սուրբերի հետ: Եվ նրանց հետ գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Մաղթանք

ԲՁ.ԴՁ

Գոհությամբ և ճշմարիտ խոստովանությամբ անդադար փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

[1] Ախտակից – չարչարակից, վշտակից, մեղսակից:

[2] Գուբ – փոս:

[3] Ժանտ – գարշելի:

[4] Հաստել – արմատավորել:

[5] Կրոնավորել – բարեպաշտ, առաքինի կյանք վարել, ժուժկալել:

[6] Աղջիկ – աղախին:

[7] Դավանել – խոստովանել, վկայել:

[8] Վերակոչել – վեր կանչել, վեր հրավիրել, վերանվանել:

[9] Եղջյուր – զորություն, ուժ:

[10] Կանոն – Սաղմոսների և շարականների գլխակարգությունը:

[11] Կրոնավորություն – 1. Կրոնավորի վիճակը, կյանքը: 2. Կրոնավորին վայել կյանք, ժուժկալություն:

[12] Պաշտոնյա – գրբ. ծառա, եկեղեցու սպասավոր, Աստծուն պաշտող: