Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու՝
երրորդ ժամի ընդհանրական աղոթքների կարգը,
որ կատարվում է հանուն Սուրբ Հոգու իջման,
ինչպես նաև՝ հանուն նախամոր ճաշակման և Քրիստոսով փրկության:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Օրհնյա՛լ ես, Սո՛ւրբ Հոգի, Աստվա՛ծ Ճշմարիտ. Ամեն:
Սաղմոս Ծ
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրվա երրորդ ժամի երգ
«Ողորմեա» [Ծ] սաղմոսից հետո
Օրհնում ենք Քեզ, Հա՛յր Անսկիզբ,
Չգոյությունից էակների Ստեղծող,
Նյութ վերցրիր հողից ձեռքով
Եվ մարդ ստեղծեցիր Քո պատկերով,
Գլուխը ոտքերին խոնարհվեց,
Քանզի մոռացավ Քո պատվիրանը,
Դարձյալ ասում ենք անառակի պես.
«Մեղա՜ Քեզ, Հա՛յր, որ երկնքում ես»:
Երկնավորների համար՝ անքննելի,
Մարդկանց համար եղար տեսանելի,
Ընդունեցիր պատկեր հողեղենի,
[Դու], որ Հոր պատկերն ես անփոփոխելի,
Խաչը ելար երրորդ ժամին՝
Հանուն նախաստեղծ Ադամի,
Քեզ խաչակից ավազակի հետ
Արժանացրո՛ւ մեզ դրախտին:
Թագավո՛ր թագավորների,
Հոգի՛ առատաբուխ շնորհների,
Վերնատանը հավաքված
Տասներկու առաքյալներին
Իբրև Հրե լեզուներ երևացիր,
Նրանց հոգիներում վերաբազմեցիր,
Լսի՛ր հանուն Քեզ հավաքվածներիս,
Իջի՛ր մեր մեջ էլ այս երրորդ ժամին:
Մաղթանք
Քահ. – Տե՛ր, ամեն ժամ իմ աղաչանքն այս է. իմ մեղքերից սրբի՛ր ինձ, և հակառակորդից[1] պահպանի՛ր Քո ծառաներին, Մարդասե՛ր Տեր:
Սրկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քարոզ Մեծ Պահքի՝
ասված Հովհան Մանդակունու կողմից
Բոլորս միաբան գոհանանք Մարդասեր Աստծուց և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից, որ ազատեց մարդկանց ազգերը անեծքի դատապարտությունից և Իր Խաչով աշխարհի մեղքը վերցրեց այս ժամին և Սուրբ Հոգու պարգևները առատապես շնորհեց երանելի առաքյալներին: Հավատով խնդրենք, որ մեզ բոլորիս հաղորդ դարձնի աստվածային մեծամեծ այն բարիքներին մեր և ողջ տիեզերքի բոլոր սուրբերի աղոթքներով և բարեխոսությամբ, որպեսզի անարատ վարքով և ճշմարիտ առաքինությամբ մնանք այս աշխարհում՝ Նրա կամքի համաձայն, Նրա բոլոր սուրբերի հետ ընդունենք ժառանգության բաժինն ու վիճակը՝ հավիտենական երկնային խորանների բնակությունը, որը խոստացավ Իր սիրելիներին Ճշմարիտն Աստված՝ Հիսուս Քրիստոս, Տե՛ր մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Այս ժամը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Խաղաղության հրեշտակին՝ իբրև մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ ևս միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատքի համար Տիրոջից խնդրենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան,
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
[Դու], որ հանգստանում ես քերովբեական անպատմելի աթոռի վրա և միշտ այցելում Քո արարածներին, որ այս ժամին Սուրբ Հոգուդ շնորհները հեղեցիր երանելի առաքյալների վրա, Տե՛ր, առաջիկա ժամին և հավետ՝ մինչև կյանքիս ավարտը, դրոշմի՛ր մեր մեջ ամեն տեսակի բարեգործության հորդոր և մեզ արժանի դարձրո՛ւ հաղորդ լինելու խոստացածդ բարիքներին, Տե՛ր մեր և Փրկի՛չ, Հիսո՛ւս Քրիստոս, Որ օրհնյալ ես Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն ամենքին.
Աստծուն երկրպագենք.
[Դու], որ հավիտյաններից ավելի առաջ էիր, [Ո՜վ] Բանն Աստված, Էակից Հորը և Արարչակից Սուրբ Հոգուդ, որ Քո ամենահաղթ խաչի նշանով նախաստեղծի՝ պտղի ճաշակման պատվիրանազանցությունը այս ժամին հաղթելով կենդանության փոխեցիր և մեր անօրենությունները նրա վրա գամելով՝ անապական կյանք և կյանքի նորոգում խոստացար Քեզ հուսացածներին, որոնց մասնակից լինելու մեզ արժանի՛ արա, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, Որ օրհնյալ ես Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս [67] [2]
Օրհնյալ է Տեր Աստվածը, օրհնյալ է Տերն ամեն օր:
Աստվածը մեր Կենարար Աստված է, և Նա պիտի փրկի մեզ:
Օրհնյալ է Տեր Աստվածը, օրհնյալ է Տերն ամեն օր: Աստված՝ Փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ:
Քարոզ
Հավատով խնդրենք Տիրոջից մեր ճանապարհորդ հայրերի ու եղբայրների համար, որոնք գնում են ծովով և ցամաքով, որպեսզի մեր Տեր Աստված առաջնորդի նրանց, խաղաղությամբ պահի և տանելով հասցնի յուրաքանչյուրին իր տեղը: Քանի որ Նա Ինքն է կյանքի Առաջնորդը և փրկության Հույսը, որ հաջողեցնում է Իր ծառաներին խաղաղությամբ հասնել կենաց և փրկության նավահանգիստը: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Առաջնորդի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր և սովորեցրո՛ւ մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, խաղաղության մեջ պահի՛ր մեր կյանքն ու ընթացքը՝ Քո կամքի համաձայն: Քո անարատ ճանապարհով հասցրո՛ւ ծառաներիդ հոգևոր և մարմնավոր ընթացքը դեպի հավիտենական կյանք Քո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով, Որ մեզ համար եղավ Առաջնորդ կյանքի և Հույս փրկության, Որի հետ օրհնյալ ես, Հա՛յր Ամենակալ, Կենդանարար և Ազատիչ Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սարկավագ վարդապետից ասված
Հիշի՛ր, Տե՛ր, Քո պաշտոնյաներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստարարներին, հոգնածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, որոնք մեզ հավատով պատվիրեցին:
Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
Աղոթք
Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր ամեն տեսակի վտանգներից ու փորձություններից: Արժանի դարձրո՛ւ գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս ԻԲ (22)
Սաղմոս ՃԽԲ (142:8-12)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քարոզ
Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Գոհանալով աղաչենք Բարերար Հոգի Աստծուն և ողորմություն խնդրենք Նրանից, որպեսզի Իր բարերարությամբ անցկացնի մեզանից մեր հանցանքների ցասման պատուհասը: Ամենակալ Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Սո՛ւրբ Հոգի, Աստվա՛ծ Ճշմարիտ, Քո խաղաղությամբ, որ բոլոր մտքերից և խորհուրդներից ավելի վեր է, մխիթարի՛ր Քո ծառաներին՝ ընդունելով մեր աղաչանքները, Քո բարերությամբ անցկացրո՛ւ մեզանից մեր հանցանքների ցասման պատուհասը: Ների՛ր և լսի՛ր մեզ, քավի՛ր և թողությո՛ւն տուր մեր մեղքերին: Արժանացրո՛ւ գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Միածին Որդու հետ, այժմ և միշտ և հավիտյանց հավիտենից. Ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս. Ամեն:
Հա՛յր մեր, որ երկնքում ես…
Վեցերորդ ժամի ընդհանրական աղոթքների կարգը,
որ կատարվում է հանձին Հայր Աստծո,
ինչպես նաև՝ հանուն Որդի Աստծո չարչարանքների և խաչելության:
Օրհնյա՛լ ես, Հա՛յր Սուրբ, Աստվա՛ծ Ճշմարիտ. Ամեն:
Սաղմոս Ծ (50)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Վեցերորդ ժամի երգ
Խավարեց արևի լույսը
Ուրբաթ վեցերորդ ժամին,
Ծանուցեց, որ Լույսն Արարչական
Նսեմացրեց լույսը ստեղծված,
Քեզ մերկ կախելով խաչի վրա՝
Ստվերի քողով ծածկվեցին,
Հեռացրո՛ւ մեզանից ծանրությունը
Միջօրեին շրջող դևի:
Չար ոգու ձանձրության մարտը,
Որով այս ժամին թաքնված պատերազմում է,
Մեր հոգիներից թող հալածվի
Նշանով Քո սուրբ խաչի:
Քո Ճշմարտության ճառագայթը
Մերժելով մեզանից թող հալածի
Երկնքից ընկած փայլակը
Եվ Քո լույսով մեզ վառի:
Այս միջօրեի ժամին՝
Վայելուչ մարմնի աչքերին,
Թող չխոցվենք խավարից
Ծածուկ [եկող] գաղտնի նետերով,
Թող մեզ շրջապատեն
Հրեշտակների բանակները՝
Մեզ դասակից լինելով,
Քեզ Հոր հետ փառաբանելով:
Մաղթանք
Քահ. - Ամեն ժամ իմ աղաչանքն այս է. իմ մեղքերից սրբի՛ր ինձ, Տե՛ր, և հակառակորդից պահպանի՛ր Քո ծառաներին, Մարդասե՛ր Տեր:
Սարկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք:
Քահ. - Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քարոզ Մեծ Պահքի
Արթուն մտքով և անզբոս խորհրդով միաբան աղոթքի կանգնենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև: Հավատքով Նրանից խաղաղության հրեշտակին՝ իբրև մեր անձերին պահապան, խնդրենք, որ գա հաստատվի մեր կողքին և մեզ աներկյուղ պահի սատանայի՝ ցերեկը թռչող ամեն տեսակ հրեղեն նետերից, խավար ընթացքից, կեսօրվա դիվային գայթակղությունից, որից զգուշությամբ պահպանելով բոլոր սուրբերի աղոթքներով և բարեխոսությամբ՝ Մարդասերն Աստված մեզ շնորհի առաքինությամբ ապրել՝ ի փրկություն մեր անձերի, ի պատիվ և ի փառս Իր Կենդանացուցիչ Անվան: Հաղորդության հույսն ընդունենք, որ Աստծո Միածին Որդու հայտնության ժամանակ կերպարանակից կդարձնի մեր խոնարհ մարմինները Իր Փառավոր Մարմնին, քանզի այս խոստացավ Իր սիրելիներին Ճշմարիտն Աստված` Հիսուս Քրիստոս, Տե՛ր մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Այս ժամը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին՝ իբրև մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ ևս միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատքի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք ամենքս միաբան:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Զինավառի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, արդարության զենքով՝ զորավոր և հաղթող լինելու սատանայական պատերազմների դեմ, և նրա բոլոր հրեղեն նետերը չեզոքացնելով՝ ապահով լինենք խավարային ընթացքից, կեսօրվա դիվային գայթակղությունից: Եվ ցերեկվան վայելուչ զգաստացած՝ առաքինությամբ մնանք՝ ի փրկություն մեր անձերի, ի պատիվ և ի փառս Սուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն ամենքին.
Աստծուն երկրպագենք:
Քո երկնավոր խաղաղությամբ պարսպած պահի՛ր մեր անձերը, Զորությունների՛ Տեր, քանի որ Դու խաղաղության Աստված ես, և, Քեզանից բացի, ոչ ոքի չգիտենք և մեր անձերին օգնության կանչում ենք Քո Ամենազոր Անունը:
Նայի՛ր մեր երկրպագությանը և սովորեցրո՛ւ մեզ ճշմարիտ արդարությունը գործել: Եվ գոհությամբ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս ՀԸ (78:8, 9)
Տե՛ր, մի՛ հիշիր հին մեղքերը մեր, թող ողորմությունդ շուտով հասնի մեզ, Տե՛ր, քանզի սաստիկ աղքատացանք:
Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, Քո Անվան Փառքի համար:
Տե՛ր, հանուն Քո Անվան, փրկի՛ր մեզ ու թողությո՛ւն տուր մեր մեղքերին:
Քարոզ
Բոլոր վշտացածների և հիվանդների համար աղաչենք մեր Փրկիչ Քրիստոսին, որպեսզի ողորմի Իր մեծ ողորմածության համաձայն և բժշկի իր ծառաների հոգիների և մարմինների ախտերն ու հիվանդությունները և կատարյալ առողջությամբ մշտնջենավոր և անախտ կյանքին բոլորին հասցնի Աստծո Միածին Որդին, Որ առաքվեց Հոր կողմից մարդկանց ազգի բժշկության համար, Տե՛ր մեր և Փրկի՛չ, Հիսո՛ւս Քրիստոս, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Փարատի՛ր ցավերը և բժշկի՛ր հիվանդությունները Քո ժողովրդից, Տե՛ր Աստված մեր, և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ խաչի նշանով, որ վերցրիր մարդկային ցեղի տկարությունը և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, որ միայն Դու ես կարող թողություն տալ մեղքերին և վանել մեզանից ախտերն ու հիվանդությունները, Որին հայտնի են մեր կարիքներն ու պետքերը: Պարգևի՛չ բարիքների, պարգևի՛ր Քո առատ ողորմությունը Քո արարածներին՝ յուրաքանչյուրի կարիքի համաձայն, որոնցից հանապազ փառավորվելով գովաբանվում է Ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Հիշի՛ր, Տեր, Քո պաշտոնյաներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստարարներին, բեռնավորվածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, որոնք մեզ հավատով պատվիրեցին:
Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
Աղոթք
Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր ամեն տեսակի վտանգներից ու փորձություններից: Արժանի դարձրո՛ւ գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս Խ (40)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քարոզ
Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Հավատով խնդրենք Հորից մեղքերի քավության և հանցանքների թողության համար, վշտերից և նեղություններից մեզ փրկելու համար, Ամենակալ Տեր Աստծու ողորմությունն ու գթությունը մեզ վրա իջնելու համար. փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Հա՛յր գթության և Աստվա՛ծ ամեն տեսակ մխիթարության, որ մխիթարում ես մեզ մեր բոլոր նեղությունների ժամանակ, լսի՛ր և այժմ Քո ծառաների պաղատանքի ձայնը՝ ընդունելով մեր աղաչանքները: Քո բարերարությամբ հեռացրո՛ւ մեզանից մեր հանցանքների ցասման պատուհասը: Ների՛ր և լսի՛ր մեզ, քավի՛ր և թողությո՛ւն տուր մեր մեղքերին, արժանացրո՛ւ գոհությամբ փառավորելու Քեզ Որդու և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես...
Իններորդ ժամի ընդհանրական աղոթքների կարգը,
որը կատարվում է հանձին Որդի Աստծո,
ինչպես նաև հանուն Նրա մահվան և բանական հոգու ավանդման
Օրհնյա՜լ ես, Որդի՛դ Սուրբ, Աստվա՛ծ Ճշմարիտ. Ամեն:
Սաղմոս Ծ (50)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Իններորդ ժամի երգ
Չարչարակցեց Քեզ ցերեկվա լույսը՝
Երեք ժամ խավարելով:
Պայծառացավ իններորդ [ժամին]՝
Իբրև ավարտ մահվան ստվերի,
Ջա՛հդ Մեծապայծառ Լույսի,
Հորն ավանդեցիր հոգիդ:
Իբրև Քեզ կցորդ՝ դեպի երկինք
Քո Հոգով Մեզ ուղղորդի՛ր:
Սանդարամետականները սարսեցին,
Կապյալ հոգիներին արձակեցին,
Վեմ քարերը Վեմիցդ պատռվեցին,
Գերեզմաններից մեռյալները հարություն առան,
Երկրի տարրերը տատանվեցին,
Եվ աշխարհի սյուները դողացին,
Հավաքվածներս Քեզ կպաղատենք,
Որ արդարների հետ դասվենք:
Հրաշքներ ցույց տվեցիր այնժամ,
Այժմ էլ մե՛զ ողորմիր,
Մեր հյուծված բնությունը Քեզանով առողջացավ,
Շնորհի՛ր և մեզ լինել անցավ,
Փոխարեն Քո կենարար մահվան
Փրկի՛ր մեզ, Տե՛ր Բարերար,
Քեզ ենք պաղատում ավազակի պես,
Ահավոր օրը հիշի՛ր մեզ:
Մաղթանք
Քահ. - Ամեն ժամ իմ աղաչանքն այս է. իմ մեղքերից սրբի՛ր ինձ, Տե՛ր, և հակառակորդից պահպանի՛ր Քո ծառաներին, Մարդասե՛ր Տեր:
Սարկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Մեծ Պահքի քարոզ
Սուրբ սրտով և հաստատուն հավատով, միաբան աղոթքի կանգնենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առջև՝ հիշելով Նրա՝ անչափ մեծամեծ շնորհները, համբերությունը կենսատու խաչի վրա, Նրա ազատիչ արյան հեղումը և նման [մյուս չարչարանքները], որ այս ժամին մեզ՝ մեղավորներիս համար կրեց Նա: Եվ մենք, այս ամենի մասին մտածելով, մեղքերից սրբենք մեր խորհուրդները, խոսքերն ու գործերը. մեր անձերի սրբությունը ամբողջացնենք Աստուծո ահով: Չհապաղենք խոստովանել Նրան մեր մեղքերը և թողություն խնդրել մեր մեղքերին, որպեսզի առանց ապաշխարելու չկորչենք հավիտենական կորստյամբ, այլ մինչ ժամանակը ձեռքներիս է[3], բարիք գործենք այս կյանքում՝ մեր վարքի համար օրինակ ունենալով բոլոր սուրբերին և հաղթանակած նահատակներին, որոնք մի անգամ ի սկզբանե հաճելի եղան բոլորի Տիրոջն ու Փրկչին, որոնց աղոթքներով և բարեխոսությամբ թող Մարդասերն Աստված մեզ շնորհի միշտ խորհել և գործել Իրեն հաճելին ու մեզ օգտակարը և հաղորդակից դառնալ անպատմելի պարգևների, որոնք խոստացավ Իր սիրելիներին Ճշմարիտն Աստված՝ Հիսուս Քրիստոս, Տե՛ր մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Այս ժամը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատքով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին՝ իբրև մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ ևս միաբանությամբ մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք: Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Զորությունների՛ Տեր, որ Քո կամավոր մահվամբ այս ժամին կենդանացրիր մեզ մեր մեղքերի մահվանից, մեր դատապարտության կնիքը խաչին գամեցիր և Քո Սուրբ Արյան հեղմամբ մարդկային ցեղին ազատություն շնորհեցիր՝ ապականության ծառայությունից [տանելով] դեպի փառքի ազատությունը, ընդունի՛ր և այժմ մեր աղաչանքները և հաջողեցրո՛ւ, որ մենք ուղիղ հավատով և առաքինասեր վարքով ապրենք այս աշխարհում և արժանի լինենք հավիտենական և երկնային ուրախություններին Քո բոլոր սուրբերի հետ: Եվ գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն ամենքին.
Աստծուն երկրպագենք:
Բազումողո՛րմ Աստված և Հաստատո՛ղ խաղաղության, հաստատի՛ր մեր անձերը Քո խաղաղությամբ, որով Քո բոլոր արարածներին պահում ես յուրաքանչյուրին իր կարգի մեջ՝ հոգալով Քո անսխալ հրամանով, քանզի այդ է Քո կամքը, որ մենք խաղաղական և հոգևոր սիրով մնանք միմյանց նկատմամբ և արթուն մտքով սպասենք մեր Փրկչի և Միածին Աստծո՝ Հիսուս Քրիստոսի հայտնությանը, Որին արժանի լինենք հանդիպելու ամպերի վրա՝ Տիրոջն ընդառաջ օդում: Զվարթերես կանգնենք Քո աջ կողմում սուրբերի, Քո Սուրբ Անունը սիրողների հետ և ժառանգենք աշխարհի սկզբից Քո սուրբերի համար պատրաստված Արքայությունդ և նրանց հետ գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս[4]
Տե՛ր, մեզ իսպառ մի՛ լքիր՝ հանուն Քո Սուրբ Անվան, մի՛ ցրիր Քո ուխտը և մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզանից:
Հանուն Քո սիրելի Աբրահամի, հանուն Քո Իսահակ ծառայի և հանուն Քո սուրբ Իսրայելի՝ Տե՛ր, մեզ իսպառ մի՛ լքիր, հանուն Քո Սուրբ Անվան, մի՛ ցրիր Քո ուխտը և մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզանից:
Տեր Ներսեսի երգը
Հայցմամբ Աբրահամ նահապետի
Մեր աղաչանքը, Տե՛ր, ընդունի՛ր:
Եվ Քո Իսահակ ծառայի
Խնդրանքներով մեզ գթա՛:
Սուրբ, Աստվածատես Իսրայելի
Սիրով մեզ խնայի՛ր:
[Մեր] հոգին, միտքն ու մարմինը
Այս երեքսրբյան եռյակով սրբի՛ր:
Քարոզ
Աղաչենք մեր Կենսատու Փրկիչ Քրիստոսին, որ Իր կամավոր խաչելությամբ փրկեց արարածներին և Իր Արյան հեղմամբ թողություն շնորհեց Իրեն հուսացողներին, Ամենակալ Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո առջև ընկնելով, մեր ամբողջ սրտով աղաչում ենք և գթություն խնդրում Քեզանից, ինչպես խոստացար Քո ծառաներին և ասացիր. «Այն ամենը, ինչ հավատքով խնդրեք Հորից՝ հանուն Որդու, կտրվի ձեզ»: Շնորհի՛ր և այժմ Քեզ հավատացողներիս և ի բարին կատարի՛ր մեր խնդրանքները, որովհետև Քեզ ենք ապավինել: Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրո՛ւ Երկնքի անճառելի Արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ Ամենասուրբ Երրորդությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Հիշի՛ր, Տե՛ր, Քո պաշտոնյաներին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին, ընկերներին, կերակրողներին, ուխտավորներին, ճանապարհորդներին, հանգստարարներին, հոգնածներին, խոստովանողներին, ապաշխարողներին, գերիներին, հիվանդներին, նեղյալներին, իշխաններին, չարագործներին, բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, որոնք պատվիրեցին մեզ հավատով:
Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
Աղոթք
Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր ամեն տեսակ վտանգներից և փորձություններից: Արժանացրո՛ւ գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Սաղմոս ՃԺԴ (114)
Սաղմոս ՃԺԵ (115)
Սաղմոս ՃԺԶ (116)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Շարականներ
Կիրակիների և մարտիրոսների
Տե՛ր, որ Քո պատկերի նմանությամբ ստեղծելով մեզ պատվեցիր, ընդունի՛ր և այժմ ուղիղ հավատով ի Քեզ ննջածներին՝ Քո մեծ ողորմության համաձայն: Որ Սուրբ Հոգու շնորհներով լուսավորեցի՛ր, Մարդասե՛ր, ընդունի՛ր նրանց հոգիները իրենց հիշատակի [օրը]՝ Քո մեծ ողորմության համաձայն: Որ հաղորդվեցին Քո Մարմնով ու Արյամբ, Տե՛ր, հանգստացրո՛ւ նրանց հոգիները Քո սուրբերի հետ, Քրիստո՛ս Աստված, որովհետև Քո սուրբ արյան գինն են:
Միակ Օրհնյալդ կանանց մեջ, Մա՛յր և միշտ Կույս և Իմանալի՛ Լույս, մեր Արարչի ծնող, անդադար բարեբանում ենք [Քեզ]:
***
Արարի՛չ Աստված և Ստեղծո՛ղ մարդկային ցեղի, մի՛ անտեսիր մեր ննջեցյալներին, այլ հանգստացրո՛ւ նրանց հոգիները Քո սուրբերի հետ: Միածի՛ն Որդի, Հարությո՛ւն տիեզերքի, մի՛ անտեսիր մեր ննջեցյալներին, այլ հանգստացրո՛ւ նրանց հոգիները Քո սուրբերի հետ: Հոգի՛ Ճշմարիտ, Մխիթարի՛չ սգավորների, մի՛ անտեսիր մեր ննջեցյալներին, այլ հանգստացրո՛ւ նրանց հոգիները Քո սուրբերի հետ:
Հոգին Քեզ հովանի եղավ, միա՛յն Սրբուհի, ծնեցիր Բանն Աստծուն՝ Անճառելի Հոր Ծնունդին, և հայտնվեց Երրորդության Միությունը:
***
Տե՛ր, որ առ Քեզ կանչեցիր ողջ տիեզերքին, ընդունի՛ր մեր ննջեցյալներին Աբրահամ նահապետի գրկում, Ողորմա՛ծ Տեր, Փրկի՛չ և Բարերա՛ր: Որ թողություն ես տալիս, Աստվա՛ծ, թողությո՛ւն տուր մեր ննջեցյալների մեղքերին, ամեն ինչի մեջ Կարո՛ղ և Հզո՛ր, Ողորմա՛ծ Տեր, Փրկի՛չ և Բարերա՛ր: Որ Լուսատուն ես տիեզերքի, Քրիստո՛ս Աստված, լուսավորի՛ր և մեր ննջեցյալներին երանավետ հրեշտակների լույսով, Ողորմա՛ծ Տե՛ր, Փրկի՛չ և Բարերա՛ր:
Հո՛ւյս մեր և Ապավե՛ն, Մա՛յր Տիրոջ և Սո՛ւրբ Կույս, որ Աստվածության հուրը չբոցակիզեց Քո սուրբ որովայնը, բարեխոսի՛ր Տիրոջ մոտ մեր փրկության համար:
***
Որ Որդի՛ն ես և Բանն Աստված, Հավասարակից Հորը Էությամբ, Քեզ ենք խնդրում, Մարդասե՛ր, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալների հոգիները Քո սուրբերի հետ: Որ երկնքից մեզ համար իջար, Ադամի առաջին հանցանքը վերցրիր, մեր բնությամբ ոչնչացրիր խաչի վրա անարատ ձեռքերով, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալների հոգիները Քո սուրբերի հետ: Որ վերացրիր մահվան իշխանությունը Քո կամավոր մահվամբ, Քրիստո՛ս, Քո առջև հեղելով բանականների աղաչանքը՝ խնդրում ենք, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալների հոգիները Քո սուրբերի հետ:
Տիրուհի՛, Անարա՛տ Մայր Տիրոջ և Կո՛ւյս Մարիամ, Քեզ տեսանք երկրի վրա իբրև քերովբեական աթոռ, բարեխոսի՛ր Տիրոջը մեր փրկության համար:
***
Հա՛յր Բարեգութ, որ գթացիր մարդկանց որդիներին, Միածնիդ փրկության առաքեցիր, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ: Միածի՛ն Որդի, որ հարություն առար մեռելներից, մեզ հարություն խոստացար մյուս անգամ Քո Գալստյանը, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ: Հոգի՛ Ճշմարիտ, Մխիթարի՛չ սգավորների, Սուրբ Աստվածածնի և Քո բոլոր սուրբերի աղաչանքներով հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ:
Մեզ համար բարեխոսելու շտապեցիր, Սո՛ւրբ Աստվածածին, ժողովուրդներին փրկելու մեղքերից և ապականությունից:
***
Հոր անսկիզբ ծոցից խոնարհվելով` Բանդ Կույսից մարմնացար մեր փրկության համար, աղաչում ենք Քեզ, հիշի՛ր առ Քեզ ունեցած ուղիղ հավատքով մեր ննջեցյալներին, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ: Անոխակալ քաղցրությամբ, Որդի՛ Աստծո, հաճեցիր վերցնել աշխարհի մեղքերը Քո խաչելությամբ, աղաչում ենք Քեզ, հիշի՛ր առ Քեզ ունեցած ուղիղ հավատքով մեր ննջեցյալներին, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ: Քո կամավոր մահվամբ վերացրիր մահվան երկունքը և հանցանքների թողության արժանի դարձրիր Քո քավիչ արյամբ, աղաչում ենք Քեզ, հիշի՛ր առ Քեզ ունեցած ուղիղ հավատքով մեր ննջեցյալներին, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ: Որ հանձն առար մեղավորների փոխարեն մեռնելը, դժոխք իջնելով՝ գերվածներին փրկեցիր մեղսասեր բանտից, աղաչում ենք Քեզ, հիշի՛ր առ Քեզ ունեցած ուղիղ հավատքով մեր ննջեցյալներին, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ: Բարեբանում ենք Քո անչափելի մարդասիրությունը, որ, երրորդ օրը հարություն առնելով, աշխարհին կենդանություն պարգևեցիր, աղաչում ենք Քեզ, հիշի՛ր առ Քեզ ունեցած ուղիղ հավատքով մեր ննջեցյալներին, Տե՛ր, երբ գաս Քո Թագավորությամբ:
Ծննդից[5] հետո Մաքուր և Անբիծ Կույս, որ մարմնով ծնեցիր մահվան կապանքներից Արձակողին, բարեխո՛ս եղիր մեզ համար՝ փրկելու գեհենի սպառնալիքներից:
***
Երբ փչի Քո Գալստյան փողը, Տե՛ր, այնժամ զարհուրելով կդողան արարածները Քո ահից, աղաչում ենք Քեզ, Փրկի՛չ, հանգստացրո՛ւ և մեր ննջեցյալներին Քո սուրբերի հետ, որ միայն Դու ես Բազումողորմ: Քո ահաբեկող լույսի ծագումից, Տե՛ր, կցնծան առաքինիների դասերը լուսեղեն ամպերի վրա, աղաչում ենք Քեզ, Փրկի՛չ, հանգստացրո՛ւ և մեր ննջեցյալներին Քո սուրբերի հետ, որ միայն Դու ես Բազումողորմ: Անոխակա՛լ, Բազմագո՛ւթ, Ողորմա՛ծ Տեր, Ահավոր Օրը մի՛ անտեսիր մեղավորներիս, որ միայն Դու ես Բազումողորմ: Որ իջար երկնքից և մարմնացար Սուրբ Կույսից Քո Անճառելի Ծննդյամբ, ինձ ևս մի՛ անտեսիր, այլ պահի՛ր Քո սուրբ և պատվական խաչով:
***
Որ Հավիտենական Թագավոր ես, Քրիստո՛ս Աստված, բարությամբ ընդունի՛ր Քո ծառաներին և շնորհի՛ր դասվել Քո աջ կողմում: Որ իշխանություն ունես կյանքի և մահվան վրա, հանգստացրո՛ւ Քո ծառաների հոգիները և շնորհի՛ր դասվել Քո աջ կողմում: Երբ դրվի Քո Տերության Աթոռը, և հաստատվի Դատաստանի Ատյանը, այնժամ խնայի՛ր Քո ծառաներին և շնորհի՛ր դասվել Քո աջ կողմում:
Ամենօրհնյա՛լ Աստվածամայր Մարիամ, մեր Արարչի տնօրինության[6] քերովբեակա՛ն աթոռ, որին հանապազ երանի են տալիս բոլոր ազգերը:
Մաղթանք
Քրիստո՛ս Աստված, հանգուցյալների հոգիները հանգստացրո՛ւ և ողորմի՛ր, և մեզ՝ մեղավորներիս, շնորհի՛ր հանցանքների թողություն:
Քարոզ
Խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Հանգուցյալ հոգիների համար աղաչենք մեր Քրիստոս Փրկչին, որպեսզի նրանց արդարների հետ դասի և մեզ փրկի Իր ողորմության շնորհով: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Քրիստո՛ս, Որդի՛ Աստծո, Անոխակա՛լ և Բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրով Քո հանգուցյալ ծառաների հոգիներին: Հիշի՛ր Քո Արքայության Գալստյան Մեծ Օրը: Արժանի՛ արա ողորմության, մեղքերի քավության և թողության: Պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սուրբերի հետ աջակողմյան դասի մեջ, որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը, ողջերի և մեռածների Դատավորը: Եվ Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Մաղթանք
Մարդասեր Աստված թող ընդունի սաղմոսերգություններն ու աղաչանքները Իր բարերար կամքի հաճությամբ, թողություն շնորհի մեր մեղքերին և մեր բազում հանցանքներին, չարիքից փրկի, մեղքերից պահի, և Նրան փառք հավիտյանս. Ամեն:
Օրհնյալ է Թագավորությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Եվ ասվում է ժամամուտ՝
պահքի օրերի, տերունի և բոլոր սրբերի տոների կարգի համաձայն
Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի պահքի օրերի
Որ Հորից առաքվեցիր, Փրկի՛չ, և մարմնացար Սուրբ Կույսից, որ մեզ համար երկնքից իջար և լուսավորեցիր տիեզերքը, Քո խաղաղությունը տո՛ւր մեզ, Տե՛ր, որ խաղաղության Թագավոր ես, խաղաղությունը և ողորմությունը, որ ամեն ինչում կարող ես, Մարդասե՛ր:
Չորեքշաբթի, Ուրբաթ
Որ ամեն մտքից վեր ես, Աստվա՛ծ, Քո խաղաղությունը հանապազ տո՛ւր մեզ, աղաչում ենք Քեզ:
Կիրակի
Միածի՛ն Որդի և Բա՛նդ Աստված և Անմա՛հ Էություն, որ հանձն առար մարմնանալ Սրբուհի Աստվածածին և միշտ Կույսից, Անփոփոխելի Մարդ լինելով, խաչվեցիր, Քրիստո՛ս Աստված մեր, մահվամբ մահը ոտնակոխ արեցիր, Մեկդ՝ Սուրբ Երրորդությունից, Փառավորակից Հորը և Սուրբ Հոգուն, փրկի՛ր մեզ:
Ծննդյան և Աստվածածնի
(ըստ տոնացույցի ցուցակի)
Անհարսնացյա՛լ Աստվածածին, Անսկիզբ Բանին հղացար և Անիմանալի Աստծուն ծնեցիր, Անբովանդակելիին Քո գիրկն առար, անդադար Նրան բարեխոսի՛ր մեզ համար:
Ծննդյան
Աստվածածի՛ն, Քեզ խոստովանելով երկրպագում է ուղղափառ եկեղեցին, քանզի [Նրան], Ում չէին համարձակվում նայել բազմաչյա քերովբեները, հրանյութ աթոռները և վեցթևյան սերովբեները, անսերմ կրեցիր Անապականին Քո արգանդում, ինչպես աղախինը Տիրոջը, ծնեցիր որպես մարդ բոլորի Աստծուն, Քեզանից Մարմնացածին՝ Անճառելի Բանին՝ իբրև աշխարհի փրկություն և կյանք՝ մեր անձերի համար:
Ծննդյան
Աղաչում ենք Քեզ, Սո՛ւրբ Կույս Մարիամ Աստվածածին, հովանավորված Բարձրյալի զորությամբ և լուսավորված Սուրբ Հոգու այցելությամբ, որ անճառելի կերպով հղացար և ծնեցիր բոլոր գոյակների Ստեղծչին, Քեզանից Մարմնացածին բարեխոսի՛ր, որ փրկի մեզ:
Տյառնընդառաջի
Այսօր Սիմեոն Ծերունին Հոգու [առաջնորդությամբ] տաճար եկավ, քերովբեներից ավելի վեհ երևաց, քանզի սրանք, թևերով սավառնելով, չէին համարձակվում նայել Ահեղ Փառքի պատճառով, նա իր գիրկն առնելով համարձակապես համբուրեց, գգվեց որպես մանկան և աղերսելով հայցեց խաղաղությամբ արձակել [իր հոգին]:
Տյառնընդառաջի
Անսկի՛զբ Բան Աստված, վերջին օրերին հանձն առար Կույսից մարդանալու, Հավիտենության Արարիչդ սահմանափակվեցիր ժամանակի մեջ, Սուրբ ես, Սրբությունների Տեր և անկարոտ՝ մաքրության, քառասնօրյա եկար տաճար, գործադրեցիր օրենքի արդարությունը: Անբովանդակելիիդ Սիմեոնը վերցնելով՝ իր գրկում հայցեց [Քեզ], որ կապվածների Արձակիչն ես. «Արձակի՛ր ինձ խաղաղությամբ»: Դրա համար Սիմեոն Ծերունու հետ, Տե՛ր, վերագոչում ենք Քեզ. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Զորությունների՜ Տեր, երկինքն ու երկիրը լի են Քո փառքով մեր փրկության համար, Քրիստո՛ս Աստված, փա՛ռք Քեզ»:
Ղազարոսի հարության
Որպես Կանխագետ՝ Ղազարոսի ննջելը նախապես ասացիր և Բեթանիա էիր գալիս, որպեսզի հարություն տաս Քո սիրելիին: Արդ և մենք էլ գոչելով ասում ենք. «Օրհնյալ ես, որ գալիս ես Հոր կամքով՝ չարչարվելու մեր փրկության համար»:
Ղազարոսի հարության
Երբ [Դու]՝ Կենարարդ, եկար Ղազարոսի գերեզմանը, երբ [Դու]՝ Կենարարդ, եկար Ղազարոսի գերեզմանը, ավետավոր ձայնովդ կանչեցիր՝ ասելով. «Ղազարե՛, վե՛ր կաց, դո՛ւրս եկ»: Իսկ մահացածը գերեզմանից հարություն առավ: Եվ Ինքդ Քո անմահության պարգևը տվեցիր սիրելիիդ և Աստվածային ձայնովդ գերեզմանից կանչեցիր, որի համար և եբրայեցի մանուկները ոստերով օրհնում էին Քո Անմահ Թագավորությունը: Նրանց հետ և մենք ենք ասում. «Օվսա՜ննա, օրհնյա՜լ է Քո Գալուստը, օրհնությո՜ւն բարձունքներում, օրհնյա՜լ ես, որ գալու ես Տիրոջ Անունով»:
Ծաղկազարդի
Ցնծա՛, Երուսաղե՛մ, և զարդարի՛ր քո առագաստը, Սիո՛ն, քանզի ահա քո Թագավորը՝ Քրիստոս, նստելով նոր ավանակի վրա, հեզություն ցուցաբերելով, գալիս է մտնելու քո առագաստը: Եվ մենք աղաղակում ենք. «Օվսա՜ննա, օրհնյա՜լ է Տիրոջ Անվամբ Եկողը, որ Մեծ է և Ողորմած»:
Զատկի
Քրիստոս հարություն առավ մեռելներից, մահվամբ մահը ոտնակոխ արեց և Իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց. Նրան փա՜ռք հավիտյանս. Ամեն:
Հինունքի
Ահավոր և սքանչելի է մեր փրկության խորհուրդը. [Նա, Որ] Անսկիզբ է Հոր հետ, անճառելի կերպով մարմնացավ Կույսից, խաչելությանը համբերելով և Իր կամավոր մահվամբ կենդանության շնորհ պարգևեց մեզ:
Հինունքի
Քանզի մեռելներից հարություն առավ Քրիստոս՝ Հավիտենության Աստված, մարդկային ցեղի Արարիչը և Հարությունը, Որին անդադար Օրհնում են երկնքի բոլոր հրեշտակների դասերը, որոնց հետ գոչելով ասում ենք. «Փա՜ռք Քո Սոսկալի Հարությանը, Տե՛ր»:
Համբարձման
Հիացան վերին բազմությունները՝ տեսնելով Քեզ՝ բազմած հրեղեն կառքին, դողում էին և ասում. «Ո՞վ է Սա, որ դիմելով գալիս է Եդոմից և գալիս է փառքով մտնելու փառքի մեջ. Տե՛ր, փա՜ռք Քեզ»:
Համբարձման
Որ նստում ես անպատմելի աթոռին և անմարմիններից օրհնվում, Անհասանելի՛ Բան Աստված, երկրի վրա երևացիր իբրև ճշմարիտ մարդ՝ կատարելով տնօրինական խորհուրդը, խաչին և մահվանը համբերեցիր, Քո Հրաշալի Հարությունը ցույց տվեցիր հզոր զորությամբ, այսօր փառքով համբարձվեցիր երկինք և կուսածին մարմինդ հրաշափառ կերպով լուսազարդեցիր, որը տեսնելով՝ Եսային նախաձայնելով ասում էր. «Ո՞վ է Սա, որ դիմելով գալիս է երկրից»: Երկնքի պետությունները հիանալով գոչում էին միմյանց. «Վե՛ր բարձրացրեք, իշխանություննե՛ր, ձեր դռները, թող մտնի Փառքի Թագավորը»: Արդ, [Դու], որ ամեն ինչի մեջ Կարող ես և Հզոր, մեզ էլ շնորհի՛ր հանդիպել Քեզ ամպերի վրա Քո մյուս անգամ գալստյանը, որ միայն Դու ես Մարդասեր:
Հոգեգալստյան
Քեզ՝ Սուրբ Հոգուդ, Աստված ենք խոստովանում և երկրպագում, որ ստեղծվածներիս կենդանության Պատճառն ես և աշխարհի Խաղաղարարը, որ աշակերտների անգիտությունը լցրիր մեծ գիտությամբ և հրեղեն լեզուների բաժանվելով՝ անճառելի կերպով երևացիր նրանց, աղաչում ենք, Տե՛ր, խնայի՛ր և փրկի՛ր մեզ:
Երկուշաբթի
Այսօր հրեղեն լեզուների բաժանվելով՝ իջար առաքյալների մեջ՝ լուսավորելով նրանց, այժմ աղաչում ենք Քեզ, Սո՛ւրբ Հոգի Աստված, որ ստեղծվածների կենդանության Պատճառն ես և աշխարհի Խաղաղարարը, խնայի՛ր և փրկի՛ր մեզ:
Երեքշաբթի
Որի համար և մենք Սուրբ Հոգուդ Միասնական Աստված ենք խոստովանում Հոր և Որդու հետ և մեզ համար Պարգևատուիցդ հայցում ենք Քո հոգևոր խաղաղությունը. Տե՛ր, փա՛ռք Քեզ:
Վարդավառի
Տե՛ր, այսօր աշակերտներին երևացիր Թաբոր լեռան վրա, և աշակերտներդ զարհուրելով աղաղակեցին՝ ասելով. «Երեք տաղավար պատրաստենք, մեկը՝ [Քեզ համար], Տե՛ր, մեկը՝ Մովսեսի, և մեկն էլ՝ Եղիայի»: Արդ մենք էլ՝ Քո բանական հոտը, երգում ենք Քո ճշմարիտ վկաների հետ, առաքի՛ր մեզ վրա Քո շնորհների լույսը Քո մյուս անգամ գալստյանը և փրկի՛ր:
Խաչի
Քո պատվական ամենահաղթ խաչի առաջ ենք ընկնում երկրպագելով և մեր հանցանքներին թողություն խնդրում, քանզի սրանով վերացրիր մարդկային ցեղի դատապարտությունը: Եվ այժմ, հանուն Քո սուրբ աստվածային նշանի, շնորհի՛ր Քո երկնային խաղաղությունը ամբողջ աշխարհին:
Էջմիածնի
Տե՛ր մեր և Փրկիչ, Հիսո՛ւս Քրիստոս, որ մեր հոր և Քո բազմաչարչար վկայի՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքներով և միջնորդությամբ, մեծ փառքով և լուսեղեն զորքերիդ բազմությամբ երկնքից իջար Արարատյան դաշտը՝ Քո փոքր հոտին՝ Հայոց ազգին այցելելու և ցույց տալու հատուկ սերդ և մեծ ողորմածությունդ, և ոսկե մուրճով հարվածեցիր անդունդների խորքը ու հալածեցիր սանդարամետականների գնդերը, որտեղ լուսաձև հորինմամբ հրաշակերտեցիր մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և դարձրիր այն աստվածային շնորհներիդ անսպառելի շտեմարան՝ լինելու ծնող, դաստիարակ և կատարելագործող Հայաստանյայց բոլոր եկեղեցիների համար: Արդ, պահի՛ր այն անարատ, հաստատուն և լուսավոր՝ մեր եկեղեցիների պայծառազարդության համար, և նրանց մանուկներին՝ մինչև աշխարհի վախճանը, որոնցից միշտ փառավորվում է Քո Ամենասուրբ Անունը հավիտյանս հավիտենից. Ամեն:
Եկեղեցու
Խաղաղությո՛ւն շնորհիր Քո սուրբ եկեղեցուն, խաղաղություն և անսասանություն՝ թշնամիների պատերազմից, և կաթողիկե (ընդհանրական) եկեղեցին հաստատի՛ր մեկ հավատով, Քեզ ենք դավանում Տեր և Աստված, փրկի՛ր մեզ:
Հովհաննես Մկրտչի
Նա, որ խափանել կարծեց քո առաջընթացությունը և Բանն Աստծո Կարապետ լինելը, որ կնոջ միջոցով նախաստեղծին դրախտից դուրս գցեց, այժմ, Հերովդիադային անօրենությամբ բորբոքելով, աղջկա ոտքերի պարը հաճելի դարձրեց Հերովդեսի հետ բազմածներին, որպեսզի կտրի քո գլուխը, որ մկրտեցիր ամենքի գլուխ Քրիստոսին: Իսկ Դու, որ անապատում կանչողի ձայնն ես, կանչի՛ր Նրան, Որին մկրտեցիր, որ պարգևի խաղաղություն և մեծ ողորմություն:
Ստեփանոսի
Ցնծա՛ այսօր, ցնծա՛ և զվարճացի՛ր, կաթողիկե՛ (ընդհանրական) սուրբ եկեղեցի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակով, որ վկայեց Քրիստոսին Հոր մոտ: [Նա], որ աղոթքով բացեց երկինքը, որ փակել էր Ադամը, և հրեշտակակերպ տեսիլքով տեսավ Հոր Կերպարը` Ադամի տեսքով նստած փառքի աթոռին: [Նա], որ քարերի բազմությունը, որպես ծաղիկներ հավաքելով, պսակներ կազմեց փշերի և եղեգների փոխարեն և մարտիրոսական արյունը խառնեց Քրիստոսի կողից հոսած փրկչական արյանը: Դրանով գերազանցելով բոլոր սուրբերի փառքին՝ Պարգևատուից մեզ համար հայցեց անվախճան կյանքի պարգևները և մեծ ողորմություն:
Ստեփանոսի
Որովայնի՛ց ընտրված Սուրբ Ստեփանոս, որովայնից ընտրված Սուրբ Ստեփանոս, առաքելական քարոզչության Ճշմարիտ վկա, որ անօրեն քարաձիգների համար աղոթում էր Քրիստոս Աստծուն՝ ասելով. «Մեղք մի՛ համարիր սա նրանց»: Արդ, Նրա բարեխոսությամբ շնորհի՛ր մեզ, Տե՛ր, Քո մեծ ողորմությունը:
Լուսավորչի
Այսօր ցնծում է, ցնծում է և զվարճանում սուրբ եկեղեցին, մեծ հանդիսավորությամբ տոնելով քո հանրատենչ հիշատակը, ո՜վ գերազանցդ հայրերի մեջ, Թորգոմի տան սուրբ հայրապետ և Լուսավորիչ, Սուրբ Գրիգոր, որ քո անտանելի չարչարանքներով ողջ աշխարհին հիացրիր, քո անօրինակ ճգնությամբ զարմացրիր հրեղեններին, որոնք, խումբ-խումբ երկնքից երկիր խոնարհվելով, նահատակությանդ հանդիսությունը տեսնելու էին շտապում: Քո անհամեմատելի համբերությամբ գոռոզացած արքային իր զորքով ոտքերիդ տակ ընկճեցիր: Եվ Քո Աստվածահաճո աղոթքներով նրանց կուրացած միտքը լուսավորեցիր ու Քրիստոսի Ավետարանի պաշտոնյաներ դարձրիր: Նրանց հետ և հայոց ազգին հոգևոր նոր ծննդյամբ դեպի Աստվածճանաչողության լույսը բերեցիր, որի համար և հատկապես լուսափայլեցիր բոլոր սուրբերի մեջ, առաքելական աթոռ և պատիվ ու նրանց հետ պսակ ընդունեցիր Քրիստոս Աստծո կողմից: Արդ, ո՜վ մեր հայր և մեր հոգիների Լուսավորիչ, աղաչում ենք քեզ քո եկեղեցու միաբան ուխտով, որպեսզի քո հրաշալի տոնի օրը հատկապես բարեխոսես մեր Քրիստոս Աստծուն, որ այս եկեղեցին և քո ժողովուրդի մնացած մասին պահի խաղաղության մեջ՝ փրկելով հոգևոր և մարմնավոր թշնամիներից, որպեսզի մենք էլ, միշտ քո հիշատակը կատարելով, փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. Ամեն:
Լուսավորչի
Սո՛ւրբ Գրիգոր քահանայապետ, որ հավատքը սովորեցրիր և դևերի բանակը հալածեցիր, մարդկանց ուսուցանեցիր Երրորդությունը քարոզել, պսակ ստացար Արքայության մեջ, արդ, մեզ համար բարեխո՛ս եղիր Տիրոջ մոտ:
Առաքյալների
Քրիստոս Աստծո առաքյալները և վկաները, Ամենակալ Հոգու զորությամբ բոլորին ընդհանուր կանչելով կյանքի որդեգրությանը, հորդորեցին հավիտյանս փառաբանություն երգել Միասնական Սուրբ Երրորդությանը. Ամեն:
Որոտման որդիների
Այսօր երկնքից երկիր որոտման ահավոր ձայներ հնչեցին՝ մեզ կանչելով Վերին Սիոնի որդեգրության: Հավատքի հենարաններ և եկեղեցու պարծանքներ, որոնք իրենց արյան ցողով մաքրեցին տիեզերքը անօրեն կռապաշտություններից և Քրիստոսից միշտ քավություն են հայցում իրենց անունների [հիշատակը] տոնախմբողների համար: Արդ, նրանց մաղթանքներով, Տե՛ր, խնայի՛ր Քո փրկած ժողովրդին, որ միայն Դու ես Մարդասեր:
Մարգարեների
Տե՛ր, որ հիմնեցիր Քո եկեղեցին հավատքի վեմի վրա և նրանում կարգեցիր առաքյալներ և մարգարեներ, հովիվներ և վարդապետներ սուրբերի ամրության համար և վկաների ճգնությամբ նրա թշնամուն վանեցիր, խաղաղության մեջ պահի՛ր նրան, որպես Մարդասեր Աստված:
Հայրապետների
Հայրապետական աթոռը զարդարեցիր երկրի վրա, ի վերուստ ստացար առաքելական պատիվը, ծառա՛ Քրիստոսի, ո՜վ երանելիդ հայրերի մեջ, սո՛ւրբ հայրապետ: Քանզի քո վարդապետության սերմերը բուսեցրին բարեպաշտության հասկեր՝ ուրախության պտուղ տալով և հավատացյալներիս փրկություն շնորհելով, որի համար բարեխոսի՛ր Տիրոջ մոտ մեր անձերի համար:
Թագավորների
Ինչպես Իսրայելի Աստվածասեր Եզեկիա թագավորից հետո Աստված ծնունդ տվեց Հովսեին, որ ամեն տեսակ կռապաշտությունները հեռու վանեց, ինչպես և [ծնունդ տվեց] Կոստանդիանոսին, որ Արիոսի մոլորությունը խափանեց, ծնունդ տվեց և Թեոդոս Մեծին, որ աստվածային նախանձով էր վառված նրանց հանդեպ, ովքեր Սուրբ Հոգուն էին հայհոյում: Արդ, ո՜վ աստվածարյալ և ուղղափառ սուրբ թագավոր, աղաչի՛ր Տիրոջը փրկելու մեզ մարդապաշտ հայհոյությունից, որպեսզի մենք էլ տոնենք քո հիշատակը՝ Քրիստոսից խնդրելով հաշտություն և մեծ ողորմություն:
Թագավորների
Ինչպես Իսրայելի Աստվածասեր Եզեկիա թագավորից հետո Աստված ծնունդ տվեց Հովսեին, որ հին ժողովրդի ամեն տեսակ կռապաշտությունները հեռու վանեց, ինչպես և նոր ժամանակներում ծնունդ տվեց թագավորների անդրանիկ բարեպաշտ Աբգարին, որ հեռվից ճանաչեց Երկնավոր Թագավորին՝ Քրիստոսին, և Նրա Աստվածության քարոզիչը եղավ տիեզերքի ծայրերում: Նրանից հետո [ծնունդ տվեց] Մեծն Տրդատին, որ Հայաստանյայց աշխարհից իսպառ հալածեց դիվամոլ կռապաշտությունները և զարդարեց ճշմարիտ և ուղղափառ հավատքով: Արդ, ո՜վ հոգելից և բարեպաշտ սուրբ թագավոր, աղաչի՛ր Տիրոջը՝ փրկելու մեզ անօրեն բռնավորներից, որպեսզի մենք էլ, տոնելով քո հիշատակը, Քրիստոսից խնդրենք խաղաղություն և մեծ ողորմություն:
Մարտիրոսների
Սուրբերի և սուրբ մարտիրոսների հիշատակի տաճարում, [մեր] ձեռքերը վեր բարձրացնելով, աղաչում ենք, նրանց բարեխոսությամբ և աղոթքներով խաղաղեցրո՛ւ մեր կյանքը, որպես Մարդասեր Աստված:
Ճգնավորների
Ճգնավորնե՛ր Քրիստոսի, որ համբերեցիք անօրենների տանջանքներին և կուռքերի մոլորությունը խափանեցիք, երկնքում դասակցելով հրեշտակներին, Քրիստոսից [շնորհված] համարձակություն ունեք, բարեխոսեցե՛ք մեզ փրկելու համար, աղաչում ենք ձեզ:
Հռիփսիմյանց
[Նրանք], որ արևմուտքից մեզ համար ծագեցին որպես արեգակ և ամբողջապես լուսավորեցին Հայաստանյայց աշխարհը, փարատեցին անգետ կռապաշտության խավարը և բոլոր հոգիներին լուսավորեցին աստվածգիտության հավատքով: Նրանց բարեխոսությամբ, Քրիստո՛ս Աստված, որպես Մարդասեր Տեր, պարգևի՛ր Քո աշխարհին խաղաղություն և մեր անձերին՝ մեղքերի թողություն:
Գայանյանց
Ձեր հաղթությունը զվարճացյալ տոնում է սուրբ եկեղեցին, քանզի սրբությամբ հաստատեցիք կուսությունը և մարմնի մեջ ցույց տվեցիք անմարմինների քաջություն:
Կույսերի
Երկնավոր Փեսային՝ Քրիստոսին հարսնացածներ, Վերի՛ն Սիոնի դուստրեր, Քրիստոսից խնդրեցե՛ք հաշտություն և մեծ ողորմություն:
Վարդանանց
Աշխարհային ճակատամարտին, աշխարհային ճակատամարտին և մեծ պատերազմին ընդդիմամարտում էր անօրենների կռիվը: Իսկ երանելի նահատակները անօրենների մոլորությունը խափանեցին և հաղթող գտնվեցին, քանզի նրանք, որ ստացել էին աստվածային զորությունը, նրանց չէր հաղթի մարմնավոր պատերազմը: Արդ, Քրիստո՛ս Աստված, նրանց բարեխոսությամբ խնայի՛ր մեզ և ողորմի՛ր:
Զինվորների
Զորե՛ղ և ճշմարի՛տ վկա, Քրիստոսի՛ քաջ նահատակ, սո՛ւրբդ Թեոդորոս, որ փոխանակեցիր մարմինդ հոգուդ փոխարեն իբրև փրկանք և չմտածեցիր անօրեն բռնավորների սպառնալիքների մասին: Այլ վերին ազդեցությամբ իմանալով նրանց հոգիների այրման մասին՝ այդ պատճառով վառեցիր կուռքերի տաճարը և անարգեցիր նրանց պաշտամունքը: Արդ, բարեխոսի՛ր Տիրոջ մոտ մեզ՝ հաղթական պատերազմում քո նահատակության օրը տոնախմբողներիս համար:
Քառասուն մանկանց
Գնալով Քո փառքը՝ Քո կաթողիկե եկեղեցին, Քրիստո՛ս, մեծապես պայծառանում է փառքի մեջ, քանզի Քեզանից թագադրվածները, ապավինելով երկնքին, Սեբաստիայում նահատակվեցին քարընկեց բանսարկուի պատճառով և ամոթի համար: Նրանք, որ միմյանց քաջալերում էին, որպեսզի ոչ ոք անցավոր բաղնիքից չտկարանա, այլ դողալով, առաքինաբար իրեն ընծայի՝ պտտվելու աստվածային գանձերի անիվների տակ՝ աղաղակելով առ Քրիստոս:
Արդ, նրանց բարեխոսությամբ ընդունի՛ր և մեր՝ հավաքվածներիս որդեգրությունը Քեզ սիրողների հույսով, Տե՛ր, փա՜ռք Քեզ:
Երեք մանուկների
Որ հանգստանում ես քերովբեների վրա և հրեղեն զորքերից օրհնաբանվում, իջար Բաբելոն և թեժ կրակից փրկեցիր երեք մանուկներին, որոնք նոր երգ էին գոչում. «Բոլո՛ր գործեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք», Թագավո՛ր փառքի և Արարի՛չ բոլորի, որ մարդասիրաբար գթացիր սուրբ մանուկներին և փրկեցիր բորբոքված կրակից, որոնք անտեսեցին թագավորի բռնությունը և հանգցրին կրակի զորությունը, նրանց հետ և մենք ենք Քեզ վերագոչում, փրկի՛ր մեզ հավիտենական հրից, որովհետև միայն Դու ես Բազմագութ Տեր, Քեզ փա՜ռք հավիտյանս. Ամեն:
Հրեշտակապետերի
[Նրան], Որին անլռելի ձայնով օրհնում են իմանալի զորությունները, երկնային նահապետությունները, հրեշտակները և հրեշտակապետերը, աթոռները և տերությունները, իշխանությունները և պետությունները, սերովբեները և քերովբեները, մենք ևս օրհնում ենք նույն Ամենասուրբ Երրորդությանը և Մի Աստվածությանը:
Հրեշտակապետերի
Այսօր երկրավոր եկեղեցու քահանայապետությունը հրաշափառ կերպով ցնծում է՝ կատարելով երկնավոր քահանայապետություններիդ տոնախմբությունը: Եվ անմարմիններիդ և հոգեղեններիդ դասերին միաձայնելով՝ մենք ևս՝ մարմնավորներս և հողեղեններս, փառավորում ենք ձեզանից Փառավորվածին: Արդ, ո՜վ սուրբ Գաբրիել և Միքայել՝ Բարձրյալի մեծ հրեշտակապետեր և երկնքի բոլոր զինվորություններ, որ միշտ Աստվածության աթոռի առաջ եք, անդադար բարեխո՛ս եղեք մեզ համար Տիրոջ մոտ՝ բարձրացնելով մեզ բոլորիս ձեզ հետ Երկնքի Արքայություն՝ միաձայն բարբառով փառաբանություն երգելու:
Բոլոր սուրբերի
Բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, սուրբ առաքյալների և մարգարեների, հայրապետների և վարդապետների, մարտիրոսների և թագավորների, ճգնավորների և կույսերի, նահապետների և միանձանց և հին ու նոր, հայտնի և անհայտ Քո բոլոր սուրբերի, որոնց հիշատակն է այսօր, Քո խաղաղությունը և երկնային ողորմությունը պարգևի՛ր մեզ, Մարդասե՛ր Տեր:
Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն ամենքին:
Ճաշու [ժամերգության] փոխեր
Խրատներ
(օրվան պատշաճ)
Ավետման, Ծննդյան, Տյառնընդառաջի,
Վարդավառի, Վերափոխման և Աստվածածնի
բոլոր տոներին ճաշու [ժամերգության] փոխը սա է.
Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով[7],
որովհետև Նա իր հայացքը դարձրեց Իր աղախնի խոնարհության վրա:
Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան,
որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց Ինձ համար, և Նրա անունը սուրբ է:
Նրա ողորմությունը սերնդից սերունդ Իր երկյուղածների վրա է:
Նա Իր բազուկով զորություն ի գործ դրեց, ցրեց ամբարտավաներին իրենց սրտի խորհուրդներով.
Հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին:
Քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց:
Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին, հիշելով Իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին և նրա սերնդին հավիտյան:
Աղուհացի, Ծաղկազարդի, Հոգեգալստյան,
Խաչի, Եկեղեցու և բոլոր կիրակիների
Ճաշու [ժամերգության] փոխն այս է.
Սաղմոս ՂԲ (92)
Տերը թագավորեց, վայելչություն հագավ,
Զորություն հագավ Տերը և գոտևորվեց,
Հաստատեց աշխարհը, որ չսասանվի,
Սկզբից է պատրաստված գահը Քո և հավերժ ես Դու:
Բարձրացան գետերը, Տե՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց.
Գետերը պիտի հորդեն իրենց հունից դուրս:
Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան,
Սքանչելի ես Դու բարձունքներում, Տե՛ր:
Մենք անչափ հավատացինք Քո վկայություններին:
Սրբությունը վայել է Քո տանը, Տե՛ր, երկար օրեր:
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Զատկին և մինչև Հոգեգալուստը
այս է ճաշու [ժամերգության] փոխը.
Սաղմոս ՃԽԷ (147)
Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղեմ, և օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
քանզի Նա դռներիդ նիգերն ամրացրեց և որդիներիդ օրհնեց Քո մեջ:
Քո սահմանները խաղաղության մեջ պահեց և ցորենի առատությամբ լիացրեց քեզ:
Նա երկիր է ուղարկում խոսքերն իր, և արագ սլանում են պատգամները նրա:
Նա ձյուն է տեղացնում ինչպես բուրդ և մառախուղը ցանում փոշու պես:
Նա սառույցներն արձակում է ինչպես պատառներ, ո՞վ կարող է դիմանալ Նրա ցրտին:
Ուղարկում է խոսքն Իր ու հալեցնում դրանք.
Փչում են հողմերը, և հոսում ջրերը:
Իր խոսքը հայտնում է Հակոբին,
Իր արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին:
Տերն այսպես չվարվեց բոլոր ազգերի հետ
և Իր դատաստանները նրանց չհայտնեց:
Բոլոր սուրբերի տոնին
Ճաշու [ժամերգության] փոխն այս է.
Սաղմոս ՃԺԴ (114)
Հաճելի է ինձ, որ Տերը լսեց ձայնն իմ աղոթքի,
Խոնարհեցրեց ունկն Իր դեպի ինձ, և ես իմ օրերում Նրան դիմեցի:
Ինձ պատեց երկունքը մահվան, և դժոխքի վշտերն ինձ բռնեցին:
Նեղություն և անձկություն գտա և Տիրոջ անունը կանչեցի՝
«Ո՜վ Տեր, փրկի՛ր ինձ»:
Գթառատ և Արդար է մեր Տեր Աստվածը:
Տերը ողորմում և պահպանում է մանուկներին,
Ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց:
Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դեպի հանգիստը քո,
Քանզի Տերն օգնեց քեզ:
Նա ինձ փրկեց մահվանից, աչքերս՝ արտասուքից, և ոտքերս՝ սայթաքումից:
Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջև:
Շաբաթապահքերին, երբ տոն չի նշվում,
ամեն չորեքշաբթի և ուրբաթ, երբ պահք է,
Ճաշու [ժամերգության] փոխն այս է.
Սաղմոս ՃԺԶ (116)
Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր,
Գովեցե՛ք Նրան, բոլո՛ր ժողովուրդներ:
Թող Նրա ողորմությունը զորանա մեզ վրա,
Տիրոջ ճշմարտությունը հավիտյան թող մնա:
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ճաշու [ժամերգության] շարականներ
Եվ ապա ասվում է ճաշու շարականը՝
տոնին պատշաճ
Հարության կիրակիների
Փառքի թագավոր Քրիստոսին, որ մեզ համար Սուրբ Կույսից մարմնացավ և խաչի [մահվանը] համբերեց, միաբանությամբ երգով բարեբանենք, որ երեքօրյա թաղվելը հանձն առավ՝ իշխանությամբ հարություն առնելով մեռելներից, միաբանությամբ երգով բարեբանենք: Իբրև կարող՝ դժոխքի դռները խորտակեց, Իր եկեղեցուն մեծավայելչություն հագցրեց, միաբանությամբ երգով բարեբանենք:
Հրեշտակապետերի
Այսօր ուրախանալով՝ Քրիստոսի սուրբ եկեղեցին խնդությամբ նշում է Վերին Երուսաղեմի տոնը՝ սրբասացության ձայնով փառավորելով Քրիստոսին: Այսօր երկրային Սիոնի որդիները, միաձայնելով Վերին Սիոնի անդրանիկ որդիներին, տոնով զվարճանում են՝ սրբասացության ձայնով փառավորելով Քրիստոսին: Այսօր անմարմինների դասերը պարում են մարդկանց հետ՝ Առագաստում հոգևոր երգեր երգելով Անմահ Փեսային` սրբասացության ձայնով փառավորելով Քրիստոսին:
Մարգարեների
Անճառելի՛ Լույսի Ճառագայթ, Անքննելի՛ Տերություն, նախապես հիացրիր մարգարեների տեսողությունը՝ իջնելով ներքևում գտնվողներիս մեջ աստվածային տնօրինությամբ: [Նրանք], որ Սուրբ Հոգու շնորհներով հիմնեցին հավատքի տաճարը, որի մեջ մտավ Բանն Աստված յոթնարփյան ճառագայթներով՝ իջնելով ներքևում գտնվողներիս մեջ աստվածային տնօրինությամբ: Հոր և Հոգու հետ Համագոյակիցը աշխարհում երևաց ճշմարիտ մարդեղությամբ, Որին քարոզեցին մեզ հրավիրողները[8]՝ լուսավորելով տիեզերքը աստվածային տնօրինությամբ:
Ամեն չորեքշաբթի
Փառաբանություն ենք առաքում Քեզ, Հա՛յր Երկնավոր, հիշի՛ր մեր ննջեցյալներին և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ: Միածի՛ն Որդի, Որ Էակից ես Հորը և Հոգուն, հիշի՛ր մեր ննջեցյալներին և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ: Հոգի՛ Ճշմարիտ, Որ փառակից ես Հորը և Որդուն, հիշի՛ր մեր ննջեցյալներին և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ:
Առաքյալների
Որ արարածների Արարչին սիրողներն եք, Քրիստոսի սո՛ւրբ առաքյալներ, մեզ համար բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ: Որ ողջ տիեզերքի քարոզիչներն եք, Քրիստոսի սո՛ւրբ առաքյալներ, մեզ համար բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ: Որ բոլոր եկեղեցիների պսակն եք, Քրիստոսի սո՛ւրբ առաքյալներ, մեզ համար բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ:
Ուրբաթ (պահքի)
Որ Էությամբ Անսկիզբ ես, աշխարհ եկար, մարմնացար Սուրբ Կույսից մեր պարտքերի համար, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալներին: Որ Լույսի Հորից իբրև Լույս և Կյանք ծագեցիր մեզ համար, Միածի՛ն Որդի, Համագոյակից Հորը, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալներին: Որ մտքից և խորհուրդներից ավելի վեր ես և խաչի [մահվանը] համբերելով՝ փրկեցիր տիեզերքը, հանգստացրո՛ւ մեր ննջեցյալներին:
Շաբաթապահքի օրերին, երբ սուրբերի
[հիշատակը] չի նշվում,
երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի ա՛յս ասա.
Քրիստո՛ս Աստված, Քո Սուրբ Անվամբ հիշի՛ր ննջեցյալներին: Որ Քո արյան գինն են, Տե՛ր, հիշի՛ր և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ: Եվ մյուս անգամ Քո Գալստյանը հիշի՛ր մեր ննջեցյալներին և հանգստացրո՛ւ Քո սուրբերի հետ:
Շաբաթապահքի ուրբաթ [օրվա]
Որ անէությունից էակների Ստեղծողն ես, Հոր Արարչակից Բա՛նն Աստված, թողությո՛ւն շնորհիր Քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց ստեղծեցիր անարատ ձեռքով: Որ Հորից առաքվեցիր և մարմնացար Սուրբ Կույսից, թողությո՛ւն շնորհիր քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց ստեղծեցիր անարատ ձեռքով: Որ խաչի վրա անշնչացար, մահվան իշխանությունը վերացրիր, թողությո՛ւն շնորհիր քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց ստեղծեցիր անարատ ձեռքով: Որ Քո սուրբերին պսակ ես տալիս և անվախճան բարիքներ բաշխում, թողությո՛ւն շնորհիր քո ննջեցյալ ծառաներին, երբ գաս դատելու նրանց, որոնց ստեղծեցիր անարատ ձեռքով:
Մարտիրոսների
Ճշմարի՛տ ճգնավորներ և վկաներ Քրիստոսի, որ չարչարանքները և մահը հանձն առաք հանուն Տիրոջ, մեզ համար Քրիստոսի մոտ ձե՛զ բարեխոս ունենք: Քանզի ձեր արյան հեղմամբ պայծառացան սուրբ եկեղեցիները, և վերացրիք կռապաշտության ստվերամած խավարը, մեզ համար Քրիստոսի մոտ ձե՛զ բարեխոս ունենք: Երկնային զորքերը իջան՝ ի պատիվ ձեր մահվան պատարագի և Լույսի Հորից անապական պսակներն առբերեցին, մեզ համար Քրիստոսի մոտ ձե՛զ բարեխոս ունենք:
Ավետման
Աստվածածի՛ն, Կենաց Անպարագրելի Արևի Լույսի խորան, որ Արդարության Արեգակի համար արևելք եղար և խավարի մեջ նստածներիս համար լույս ծագեցրիր, որի համար բոլորս միշտ Քեզ փառավորում ենք: Անապակա՛ն տաճար և Անկե՛զ մորենի, որ Աստվածության Անշեջ Հուրը Քո մեջ կրեցիր, որով վառվելով հանգավ մեր բնության կրքերի բոցը, որի համար բոլորս միշտ Քեզ փառավորում ենք: Նոր ուխտի կտակարանի Կենդանի՛ Տապանակ, որով Քո մեջ Հոգով կերպավորված Բանի ելքը հորդեց դեպի Ավետյաց երկիր, որի համար բոլորս միշտ Քեզ փառավորում ենք:
Ծննդյան
Սուրբ Աստվածածնին օրհնությամբ փառավորում ենք: Ավետավոր հրեշտակը ավետեց Սուրբ Կույսից ծնված Փրկչի մասին: Ասաց. «Ուրա՛խ եղիր, Բերկրյա՛լ, քանզի տերերի Տերը Քեզ հետ է»:
Տյառնընդառաջին
Անսկիզբ Հորից Անսկիզբ Բանը, սկզբնավորվելով Կույսից, մարմնով զգեստավորվելով, պարփակվելով որովայնում և Հոր հետ լինելով, սահմանափակվելով ժամանակի մեջ, ծնվեց իբրև Աստված և իբրև Մարդ: Մտնելով օրենքի տակ՝ Աննյութականը Հողանյութ եղավ, որպեսզի հողածիններիս Հորն ընծայի Աստվածորդին, Որ Հոր ծոցում է, քառասնօրյա երեխան բարձրացվեց ծերունու գրկում և հայտնապես ճանաչվեց իբրև Աստված և իբրև Մարդ, որի համար և Սիմեոնը հոգով ցնծաց, աղաղակեց տաճարում. «Արդ, արձակի՛ր, Տե՛ր, Քո ծառային խաղաղությամբ՝ Քո խոսքի համաձայն, քանզի տեսա բոլորի Փրկիչ Աստծուդ և Մարդուդ»:
Ծաղկազարդին
Հոր Անսկիզբ Բանը, որ հանգստանում է քերովբեների վրա, այսօր նոր ավանակի վրա նստելով, Օրհնյալ Արքան գալիս է իբրև Անհաղթելի Թագավոր: Որդին, Որ հավիտյաններից ավելի առաջ էր, որ բազմում է քառաթևերի վրա, այսօր փառավորվեց ծերերից և մանուկներից, Օրհնյալ Արքան գալիս է իբրև Անհաղթելի Թագավոր: Եկե՛ք, նո՛ր ժողովուրդներ, անմարմինների բազում դասերի հետ քաղցր ձայնի և երգի հնչեցմամբ փառավորենք Նրան. Օրհնյալ Արքան գալիս է իբրև Անհաղթելի Թագավոր:
Զատկին
Քրիստոս հարություն առավ մեռելներից, ալելուիա՜: Եկե՛ք, ժողովուրդնե՛ր, Տիրոջը երգե՛ք, ալելուիա՜: Մեռելներից Հարություն Առածին, ալելուիա՜, որ լուսավորեց աշխարհը, ալելուիա՜:
Համբարձման
[Նա], որ այսօր աստվածային իշխանությամբ համբարձվեց Հայրական կառքով, որին սպասավորում էին հրեշտակային դասերը, որ երգում էին՝ ասելով. «Վե՛ր բարձրացրեք, իշխանություննե՛ր, ձեր դռները, և թող մտնի Փառքի Թագավորը»: Հիացան վերին իշխանությունները և սոսկալի ձայնով աղաղակում էին միմյանց. «Ո՜վ է այս Փառքի Թագավորը՝ եկած մարմնով և սքանչելի զորությամբ, վե՛ր բարձրացրեք, իշխանություննե՛ր, ձեր դռները, և թող մտնի Փառքի Թագավորը»: Վերին պետությունները եղանակում էին հրաշալի ձայնով, նոր երգ էին երգում՝ ասելով. «Սա Փառքի Թագավորն Ինքն է, աշխարհի Փրկիչը և մարդկանց սերունդների Ազատիչը, վե՛ր բարձրացրեք, իշխանություննե՛ր, ձեր դռները, և թող մտնի Փառքի Թագավորը»:
Հոգեգալստյան
Որ, Հայրական Աղբյուրից բխելով, անբաժան է Որդուց իշխանությամբ, Սուրբ Հոգին` իբրև բոլորին Լցնող, այսօր երկնքից սաստիկ հեղվեց առաքյալների դասի վրա՝ Նրան օրհնենք երկրպագելով: Որ Անսկիզբ է և միշտ Էից [է բխում], նույնագո բնությամբ և անանջատ բաժանմամբ Որդու հետ Արարչակից Սուրբ Հոգին այսօր իբրև Հրե Լեզու բաժանվեց քարոզիչներին և պես-պես շնորհների բաժանմամբ մարդկային ազգին բերեց դեպի լույսը՝ Նրան օրհնենք երկրպագելով: Որ ջրերի վրա լինելով՝ գոյացրեց արարածներին, Հորից Անանջրպետ և Որդու հետ Իշխանակից Սուրբ Հոգին այսօր մարդկային ազգին վերածեց Երուսաղեմից բխած կենդանի ջրի՝ Նրան օրհնենք երկրպագելով:
Վարդավառի
Ուրախացի՛ր, Պսա՛կ կույսերի, Տիրամա՛յր, այսօր Քո Որդին փայլեց Հայրենի փառքով, մեզ հավերժ հանձնի՛ր Նրան: Նրան են սպասավորում Մովսեսն ու Եղիան, Նրա անվամբ են ցնծում Թաբորն ու Հերմոնը, մեզ հավերժ հանձնի՛ր Նրան: Եղիան Քեզ՝ իբրև թեթև ամպ տեսավ, և Հայրը ամպից Քո Որդուն, իբրև Իր [Որդի], դավանեց, մեզ հավերժ հանձնի՛ր նրան:
Աստվածածնի վերափոխման
Անթառա՛մ ծաղիկ, Անդատապարտելի՛ շառավիղ՝ Հեսսեի արմատից վերաբուսած, Եսային կանխավ Քեզ վկայեց իբրև Հոգու յոթնարփյան շնորհների ընդունարան, Աստվածածի՛ն և Կո՛ւյս, Քեզ ենք փառավորում: Համեղ պտղի բանական բարունակ[9], որից մեզ համար անսպառ ողկույզ քաղեցինք՝ գիտության ծառի ճաշակումից տրտմածներիս ուրախության համար, Սրբուհի՛ Անարատ, բոլորս քեզ ենք փառավորում: Անարատ վարքով ապրելով մարմնի մեջ՝ առաքյալների կողմից այսօր ամփոփվեցիր, Վերին ակնարկությամբ վերափոխվեցիր Քո Որդու և մեր Աստծո Արքայությունը, խոստովանողների՛ս Բարեխոս, Քեզ ենք փառավորում:
Խաչի
Հաղթական և նոր օրհնություն միշտ ուղղենք դեպի բարձունքները, Քրիստոս Թագավորին հավատացող ժողովուրդներ, որ եկավ լուսավորելու ընտրյալ սուրբ եկեղեցին և պսակեց սուրբ խաչով, Նրան փառաբանություն երգենք: Այսօր մենք էլ տոնենք սուրբ խաչի նավակատիքը և Փրկողին հավիտյան փառք ու պատիվ մատուցենք:
Տապանակի
Հո՛ր Իմաստություն, որ ի սկզբանե իմաստությամբ հաստատեցիր եկեղեցին, որը նախանկար տեսությամբ գծագրեց Մովսեսը Սինա լեռան վրա երկնանման խորանի պես՝ լուսավորելով Աստծո փառքով: Որ Սուրբ Կույսից Քո անապական մարդեղության խորհուրդը կերպավորեցիր իբրև Աստծո Խոսքիդ կտակարանների՝ Աստվածային Ուխտի տապանակ՝ Անեղ Փառքիդ հանգստավայր: Որ մեր բնության վերադարձը դեպի կյանք իբրև օրինակ ցույց տվեցիր Հորդանանի դարձմամբ և խաչի տապանակով Երիքովի դժոխքի կործանմամբ մահվան բռնությունը հրաշակերտեցիր Նոր Իսրայելի, Տե՛ր, Քեզ օրհնություն պիտի երգեն մանուկները:
Եկեղեցու
Խոսքով հաստատեցիր Քո եկեղեցին, Քրիստո՛ս, առաքելական վեմի վրա՝ նրանում հոգևոր երգեր երգելու համար: Սուրբ սեղան կանգնեցնելով նրանում՝ բախշում է Իր Մարմինն ու Արյունը, Նրանից մեր մեղքերի թողությամբ մեզ նորոգություն է տալիս: Սուրբ Հոգին աղավնակերպ երևմամբ իջնում է Տիրոջ Մարմնի և Արյան վրա՝ մեր հոգիների բժշկության համար:
Հայրապետների
Այսօր երկնայինները մեզ հետ տոնախմբում են սուրբ վարդապետների հիշատակը, որոնք լուսավորեցին հավատքի մանուկներին և հրեշտակների դասերի հետ կարգվեցին: Այսօր առաքյալների և մարգարեների դասերը տոնակից են լինում Վերին Սիոնի դստերը՝ սուրբ վարդապետների հիշատակի համար, որոնք հայտնեցին իրենց իմաստությունների խորության[10] խորհուրդը[11]: Այսօր սուրբ եկեղեցու քահանաներն ու պաշտոնյաները վերապատվում են սուրբ վարդապետների հիշատակը, որոնց միջոցով զարդարվեցին երկնային շնորհներով և նրանց հետ հավիտյան փառաբանություն են երգում:
Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզոր, Սո՛ւրբ և Անմահ ևն (ըստ պատշաճի, երեք անգամ կրկնի՛ր):
Քարոզ
Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք:
Ամբողջ աշխարհի խաղաղության և սուրբ եկեղեցու հաստատության համար Տիրոջն աղաչենք:
Բոլոր սուրբ և ուղղափառ եպիսկոպոսների համար Տիրոջն աղաչենք:
Մեր հայրապետի (այս անվամբ) կյանքի և նրա հոգու փրկության համար Տիրոջն աղաչենք:
Վարդապետների, քահանաների, սարկավագների, դպիրների և եկեղեցու ամբողջ ուխտի մանուկների համար Տիրոջն աղաչենք:
Բարեպաշտ թագավորների և Աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զորքերի համար Տիրոջն աղաչենք:
Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատքով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք:
Եվ նաև միաբանությամբ մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբանությամբ:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Մաղթանք
Որովհետև Ողորմած և Մարդասեր Աստված ես, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ճաշու [ժամերգության] սաղմոսներ
(օրվան պատշաճ)
Հինունքի շրջանում՝ օրական երեք փոխ, որպեսզի մինչև Հոգեգալուստը Դավթի 150 սաղմոսը լրանա: Եվ ամեն փոխի վերջում երեք անգամ «ալելուիա» ասա՛:
Հինունքի
Սաղմոս Ա (1) ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜:
Սաղմոս Բ (2) ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜:
Սաղմոս Գ (3) ալելուիա՜, ալելուիա՜, ալելուիա՜:
Համբարձման
Սաղմոս ԽԶ (46)
Ընթերցվածք «Գործք առաքելոցից»
Հոգեգալստյան
Սաղմոս ՃԽԲ (142)
Տապանակի
Սաղմոս ՃԼԱ (131)
Վարդավառին
Սաղմոս ԺԴ (14)
Աստվածածնի վերափոխման
Սաղմոս ՃԼԱ (131)
Սուրբ Խաչի
Սաղմոս Դ (4)
Շողակաթին և այլ եկեղեցիների տոներին
Սաղմոս ԽԷ (47)
Աստվածածնի ավետման
Սաղմոս ԿԷ (67)
Քրիստոսի ծննդյան
Սաղմոս Բ (2)
Քրիստոսի քառասնօրյա գալստյան
Սաղմոս ՂԷ (97)
Ծաղկազարդին
Սաղմոս ՂԷ (97)
Սովորական կիրակիներին
Սաղմոս ԿԴ (64)
Հրեշտակապետերի
Սաղմոս ՃԳ (103)
Առաքյալների և մարգարեների
Սաղմոս ԺԸ (18)
Հայրապետների և վարդապետների
Սաղմոս ՃԼԱ (131)
Բոլոր մարտիրոսների
Սաղմոս ՃԺԵ (115)
Հովհաննես առաքյալի կաթողիկե
առաջին նամակից է ընթերցվածքը (գլուխ 7)
Ճաշու սաղմոսերգության կցուրդներ
«Գործքից» հետո, չորեքշաբթիից սկսած:
Հինունքի
(Չրքշբ.) Սաղմոս ՃԽԷ (147)
(Հնգշ.) Սաղմոս ՂԸ (98)
(Ուրբ.) Սաղմոս ՂԷ (97)
(Շբ.) Սաղմոս ԿԶ (66)
(Կիր.) Սաղմոս ԿԴ (64)
(Երկշբ.) Սաղմոս ԿԴ (64)
(Երքշբ.) Սաղմոս Ե (5)
Երկրորդ Ծաղկազարդին կարդացվում է
Եսայի մարգարեությունից ընթերցվածք
(Գլուխ ԿԳ 1)
Շաբաթապահքի ճաշու [ժամերգության]
կցուրդներ
(գրքից առաջ)
(Երկշբ.) Քո արքայությունը ողջ հավիտենության արքայությունն է,
և Քո տերությունը՝ սերնդից սերունդ:
Փոխ. Հավատարիմ է Տերն իր բոլոր խոսքերում
և արդար է Նա Իր բոլոր գործերում (սաղմոս 144:13,14):
(Երքշբ.) Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ, Տե՛ր (սաղմոս 5:8),
Փոխ. Թող պարծենան Քեզնով Քո Անունը սիրողները,
քանզի Դու պիտի օրհնես արդարներին, Տե՛ր,
ինչպես զենքով՝ Քո հաճությամբ պսակեցիր նրանց (սաղմոս 5:12,13):
(Չրքշբ.) Փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, Քո ծառային, որ հույսը դրել է Քեզ վրա,
Փոխ. Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ Քեզ կանչեցի (սաղմոս 85:2, 3):
(Հնգշբ.) Մեծարեցե՛ք մեր Տեր Աստծուն, երկրպագեցե՛ք Նրա ոտքերի պատվանդանին, քանզի սուրբ է (սաղմոս 98:5):
Փոխ. Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան:
Ով քերովբեների վրա Նստողդ, երկիրը սասանվեց (սաղմոս 98:1):
(Ուրբ.) Երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը (սաղմոս 97:3):
Փոխ. Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործություններ արեց Նա (սաղմոս 97:1):
Ճաշու [ժամերգության] կցուրդներ՝ ըստ հարկի
(Երկշբ.) Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից (սաղմոս 50:11):
Փոխ. Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ըստ Քո մեծ ողորմության, ըստ Քո բազում գթության քավի՛ր անօրենություններն իմ (սաղմոս 50:1):
(Երքշբ.) Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով:
Փոխ. Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես.
Երանի՜ է քեզ, դա լավ պիտի լինի քեզ համար (սաղմոս127:1, 2):
(Չրքշբ.) Մի՛լքիր ինձ, Տե՛ր իմ Աստված, և մի՛ հեռացիր ինձնից:
Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ Փրկիչ Տեր (սաղմոս 37:22, 23):
Փոխ. Տե՛ր, ամբողջ ցանկությունս առջևդ է, և հառաչանքս չծածկվեց Քեզնից (սաղմոս 37:10):
(Հնգշբ.) Ծերության ժամանակ ինձ մի՛ վանիր, Տե՛ր, երբ ուժս պակասի, Դու ինձ մի՛ լքիր (սաղմոս 70:9):
Փոխ. Տե՛ր, հույսս Քեզ վրա դրի, թող հավետ ամոթով չմնամ,
Քո արդարությամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր (սաղմոս 70:2):
(Ուրբ.) Իմ խնդրանքները թող մոտենան Քեզ, Տե՛ր,
Քո խոսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ (սաղմոս 118:169):
Փոխ. Լսի՛ր իմ ձայնը, Տե՛ր, ըստ Քո ողորմության, Տե՛ր, Քո դատաստանով փրկի՛ր ինձ (սաղմոս 118:149):
Հարության
Ողջ աշխարհը պիտի երկրպագի Քեզ, սաղմոս պիտի երգի Քեզ (սաղմոս 65:4):
Փոխ. Աղաղակեցե՛ք Աստծուն, բոլո՛ր երկրներ, սաղմո՛ս երգեցեք Նրա Անվանը և օրհնության փա՛ռք տվեք Նրան (սաղմոս 65:2):
Մեծարեցե՛ք մեր Տեր Աստծուն, բարձրացնենք Նրա Անունը միասին (սաղմոս 33:4):
Փոխ. Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, Նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի (սաղմոս 33:2):
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համա՜յն աշխարհի մարդիկ,
Փոխ. Օրհնեցե՛ք Տիրոջը, համա՜յն աշխարհի մարդիկ, օրհնեցե՛ք Տիրոջն ու օրհնեցե՛ք Անունը Նրա (սաղմոս 95:1, 2):
Օրհնեցե՛ք մեր Աստծուն, օրհնեցե՛ք և սաղմո՛ս երգեցեք Տեր Աստծուն (սաղմոս 67:33):
Փոխ. Օրհնյալ է Տեր Աստվածը, օրհնյալ է Տերն ամեն օր (սաղմոս 67:20):
Մեծ է Տերը, և մեծ է Նրա զորությունը, Նրա իմաստությունը սահման չունի (սաղմոս 146:5):
Փոխ. Օրհնեցե՛ք Տիրոջը, քանզի քաղցր է սաղմոսը. հաճելի է օրհնությունը մեր Աստծուն (սաղմոս 146:1):
Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք (սաղմոս 46:7):
Փոխ. Բոլո՛ր հերթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն (սաղմոս 46:2):
Սուրբ է Քո տաճարը՝ սքանչելի արդարությամբ (սաղմոս 64:5):
Աստվա՛ծ, Քեզ վայել է օրհնություն Սիոնում,
և Քեզ աղոթք պիտի մատուցվի Երուսաղեմում (սաղմոս 64:2):
Սա է օրն այն, որ Տերը ստեղծեց.
Եկեք ցնծանք և ուրախանանք այսօր (սաղմոս 117:24):
Փոխ. Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է Նա,
քանզի հավերժ է ողորմությունը Նրա (սաղմոս 117:1):
Կցուրդներ կիրակիների՝ ըստ հարկի
Ո՛ւխտ դրեք և կատարեցե՛ք այն մեր Տեր Աստծու համար (սաղմոս 75:12):
Աստված հայտնի է Հրեաստանում, և Իսրայելում մեծ է Անունը Նրա (սաղմոս 75:2):
Մեծ ուրբաթի ճաշու [ժամերգության] սաղմոսներ
Առաջին սաղմոս ԼԴ (34)
Իմ դեմ բարձրացան վկաները չար, այն, ինչ չգիտեի, հարցնում էին ինձ (11):
Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ (1):
Երկրորդ սաղմոս ԼԷ (37)
Ես պատրաստ եմ տանջանքների, և իմ ցավերը միշտ առջևս են (18):
Տե՛ր, Քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ և Քո բարկությամբ ինձ մի խրատի՛ր (2):
Երրորդ սաղմոս Խ (40)
Ինձ այցելության եկողը դատարկ բաներ էր խոսում իր սրտում, անօրենություն կուտակում իր մեջ (7):
Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան (2):
Չորրորդ սաղմոս ԻԱ (21)
Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին (19):
Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ թողեցիր ինձ,
հանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկությունից (2):
Հինգերորդ սաղմոս Լ (30)
Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին (6):
Հույսս դրի Քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ,
Քո արդարությամբ փրկի՛ր ինձ և ազատի՛ր ինձ (2):
Վեցերորդ սաղմոս ԿԸ (68)
Կերակրի տեղ ինձ լեղի տվին և ծարավելիս քացախ խմեցրին (22):
Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին,
ես ընկղմվեցի խոր անդնդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա (2):
Յոթերորդ սաղմոս ՁԷ (87)
Եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների մեջ (5, 6):
Իմ փրկության Տեր Աստված, գիշեր-ցերեկ Քեզ կանչեցի (2):
Ութերորդ սաղմոս ՃԱ (101)
Ոսկորս մարմնիս կպավ, և նմանվեցի անապատի հավալուսնին (6, 7):
Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի Քեզ:
Մի՛ շրջիր երեսդ ինձնից (2, 3):
Տիմոթեոսին ուղղված Պողոս
Առաքյալի առաջին նամակից է ընթերցվածքը
Պահքի օրերի Ճաշու [ժամերգության]
«ալելուիաներ»[12], որոնք ասվում են ըստ ձայների
Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր:
Հանուն Քո Անվան կյա՛նք տուր ինձ, Տե՛ր, Քո արդարությամբ նեղությունից հանի՛ր հոգին իմ (սաղմոս 142:10,11):
Տե՛ր, Քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ և Քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր (սաղմոս 37:2):
Ընթացքն իմ ուղղի՛ր Քո խոսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ (սաղմոս 118:133):
Սիրտս խռովվեց իմ մեջ, և մահվան երկյուղն ինձ համակեց (սաղմոս 54:5):
Դարձի՛ր, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ (սաղմոս 6:5):
Հանուն Քո անվան, Տե՛ր, քավությո՛ւն տուր իմ մեղքերին, քանզի խիստ շատացան դրանք (սաղմոս 24:11):
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի հիվանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտվել են (սաղմոս 6:3):
Հիշի՛ր, Տե՛ր, Քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են (սաղմոս 24:6):
Իմ մանկության և տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ՝ ըստ Քո բարության, քանզի Դու քաղցր և ուղիղ ես (սաղմոս 24:7, 8):
Տե՛ր, Քո ողորմությունը հավերժ է, ձեռքերիդ գործը մի՛ անտեսիր (սաղմոս 137:8):
Իմ մանկության և տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Քո ողորմությամբ՝ ըստ Քո բարության, քանզի Դու քաղցր և ուղիղ ես (սաղմոս 24:7, 8):
Քեզ կանչեցի, Տե՛ր, ու ասացի. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում» (սաղմոս 141:6):
Շաբաթապահքի «ալելուիաներ»
Երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի
Եթե ԱՁ և ԴԿ լինի, սրանք ասա՛, իսկ եթե այլ ձայներով, դրանցն ասա՛:
(Երկշբ.) Եկեք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր Փրկիչ Աստծուն (սաղմոս 94:1):
(Երքշբ.) Երգեցե՛ք Տիրոջը նոր երգ, երգեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ժողովուրդներ,
Երգեցե՛ք Տիրոջը և մեծարեցե՛ք Նրա Անունը:
(Հնգշբ.) Կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին,
Գտա իմ Դավիթ ծառային, սուրբ յուղովս օծեցի նրան (սաղմոս 88:20, 21):
Կիրակիների համար «ալելուիա»
Սաղմոս ՂԹ (99)
Ճաշու [ժամերգության] «ալելուիաներ»
Հարության (ըստ ձայնի)
Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին, ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը (սաղմոս 101:14):
Ամբողջ երկրի մեծ թագավորն Աստված է, սաղմո՛ս երգեցեք Նրան իմաստությամբ (սաղմոս 46:8):
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, սրբերի ժողովում է օրհնությունը Նրա (սաղմոս 149:1):
Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկեք,
ցնծության աղաղակո՛վ դիմեցեք Աստծուն (սաղմոս 46:2):
Աստվա՛ծ, Դու դարձյալ մեզ պիտի փրկես,
և ժողովուրդդ պիտի ուրախանա Քեզնով (սաղմոս 84:7):
Ելի՛ր, Տե՛ր իմ Աստված, հանուն Քո սահմանած կարգի,
Ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, իսկ Դու, Տե՛ր, բազմի՛ր բարձունքում,
Տերն է դատում Իր ժողովրդին (սաղմոս 7:7-9):
Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով (սաղմոս 149:2):
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, թե որքան ահեղ են խորհուրդներով, քան գործերը մարդկանց բոլոր որդիների (սաղմոս 65:5):
Տե՛ր, հաճեցիր Քո երկիրը ու ետ դարձրիր Հակոբին գերությունից (սաղմոս 84:2):
Հարություն առավ Աստված, և ցրվեցին Նրա բոլոր Թշնամիները ու Նրան ատողները փախան Իր առջևից (սաղմոս 67:2) [13]:
Զատկին
Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղեմ (սաղմոս 121:2):
Զատկի, Հարության և
Հինունքի Ճաշու Ավետարանի «ալելուիաներ»
(Կիր.) Սաղմոս ՃԽԷ (147)
(Երկշբ.) Սաղմոս ՃԽԷ (147)
(Երքշբ.) Սաղմոս Ի (20)
(Չրքշբ.) Սաղմոս ԿԴ (64)
(Հնգշբ.) Սաղմոս ԺԴ (14)
(Ուրբ.) Սաղմոս ՂԲ (92)
(Շբթ.) Սաղմոս Ձ (80)
Նոր կիրակի և մինչև Համբարձում
եղած բոլոր կիրակիներին
Սաղմոս ՃԽԷ (147)
«Ալելուիա» Քրիստոսի Համբարձման,
մինչև Սուրբ Հոգու Գալուստը:
Վե՛ր քաշեցեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և Փառքի Արքան թող ներս մտնի (սաղմոս 23:7):
Սուրբ Հոգու Գալստյան
(Կիր.) Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը:
Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը և Իր բերանի շնչով՝ Նրա բոլոր զորությունները (սաղմոս 32:5, 6):
(Երկշբ.) Եկեք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր Փրկիչ Աստծուն (սաղմոս 94:1):
(Երքշբ.) Երգեցե՛ք Տիրոջը նոր երգ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ:
(Չրքշբ.) Հանուն Քո անվան կյա՛նք տուր ինձ, Տե՛ր, Քո արդարությամբ նեղությունից հանի՛ր հոգին իմ (սաղմոս 142:10, 11):
(Հնգշբ.) Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի հիվանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտվել են (սաղմոս 6:3):
(Ուրբ.) Տե՛ր, հիշի՛ր Դավթին և Նրա ամբողջ հեզությունը (սաղմոս 131:1):
(Շբ.) Խմբովին օրհնեցե՛ք Աստծուն, Տիրոջը՝ Իսրայելի աղբյուրների կողմից (սաղմոս 67:27):
«Ալելուիա» Տապանակի
Ելի՛ր Քո հանգստավայրը, Տե՛ր, Դու և կտակի տապանակը Քո սրբության (սաղմոս 131:8):
Ճաշու [ժամերգության] «ալելուիաներ»
Քրիստոսի Այլակերպության, որ կոչվում է Վարդավառ:
(Կիր.) Մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ: Ամպից մի ձայն եկավ և ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, Որին հավանեցի»[14]:
(Երկշբ.) Նրանն են բարձունքները լեռների:
Նրանն է ծովը, և Նա՛ արարեց այն, ու ցամաքը Նրա ձեռքերը ստեղծեցին:
Եկեք երկրպագենք Նրան, խոնարհվենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջև (սաղմոս 94:4-6):
(Երքշբ.) Քոնն է երկինքը, և Քոնն է երկիրը, աշխարհն իր մեջ եղածով Դո՛ւ հաստատեցիր:
Հյուսիսն ու հարավը Դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը Քո Անվամբ պիտի ցնծան (սաղմոս 88:12, 13):
Խաչի և եկեղեցու նավակատիքի՝
Ճաշու [ժամերգության] «ալելուիաներ»
(Շբ.) Տերը սիրեց Սիոնը և նախընտրեց բնակվել այնտեղ:
Ասաց. «Այս է հանգստավայրն Իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (սաղմոս 131:13, 14):
(Կիր.) Զորությո՛ւն տուր Քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն, և ինձ բարության նշան ցո՛ւյց տուր:
(Երկշբ.) Երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղետից (սաղմոս 59:6):
(Երքշբ.) Տերը սիրեց Սիոնը և նախընտրեց բնակվել այնտեղ:
Ասաց. «Այս է հանգստավայրն Իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (սաղմոս 131:13, 14):
(Չրքշբ.) Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը (սաղմոս 25:8):
(Հնգշբ.) Որքան հաճելի է Քո հարկի տակ, զորությունների՛ Տեր.
Իմ հոգին Քո գավիթն է ցանկանում ու փափագում:
Սիրտս ու մարմինս ցնծում են Կենդանի Աստուծով (սաղմոս 83:2, 3):
(Ուրբ.) Երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղետից (սաղմոս 59:6):
(Շբ.) Ինչպես որ Քո սիրելիները փրկվեցին, այնպես էլ Քո Աջով պահպանի՛ր և լսի՛ր մեզ (սաղմոս 59:7):
(Եկեղ.) Նրա հիմքերն իր սուրբ լեռան վրա են.
Տերը սիրում է Սիոնի դարպասներն ավելի, քան Հակոբի բոլոր վրանները (սաղմոս 86:2):
(Եկեղ.) Ահավասիկ Փառավորյալը խոսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու (սաղմոս 86:3):
(Եկեղ.) Տե՛ր, ո՞վ պիտի ապրի Քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի Քո սուրբ լեռան վրա:
Նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտություն խոսում իր սրտում (սաղմոս 14:1, 2):
(Խաչի) Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին (սաղմոս 4:7):
Աստվածածնի վերափոխման ինն օրերի
Ճաշու [ժամերգության] «ալելուիաներ»
(Ա. Դ. Է. օր) Այսօր Դավթի քաղաքում ծնվեց Որդին, որ Հոր հետ հավիտյաններից առաջ էր[15], որ Օծյալ Տերն է (Ղուկաս 2:11):
Քո սրբերի վայելչությամբ. Քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից (սաղմոս 109:3):
(Բ. Ե. Ը. օր) Ուրախացի՛ր, ո՜վ Շնորհընկալ, Տերը Քեզ հետ է (Ղուկաս 1:28):
Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի Պտուղը (Ղուկաս 1:42):
(Գ. Զ. Թ. օր) Ելի՛ր Քո հանգստավայրը Տե՛ր, Դու և կտակի տապանակը Քո սրբության (սաղմոս 131:8):
Աստվածածնի ավետման
Ճաշու [ժամերգության] «ալելուիա»
Որախացի՛ր, ո՜վ Շնորհակալ, Տերը Քեզ հետ է (Ղուկաս 1:28):
Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի Պտուղը (Ղուկաս 1:42):
Ծննդյան ճաշու [ժամերգության] «ալելուիաներ»
(ըստ օրերի)
(Ճրագալույց) Սուրբ Հոգին կգա Քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի Քեզ (Ղուկաս 1:35):
Այսօր Դավթի քաղաքում ծնվեց Որդին, որ Հոր հետ հավիտյաններից առաջ էր, որ Օծյալ Տերն է (Ղուկաս 2:11):
(Ա. Բ.) Սուրբ Հոգով զորացած և որովայնից ընտրված Սուրբ Ստեփանոս, ճշմարի՛տ վկա, սիրող և առաքյալ Առաքողի, Քրիստոսից ընդունեցիր հրեշտակների պսակը:
(Գ.) Հովհաննես Կարապետը զարհուրելով որովայնից որովայն երկրպագեց, Աստծո Խոսքին սպասավոր եղավ և լսելով ահավոր ձայնը՝ աղաղակեց և ասաց. «Ահա Աստծո Գառը, որ [Իր] վրա է վերցնում աշխարհի մեղքը»:
(Դ.) Ուրախացի՛ր, ո՜վ Շնորհընկալ, Տերը Քեզ հետ է (Ղուկաս 1:28):
Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի Պտուղը (Ղուկաս 1:42):
(Ե.) Դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, պիտի գնաս Տիրոջ առջևից՝ պատրաստելու Նրա ճանապարհները (Ղուկաս 1:76):
(Զ.) Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրա հաստատեց և ուղղեց իմ քայլերը (սաղմոս 39:3):
Դու Հավիտենական Քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի: Եվ Տերը Քո աջ կողմում է (սաղմոս 109:4):
(Է.) Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին ու չստեց նրան՝ նրա որովայնի պտղից նստեցնելու նրա գահին:
(Ը.) Ուրախացի՛ր, ո՛վ Շնորհընկալ, Տերը Քեզ հետ է (Ղուկաս 1:28):
Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի Պտուղը (Ղուկաս 1:42):
Քառասնօրյա Քրիստոսի տաճար գալու
Ճաշու [ժամերգության] «ալելուիա»
Տերն Իր սուրբ տաճարում է, Տերը երկնքում է՝ Իր գահի վրա (սաղմոս 10:5):
Մեծ Ծաղկազարդի ճաշու [ժամերգության] «ալելուիա»
Մեր Տեր Աստվածը երևաց մեզ, կատարեցե՛ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի (սաղմոս 117:27):
Հրեշտակապետերի ճաշու [ժամերգության] «ալելուիա»
Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը, և Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները (սաղմոս 32:5, 6):
Հովհաննես Կարապետի
Դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, պիտի գնաս Տիրոջ առջևից՝ պատրաստելու Նրա ճանապարհները (Ղուկաս 1:76):
Հովհաննեսի գլխատման
Հովհաննես Կարապետը զարհուրելով որովայնից որովայն երկրպագեց, Աստծո Խոսքին սպասավոր եղավ և լսելով ահավոր ձայնը՝ աղաղակեց և ասաց. «Ահա Աստծո Գառը, որ [Իր] վրա է վերցնում աշխարհի մեղքը»:
Բոլոր մարգարեների
Խմբովին օրհնեցե՛ք Աստծուն և Տիրոջը՝ Իսրայելի աղբույրների կողմից (սաղմոս 67:27):
Բոլոր առաքյալների
Իշխան պիտի կարգես նրանց ողջ երկրի վրա, և Քո Անունը պիտի հիշվի սերնդից սերունդ (սաղմոս 44:17, 18):
Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, և մինչև աշխարհի ծայրն են հասել խոսքերը նրանց (սաղմոս 18:5):
Դավթի և Հակոբի
Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը (սաղմոս 131:1):
Նախահայրերի
Իր խոսքը հայտնում է Հակոբին, Իր արդարությունն ու իրավուքը՝ Իսրայելին (սաղմոս 147:19):
Գրիգոր Լուսավորչի
Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց ինձ և լսեց իմ աղոթքը (սաղմոս 39:2):
Հայրապետների և վարդապետների
Քո քահանաները թող արդարություն հագնեն, և Քո սրբերը խնդությամբ ցնծան (սաղմոս 131:9):
Ճգնավորների
Երանելի են նրանք, ովքեր բնակվում են Տիրոջ տանը, հավիտյանս հավիտենից պիտի օրհնեն Քեզ (սաղմոս 83:5):
Կույսերի
Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեվառ զգեստներով (սաղմոս 44:10):
Թագավորի մոտ նրա հետ կույսեր պիտի տարվեն, իր ընկերուհիները պիտի տարվեն նրա մոտ (սաղմոս 44:15):
Թագավորների
Տե՛ր, զորությամբ Քո պիտի ուրախանա թագավորը, հույժ ցնծա Քո փրկությամբ (սաղմոս 20:2):
Քառասուներկու հազարի
Մենք անցանք հրի ու ջրի միջով, և Դու մեզ անդորր տվիր (սաղմոս 65:12):
Մեծ հինգշաբթի
Իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց (սաղմոս 22:5):
Առավոտվա[16]
Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի (սաղմոս 29:6):
Մարտիրոսների
Տերը սիրում է իրավունքը, և իր սրբերին երեսի վրա չի թողնում, այլ հավիտյան պահպանում է նրանց (սաղմոս 36:28):
Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ Նա է նրանց օգնականը (սաղմոս 36:39):
Թող սրբերը պարծենան փառքով, և ցնծան իրենց հանգստի մեջ:
Եվ թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով (սաղմոս 149:5, 6):
Արդարների համար լույս ծագեց, և սրտով շիտակների համար ուրախություն եղավ (սաղմոս 96:11):
Թող սրբերը պարծենան փառքով, և ցնծան իրենց հանգստի մեջ:
Եվ թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով (սաղմոս 149:5, 6):
Արդարները Տիրոջը աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից (սաղմոս 33:18):
Մենք ամեն օր զոհվում ենք Քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք (սաղմոս 43:22):
Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում Քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և Դու ապրես նրանց մեջ (սաղմոս 5:12):
Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես կբազմանան (սաղմոս 91:13):
Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից,
և պահպանում է նրանց բոլոր ոսկորները, և նրանցից ոչ մեկը չի կորչելու[17] (սաղմոս 33:20, 21):
Այստեղ ընթերցվում է Ավետարանը՝ ըստ պատշաճի,
և հետո ասվում է Նիկիական հանգանակը
Հիսուսի Քրիստոսի սուրբ Ավետարան՝ ըստ Մատթեոսի (գլուխ Ե 1)
Հիսուսի Քրիստոսի սուրբ Ավետարան՝ ըստ Մարկոսի (գլուխ Գ 13)
Հիսուսի Քրիստոսի սուրբ Ավետարան՝ ըստ Ղուկասի (գլուխ ԺԴ 12)
Հիսուսի Քրիստոսի սուրբ Ավետարան՝ ըստ Հովհաննեսի (գլուխ Ժ 11)
Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր:
Նիկիական հանգանակ
Հավատում ենք Մեկ Աստծո՝ Ամենակալ Հորը՝ երկնքի և երկրի, տեսանելիների և անտեսանելիների Արարչին:
Եվ Մեկ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր Էությունից: Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց՝ Ծնունդ և ոչ արարած: Նույն Հոր Բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ տեսանելիներ և անտեսանելիներ, որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, իջնելով երկնքից, մարմնացավ, մարդացավ, կատարելապես Սուրբ Հոգով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, Որով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, ինչ կա մարդու մեջ, ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, ելավ երկինք նույն մարմնով և նստեց Հոր Աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Որի թագավորությունը վախճան չի ունենալու:
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անստեղծ և Կատարյալ, որ խոսեց Օրենքների, Մարգարեությունների և Ավետարանների միջոցով, Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ:
Հավատում ենք և միմիայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանն ու թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի Արքայությանը և հավիտենական կյանքին:
Մինչև այստեղ են հավատո (հանգանակի) խոսքերը:
Իսկ ովքեր ասում են՝ ժամանակ կար, երբ չկար Որդին, կամ ժամանակ կար, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե ոչնչից են եղել, կամ ասում են, այլ էությունից է եղել Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխվող են կամ այլայլվող, նրանց նզովում է կաթողիկե և առաքելական եկեղեցին:
Մեր սուրբ Լուսավորչի կողմից ասված
Իսկ մենք կփառավորենք Նրան, որ հավիտյաններից ավելի առաջ է՝ երկրպագելով Սուրբ Երրորդությանը և Մի Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քարոզ
Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք:
Եվ հավատով ևս աղաչենք և խնդրենք Տեր Աստծուց և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից այս պաշտամունքի և աղոթքի ժամին, որպեսզի արժանապես ընդունի, Տերը լսի մեր աղաչանքների ձայնը, ընդունի մեր սրտի խնդրանքները, թողություն տա մեր հանցանքներին, ողորմի մեզ: Մեր աղոթքներն ու խնդրանքները ամեն ժամ թող մտնեն Նրա Մեծ Տերության առջև, և Նա մեզ տա միաբանությամբ, մի հավատով և արդարությամբ վաստակ ունենալ բարի գործերի մեջ, որպեսզի Ամենակալ Տերը մեզ վրա առաքի Իր ողորմության շնորհները, փրկի և ողորմի:
Այս ժամն ու առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար Տիրոջից հավատով խնդրենք:
Խաղաղության հրեշտակը՝ իբրև մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք:
Մեր հանցանքների համար քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ ևս միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Քե՛զ ենք, Տե՛ր, հանձնվում:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, ըստ Քո մեծ ողորմության, ասենք ամենքս միաբան:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:
Աղոթք
Տե՛ր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ Մեծ ես ողորմությամբ և Քո բարերարության առատ պարգևներով, որ Դու Քո կամքով մեր մեղքերի համար այս ժամին համբերեցիր խաչի չարչարանքներին և մահվանը և երանելի առաքյալներին առատապես պարգևեցիր Սուրբ Հոգուդ պարգևները, աղաչում ենք Քեզ, Տե՛ր, մեզ ևս հաղորդակի՛ց դարձրու աստվածային պարգևներիդ, մեղքերի թողությանը և Սուրբ Հոգուն ընդունելուն, որպեսզի արժանի լինենք գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն բոլորին.
Աստծուն երկրպագենք:
Քո խաղաղությամբ, Քրիստո՛ս Փրկիչ մեր, որ ամեն մտքից և խոսքից ավելի վեր է, ամրացրո՛ւ մեզ և աներկյու՛ղ պահիր ամեն տեսակ չարից: Մեզ հավասարեցրո՛ւ Քեզ ճշմարտապես երկրպագողներին, որոնք հոգով և ճշմարտությամբ են Քեզ երկրպագում, որովհետև Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիատոս:
Տեր Աստված թող օրհնի ամենքիդ. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Միայն՝ Սուրբ, միայն՝ Տեր, Հիսո՛ւս Քրիստոս՝ Հայր Աստծո փառքի մեջ. Ամեն:
Քահ. - Օրհնյալ ես, Հա՛յր Սուրբ, Աստվա՛ծ Ճշմարիտ:
Դպր. - Ամեն:
Քահ. - Օրհնյալ ես, Որդի՛դ Սուրբ, Աստվա՛ծ Ճշմարիտ:
Դպր. - Ամեն:
Քահ. - Օրհնյալ ես, Հոգի՛դ Սուրբ, Աստվա՛ծ Ճշմարիտ:
Դպր. - Ամեն:
Դպր. - Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ:
Քահ. - Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյան հավիտենից:
Դպր. - Թող Տիրոջ Անունը օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան (երեք անգամ կրկնի՛ր):
Քահ. - Օրհնյալ է Աստված:
Քահ. - Դու ես օրենքների և մարգարեությունների լրումը, Քրիստո՛ս Աստված, Փրկի՛չ մեր, որ կատարեցիր Քո Հայրական ողջ տնօրինությունը, լցրո՛ւ և մեզ Քո Սուրբ Հոգով:
Սրկ. - Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, Նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի (սաղմոս 33:2):
Քահ. – Օրհնյա՛լ լինեք Սուրբ Հոգու շնորհներով, գնաք խաղաղությամբ, և Տերը թող լինի ձեզ և բոլորիդ հետ. Ամեն:
Սեղանի օրհնություն
մասնավոր կերակուրների համար
Պատրաստում են հացի սեղանը, զարդարում կերակուրներով,
յուրաքանչյուրը կանգնում է իր տեղում:
Գալիս է իշխանավորը կամ քահանան և սաղմոս ասում:
Կցուրդ. Բոլորի աչքերը Քեզ վրա են հառած հույսով, և Դու տալիս ես նրանց կերակուրը ժամանակին: Սաղմոս ՃԽԴ (144)
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քահ. - Ողորմած և Գթած է Տերը, կերակուր է տալիս Իրենից երկյուղածներին:
Սարկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Աղաչենք Ամենակալ Աստծուն, որ մեզ պարգևի ուրախության կերակուր և մեր սրտերը լցնի Իր արարածների լիությամբ:
Ամենակալ Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Քահ. - Օրհնի՛ր, Քրիստո՛ս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիքները և շնորհի՛ր հոգու և մարմնի առողջություն, որպեսզի կրոնական պարկեշտությամբ վայելելով մարմնական պիտույքները՝ Քո բոլոր սուրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և Երկնային Արքայությանդ: Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Եվ սեղանն օրհնողը, կանգնած մնալով և հացն առնելով, կտրում է այն պատվավորների հետ, որ իր շուրջն են կամ ճաշը պատրաստողների հետ, և նրանք էլ՝ բոլորի հետ, և ասում է. «Ճաշակե՛ք խաղաղությամբ», և նստում են ճաշի: Իսկ եթե վանականներ լինեն կամ անապատականներ, եղբայրներից մեկը կնստի ավելի բարձր տեղում և վերցնելով կընթերցի Աստվածային գիրքը, և բոլորը կունկնդրեն ընթերցանությունը՝ անձայն ճաշակելով: Իսկ եթե մեկը մեկնություն խնդրի ինչ-ինչ տարակույսի համար, թող բացատրեն նրանք, ովքեր կարող են, և դարձյալ լռելյայն ճաշեն և ոչ աղաղակով: Սեղանի մոտից վեր կենալուց հետո դարձյալ կանգնեն իրենց տեղերում:
Եվ քահանան ասում է.
Քահ. - Տե՛ր Հիսուս, լցվեցինք Քո բարիքներով:
Դպր. - Գոհություն մատուցենք մեր Տեր Աստծուն:
Սաղմոս 32:18-22
Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քահ. – Կերակրի՛չ և Ուրախարար Տեր, փա՛ռք Քեզ, Հագեցնո՛ղ Քրիստոս, գոհանում ենք Քեզանից:
Սրկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք:
Գոհանանք մեր Տեր Աստծո պարգևների լիությամբ, որ օրըստօրե առատապես քաղցրությամբ կերակրում է մեզ Իր կամքով, որ Իր ծառաներին հաղորդ դարձնի հոգևոր բարիքներին և Երկնքի Արքայությանը՝ ըստ մեր հույսի ակնկալության:
Ամենակա՛լ Տեր Աստված մեր, փրկի՛ր և ողորմի՛ր:
Աղոթք
Օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր, որ մեզ մանկությունից կերակրում ես և կերակուր ես տալիս բոլոր շնչավորներին, ուրախությամբ և բերկրությամբ լցրո՛ւ մեր սրտերը, որպեսզի կարող լինենք առավելանալու բարի գործերի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Խաղաղություն ամենքին.
Աստծուն երկրպագենք.
Փա՛ռք Քեզ, Տե՛ր, Փա՛ռք Քեզ, Փառքի՛ Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և մեր սրտերը լցրիր Քո ամենաբավ ողորմության լիությամբ, լցրո՛ւ և այժմ մեզ Քո Սուրբ Հոգով, որպեսզի Քո առաջ հաճություն գտնենք և չամաչենք, քանզի Դու գալիս ես և հատուցում ես յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս. Ամեն:
Հայր մեր, որ երկնքում ես…
Թող Աստված ուտողներին օրհնի, սպասավորներին և երախտավորներին [իրենց] բարիքների վարձքը պարգևի, և թող օրհնի բոլորին Քրիստոս Աստված, Որ մեզ կերակրեց և լիացրեց. Նրան փա՜ռք հավիտյանս. Ամեն:
[1] Գրաբարում՝ յօտարէն պահեա:
[2] Բոլոր սաղմոսների թարգմանությունը տրվում է ըստ «Դաւթի սաղմոսների գրքի», աշխատասիրությամբ՝ Գրիգոր Դարբինյանի, երկրորդ ուղղված և լրացված հրատարակություն, Սևանավանք, 2013, հեղինակային հրատարակություն, 400 էջ:
[3] Այսինքն՝ մեր տնօրինության տակ:
[4] Դանիել 3:34,35 (թարգմանությունը տրվում է ըստ Աստվածաշնչի 2010թ.-ի հրատարակության՝ Աստուածաշունչ մատեան հին և նոր կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2010):
[5] Այստեղ կարելի է հասկանալ թե՛ իր իսկ՝ Մարիամի ծննդից հետո, թե՛ Որդու ծննդից հետո, այսինքն՝ ծննդաբերելուց հետո:
[6] Տնօրինություն – Հիսուս Քրիստոսի մարդանալը և կատարած գործերը:
[7] Այս թարգմանությունը տրվում է Աստվածաշնչի վերոհիշյալ հրատարակությունից:
[8] Գրաբարից բառացի թարգմանությամբ (ծ.թ.):
[9] Բարունակ – Խաղողի որթի երկար ուռը՝ մատը, որ պտղաբերում է (Ռ. Ղազարյան, Գրաբարի բառարան, հ. 1, Երևան, 2000, էջ 276):
[10] Խորություն – խրթինություն, դժվարըմբռնելի մաս:
[11] Այսինքն՝ վարդապետները մեկնել են մարգարեների և առաքյալների գրվածքները:
[12] Ալելուիա – փառաբանական օրհներգություն:
[13] Սաղմոսում բայի ժամանակաձևերը ապառնիով են գրված.
Յարիցէ Աստուած և ցրուեսցին ամենայն թշնամիք նորա, փախիցեն ատելիք նորա յերեսաց նորա (Թող ելնի Աստված, և Նրա թշնամիները թող ցրվեն, ու Նրան ատողները փախչեն Իր առջևից):
[14] Ըստ Աստվածաշնչի թարգմանության:
[15] Աստվածաշնչում «որ Հոր հետ հավիտյաններից առաջ էր» մասը չկա:
[16] Գրաբարում՝ այգուց, որը ննջեցյալի թաղման հաջորդ օրը նրա գերեզմանին կատարվող ծես է:
[17] Սաղմոսում՝ փշրվելու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: