Գլուխ 25

Այն ամբարիշտների դեմ, որոնց ձեռքը հանձնեցիր մեզ (25։5)
   
   Սրանից չորս տեսակ օգուտ է լինում. նախ՝ ինչպես պարտիզպանը փխրեցնում է հողը և հեռացնում մոլախոտը, այդպես էլ Աստված մեզ մատնելով ամբարիշտ մարդկանց ձեռքը՝ մաքրում է մեր մարմնի ու հոգու մեջ բուսած ավելորդ բաները՝ մեղքերը:
   Երկրորդ՝ որպեսզի մենք, նրանց նման գիրանալով, մարմնի հեշտանքով կամ փարթամությամբ չամբարշտանանք, այլ նրանց ձեռքով եղած նեղությունների միջոցով տկարանանք՝ հեռու մնալով այդ բոլոր ախտերից:
   Երրորդ՝ որպեսզի համբերենք և համբերության պսակն առնենք, ըստ այն խոսքի, թե՝ «Ով մինչև վերջ համբերի՝ նա կապրի» (Մատթ. 10։22), և թե՝ «Համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19):
    Չորրորդ՝ որովհետև վշտի ժամանակ դառնում ենք դեպի Աստված և աղաղակում, ու Նա կփրկի մեզ, համաձայն այն խոսքի, թե «Տե՛ր, նեղության ժամանակ հիշեցինք Քեզ» (26։16): Տերը կփրկի, ինչպես Իսրայելին փրկեց Եգիպտոսից, երբ նրանք աղաղակեցին Աստծուն, և Երուսաղեմը փրկվեց Ռափսակի ձեռքից շնորհիվ Եզեկիայի և նրանց, ովքեր աղաղակելով ընթացան դեպի տաճար:
   
Մահը զորացավ և կուլ տվեց (25։8)
   
   Չի ասում, թե՝ «կերավ», այլ թե՝ «կուլ տվեց». սա երեք պատճառով է ասվում. նախ՝ որովհետև ուտելը մասնակիությունն է ցույց տալիս, իսկ կուլ տալը՝ ամբողջական ըմբոշխնելը, որպեսզի ցույց տա, թե մահը զորացավ մեր բովանդակ բնության դեմ։ Այդ պատճառով էլ ասում է. «Կուլ տվեց»:
   Երկրորդ՝ որովհետև կուլ տալը անհագ ցանկություն է նշանակում, այսինքն՝ սատանան և մահը բորբոք ցանկությամբ կամենում էին կործանել մարդկանց:
    Երրորդ՝ որովհետև ուտելը մանր ծամելն է, որ հագեցնում է որովայնը, իսկ կուլ տալը ամբողջապես ներս անելն ու դուրս ելնելն է նշանակում, ինչպես այն պարագան էր, երբ ձուկը կուլ տվեց Հովնանին, ու վերջինս ամբողջապես դուրս եկավ ձկան որովայնից: Սա ցույց է տալիս, թե Քրիստոսի միջոցով մարդկային բնությունն ամբողջապես դուրս էր կորզվելու դժոխքի որովայնից ու մահվան ճիրաններից:

   Աշխարհի իշխանները չորս բաների միջոցով երկիրը պահում են խաղաղ և շեն. նախ՝ իմաստությամբ, երկրորդ՝ հարստությամբ, երրորդ՝ զորքով, չորրորդ՝ ամրոցներով: Իմաստությունը պիտանի է, երբ կարողանում է սիրաշահել հնազանդվողներին ու վերադասներին, համաձայն յուրաքանչյուրի ճաշակի: Մեծ հարստությունն անհրաժեշտ է, որպեսզի այն բաշխվի արժանավորներին և աղքատներին: Զորքն անհրաժեշտ է թշնամիներին հաղթելու համար: Շինությունների ամրությունը պետք է բռնավոր հզորներից [պաշտպանվելու համար]: Սա ընդհանուր է ամենքի համար: Սակայն քրիստոնյա իշխանին անհրաժեշտ է ևս մեկը, այսինքն՝ բարեպաշտությունը։ Դա նշանակում է, որ քրիստոնյա իշխանը պետք է գործով լինի սուրբ և արդար, հավատով ու հույսով՝ հաստատուն, ինչպես բարեպաշտ Եզեկիան էր։ Այդ մասին ասվում է․ «Ով պահում է արդարությունը և Քեզ է ապավինում, Տե՛ր», նա պահում է աշխարհի խաղաղությունը: Տերն ասում է. «Սիոնի հիմքում դնում եմ բազմապատիկ վեմ, ընտիր պատվական անկյունաքար նրա հիմքում, և ով նրան հավատա՝ չի ամաչի» (Եսայի 8։14, 28։16): Սա նախ Եզեկիայի թագավորությունն է խորհրդանշում, քանզի նա ընտիր եղավ մյուսներից: «Անկյունաքարը» պատվական սեղանն է, որին հովանի էին քերովբեները: Իսկ թագավորը ժողովրդի գլուխն ու հիմքն է, քանզի ամենքը նրա արդարության վրա են հիմնված, և ովքեր նրան հավատան՝ չեն ամաչելու: Սակայն առավել ճշմարտապես սա ակնարկում է մեր Տիրոջը, [քանզի Նա] վեմ է, որ ծնվեց Կույսից առանց սերմի, ըստ Դանիելի. «Լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց» (Դան. 2։45), ընտիր, այսինքն՝ անարատ, քանզի «մեղք չգործեց և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Ա Պետ. 2։22)։ Պատվական անկյունաքարը սեղանն է, որի վրա Նա ամեն օր պատարագվում է: Գլուխ է, քանզի ղեկավարն է Եկեղեցու, ուստի նրա բոլոր անդամները հոդերով ու ջիղերով զորանում են սուրբ աճումով: Եվ հիմքն է, քանզի «նրա վրա կառուցվեց հավատացյալների եկեղեցին» (Մատթ. 16։18), ինչպես Պողոսն է ասում. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 9։11): Եվ դարձյալ գլուխ է, քանի որ Աստված է ու հիմք է, քանի որ մարդ է: «Եվ ով նրան հավատա՝ չի ամաչելու» (Ա Պետ. 2։6) ո՛չ այստեղի չարից և ո՛չ էլ հանդերձյալ կրակից: Դարձյալ՝ «Ես՝ Տերս,- ասում է,- հիմքում դնում եմ». խոսքը ո՛չ որևէ մարգարեի, և ո՛չ ինչ-որ մի քարի մասին է: Իսկ որ խոսքը ճշմարիտ հիմքի՝ Քրիստոսի մասին է, հայտնի է դառնում «ով Նրան հավատա» խոսքից: Ասում է՝ «հիմքում եմ դնում», քանզի առաջին շինվածքը՝ մեր ապականված բնությունը, կամենում է վերստին, հիմքից նորոգել:

   Քրիստոս է հիմքը. ովքեր նրա վրա չեն կառուցված՝ չեն մտնի շինության մեջ: Այսպես և այլուր Քրիստոս Իրեն «որթ» է անվանում, այսինքն՝ հավատացյալների ճյուղերի սկիզբն ու արմատը: Դարձյալ Նա «վեմ» է կոչվում հաստատության և անշարժության պատճառով, որովհետև ովքեր հենվում են Նրա վրա՝ ամրանում են անշարժ հաստատությամբ: Դարձյալ, «վեմ» է կոչվում, որովհետև Ադամը վեմ լինելու էր կոչված իրեն ընձեռնված անմահության միջոցով, սակայն քանի որ հանցանք գործեց ու հող դարձավ, Տերը, կամենալով կենդանացնել մեր բնությունը, Ինքը վեմ դարձավ ու վեմ անվանեց Եկեղեցին: Դարձյալ վեմը [գոյանում է] հողի խտացումից՝ կարծրացած կրակի վրա եռալուց 1, և ունի բազում հատկություններ, որոնք տեսնվում մեր Տիրոջ մեջ. նախ՝ որովհետև կարծր է, զորեղ է, ամուր, ծանր ու չոր՝ ցամաք է: Այսպես մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր մարդկային մարմնի թանձր, հողեղեն բնությունը խառնելով ձուլեց Իր Աստվածության կրակին համաձայն վեմի նմանության, նախ՝ որովհետև կարծր է, այսինքն՝ անփոփոխելի է ոչ միայն Աստվածությունը, այլև մարմինն է անփոփոխելի՝ միավորված առանց ապականության:
   Երկրորդ՝ ուժով լեցուն, այսինքն՝ զորավոր է, ըստ այն խոսքի. «Որ ամեն ինչ կրում է իր խոսքի զորությամբ » (Եբր. 1։3), նաև՝ «Քրիստոս Աստծո զորությունն է» (Ա Կորնթ. 1։24),- ինչպես ասում է Պողոսը:
   Երրորդ՝ որովհետև ամուր է, սեղմում է փոշու խտացած մասնիկները, և անբաժանելի է Քրիստոսի գերագույն միավորությունը, քանզի Բանի ու մարմնի անճառելի միավորությունից հետո նրանք իրարից չեն բաժանվում․ ո՛չ բնությունները, ո՛չ զգայությունները, ո՛չ ներգործությունները, այլ ինչը Աստծունն է, նույնը նաև մարդունն է, և ինչ մարդունն է, նույնը և Աստծունն է, որովհետև Աստված մարդ [եղավ] և մարդն՝ Աստված:
   Չորրորդ՝ որովհետև ծանր է, ինչը նշանակում է Քրիստոսի անսահման խոնարհությունը, որի մասին Նա Ինքն էր ասում. «Ինձանից սովորեք, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. 11։29), և չէ՞ որ Նա երկնքից երկիր իջավ, հարուստը մեզ համար աղքատացավ, Նա, Ով Աստծո կերպարանքով էր, ծառայի կերպարանք առավ, և նախանձախնդրությամբ ծառայեց շատերին, ու «հնազանդ եղավ մինչև մահ՝ մինչև խաչի մահվանը» (Փիլիպ. 2։8):
   Հինգերորդ՝ որովհետև ցամաք ու չոր է վիմաժայռը, այդպես և մեր Տերը ցամաք մնաց աշխարհական հյութերից, քանզի «մեղք չգործեց ու նենգություն չգտնվեց Նրա մեջ» (Եսայի 53։9, Բ Պետ. 2։22):
   Վեցերորդ՝ որովհետև վիմաժայռը փոս ու հարթ տեղում է հաստատվում, իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես ո՞ւմ մեջ հանգչեմ, եթե ոչ՝ հեզերի ու խոնարհների մեջ» (Եսայի 66։2)։ Նաև, «եթե մեկն Իմ պատվիրանները պահի, Ես և Իմ Հայրը նրա մոտ կգանք» (Հովհ. 16։23):
   Յոթերորդ՝ որովհետև վիմաժայռը սահում ու գլորվում է շատերի համար անտեսանելիորեն։ Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս անհավատների համար գլորվող վիմաժայռ ու գայթակղության քար է, որովհետև «Նա շատերի համար պատճառ է լինելու գլորման ու բարձրացման» (Ղուկ. 2։34):
   Ութերորդ՝ որովհետև «ով ընկնի այս վեմի վրա, կփշրվի, և ում վրա ընկնի, նրան կճզմի» (Մատթ. 21։44)։ Իսկ մեր Տերը խորտակեց սատանայի զորությունը և խորտակեց կուռքերի պատկերներն Իր խոսքի զորությամբ: Համաձայն Դանիելի տեսիլքի, թե՝ «Վեմը հատված է առանց ձեռքի» (Դան. 2։45), Նա հարվածեց ու փշրեց կուռքերի բոլոր պատկերները: