«Տեր Հիսուս մեր անձի հոգին է» (Ողբ Երեմ. Դ 20). մեր Աստված իր Խոսքը հոգի և կյանք անվանեց, որի անձկագին փափագողներն եք այժմ դուք` սրբազան հայրերի ու հարազատների խմբեր, որ ձեր մեջ կրում եք Տիրոջ պատվիրանը, թե` «Խնդրեցեք, և կստանաք, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ» (Մտթ. Է 7): Արդ, ժամն է, որ մենք ևս կատարենք հրամանը, թե` «Ով խնդրի քեզանից` տուր, ով կամենա փոխ առնել` մի՛ արգելիր»: Եվ երբ այդպիսի պահանջողներ լինեն և տրվելիքն էլ մեզնից չլինի, այլ` տերերից` չենք կարող տրվածով պարծենալ իբրև չտրվածով: Այդ պատճառով և այսօր ախորժելով և ձեր պատվական երեսի առջև կանգնելով պետք է ձեզ մատռվակեմ առաջին այգու նախասկզբնական արմատի կանխահաս ու պարարտ ողկույզներից, որ հայրատունկ է, ինչը ոչ ոք չի կարող աղարտել իբրև օտար մի բան, և որը կարոտ չէ մեկ այլ` իբրև թե լավագույն` բանի, որովհետև Քրիստոս ինքն այն խոսքն է, որ ասաց. «Ոչ ոք, երբ հինը խմի, նորը կուզենա, որովհետև կասի, թե հինը ավելի լավն է» ( Ղուկ. Ե 39): Այս պատճառով հավիտենական կյանքի մասին հարցնող օրինականին այնտեղ է հղում ասելով. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում» (Ղուկ. Ժ 26): Որովհետև այս ևս կենարար է, ըստ այն խոսքի, թե` «Այդ արա և կփրկվես» (Ղուկ. Ժ 28): Այս պատճառով կամենալով առավելագույնս շահել ձեր կյանքը, ձեր առջև դրեք այն, ինչ բաղձալի է բոլոր մտքերին և սոսկալի` բոլոր սրտերին, ինչը բարբառեցին Արարչի իմանալի շրթունքները և մեկ անգամ ու երիցս կրկնակի գրեցին բոցեղեն մատները քառասնօրյա պահքով ընծայված տասնաթիվ լուսաճաճանչ խոսքերը, որ ասաց նույն Ինքը ամենատեր առաջին Բարին` խոսելով հոդավոր ձայնով:
Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ, ձեռագործ կուռքեր մի՛ կերտիր, քեզ համար, Քո Տեր Աստծո անունը զուր տեղը մի՛ արտասանիր, հիշիր շաբաթ օրը,պատվիր քո հորն ու մորը, մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ երդվիր, մի՛ ցանկացիր (Ելք Ի 2-17):
Նախ անհրաժեշտ է իմանալ, թե բազում հայցակետերից շատ ավելի մեծարգի և պատվական են այս խոսքերը քան աստվածային մատյանի շատ իմաստությունները. առաջինը նրանով, որ Մովսեսն է առաջին վկա մարգարեն, օրենսդիրն ու Աստծո բարեկամը, Նրա բովանդակ տան հավատարիմը և բոլոր մարդկանցից հեզությամբ գովելին, որի հետ Տերը երես առ երես և բերան ի բերան խոսեց և ոչ թե առակներով, որի շնորհիվ անվամբ աստվածացավ, բայց նաև` ճշմարտությամբ ու գործերով իսկ, որովհետև արարածները նրան հնազանդվեցին իբրև Աստծո, որով տանջեց Եգիպտոսը և բարձրացրեց Իսրայելը մեծամեծ հրաշքներով ու նշաններով: Եվ կրկնապատիկ պատկառելի են այս խոսքերը, որ Ելից գրքից են, ինչն իբրև Աստծո ամեն բարություն և երախտիքի զետեղարան շատ էր սիրում հին ժողովուրդը, որի համար եղան այդ բոլորը, որովհետև, ինչպես ասում են ասորիները, առաջինը Ելից գիրքը շարադրվեց Մովսեսի կողմից, որ ինքն իսկ տեսել էր և գիտեր, և ապա ասաց Աստծուն, թե` Ինչ տեսա` այն գրեցի, իսկ ինչ չեմ տեսել` արարչությունը ցույց տուր ինձ և կգրեմ այն: Տերը լսեց նրան և վերցրեց ամպի ծոցը, որով պարուրված Սինա լեռան վրա քառասուն օր` անմարմնապես և իմանալի կերպով նրա առջև ստեղծեց արարածներին, և հրամայեց շոշափելիորեն նկատել խորանում և ասաց. «Զգույշ եղիր և արա ամենը, համաձայն այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա» (Ելից ԻԵ 39): Եվ դրանից հետո միայն գրեց Ծննդոց գիրքը և մյուսները: Ինչպես ասում է եբրայեցիների Ապոլիմոս իմաստասերը, երբ Իսրայելի որդիներն անցնում էին Կարմիր ծովի միջով, նրանց վրա եկավ շնորհների Հոգին, և նոր լեզու ստացան ու նրանով երգեցին «Օրհնենք»-ը` մոռանալով եգիպտացիների լեզուն, ինչպես աշտարակաշինության ժամանակ, որպեսզի իսպառ հեռու մնան եգիպտացիների սովորություններից: Եվ նույն շնորհներով իմաստնացած սուրբ Մովսեսը նախ գիրք գրեց համաձայն այն լեզվի, և այն գրերով գրվեցին տախտակների վրա, և Մովսեսը դրանցով գրեց իր հինգ գրքերը: Այս խոսքերի նախապատվությունը երեք պատճառ ունի. որովհետև բոլոր մասնավոր օրենսդրությունները, որ Մովսեսից ասվեցին և հաստատվեցին,գլխակարգություն և պատմություն են, և միայն սրանք դուրս եկան Աստծո կամքից և բերանից բերան որպես մովսիսական բոլոր [օրենքներին] կանխող, որի պատճառով և աստվածաբանություններ ու աստվածախոսություններ են: Խորհրդավոր տասն թիվը ունի այլ առավելություն ևս, որովհետև սուրբ և նվիրական է Աստծո համար, որ պատվիրեց Իրեն տալ բոլոր պարագաների տասանորդը: Բայց այն մեծարում են նաև թվաբանները` նրան մայր անվանելով զույգ, կենտ և զուգակենտ թվերի. զույգ [թվերից]` երկուսի, կենտ [թվերից]` երեքի և զուգակենտ [թվերից]` հինգի: Եվ դարձյալ այն ծնողն է հարյուրի, որ տասի տասնապատիկն է, նաև` հազարի, որ տասի հարյուրապատիկն է: Այս պատճառով իրավացիորեն կոչվեց տասն, որովհետև իր մեջ տանում (բովանդակում) է հոգևոր և մարմնավոր բազում խորհուրդներ, ինչպես մեզ համար Նիկիայի դավանության և տերունական աղոթքի խոսքերը: Նաև տասն են արարածները. յոթը շարժուն մոլորակները, մեկը` անշարժ, իններորդը` խոնարհ լուսինը և տասներորդը` Աստծո անարատ խոսքը, որ հաստատում և պահում է արարածներին: Նմանապես մեր մեջ հինգն են մարմնի զգայությունները սրանք են. միտք, զգայություն, երևակայություն, դատողություն, կարծիք: Միտքը հոգու տեսնող մասն է, զգայությունը մասնակի իմացությունն է` առանց պատճառի, երևակայությունը բազմիմացությունն է` առանց պատճառի, դատողությունը` Աստծո կողմից հայտնված պատճառավոր իմացությունն է, կարծիքը պատճառավոր ընդհանուր իմացություն է` մարդկանց տեղեկացված ուսման միջոցով:
Տասը մեծարում են նաև պյութագորականները, որովհետև ասում են, թե սա ծնունդ է չորսի, որ [քանակն է] աշխարհի նյութերի ու տարրերի, որոնց նմանամասն տարրերը մեզանում մաղասը, արյունը, սև և շեկ մաղձն են. չորս մասերը մեկը մյուսին ավելացրած, նաև` երկուսը, երեքը և չորսը ծնում են տասը թիվը: Ըստ որում նաև տասն են Արիստոտելի ասած ստորոգությունները, որոնցով իմացվում է ամեն ինչ` կերպերի միտքն ու իմաստությունը: Դրանք են. առաջին` գոյացությունը, որ ինչ-որ էություն է, երկրորդ` քանակը, որչափ է, երրորդ` որակը, որ գոյն է, չորրորդ` ինչպես որդու անունն է կից Հոր անվանը, հինգերորդ` ուր, որ վայր է, վեցերորդ` երբ, որ ժամանակ է, յոթներորդ` մնալ, որ նստել կամ ոտքի վրա մնալ է, ութերորդ` ունենալ` որ զենք կամ հանդերձ ունենալ է, իններորդ` կատարել, որ գործ կատարել, տնկել կամ շինել է, տասներորդ` կրել, որ չարչարվել կամ ծնվել է[1]: Արարվածների մեջ սրանցից դուրս ոչինչ չկա, ուրեմն, հիրավի, Արարիչը զորավոր և իմաստուն այս թիվը կիրառեց իր օրենսդրության համար: Տասը ունի նաև այլ բազում նախախնամություն, որի մասին գրում է Փիլոն իմաստասերը[2], որը սակայն բացթողեցինք` խնայելով ձեր ականջները և մեր լեզուն:
Այսուհետև ասելու է, թե Աստված օրենքները ինչու խոր անապատում տվեց և ոչ թե եգիպտացիների կամ քանանացիների քաղաքներում, որովհետև քաղաքները լի են Աստծո և մեկմեկու հանդեպ բազում չարիքով, անչափ աղտեղությամբ և անիրավությամբ, մանավանդ` այն ժամանակի Եգիպտոսում, ուր Տերը արժանի չհամարեց պատիվ անել նրանց` Իր [Խոսքը] հասցնել նրանց` Իրեն հայտնելով բոլորին, օրենքներ տալ, այլ նրանց (հրեաներին) դուրս բերեց այնտեղից և նրանց սրտից մաքրեց սովորության աղտը և հետո միայն քաղցր ըմպելիք առաքեց նրանց սրտի մեջ: Նրանց արժանի չէր տանել նաև քանանացիների երկիրը և օրենք դնել նրանց վրա, քանզի ոչ ոք չի պատրաստվում նավել. քանի դեռ նավը չի հանել նավահանգստից, դուրս չի բերել (բաց ծով) և չի բացել առագաստ ու պաշար հավաքել: Այլ քանի դեռ հոժար է և տանն է նստած, նախապատրաստությամբ խնամքով հոգ է տանում բոլորին: Նույնպես պարտ ու պատշաճ էր բարի կենցաղավարության խրատն ու կանոնական սահմանը սկզբից կարգել և դրանով պատրաստել ժողովրդին, որի վրա էր հրավիրված Աստծո անունը, և այնպես տալ նրան վիճակված (հոգևոր) կալվածքը: Եվ դարձյալ անհրաժեշտ էր բոլորի մտքի մեջ հաստատել, թե օրենքները մարդկային հնարներ և գյուտեր չեն, այլ ճշմարիտ Աստծո հանճարն ու իմաստությունն են: Եվ այս նրանով հավաստվեց, որ լինելով անապատ տեղում առանց կերակուր և անջուր ապառաժի մոտ` հանկարծակի, անհնար (թվացող տեղից) անակնկալ կերակուր գտնվեց. օդից` մանանա, վիմաժայռից` ջուր և հողմից բերված լորամարգի: (Սրանք եղան, որպեսզի) հավատան, թե նա, ում համար կարելի են այս բոլոր ընծաները և մարմնավորների պատճառ լինելը` պատշաճորեն նրանն են նաև ճշմարիտ կյանքի պատճառները` փրկական օրենքները:
Այսպես, Աստված սրբելով Սինա լեռը և այն դարձնելով Իր տեղն ու տաճարը` հրաման տվեց տարրերին` Իր համար արքունիք կառուցել մռայլ ու բոցախառն մառախուղով, որ պատեց լեռների շուրջը: Բարձրաբարբառ փողերի նմանությամբ որոտների ձայներ [լսվեցին], ժայռերը թավալվեցին, քարերը գահավիժեցին` ահ ու երկյուղ [պատճառելով] գազաններին և գազանաբարո մարդկանց: Եվ երկայնաձիգ ու լայնատարած լույսի սյունը իջավ բարձունքներից: Նրա գագաթը երկփեղկել էր երկնքի կամարը և վայր իջնելով բարբոքել լեռան գագաթը` համատարած ծանրացնելով ու թանձրացնելով ծուխը: Եվ նրա առջև ակնկալու [կեցվածքով] կանգնած էր ժողովուրդը, որ 3 օր իրեն զերծ էր պահել կանանց հետ հարաբերությունից, այլև [սպասում] խորհրդական ջրով լվացված, ցնցուղված մարմնով, ճերմակ հանդերձանքով ու ահով, երկյուղածությամբ ունկնդիր էր [ձայներին]: Եվ ահա մի ահավոր, սարսափազդու ձայն արձակվեց, որ ոչ անշունչ իրերի ճայթյունից և ոչ էլ շնչավոր կենդանիների [ձայնի] նման էր, այլ` Աստծո ձայնի, որն իր զարմանալի հոդաբաշխ, վայելուչ ձայնով ավելին էր քան բանական կենդանիները, քանզի ձայնը բոցի կերպարանք էր ստացել և իբրև հրեղեն գերան մեգը պատռելով ու հեռացնելով իջել էր լեռան ստորոտը:
Ասածներիս վրա է Գրքի խոսքը, որ ասում է «Ամբողջ ժողովուրդը տեսնում էր Աստծո ձայնը» (Ելք Ի 18): Եվ այս իրապես այսպես է. որովհետև Աստծո խոսքը լոկ բան ու բառ չէ, այլ` կատարյալ գործ, որի պատճառով մարդկանց խոսքին հատուկ է լսելի լինել ականջներին, իսկ Աստծո (խոսքին) տեսանելի` աչքերին, որոնք հավաստի ու ճշմարիտ են քան ականջների լսածը: Եվ այդ խոսքերը սրանք են, որ ասում է.
Ես եմ քո Տեր Աստվածը, Ես եմ ասելով իր ճշմարիտ գոյությունն է ցույց տալիս, որով Մովսեսի այն հարցին, թե` «Ի՞նչ է քո անունը», պատասխանել էր. «Ես եմ, որ Է» (Ելք Գ 13), որի մասին սուրբ Երեմիան ասում էր. «Դու ինքդ ես Տեր Տեր» (Երեմիա Թ 24) ` հայտնի դարձնելով, թե միայն Նա է ստուգապես գոյ և էություն, ու արարածները չկային և նրանք գոյացան: Իսկ Տեր-ը իշխանությունն ու դատ կատարելու զորությունն է ցույց տալիս, և Աստված-ը` արարչական և բորեգործական կարողությունը, որով մեզ այստեղ բերեց և հաստատեց ամեն ինչ: Նախ Տեր-ը հետո Աստված-ը դնելով ակնարկում է, թե նրանց Եգիպտոսից դուրս բերեց իբրև ծառա, որպեսզի վախենան նրանից, որոհետև գրված է, թե «Ծառան երկյուղում է իր Տիրոջից»: Եվ որպես բարերար Աստված նրանցից հաշվետվություն չպահանջեց սկզբի վարքի համար, որի պատճառով ասում է.
Ինձանից բացի թող քեզ այլ աստվածներ չլինեն. Որով կարծեք ասում է. դրանք չկային անցյալում. և արդ, չեն լինի նաև ապագայում, բայց քո անմտության հետևանքով, որի մասին գիտեր, թե հորթն ու երինջը (աստվածներ պետք է դարձներ) և աղաղակեր, թե` «Իսրայել, սրանք են քո աստվածները, որ քեզ հանեցին Եգիպտոսից» (Ելք ԼԲ 4,8): Եվ իրավացիորեն ասում է` այլ աստվածներ, որ ցույց է տալիս օտարը, խորթը և բազումը, որովհետև, ինչպես գրված է. «Այն աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կորչելու են»: Բայց տարակուսելի է, թե ինչու՞ է կարծեք մեկի հետ խոսում, ասելով` «Ես եմ քո Տեր Աստվածը» և ոչ թե` ձեր, և «թող քեզ չլինեն» և ոչ թե ձեզ, նույնպես և ամբողջ խոսքը եզակի է դնում. «մի դարձրու Աստված», «մի՛ վերցրու անունը», «զգույշ եղիր», «մի՛ շնացիր» և այլն: Եվ լսողները հազարավորներ էին, բացի կանանցից, երեխաներից ու ծերերից, որոնք համրված չէին: Արդ, ինչպես տեղեկացան սրբերը, այս է խնդրի լուծումը. ինչպես մեկի հետ խոսելով` Տերը ցույց է տալիս թե մեկը, որ կատարում է օրենքները, թող որ աղքատ ու աննշան մեկն է, նա հավասար է ամբողջ ժողովրդին և կամ թե, համարձակելի ասել, բովանդակ աշխարհին, քանզի Պողոսը և ասում է. «Բովանդակ աշխարհը չարժե սրբերից մեկին» (Եբր ԺԱ 38): Դարձյալ եթե հոգնակի խոսեր` յուրաքանչյուր ոք քողարկելով կթաքցներ իր անձը` իրեն չվերագրելով խոսքը, այլ` բովանդակ բազմությանը: Բայց Աստված այն օրը սքանչելագործում էր յուրաքանչյուրի հանդեպ, ամեն մի անձի վրա տարածելով Իր խոսքը, որպեսզի յուրաքանչյուրին թվա, թե Աստված միայն իր հետ է խոսում: Եվ Տերն այս անում էր, որպեսզի թագավորներից, գոռոզներից կամ պատվավոր իշխաններից մեկը չարհամարհի և ոչ մի աղքատի` նրան թողնելով առանց խնամքի, որովհետև եթե բոլորիս ստեղծիչը արժանի համարեց յուրաքանչյուրին առանձին խնամք տանել, համաձայն լավի ու բարու երկիր խոնարհվել ու նրանց օրենքներ տալ, ապա ի՞նչ պատասխան պետք է տան հողեղեններն ու մահկանացուները, որոնք նույն տեսակից են, թեպետև չեն կարող բախտով պատասխան տալ, թե անտեսում են աղքատներից մեկին` հոգ չտանելով նրան օգուտի համար: Այս պատճառով էլ Աստված խոսում է յուրաքանչյուրին ասելով.
Ես եմ քո Տեր Աստվածը. Ինձանից բացի թող քեզ այլ աստվածներ չլինեն. Սա ցույց է տալիս այն, թե` ես եմ Աստվածը և` ովքեր բնությամբ Ինձանից են` Որդին և Հոգին. մեկը առաջ եկած ծննդյամբ և մյուսը բխումով, բնությամբ անբաժանելի, անժամանակ, անեղանակ, ամեն տեսակ գոյությունների հետ անհամեմատելի անձով մասնահատկորեն բաժանված և բովանդակ բնությամբ, զորությամբ և կամքով միավորված: Եվ այս պատմեց սուրբ Մովսեսը Երկրորդ օրենքում` ասելով. «Լսիր, Իսրայել քո Տեր Աստվածը մեկ է» (Բ օր. Զ 4), որ հասկացավ Հերմես[3] փիլիսոփան և հրեից այդ խոսքերի զորությունը տեղեկացրեց Պտղոմեոս թագավորին[4]: Երբ կարդում էի Աստվածաշունչ գրքի Յոթանասնից թարգմանությունը` ստուգելով թարգմանիչների (թարգմանության) միաբանությունը` հասնելով այս տեղին` Հերմեսը դադարեցրեց կարդալը և ասաց. Իմացեք, հրեաներ, որ ձեր Աստվածը եռանձնյա է և մեկ բնությամբ ու զորությամբ, որովհետև ասվում է «Տեր Աստված» և դարձյալ` «Տեր» ու վրա է բերվում, թե` «Մեկ է»: Եվ «Մեկ» ասելով` զերծ է պահում բազմաստված մոլորությունից, որի պատճառով հարկ է, որ մի պետություն, մի իշխանություն, մի արարչություն և մի նախախնամություն լինի, որպեսզի հաստատուն մնան արարածները, իսկ բազմիշխանությունը լուծում և ապականում է ինչպես և անիշխանությունը, որովհետև հավասարապես ավերվում և քանդվում է թե՛ անթագավոր և թե՛ բազմաթագավոր աշխարհը: Բայց ինչպես անապատի միտք իմաստուն Եվագրիոսն[5] է վկայում. մեկ ու միակ, պարզ բնություն է Աստված, իսկ արարածներս կցկցումներով ու բազմությունից ենք (կազմված), և՛ լավը, և՛ բարին, և ազնիվը մեկ է և անլուծելի, և այն ամենը, որ մոտ է մեկին ու մերձ` պարզին` հաղորդակից է բարուն ու լավին, իսկ բազմաթիվ լինելը տրոհելի և անլուծելի է: Բայց արարածները ևս կարող են մնալ անմահության մեջ, ինչպես հրեշտակները, հոգիները և մարմնավոր արդարներից քչերը, ինչպես Ենովքը և Եղիան: Եվ հարության ժամին շատերը ապականացու մարմնով փոխվում են դեպ անապական կյանք: Այդ զորությունը հրաշագործ Աստծունն է, որ երբեք չի նվազում, և ում կամենում ու պատշաճ համարում (տալիս է): Սրանից հետո, երկրորդ կարգում դնում է մյուս խոսքը, որ ասում է.
Քեզ մի՛ արա ձեռագործ կուռքեր որևէ բանի նմանությամբ, որ վերևում երկնքում է և ներքևում Երկրում.
Կուռքեր անվանում ձուլածոները, կռածոները և ամեն տեսակ կոփածոները, որ ոսկուց, արծաթից, քարերից, փայտից և կավից պատրաստեցին դևերի խաբեությունից խավարած մտքով հեթանոսները տարբեր ու զանազան պատճառներով, որովհետև Արարիչ Աստծուց և դրախտից հեռացած մարդկային բնությունը` անառակ կյանքով ամեն տեսակ մեղքի մեջ անխտիր կերպով շաղախված, զրկվեց հոգևոր գանձերից և աստվածային բարուց: Եվ այս պատճառով փղձկալով տագնապում և փափագում էր գտնել դեպ առաջին բարին (տանող) ճանապարհը: Իսկ ճշմարտության թշնամին առաջ անցնելով նրանց իբրև կույրերի առաջնորդելով աջուահյակ` ցած գլորեց, որովհետև ետ նայելով դեպ վեր երկինք և դեպ ներքև երկիր, ուր ինչ գեղեցիկ ու պիտանի էր թվում` նրանց համոզում էր այն իբրև աստված պաշտել: Այդ պատճառով պաշտամունքի առարկա դարձրին արարածներին. ոմանք պաշտեցին Արեգակին և Վահագն հորջորջեցին, ուրիշներ` Լուսնին և Արտեմիս կոչեցին, կեսը` երկնքի երկու կիսագնդերը, և Զրվանի զավականեր անվանեցին, մյուսները` ամբողջ երկինքը, և Կռոնոս անվանեցին, ոմանք` աստղաբույլերը` և Զրվանի որդիներ կոչեցին, ոմանք` օդը և Ադոնիս անվանեցին, ոմանք` երկիրը, և Դեմետր կոչեցին, ոմանք` ջուրը, և Պոսեյդոն անվանեցին, ուրիշներ` կրակը, և Հեփեստոս անվանեցին, ոմանք մոլորական և անմոլար աստղերը, և զանազան անուններ դրեցին: Դեռ ավելին, սրանով չբավարարվեցին և նրանց ձեռագործ կերպարանքը ստեղծեցին ու նրանց երկրպագեցին: Հենց այս է, որից զգուշացրեց` չնայել վեր դեպ երկինք և ձեռագործ աստվածներ հաստատել, և դեպ ներքև երկիր, որովհետև ասում է. «Չնայես և նմանություն չստեղծես», որի մասին ասացինք, թե դա երկիրը, ջուրը, կրակը և օդն է: Իսկ առավել կուրամիտները, որ ավելի չար էին, գազաններ ու սողուններ` նույնիսկ աքիս և մուկ պաշտեցին, ինչպես պարսիկները` կրակ և ջուր, բաբելացիները` վիշապ և օձ, և եգիպտացիները` այծ և ոչխար, եթովպացիները` կատու և կոկորդիլոս: Իսկ ովքեր չափազանց ախտավոր էին, ախտերն ու ցանկությունները աստվածացրին և ուրիշներ` այլ կրքերը, և ստեղծեցին նրանց պատկերները և երկրպագեցին: Ուրիշներ դարձյալ իրենց սիրելիների պատկերները ստեղծեցին, և ժամանակ անց տգետներից շատերի համար այն աստված համարվեց և պաշտվեց, ինչպես ասում է Սողոմոնը, թե` Տարաժամ սգով վշտացած հայրը ստեղծում է վաղամեռիկ որդու պատկերը, և ամեն օր գնում է ողջունելու նրան, և այս սովորությունը խաբեց այլոց ու պաշտամունք դարձավ (տե՛ս Իմաստ. ԺԴ 15)[6]: Ամենիմաստ Աստված ընտրյալ ազգին զերծ է պահում այս ամենից, որովհետև դրանք մահաբեր, վնասակար ու կործանարար էին հոգիների համար: Որի պատճառով ասում է.
Քեզ համար մի՛ պատրաստիր ձեռագործ կուռքեր. կարծեք ասում է, թե քո ձեռքով քեզ մահ մի պատճառիր, որովհետև կուռքերը մեռած են, և նրանց նման կլինեն նրանք, ովքեր ստեղծեցին նրանց, և ոչ թե` Ամենակալի, որ ինքնաբավ լինելով, կարիք չունի պատիվ (ստանալ) մարդկանցից: Եվ երրորդ պատվիրանն ասում է.
Քո Տեր Աստծո անունը իզուր մի տուր. Ամենապատշաճ ձևով կարգորոշում է Աստծո գոյությունը` հայտնի դարձնելով նաև անունը, որովհետև ամեն առարկայի նախ էությունն է (տրվում) և հետո` անունը, և թեպետ (Աստծո) իսկական բնության անունը անպարփակելի և անհայտ է մեզ, բայց «Աստված»-ը և «Տեր»-ը բարեգործական, պատժողական զորությունն է ցույց տալիս, որ վայել չէ իզուր արտասանել, որովհետև կատարյալ մարդուն այն է պատշաճ, որ ամենևին չերդվի, ինչպես Քրիստոս ավանդեց Ավետարանի կատարյալ աշակերտներին (տե՛ս Մտթ. Ե 34), որ սովոր էին կուռքերի անունով սուտ երդվել, հրամայեց արդարությամբ երդվել Իր անունով, որպեսզի ամեն տեսակ հնարքով զերծ մնան կուռքերին հիշելուց և սրտով ու շուրթերով և ամենայն ինչով կապվեն ճշմարիտ Աստծո անվանը: Եվ երդման տեսակները երեքն են. կա, որ վկայական է կոչվում, երբ ասում են` «Աստված վկա», ինչը հույժ սոսկալի և ահալի է` սուտ բաների համար վկայակոչել Աստծո թանկագին անունը, ինչպես եթե մեկը երկրավոր թագավորի և իշխանի անունը վկայակոչի` նրա (արարքը) աններելի է ու նա մահապատժի արժանի կլինի: Եվ երկրորդը ուրացական է կոչվում, երբ ասում են` «Աստծուն ուրանամ թե այսպես չէ», այս մեծ անօրինություն է, եթե նույնիսկ ճշմարիտ բաների համար ասվի: Երրորդը խոստովանական է կոչվում, երբ ասում են. «Այն ճշմարիտ Աստվածը», «Աստծո փառքը», «Խաչի զորությունը», «Այս Ավետարանն ու Խաչը». սա հարկ է քննել. (նայած) թե խնդիրը որքան է մեծ ու վերաբերում է արյան փրկությանն ու եկեղեցու բարությանը: Եթե նման հանգամանքներ կան, և երդվողը իրավացի է ու սրտով, լեզվով, ձեռքով սուրբ է, և տեղն էլ` մաքուր ու լսողներն էլ` արժանավոր են, և (երդվողները) հարկից դրդված են գալիս խոստովանական երդման` այս ներելի է: Բայց կան ոմանք, որ ունայն բաների համար, անմաքուր վայրերում անսուրբ հոգով փուչ տեղը հիշում են Աստծո ահագին անունը: Այսպիսիները եթե չսթափվեն և չզղջան` աններելի պատուհաս կկրեն դատարկաբաններից ավելի, որոնց համար Քրիստոս ասաց, թե հաշիվ են տալու դատաստանի օրը: Դարձյալ վայել չէ Աստծո անունը տալ զգայական կենդանիներին և անշունչ նյութերին, ինչպես մոլորյալ, անմիտ հեթանոսները տեր և աստված էին դավանում սնոտի, ոչինչ և անզոր բաները, ինչպես Եսային է ասում. «Երկրպագեցին նրանց որ իրենց մատները ստեղծեցին» (Եսայի Բ 8), որոնց համար իրավացիորեն ասվում է, թե` «այնպիսիները չեն սրբվի մեղքերից և Տերը նրանց սուրբ չի դարձնի», այսինքն` նրանց, իբրև ողորմությանն անտեղյակ (ադամորդիներ), չի փրկի, այլ իբրև ճշմարտության թշնամիներ կպատժի նրանց և կամ ինչպես այժմ մարդապաշտներն են ասում ապականված ու մեղսասեր մարդկանց` (նրանց անվանելով) Աստված, Տեր և Քրիստոս, թե՛ «Այ, դու, իմ Աստված», ինչը նամանապես մեծ անօրենություն է:
Չորրորդ պատվիրանն այս է, որ ասում է.
Զգույշ եղիր շաբաթ օրը. Սրա պատճառը մեծ ու կարևոր է, որովհետև Աստված Ինքն, ասում է, թե հանգստանում է յոթներորդ օրը Իր բոլոր գործերից, որ արեց վեց օրում կիրակիից սկսած: Եվ ինչպես մարդ հոգով, մտքով և խոսքով Աստծո պատկերն է` ամեն տեսակ առաքինությամբ, բարի գործերով ևս պետք է նման լինի իր սկզբնատիպին` Աստծուն: Նույնպես և դու` թե աշխատելիս և թե` հանգստանալիս նմանվիր Ատծուն. կատարելու օրը կատարիր Տիրոջ նման վեց օր և յոթներորդ` հանգստյան օրը հանգստացիր: Բայց Աստված այդ մինագամ արեց, որովհետև անկարոտ բնություն է, իսկ մարդիկ միշտ պետք է անեն որովհետև կարիքավոր և տառապյալ են, այլ մեղքի հետևանքով դատապարտված, որի պատճառով երեսի քրտինքով են իրենց հացը ուտում: Եվ հրեաները հաճախ էին կատարում շաբաթվա խորհուրդը` յոթներորդ օրը, յոթ շաբաթը, յոթ ամիսը, յոթ տարին և յոթ անգամ յոթ տարին, որ քառասունինն է, հոբելյան են անվանում, որ Ազատություն է, և որովհետև մեղսասեր ու խստասիրտ էին ծառաների և անասունների նկատմամբ, հարկից դրդված Աստված նրանց մեջ գթասրտություն առաջացրեց ծառաների և անասունների հանդեպ (պատվիրելով)` «թող հանգստանան քո ծառան, աղախինը, քո գրաստն ու եզները» (Բ օր, Ե 14), որպեսզի դու գոնե շաբաթ օրը դադարես մեղքերից, որովհետև օրվա անունն իսկ Պարապություն և Հանգստություն է: Եվ պատվիրանը նրանց անկատար մանկամտության համար դաստիարակ էր: Իսկ երբ Քրիստոս եկավ կատարելու օրենքները և իրականացնելու Ավետարանի ուսուցումը, Վարդապետը բարի գործերով լուծարեց շաբաթը, ինչպես և իր Հայրը, որ մշտապես հակված էր դեպ բարին և մեզ էլ նույն էր հարամայում. «Կատարյալ եղեք ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ» (Մտթ. Ե 48): Այդ պատճառով զանց առնելով հրեական (օրենքը) յոթներորդ օրվա պատիվը տալիս ենք սուրբ նահատակների հիշատակին` այդ օրը կատարելով (նրանց տոնը), նաև` նիկիական սահմանադրության, որովհետև նրանք բազմարդյուն աշխատանքով և իրենց արյամբ հանդարտեցրին Աստծո կամքը (օրվա) շաբաթ (հանդարտություն, հանգստություն) անունով, քանզի (նրանք) անբաժանելի են Տիրոջից ինչպես շաբաթը` կիրակիից: Իսկ կիրակի օրը ազատ ենք մնում աշխատանքային գործերից, որովհետև այն արարչության անդրանիկն ու սկիզբն է, որ ընդունեց Քրիստոսի հարությունը և նմանապես նրանում է ավանդվելով պահվում բոլորի հարությունը, որ լինելու է աշխարհի վախճանին: Քրիստոյաները պատվեր ունեն այդ օրը զերծ մնալ մարմնական հոգսերից և հիշել իրենց սխալները, որ գործել են վեց օրերում և այն մաքրել խոստովանությամբ, զգուշությամբ, երկյուղով իմաստանալ առաջիկա օրերին և սուրբ խորհրդով հաղորդվել աստվածային փառքին: Հինգերորդ պատվիրանն ասում է.
Պատվիր քո հորն ու մորը. Սա երկու հնգյակների մեջտեղում է. առաջինի, որ կոչվում է տերունական և հրամայական և երկրորդի, որ կոչվում է մարդկային և հրաժարական: Եվ այս հիրավի որ այսպես է, որովհետև հայրն ու մայրը միջին են ու ծնողությամբ նման անմահ Աստծուն և այս մահկանացու աշխարհին, որոհետև սրբորեն և անմարմնապես ծնելն ու անգոյությոնից գոյության բերելը միայն Աստծուն է պատկանում. և նմանությունն ու պատկերն են այս տեսանելի աշխարհի նրանով, որ ապականացու և ախտակից են: Այս պատճառով աստվածասերներին հարկ է ծնողասեր լինել, և սա լոկ երախտիք կամ շնորհ չէ, այլ հատուցումն է պարտքի և այնպիսի երախտիքի, որ ինչ ջանք էլ որ թափեն չեն կարող հավասարապես փոխհատուցել, և [միշտ] մի բանով ետ են մնում, քանզի ինչպես կարող են նրանց ծնել, և այն բոլորը, ինչ ունեն, նրանցից է, որոհետև, ինչպես ասում են, ծնողները տեսանելի աստվածներն են: Աներևույթ Աստված [ծնողն է] բովանդակ աշխարհի, իսկ ծնողները` իրենց ծնունդների` ի հաճություն Արարչի բարեհաճ կամքի` դառնալով Նրա պատկերն [հանդիսացող] մարդկային ցեղի աճման միջոցը: Նաև գառները, հորթերը, կորյունները և բոլոր կենդանիների ձագերը բնական գութով փարված են իրենց մայրերին, բոլոր թռչունների ձագերը ևս, մանավանդ արագիլների, ինչպես ասում են, նրանք ծերացած ծնողներին հանդարտությամբ շրջեցնում են` օգնելով թևերին` այստեղ այնտեղ են տանում, իսկ շատ տկարներին կերակրում են իրենց որսից` նստեցնելով բնի մեջ, ինչպես իրենք իսկ պետք է վայելեն իրենց տկարության ժամանակ [ի տրիտուր] ծնողական խնամքի[7]: Եվ վատթարագույն բանն է անբան անասուններից և անգութ թռչուններից ավելի երախտամոռ գտնվել ծնողների հանդեպ: Բայց այս պատվիրանը չի [թողնվում] առանց խոստման ու բարի ավետիսի. այլև` հույժ շահավետ վարձի, ինչպես ասում է. որպեսզի բարի լինի քեզ և երկարակյաց լինես երկրի վրա: Ինչպես աստվածընկալ Պողոսն է նորադարձներին այս առաքինության մեջ հորդորելով տվյալ խոստումը հիշում` ասելով, «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարի լինի քեզ» (Եփես. Զ 3): Սա բարի լուրի առաջին պատվիրանն է, որ թեպետև հինգերորդն է, բայց պատվիրաններից առաջինն է, որ խոստում ունի, որովհետև Տասնաբանյայի մյուս խոսքերը կատարողների համար խոստման ավետիս չունեն, բայց միայն այս, որ ծնողներին պատվելու համար է: Արդ, համառոտ տեսական մեկնությամբ ավարտելով [Տասնաբանյայի] աստվածային և նվիրական առաջին հնգյակը, գանք երկրորդ [հնգյակին], որ հորդորական է մարդկանց [համար] և օժանդակում է [մարդու] ընկած բնությանը, որ ասում է.
Մի սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մի՛ ցանկացիր. մեծ իմաստասեր Փիլոնը նախ շնությունն է դնում, հետո` սպանությունը, բայց Մովսեսի գրքի բնագրում սկզբից «մի՛ սպանիր»-ն է դրված, որ հարմար և Արարչի իմաստությամբ առավել պատշաճ է, որովհետև նախ Աբելի հանդեպ Կայենի կատարած սպանությունից է սկսվում և հետո, շատ ժամանակ անց Սեթի որդիների շնությունն է: Այս պատճառով պատվիրանի բժիշկը, ելնելով մեր կորստյան փաստից, սպանությունից խորշում է իբրև առաջին ախտից, որով սատանան ավելի զայրացրեց Աստծուն և շարժեց նրա բարկությունը Կայենի տան նկատմամբ մինչև որ նրա հիշատակը ոչնչացրեց կորստյան ջրհեղեղով: Եվ դրանից հետո Նոյին և նրա որդիներին պատվիրեց մարդու արյուն չթափել, ապա թե ոչ` ասում է. «Ես վրեժխնդիր եմ» (Բ օր. ԺԸ 19), որովհետև երկրի վրա մարդուն արարեցի Աստծո պատկերով, որի պատճառով եղբորից պիտի պահանջեմ մարդու թափած արյունը և բոլոր գազաններից պիտի պահանջեմ մարդու արյունը: «Եղբորից» ասելով ցույց է տալիս, նույն բնությունը և նույն Աստծո գործը, իսկ քրիստոնյաները` առավել ևս, որ Քրիստոսի մարմինն են և մեկ մայր ունեն (մկրտության) ավազանը, մեկ կերակուր` Տիրոջ մարմինը և մեկ խրատող` Ավետարանը, և հրավիրված են (ի պատասխան) նույն հույսի կոչին և պարտավոր են մեռնել միմյանց համար, համաձայն Քրիստոսի օրինակի: Ուստի ով կամովին պատճառ է դառնում քրիստոնյայի մահվան` մարմնակից և հաղորդակից է Քրիստոսին խաչողներին, եթե ըստ արժանվույն չապաշխարհի, որի համար հին [իմաստասերներից] մեկն ասում է. Ահա մենք պահարանի նման ենք և արարչական կապիչը մեր վրա է, և հարկավոր չէ կապիչն ու զմուռսը եղծել, որովհետև սպանելն ու պատառոտելը ձկների ու գազանների գործն է, երբ մանրները կերակուր են դառնում մեծերին ու անհագներին: Մինչդեռ Տիրոջ հրամանով մարդկանց թույլատրված է ոչխարներ ու արջառներ մորթել և այլ կենդանիներ թռչյուններից, երեներից: Իսկ մարդու սպանությունը անչափ ատելի և աններելի է Աստծուն, մինչդեռ ակամա սպանության համար, որ լինում է օտար թշնամիների հանդեպ, կանոններով սահմանված է ապաշխարհություն: Որի պատճառով (խոսքն ուղղելով) խակասիրտ հրեաներին, սպանությունն արգելում է մահվան սպառնալիքով: Կա նաև մի սպանություն, երբ մեղքով սպանում ենք մեր հոգիները, ինչպես և գրված է, թե, «Ամեն ոք, ով մեղք է գործում` կմեռնի»:
Յոթներորդ պատվիրանը, որ երկրորդ հնգյակինն է, ասում է.
Մի՛ շնացիր. Սա սկսվեց ջրհեղեղից առաջ Սեթի որդիներից, ովքեր շնությամբ մտան Կայենի դուստրերի մոտ ու դրժեցին Աստծո ուխտը, որ հաստատված էր Կայենի և Սեթի տան միջև` իրար հետ չխառնակվել խնամությամբ, որովհետև Կայենի թոռները` տղամարդիք սատանայի ուսմունքով գտան գուսանությունը և կանայք` սյուրման և շպարը, շարժեցին աստվածասեր մարդկանց ցանկության գրգիռը, որից, այն է` շնության ախտից և շատացավ սպանությունը, որի մասին սուրբ Եփրեմն ասում է, թե քսանից ավելի տղամարդ կապվում էր մի կնոջ հետ, որից գարշեց Աստված և զզվելով ասաց. «Իմ հոգին այլևս չի մնալու մարդկաց մեջ դրանց ախտ և մարմին լինելու պատճառով» (Ծնդ. Զ 3)[8]: Այս երկու չարիքի` սպանության և շնության պատճառով ջրհեղեղով ջնջվեցին ոչ միայն մարդիկ, այլև` բոլոր կենդանիները, բացի նրանցից, որ իբրև աշխարհի սերմ Արարչի ողորմությամբ պահպանվեցին տապանի միջոցով: Բայց հետո երբ մարդիկ բազմացան դարձյալ երևաց չարը Եսավի, Ռուբենի, Հովնաթանի և շատերի մեջ ու դեռ երևում է ախտասեր, տռփոտ և անզուսպ մարդկանց մեջ, որոնց մասին խոսելով սուրբ Երեմիա մարգարեն ոչ միայն շներ, այլ նաև իգամոլ ձիեր, տղմասեր խոզեր է անվանում այդպիսիներին, ովքեր կին ունեն, բայց չեն գոհանում դրանով, դրանց հիրավի որ շուն պետք է անվանել, որովհետև անզույգ լինելը հատուկ է շներին ու պոռնիկներին, ովքեր չունեն օրինավոր ամուսիններ, այլ բոզերին իրենց տներն են բերում կամ գնում բոզերի մոտ, կամ էլ խաբում են պարկեշտ կանանց ու խաբվում անսուրբ կանանցից: Այս խոսքերը հավասարապես վերաբերում են տղամարդկանց և կանանց, որի մասին սուրբ Պողոսն ասում է. «Մի խաբվեք այն խոսքերով, որ ասում են, թե Աստված ողորմած ու ներող է, որովհոտև սպանողները, շները և պոռնիկները Աստծո արքայությունը չեն ժառանգելու». (Հմմտ. Եբր. ԺԳ 4 Գաղատ. Ե 21): Այս պատճառով արվամոլների և անասնամոլների չարագործությունը, ինչ հարկ ասելու, մահացու մեղք է, որով Սոդոմի, Գոմորի և Երիքովի պատիժները ցույց են տալիս չարիքի մեծությունը: Տերը Ավետարանով կտրեց սպանության և շնության արմատն ասելով. «Ով անտեղի բարկանա եղբոր վրա` գեհենով կհատուցի, և ով կնոջ նայի ցանկության համար` շնացավ սրտում» (Մտթ. Ե 22, 27): Եվ արդ, եթե բարկանալը տանում է գեհեն, իսկ նայելը` շնանալ է, ապա ի՜նչ են կրելու սպանողն ու շնացողը:
Սա առաջինից հաշված ութերորդ և երկրորդ հնգյակի երրորդ պատվիրանն է, որ ասում է. Մի՛ գողացիր, որի մասին սրբերից մեկն ասում է, թե գողը բոլորի թշնամին է,որովհետև նրա կամքն այն է, որ բոլորից գողանա, բայց տկարությունը խոչնդոտում է, և նա որքան կարող է չի խնայում և ոչ մեկին: Եվ սա նրանով է հայտնի, որ գողերից նրանք, ովքեր կարողություն առան, գավառներ, քաղաներ ու բերդեր գողացան: Այս պատճառով հարկ է մանուկ հասակից կրթել երեխաներին` չսովորել փոքր գողություններ, որպեսզի ( հետո) չձեռնարկեն մեծերը և անձնապարտ չլինեն Աստծուն, մարդկանց և արժանի չլինեն երկրորդ մահվանը, որովհետև հրամայվեց երեսի քրտինքով հաց ուտել և մեր վաստակով շորեր հագնել և ոչ թե ապականող մկների ու պատ ծակող վայրենի գազանների նման գողությամբ ուրիշներին թալանել: Եվ մեր կենսատու Տերը հրամայեց բաճկոն տալ նրան, ով խնդրում է ձեր շորերը ու եթե մեկը քեզ հարկադրի գնալ մեկ մղոն` նրա հետ երկուսն էլ գնալ և բոլորովին հակառակ չլինել չարին (Մտթ. Ե 40, 41, 39): Ապա ի՞նչ պատասխան պիտի տանք, երբ չարիքի պատճառ ենք դառնում շատերի համար` թալանելով ուրիշներին, բայց եթե Քրիստոսի աշակերտը լինենք` Նրա խրատները կկատարենք և մարգարեի երանությունը մեզ վրա կտարածենք, որ ասում է. «Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լավ պիտի լինի քեզ համար» (Սղմ. ՃԻԷ 2), այլև մերը տարածել ու տալ աղքատներին,որպեսզի մեր արդարությունը հավիտյան մնա` ջանք թափելով և օրուգիշեր կատարելով առաքելական խրատը` աշխատել մեկին չլինել ծանրություն, այլ տալ նրանց, ովքեր կարիք ունեն առատությամբ սերմանելու, որպեսզի հունձքի ժամանակ առանց հուսախաբ լինելու հավիտենական կյանք հավաքենք` (արդեն) այստեղ ստանալով հարյուրապատիկ շնորհ և օրհնություն:
Սա [առաջինից հաշված] իններորդ և երկրորդ հնգյակի չորրորդ խրատն է, որ ասում է. Սուտ մի՛ վկայիր, ինչը մեծ անօրինություն է նախ և առաջ ճշմարտության [նկատմամբ], որ Աստծո անունն ու զարդն է բոլոր իրերի, շինությունը ամբողջ աշխարհի: Սուտ վկան ավերող է, որովհետև վկայում է մի բանի համար, որ ոչ տեսել, ոչ էլ իմացել է: Նաև որովհետև այլոց մեղքին է հաղորդակից լինում ու վավերացնում այն` նրանց հաստատելով չարիքի մեջ, որ գործեցին, և համաձայն Տիրոջ վճռի նրանք դառնում են սատանայի բնակարան. «Երբ նա սուտ խոսի` ինքն իրենից է խոսում» (Հովհ. Ը 44) որովհետև ճշմարտությունը Աստծունն է, իսկ սուտը` սատանայինը. «ինքն իրենից»-ը այն է, թե սուտը իմը չէ, այլ սատանայինն է այն «գանձը», որով խաբեց նախամայր Եվային ու նրա բոլոր ծնունդներին, որոնց որ կարողացավ: Այդ պատճառով էլ ասում է. «Սուտ է նաև նրա հայրը», ոչովհետև ինքն է ծնողն ու սկիզբը ստության, և ամեն սուտ վկա մասնակից է նրա կամքին ու եթե չզղջա` տանջվելու է, որովհետև ասում է. «Տերը կորստյան է մատնում նրանց, ովքեր սուտ են խոսում» (Սղմ Ե 7), քանզի ամեն ճշմարտախոս բերան ճշմարտության հոգու դուռն է և ամեն սուտ շրթունք` դևերի ու դժողքի մուտքը:
Բայց մենք մեր բերանը բացենք Աստծո խոսքի ճմարտախոսությամբ, որպեսզի առնենք [Ս.] Հոգին և չկորզենք մահը` մեր շուրթերի վրա իբրև պահապան և ամուր դուռ դնելով Աստծո երկյուղը, որպեսզի մեր սրտերը չխոտորվեն Տիրոջից` չվարժվելով ճշմարիտ խոսքին, այլ նախակրթվում ստության մեջ, որ սուտ վկայությունն է, քանզի ասում է. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պետք է պարտավորվես» (Մտթ. ԺԲ 37):
Տասներորդ խոսքը Աստծունն է, որ երկրորդ հնգյակի ավարտն է:
Մի՛ ցանկացիր: Մանավանդ սա պատշաճ ու հանճարեղորեն է ասված, որովհետև տասներորդ պատվիրանի վախճանին ու ավարտին աստվածավայել «Մի՛ ցանկացիր»-ը դրեց, որ սկիզբն ու աղբյուրն է բոլոր մեղքերի, քանզի անհնար է մեկին առանց ցանկության կամավոր մեղքերի գործել` թե՛ շնություն, թե՛ սպանություն, թե՛ գողություն, և թե ամեն տեսակ մարմնական հանցանք, նաև հոգեկան նախանձ, հպարտություն, չկամություն, չարակնություն, հայհոյանք, բամբասանք, բանսարկություն և սրանց նման բաներ. այս բոլորի առաջնորդը ցանկությունն է: Այս պատճառով Աստված կամենալով կարճել ամեն տեսակ չարյաց արմատը, ասում է. Մի՛ ցանկացիր` իմանալով, որ ցանկությունը վնասակար դավադիր, դաժան և ամեն ինչ հաղթող բան է: Նրա զորությունից չի կարող զերծ մնալ և ոչ ոք, ով մասնիկ ունի կենդանական շնչի` թե՛ երկրային, թե՛ ջրային և թե՛ օդային կենդանիները, նույնիսկ սողունները, շնչաբույս բանջարեղենը, որովհետև նրանք իսկ ցանկանում են իրենց անհրաժեշտ հյութը, տարրերի համամասն բարեխառնությունը: Եվ եթե դա մյուս կենդանների բնության կարիքն ու գոյության պատճառն է` նրանց ավելցուկը մուտք գործելով մեր` մարդկանց մեջ ախտ ու մեղք է հորջորջվում և [դառնում] պատճառ հոգեկան մահվան, որովհետև մեր մեջ ևս, քանի դեռ ցանկությունը չի հիվանդացել` կեցության պատճառ է, անպարսավելի, որ բնական է, ինչպես կերակուր, շոր, արթուն լինելուց ու աշխատելուց հետո քնել ու հանգստանալ ցանկանալն է, ինչն անմեղադրելի է, որ ուներ նաև մեր Տեր Քրիստոս, որ ասում էր աշակերտներին. «Ցանկանալով ցանկացա ձեզ հետ ուտել զատիկը» (Ղուկ. ԻԲ 15): Սակայն [ցանկություն է] նաև Խոսքով առաջնորդվելով Աստծուն և աստվածային իմանալի կերակուրին ամենասուրբ, սնուցողական ըմպելիքին փափագելը: Բանական, մտավոր, Աստծո պատկերը և Քրիստոսի անդամը լինելով մեզ ևս վայել է նրանց նմանվել, ու երբեք նրանցից ավելի վատ չգտնվել` անբանությամբ, անասնական ախտով: Ըստ որում և արգելում է խոտելի ցանկությունները` ասելով մեզ.
Մի ցանկացիր քո ընկերոջ կնոջը, ոչ էլ նրա այգին և ամենը, ինչ քոնը չէ: Այս պատճառով Քրիստոս խրատում է մեզ ասելով. «Ձեր գոտիները թող պնդված լինեն մեջքներիդ» (Ղուկ. ԺԲ 35), այսինքն` ասում է` երիկամների, այն է` բանական հոգու վրա կապեք գոտին [երիկամների], որ ցանկության տեղն է, որպեսզի շրջվի դեպ վեր առ Աստված երկնային անճառելի հոգևոր բարիքները, համաձայն հրային բնության, որ մշտապես միտում է դեպ վեր, որովհետև ցանկությունը տաք է, ըստ այնմ և որոշ աշխարհական [մտածողներ] այն հուր են անվանում: Եվ իր բնությունն այն է, որ խոսքի թևով վեր է ընթանում և ոչ թե նյութական բաների պես ներքև թափվում, ինչպես Սոդոմի օտար կրակը, որ բնությանն հակառակ վերից վար էր թափվում իբրև անձրևի ջրի կաթիլներ և ձյունով փրփրած թանձր օդ, որ ձյունաբեր եղանակին մասնատվելով թերթ թերթ իջնում է երկնքից, որովհետև սոդոմացիները էգերի բնական պետքերի հանդեպ ցանկության բնական շարժումը, հակառակ արարչադիր մեր բնության, շեղեցին դեպ անբնականը: Այդ պատճառով Դատավորը օտար պատժով էր դատում նրանց` ծծումբի վերածելով ցորենաբեր, գինեբուխ, մրգաբեր օդը և ռունգերի շնչառությունը հանդարտեցնող ցողաբեր, կենդանարար օդը դարձրեց բորբոքված կրակի բոցեր և խեղդող մահասպան հեղձուկի, որից խրատվելով զգուշանանք մեր բնության կարգին և քրիստոսադիր օրենքներին, որոնք եկան Իսրայելի Նոր օրենքներով լրացնելու հին ստվերի թերին[9]. մենք, որ նրա անդամն ենք և նրա մարմնի մարմինը ու նրա ոսկրի ոսկորը միացած ահալի Գլխին (տե՛ս Եփես. Ե 30), որ մեր օրենքն ու կենդանության սահմանն է` նստած Ծնողի աջ կողմը, որ իբրև նախակարապետ գնացել է մեզ համար պատրաստելու անապական փառքի ճոխ սեղանը, որի մասին է խորհել տալիս սքանչելի Պողոսը` ասելով. «Վերին բաների մասին խորհեք, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմում» (Կողոս. Գ 2):
Բայց պետք է իմանալ, որ Տասն պատվիրանը իբրև ընդհանուր, բոլոր տեսակների և մասնակի պատվիրանների բովանդակիչը, հավաքիչն ու իմի բերողն է, որ ամբարված գտնվում են բոլոր աստվածաշունչ գրքերում: Առաջինը, որ ասում է. Ես եմ քո Տեր Աստվածը. Տերը Հայրն է Աստվածը` Որդին: Եվ [այն խոսքն, որ] ասում է, թե` Թող քեզ այլ Աստված չլինի` Սուրբ Հոգին է. երեք անձեր փառավորված մեկ բնության և իշխանության մեջ.
Երկրորդը, որ ասում է, թե` Քեզ համար մի՛ պատրաստիր ձեռագործ կուռքեր` կարգադրում է մեզ հեռու մնալ չար բաներից, որոնք ձեռքով են ստեղծվում և հաստատվում տևական սիրով, [մարդուն] կապվում առանց տրոհվելու իբրև մի պաշտելի գործ, ինչպես ոսկու, արծաթի հանդեպ սերը [բաներ], որոնք ձեռքով են ստեղծվում և պահվում իբրև մնայուն ու սեփական, և կամենում ենք ուրիշներինը ևս մերը դարձնել: Եվ սա կռապաշտություն է համարվում, ինչպես ասում է առաքյալը. «Ագահությունը, որ կռապաշտություն է» (Կողոս. Գ 5):
Իսկ երրորդը ասում է. Քո Տեր Աստծո անունը իզուր մի տուր. մեզ սովորեցնում է ամենևին չերդվել, որովհետև զուր և ունայն են այս [աշխարհի] բաները: Սրանց պատճառով վայել չէ երդումով տալ Աստծո ահագին անունը:
Եվ չորրորդը ասում է. Զգույշ եղիր շաբաթ օրը` խրատելու մեզ` զերծ մնալ ամեն տեսակ չարից և մեր հոգին հանգիստ պահել խղճի խայթից, որ գործից հետո դառնում է մեր ոսոխն ու դատախազը, որովհետև Շաբաթը պարապություն և հանգիստ է կոչվում:
Իսկ հինգերորդն ասում է Պատվիր քո հորն ու մորը. սա իր մեջ պարունակում է թագավորներին, իշխաններին, դատավորներին, ավագներին, ծերունիներին և երախտավորներին [տրվելիք] պատիվը, որովհետև սրանք բոլորը ծնողների կարգին են, և մենք պարտական ենք հնազանդվել սրանց որպես ծնողների:
Իսկ վեցերորդն ասում է. մի՛ սպանիր. սա իր մեջ ըստինքյան մեկին չգանակոծելու, չզրկելու, չհայհոյելու, չբամբասելու, չատելու խրատ ունի, որովհետև նա, ով ատում է իր եղբորը` մարդասպան է (Ա Յովհ. Գ 15), և ամեն մարդասպան կյանք չունի իր մեջ:
Յոթներորդ պատվիրանն ասում է. մի՛ շնացիր. սա իր մեջ ըստինքյան բովանդակում է բազում զգուշություն անարժան արվամոլներից, անասնամոլներից, որ ահավոր է լսողների և ծանր` պարկեշտ ու աստվածասեր մարդկանց համար. դրանք սատանայի գյուտեր, դիվական ոճիրներ, Աստծո բարկությունից եղած աշխարհակործան ավերներ, բայց նաև կատակաբանություն, կանացի բամբասանք, կենցաղայնություն և ստորին նայվացքներ են, որոնց տերունական խոսքը սրտի շնություն է անվանում (Մտթ. Ե 28):
Ութերորդ պատվիրանն ասում է. Մի՛ գողացիր, սա մեզ արգելում է հափշտակել ուրիշի բարիքը, [զերծ պահում] ագահությունից, կաշառքից և սրանց նման ախտերից:
Օրենքի իններորդ խոսքն ասում է Սուտ մի՛ վկայիր, ինչը խրատում է մեզ չանիրավել, չդատապարտել, որովհետև բոլոր դատարկաբանների փոխարեն պատասխան ենք տալու դատաստանի օրը` չլինել կասկածամիտ, բանսարկու, չարագրգիռ, շողոքորթ, կեղծավոր, քինախնդիր, երդմնազանց, շատախոս, ով չի փրկվում մեղքից. սրանց նման այլ բաներից հարկ է հրաժարվել աստվածասեր մարդկանց:
Տասներորդ պատվիրանն ասում է. Մի՛ ցանկացիր, որ արգելում է ցանկացողի բոլոր (քմահաճությունները), ովքեր տարտղնված են ամեն տեսակ հակառակ գործերի մեջ, ըստ կերակուրների, խմիչքների, շորերի, շինությունների, իշխանությունների և սրանց նման բաների հանդեպ ունեցած ճաշակի, որին մարդիկ հոժարում են` պարտվելով (հոգու) անբան և անասուն մասից և հարբելով չարի դեղատվությունից: Եվ չկա որոմի մի սերմ, որից բժշկվելու դեղ չգտնվի Աստծո Տասնաբանյա պատվիրանների հրամաններում, որի պատճառով այն պարունակողն ու բովանդակողն է օրենքի բոլոր խրատների, որոնք կան աստվածաշունչ գրքերում:
Արդ, Տասն պատգամները` հինգ հինգ, որոնք բաշխված են երկու պնակիտներում համեմատված և Քրիստոսի մեջ են միավորված այսպես. առաջին հնգյակի առաջին խոսքը, որ ասում է. Ես եմ քո Տեր Աստվածը` Քրիստոս, Թող քեզ այլ աստվածներ չլինեն, և սա հաստատում է երկրորդ հնգյակի առաջին խոսքը, որ տասի շարքում վեցերորդն է. Մի՛ սպանիր քո Տիրոջը և մի՛ եղիր աստվածասպան: Առաջին [հնգյակի] երկրորդ խոսքը` Քեզ համար մի՛ պատրաստիր ձեռագործ կուռքեր` համապատասխանում է երկրորդին, որ ասում է Մի շնացիր, որովհետև կռապաշությունը շնություն է անվանվում. [քանզի կռապաշտ է նա] ով լքում է երկնավոր փեսա Քրիստոսին: Եվ սա Տասից հաշված հինգերորդը և առաջին [հնգյակի] երրորդն է, որ ասում է. Քո Տեր Աստծո անունը իզուր մի տուր և այլն: Ութերորդը և երկրորդը [հնգյակի] երրորդը ասում է. Մի՛ գողացիր Քրիստոսի Աստվածության [մասին խոսող] գրքի վկայությունը որովհետև ով գողանում` նա ստում է: Իսկ առաջին [հնգյակի] չորրորդը,որ ասում է Հիշիր շաբաթ օրը, երբ Քրիստոս գործելուց հետո Խաչի վրա հանգչեց, որպեսզի, երբ հարություն առնի, սուտ չվկաես, թե` «աշակերտները գիշերը եկան գողացան» (Մտթ. ԻԸ 15), որի մասին [ակնարկում է] Իններորդ պատվիրանը, որ երկրորդ հնգյակի չորրորդն է: Իսկ առաջին հինգերորդն ասում է. Պատվիր քո հորն ու մորը. Աբրահամին և Սառային` հավատալով օրհնության պարգևական զավակին` Քրիստոսին և չցանկանալով Խաչ հանել նրան, այլ կամենալով Պիղատոսին աղաղակել ասելով. Անգութ: Սա երկրորդն է, ինչը վկայում է երկրորդ հնգյակի առաջին խոսքը, որ տասներորդ պատվիրանն է եզրափակում:
Արդ, օրենքի տասն խոսքերը գլխավորն են ու ավելի տարողունակ քան Հին և Նոր Կտակարանները, ինչպես և ասվեց, թե «հնար կա է՛լ ավելի բազում ընդարձակությամբ լայնանիստ ծովում նավարկել` լուսածնունդ մարգարիտներ և պատվական ակնեղեն գտնելու համար»[10]: Բայց քանի որ գիտուններից խոսքի չափավորության խրատն առանք, ուստի բավական են ասված խոսքերը մեր կյանքի զգուշության համար` սրանցով դաստիարակվելով աշխարհիս հանցավոր և սնոտի կերպարանքի նսեմության մեջ` (պատվիրաններով) իբրև երկնքի աստղերով նկատելու հանդերձյալ աշխարհի նավահանգիստը և դեպ այնտեղ ուղղելու մեր մտքի մակույկները` ընդդիմակայելով հեշտալի հողմերի խռովության և փառքի ու փառազրկության տրտմություններին, չբարձրամտել ու չվստահանալ հաջողությամբ ու բարեկամներով [և չհուսահատվել] չար բախտից, թշնամանքից և տրտմությունից, որովհետև [սրանք] ստորին աշխարհի կիրքն ու բարքն են, ի սկզբանե մարդկային գյուտեր, մարդկային վարքի [հետևանքով եղած] փորձություններ: Հորդորական այս խոսքերը առավելապես թող ձեզ լինեն` նորահասակ մանուկներ և երիտասարդներ` արթնությամբ արիանալու ընդդեմ չարի և պահքով, աղոթքով հարատևելու [Սուրբ] Գրոց և գիտունների խրատների մեջ, զարդարվելու` երկյուղով և հարսնանալու` սիրով, սպանելու արյան և մարմնի [տռփական] տաքությունը և նենգությունը, ազատ պահելու մտքի ճանաչողությունը, որովհետև ազատամտությունից է այստեղի արքայությունը[11]:
Եվ Ինքն Աստված` Հին և Նոր պատվիրանների պարգևողը, ողջերի ու մեռյալների դատավորը, սրբոց փառավորիչը, թող ձեզ բոլորիդ դարձնի բարի պատվիրանների շտեմարան` ձեր սրտերը` Աստծո մարմնացած սեղան, աստվածագիծ տախտակների պնակիտներ` գրված Սուրբ Հոգով` անձանց և այլ [պակեշտ մարդկանց] սպասավորելով այս Հին և Նոր կտակի անխոտոր ճանապարհով:
Արդ, նույն Ինքը նստած երկինքների երկնքում, արևելքից թող մեր հայրապետական աթոռը հաստատուն ու անշարժ պահի և արեգակից ավելի պայծառ, և այժմվա աթոռակալին երկար օրեր պարգևի և Տիրոջ առջև հանի առանց ամոթի: Թագավորների թագավորը` Աստված թող Խաչով օրհնի պսակված այս թագավորին, աշխարհակալներին, իշխաններին, մանավանդ քրիստոնեական հավատով զարդարված և Քրիստոսի կամքով ազատագունդ բանակներն [առաջնորդող] իշխաններին, և թող զորացնի ռամիկ հեծյալններին ընդդեմ ուղղախառ հավատքի պատերազմողների` խաղաղության և զգոնության մեջ պահելով մենաստանները, կրոնավորներին, երկնանման վանքերը,պատվիրանների կարգ ու կանոնով, օրենքով` ամուր և անդրդվելի, քաղաքներն ու գյուղաքաղաքները` բարեկարգ ու օրինապահ, գյուղերն ու ագարակները բարեխրատ և երկյուղազարդ դարձնի և առհասարակ եկեղեցականներին ու աշխարհականներին, տղամարդկանց և կանանց, ծերերին ու մանուկներին անարատ, անսխալ, անբիծ և անբանբաս պահի` բոլորի մեջ ծրարելով Իր երկյուղի, Քրիստոս Աստծո սիրո մեջ, որպեսզի մենք ևս միմյանց օգնելով Աստծո հզոր զորությունից ընդունենք սփոփական մխիթարությունը, և Նա մեր սուգը ուրախության կվերածի, մեր ցավերը` առողջության, մեղքերը` արդարության, մահկանացու լինելը` անմահության, այստեղի կյանքը` երկնավոր արքայության ժառանգության, որ ճշմարտապես փրկվածների համար ցնծություն և ուրախություն է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեջ, Նրան փա՜ռք:
[1] Արիստոտելի (384-331 թթ. Ն.Ք.) այստեղ ակնարկված երկին («Ստորոգութիւնք») բացառիկ կարևոր դեր է վիճակվել միջնադարի փիլիսոփայական մտքի պատմության մեջ (տե՛ս Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը (հոդ. ժողովածու), Եր., 1980): Ուսումնական նպատակով շարադրվել են այդ աշխատության մեկնություններ (Պորփյուր, Մովսես Քերթող, Վահրամ Րաբունի, Պետրոս Բերդումյան և ուրիշներ): Երկի հայերեն թարգմանությունը հրատարակվել է հետևյալ գրքում «Կորիւն վարդապետի, Մամբրէի վերծանողի և Դաւթի Անհաղթի մատենագրութիւնք», Վենետիկ, 1833, էջ 359-408:
[2] Փիլոն Եբրայեցին կամ Ալեքսանդրացին (20 Ն.Ք. – 54 Ք.հ) Հին Կտակարանի այլաբանական, խորհրդական մեկնաբանության հիմնադիրն է, որի ժառանգությունը շոշափելի ազդեցություն է գործել քրիստոնեական միջնադարի մեկնաբանական ավանդույթի վրա: Այստեղ Վարդանը նկատի ունի Փիլոնի Ելից գրքի մեկնությունը. տե՛ս «Փիլոնի Եբրայեցւոյ մնացորդք ի Հայս…», Վենետիկ, 1826, էջ 330:
[3] Նկատի ունի Հերմես եռամեծ իմաստասերին, որի կիսառասպելական անձը նույնացվել է եգիպտական Թոթ չաստծո հետ` երբեմն համարվելով նաև վերջինիս հայրը: Նրա անունով հայտնի են ալեքսանդրյան խորհրդապաշտական միջավայրի ծնունդ «հերմեսյան գրվածքներըե» (Ա-Բ դդ.), որոնցից մեկը` «Հերմեայ եռամեծի առ Ասկղեպիոս Սահմանք»` մեզ հասել է միայն հայերեն թարգմանությամբ (հրատ. Հ.Մանանդյան, «Բանբեր Մատենադարանի», թիվ 3, 1956, էջ 298-313):
[4] Նկատի ունի Պտղոմեոս Փիլադելփոս թագավորին (284-247թթ. Ն.Ք.), որ անսալով Դիմիտրիոս Փալարեացու հորդորին Երուսաղեմի Եղիազար քահանայապետից խնդրեց իրեն առաքել հրեից սրբազան գրքերն ու հունագետ հրեաներ` հունարեն թարգմանելու այդ գրքերը: Ավանդությունը (Ա դ. Ն.Ք.) ասում է, որ երբ 72 թարգմանիչների իրարից անկախ կատարած թարգմանությունը համեմատում են, տեսնում են, որ դրանք բառացիորեն համապատասխանում են իրար: Ժամանակի ընթացքում այդ թարգմանությունը սրբագործվում է և թարգմանիչների թվով հորջորջվում Յոթանասնից (հունարեն Septuaginta):
[5] Եվագր Պոնտացին (346-400) Անապատական մատենագրության երևելի դեմքերից մեկն է: Թողել է հոգևոր ապրումի խորությամբ աչքի ընկնող մի շարք երկեր, որոնք հայերեն են թարգմանվել Ե դ., և հրատ. հ. Բ վրդ. Սագիսեան, «Վարք և մատենագրութիւնք սրբոյ հորն մերոյ Եւագրի Պոնտացւոյ», Վենետիկ, 1907:
[6] Վաղամեռիկ որդու պատկերի մեծարումը կռապաշտություն է որակված նաև ս. Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկ»-ում. տե՛ս աշխրհ. թրգմ. և ծանոթ. Հ.Քյոսեյանի, Եր., 1995, էջ 18:
[7] Միտքը քաղված է Փիլոն Ալեքսանդրացու Տասնաբանյայի մեկնությունից և «Վասն կենդանեաց առ Լիւսիմաքոս» երկից, տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հտ. Ա, էջ 337 («արագիլե):
[8] Քաղված է ս. Եփրեմ Ասորու Ծննդոց գրքի մեկնությունից. տե՛ս Ս. Եփրեմի մատենագրութիւնք, Հտ. Ա, Վենետիկ, 1836, էջ 41:
[9] «Ստվերնե ակնարկում է Հին Կտակարանը, իսկ լույսը, ճշմարտությունը` Նորը, որը լրացնում է «ստվերի թերին»:
[10] Բառացի քաղված է Տոնապատճառ ժողովածուից. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Հտ. Ա, Վենետիկ, 1836, էջ 897:
[11] Միտքը գրեթե բառացի քաղված է Տոնապատճառ ժողոված-
ուից ու Եվագր Պոնտացու մատենագրությունից. տե՛ս «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», հտ. Բ, էջ 200:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: