Գլուխ 20

Եվ Տերն ասում է Եսայուն. «Գնա և հանիր քուրձը վրայիցդ» (20։2)՝
   
   Այն, որ հագել էր Ոզիայի պատճառով: Տե՛ս, թե ինչ հանդերձ ուներ մարգարեն իր մարմնի վրա. քուրձը նախ ցույց էր տալիս ճգնությունն ու խիստ վարքը, որովհետև նման չէր նրանց, ովքեր զարդարված էին փափուկ հանդերձներով և [բնակվում էին] թագավորական պալատներում: Երկրորդ՝ որովհետև սգում էր ժողովրդի վրա գալիք չարիքի համար. լինելիքը նա տեսնում էր սկզբից ու սուգ էր պահում, ինչպես նրանք, ովքեր իրենց սիրելիների համար սև են հագնում: Նա և Դանիելը քուրձ էին հագնում ու ճգնում մոխրի մեջ, նաև Սամվելն ամեն օր սգում էր Սավուղի համար, Հովհաննեսը ուղտի մազ էր հագնում, Եղիան՝ մաշկե հագուստ: Երրորդ՝ որպեսզի սգո կերպարանքով հաստատի իր խոսքը, որպեսզի երկյուղեն ու դարձի գան չարիքից և փրկվեն սպառնալիքից, ինչպես նինվեացիները: Չորրորդ՝ որպեսզի սգային Երուսաղեմ քաղաքի վրա, որ չէր ընդունելու Քրիստոսին, որի պատճառով Տերն իսկ արտասվեց: Հինգերորդ՝ որպեսզի սգային փառակենցաղ դրախտից մեր բնության՝ լուսեղեն հանդերձներից և անմահ կյանքից զրկված այս անեծքի երկիրն ընկնելու համար: Վեցերորդ՝ որպեսզի հաստատապես իմանային, որ այսպիսի գգեստներով ու տխուր կյանքով վերստին ընդունելու են փառքը, որից զրկվել էին, համաձայն այն խոսքի, թե՝ «Ով խոնարհեցնի իր անձը՝ բարձրանալու է» (Ղուկ. 14։11), ինչպես որ այժմ էլ շատերը կան, որ այսպես քրձազգեստ են ու սգում են աշխարհի համար, քանի որ այն չարի տիրապետության տակ է, և սգացողները ակնկալում են հավիտենական մխիթարություն ու պայծառություն:

   Հարց. Ինչո՞ւ է հրամայում մերկանալ:

   Պատասխան. Սա շատ պատճառներ ունի.

   Նախ՝ համաձայն [Սուրբ] Գրքի` օրինակ լինելու նրանց համար, քանի որ ողորմելի կյանքով ապրող ծերերն ու մանուկները գերեվարվելու էին մերկ ու բոկոտն: Այս պատճառով կարգադրում է մերկանալ [ծանրագին զգեստներից], որպեսզի ահագին թվա սպառնալիքն ու դրա համբավը փութով տարածվի բովանդակ երկրով մեկ:

   Երկրորդ՝ հրամայում է մերկանալ, որպեսզի հայտնի դարձնի մարգարեի համակ հնազանդությունը, ըստ որի նա լավ համարեց Աստծո հրամանը կատարել և [չխորշել] ծաղրի ենթարկվելուց, որովհետև հարկ է հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաններին, մինչդեռ մենք ոչ միայն չենք կատարում դրանք, այլև ունկնդիր չենք անգամ չնչին ու փոքր պատվիրաններին, որոնք պատգամում են սիրել Աստծուն, հորը, մորը, ընկերներին և ողորմել աղքատին (Բ օր. 11։22, Առակ. 14։31)։Աստծո կամեցած մյուսբոլոր առաքինություններըևս ավելի փոքր են, քան ամենքի առջև մերկանալն ու ժողովրդի մեջ ծաղրուծանակի ենթարկվելը, ինչպես պատահեց մարգարեի հետ: Բայց մարգարեն, ձերբազատվելով ամեն տեսակ նախատինքներից, չէր ամաչում չորս պատճառով. նախ՝ որովհետև ծաղրական ու ամոթալի գործն այն է, ինչ չի հրամայում Աստված, մինչդեռ Աստված ինչ հրամայում է, ամոթ չէ, այլ պարծանքների պարծանքն է:

   Երկրորդ՝ որովհետև ժողովրդի փրկության համար էր դա, ուստի մարգարեն չէր ամաչում. [սա] ցույց է տալիս նրա առավելագույն գութը, քանզի նրանց փրկության համար արհամարհեց ամոթը, ինչպես և մեր Տիրոջ համար է ասում Պողոս առաքյալը, թե՝ «Հանձն առավ չարչարանքը, արհամարհեց ամոթը» (Եբր. 12։2):

   Երրորդ՝ չէր ամաչում հանուն վարձահատուցման, ինչպես որ մարտիկներն են մեռնում հանուն պսակի: Իսկ ո՞րն էր այդ պսակը․ այն, որ մարգարեն Աստծո ծառա կոչվեց, ,ինչպես ավելի ուշ պիտի գրեր. «Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային քայլեց մերկ և բոկոտն» (20։3)։ Իսկ եթե թագավորի ծառա լինելը պատիվ է մարդու համար, ապա որչափ ևս առավել պատիվ է Աստծո ծառա կոչվելը:

   Չորրորդ՝ նա չէր ամաչում, քանզի զգեստի փոխարեն հագավ Աստծո հրամանը , և Աստծուն շատ մոտ տեսնելով՝ չէր նայում մարդկանց, որոնց մեջ շրջում էր, քանի որ, ինչպես հայտնի է, մտքի տեսությունն ավելին է, քան աչքերի զգայությունը:

   Այժմ վերադառնանք այն հարցին, թե հանուն ինչի մերկացավ մարգարեն: Դրա պատճառներից երրորդ այն է, որ մտածելու տեղիք տա մեր նախնիների՝ դրախտից մերկանալու և այն խոսքի մասին, ըստ որի «Մերկ ենք գալիս այս աշխարհ և դարձյալ մերկ ենք դուրս գալու այնտեղից» (Հոբ 1։21), ինչպես Հոբն է ասում: Չորրորդ՝ մարգարեն մերկացավ քուրձերից որպես օրինակ հին Իսրայելի ստվերանման օրենքների, որովհետև Իսրայելը ևս մերկանալու էր այդ օրենքներից, երբ Աստծո հրամանը, այսինքն՝ Աստծո Բանն իջներ երկնքից: Եվ մերկացավ հին օրենքը, ինչպես Պողոսն այլաբանությամբ էր ասում. «Ամեն ինչ, որ հնանում է, մոտ է ապականությանը» (Եբր. 8։13):
   Հինգերորդ՝ մարգարեն մերկացավ որպես Քրիստոսի օրինակ, Ով մերկացավ Խաչի վրա։ Եվ ինչպես մարգարեի մերկությունը եգիպտացիների համար խայտառակություն էր, այդպես և Տիրոջ մերկությունը նշանակն էր սատանայի խայտառակության ու դժոխքում գտնվող գերյալների գերության, ինչպես ասում է Պողոսը. «Զինաթափ արեց իշխանություններին ու պետություններին, հրապարակավ խայտառակեց նրան իր անձի մեջ» (Կողոս. 2։15): Եվ Դավիթն ասում է. «Գերեց գերությունը և ավարառու եղավ» (հմմտ.Սաղմ. 67։19), և Եգիպտոսի ու Բաբելոնի նման կործանեց նաև դժոխքը:
   Վեցերորդ՝ մարգարեն մերկացավ Քրիստոսին հետևողների օրինակով, նրա՛նց, ովքեր ի սեր Ավետարանի հրամանների թողեցին իրենց հայրենիքը, ունեցվածքն ու մնացյալ ամեն ինչ, նաև մերկացան մարմնական բաներից և ծաղր ու ծանակ եղան հեթանոսների առջև, ինչպես Պողոսն է ասում. «Խայտառակ եղանք բովանդակ աշխարհում» (Ա Կորնթ. 4։13 հմմտ. Երեմ. 8։2): Նաև այժմ շատերը, երբ տեսնում են առաքինի մարդկանց՝ ողորմելի կերպարանքով, առանց օծվելու և վշտադեմ, նախատում ու ծաղրում են նրանց: Այդ պատճառով նրանք են հետո այդպիսին դառնալու, երբ հավատացյալներինտեսնեն արեգակի նման պայծառ զգեստներով․ «Նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան ինչպես կայծակը եղեգի միջով» (Իմաստ. 3։ 7), և «մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պետք է արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի» (Ես. 61։3): Այնժամ այդ հանդիմանողները կզզվեն իրենք իրենցից ու կասեն. «Մենք հիմար էինք, որ դրա վաստակը ոչինչ համարեցինք», և այլն:
   Յոթերորդ՝ մարգարեի՝ քուրձից մերկանալը նշանակում էր մարդկանց մերկանալը մեղքերից, այսինքն՝ այն, երբ մկրտության միջոցով մերկանում ենք մեղքերի հնությունից և հետո խոստովանությամբ և ապաշխարությամբ դարձյալ սրբվում ու ազատվում ենք մեղքերից, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ ու խնդություն հագցրեց ինձ» (Սաղմ. 29։12)։Դա հայտնի է անառակ որդու առակից, երբ հայրը հանեց նրա հանդերձները և հագցրեց առաջին պատմուճանը:
   Ութերորդ՝ մարգարեի մերկանալը նշանակում է հարության օրը մեր մերկանալն ու մարդկանց ամեն տեսակ գործերի հայտնի լինելը, որովհետև ինչ այստեղ ծածուկ և թաքուն են կատարում, այնտեղ բացահայտվելու է և նրանք դեմ-հանդիման խայտառակվելու են բազմաժողով հրապարակում, ինչպես այլուր ասում է մարգարեն. «Երևալու է քո ամոթույքը և հայտնվելու է քո խայտառակությունը» (Երեմ. 13։27)։ Դարձյալ, Դավիթ մարգարեն էլ ասում է. «Արդ, հանդիմանելու ու հայտնի եմ դարձնելու ամեն ինչ» (Սաղմ. 49։21):
   Իններորդ՝ մարգարեի մերկանալը նշանակում է նաև դատաստանի ժամանակ մեղավորների՝ շնորհներից մերկ լինելը, որովհետև ովքեր այժմ կվերցնեն շնորհներիքանքարը ըստ պատշաճ չափի և աստիճանի, բայց արդարությամբ չեն գործածի, այլ ծուլությամբ կծրարեն այն, և աշտանակի լույսը կդնեն գրվանի տակ, այն է՝ [կենթարկեն] մարմնի հեշտանքին, այնտեղ արդար Դատավորի ձեռքով կզրկվեն առած շնորհներից և կպատժվեն հավիտենական կրակով, ինչպես ասվում է. «Վերցրե՛ք դրանից քանքարը» (Մատթ. 25։28) և «այդ ծառային հանե՛ք արտաքին խավարը» (Մատթ. 25։30):
   Տասներորդ՝ մարգարեն մերկացավ, որպեսզի ուսուցանի քարոզողներին, որ այն, ինչ խոսքով քարոզում են ուրիշներին, նախ հարկ է իրենց գործով իսկ ցույց տալ, և ինչպես այս մարգարեն, որը սպառնում էր մերկացնել ժողովրդին, ուստի նախ ինքը մերկացավ, այդպես էլ մարգարեների տերը՝ Քրիստոս, նախ Իր անձով ցույց տվեց ամեն տեսակ բարիքն ու կարիքը, այսինքն՝ վիշտն ու չարչարանքը. որովհետև երբ ասաց, թե՝ «Հարկ է վերստին ծնվել ջրից և հոգուց» (Հովհ.3։5), նախ Ինքը մկրտվեց։ Դարձյալ, ասում էր, թե՝ «Հարկ է ամեն ժամ աղոթել» (Ղուկ. 18։1), Ինքը ամբողջ գիշերն անցկացնում էր աղոթելով: Նաև ասաց․ «Երանի՜ նրանց, ովքեր լալիս են, և վայ նրանց, ովքեր ծիծաղում են» (Ղուկ 6։21-25), և Ինքը լացեց բազում անգամ ու երբեք չծիծաղեց: Պահք քարոզեց և անոթի մնաց: Գովեց ընչազրկությունն ու աղքատությունը, և Իր գլուխը դնելուտեղ չուներ, այլ աղքատությամբ հետիոտն ու բոկոտն էր շրջում: Գովեց խոնարհությունը և լվաց աշակերտների ոտքերը: Հաստատեց խորհրդավոր պատարագը, և նախ Ինքը պատարագեց, կերավ ու խմեց: Ասաց, թե «չարչարվելու եք», և ընդունեց թուքը, ապտակը, ծեծը, փշեղեն պսակը, խաչը և մահը (հմմտ. 10։6): Եվ այս բոլորը կատարեց, որպեսզի մեզ սովորեցնի նախ կատարել, և ապա քարոզել՝ քարոզել ու կատարել: Դարձյալ, հրեաներին [հասած] պատիժների օրինակն էր, երբ մարգարեն մերկանում էր, և այլն:

Այսքանն այս մասին: