Օրենքներն Ինձանից են դուրս գալու, և Իմ դատաստանները հեթանոսների լույսն են, ու Իմ բազկին պիտի հուսան (51։4-5), և թե՝ քեզ հաստատելու եմ իբրև ուխտ՝ ազգի համար, ու հեթանոսների համար՝ իբրև լույս (49։6), և թե՝ Նորոգվեցե՛ք իմ առջև, ով կղզիներ (45։17), և թե՝ Ուրա՛խ եղիր, ծարաված անապատ (35։1), և թե՝ Գետ պիտի բխի անջուր երկրում (41։19), և թե՝ Ամեն մարմին և աշխարհի բոլոր կողմերը տեսնելու են մեր Աստծո փրկությունը (52։10), և թե՝ Ինձ պիտի խոնարհվի ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանելու է Աստծուն (45։22), և թե՝ Տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել (52։15), և թե՝ Ուրա՛խ եղիր, ամուլ, որ չէիր ծնում (54։1), և թե՝ Բազում են ամուսնուց լքվածիդ որդիները (54։1), այսինքն՝ քո՝ այրուդ որդիներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողներինը, և թե՝ Հեթանոսները հուսալու են Նրա անվանը (42։4), և թե՝ Քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին (54։3), և թե՝ Անտառի ծառերը ծափ են տալու (55։12), և թե՝ Օտարազգին, որ եկել-հարել է Տիրոջը, թող չասի, թե Տերը մերժեց ու վանեց ինձ Իր ժողովրդից (56։3), և թե՝ Իմ տունը աղոթքի տուն է կոչվելու բոլոր հեթանոսների կողմից (57։7), և թե՝ Հեթանոսները քայլելու են Քո լույսի մեջ, ու թե՝ օտարների որդիները շինելու են Քո պարիսպները (60։10):
Սրանք և շատ այլ խոսքերը խորհրդանշում են հեթանոսների դարձը: Տե՛ս և հիշի՛ր՝ «Օրենքներն Ինձանից են դուրս գալու»,- ասում է, ինչը խորհրդանշում է նոր օրենքները, որոնք հաստատեց Քրիստոս, որովհետև հինն արդեն հաստատված էր, ըստ այս խոսքի. «Տե՛ր, օրենքներ հաստատիր, և օրենսդիր՝ նրանց վրա» (հմմտ. Սաղմ. 9։21): Քանզի առանց օրենքների մարդն անասունից առավել վատթար է, որովհետև երբ անասունը բարկանում է, [հետո] հանդարտվում է, իսկ մարդու պարագայում բարկությունը փոխվում է ոխակալության: Անասունի պարագայում արուի և էգի ցանկությունը տարվա որոշակի ժամանակահատվածում է դրսևորվում, մինչդեռ մարդը տևապես շաղախվում է զազրալի ախտի մեջ: Այս պատճառով մեր Տերը նոր օրենքի միջոցով զգուշացրեց Իր հավատացյալներին խոսքի հետևյալ եղանակով. «Ասվեց այսինչ բանը, բայց Ես ձեզ ասում եմ սա»:
Երկինքը հաստատված է իբրև ծուխ, ու երկիրը մաշվելու է շորի նման (51։6)
Այստեղ սրանց գոյացությունն է համեմատում իրար հետ, որովհետև աղքատին հարուստ դարձրեց, իսկ հարուստին՝ աղքատ, որոնց խորհրդանիշն են «երկինք» ու «երկիր» բառերը: Տե՛ս, երկուսին էլ աղքատ է համարում: Մովսեսը հարուստ էր համարում երկինքը, իսկ Դավիթը՝ երկիրը: Եվ երկուսն էլ անավագ են, կրտսեր և աղքատ, քանի որ Աստված է առաջնայինը: Կարելի է և՛ ասել, որ երկիրն աղքատ է, քան հրեղեն երկինքը, և՛ ասել, որ երկնքի հաստատությունն է ավելի աղքատ, քան այս երկիրը: Բայց միևնույն ժամանակ երկուսն էլ հարուստ են. մեկը՝ թանձրությամբ, և մյուսը՝ հաստատությամբ: Դարձյալ հակառակ են իրար, որովհետև մեկը թանձր է, մյուսը՝ նոսր, մեկը տևական է, մյուսը՝ մաշվող: Սակայն բազում պատճառներով է երկինքը հաստատուն ծուխ համարում: Նախ՝ որովհետև ծուխը լուծվող է, և ոչ ոք չի կարող այն հաստատուն պահել, եթե ոչ միայն Աստված: Նույնպես և երկինքն ամրացված է Տիրոջ ամենազոր ձեռքով, Նրա՛, Ով ստեղծել է այն: Երկրորդ՝ համաձայն երկնքի գույնի է այդպես կոչվում, քանզի այն կապույտ է, և երկինքը նման է ծուխի: Երրորդ՝ ինչպես ծուխը նոսր է ու միայն աչքով է տեսանելի, նույնպիսին և երկինքն է, որ անշոշափելի է ձեռքով: Չորրորդ՝ ծուխը թեթև է, նույնպես և երկինքն է երկրից ավելի թեթև: Հինգերորդ՝ ծուխը վերընթաց է, նույնպես և երկինքն է բարձր: Վեցերորդ՝ ծուխը շարժուն է, նույնպես և երկինքն է միշտ շարժման մեջ: Յոթերորդ՝ ծուխը օդ է՝ նյութերից բաժանված, և ոմանք երկինքը օդեղեն են ասում: Ութերորդ՝ ինչպես նախ նյութն է երևում, և հետո՝ ծուխը, այդպես էլ նախ երկինքն է, և հետո՝ հաստատությունը, համաձայն Մովսեսի: Իններորդ՝ քանի որ ծուխը ցամաք ու տաք է, իսկ հաստատությունը սրընթաց շարժումից է առաջանում, այդ պատճառով էլ ջրերի բազմությունը եղավ, որպեսզի նրանց բարեխառնի: Տասներորդ՝ ծուխը հեռվից է տեսնվում ու զորեղին՝ Արարչին է ցույց տալիս, իսկ երկինքը երևում է ամեն կողմից և իր շարժումով, կարգով ու մեծությամբ դարձյալ ակնարկում է զորեղին՝ Արարչին, ըստ Դավթի. «Երկինքը պատմում է Աստծո փառքի մասին» (Սաղմ. 18։2):
Եվ երկիրը շորի նման մաշվելու է. նախ՝ որովհետև շորը ծուխից ավելի թանձր է, և երկիրն էլ՝ երկնքից ավելի թանձր:
Երկրորդ՝ ինչպես շորն է հնանում ու մաշվում, այդպես էլ երկիրն է զրկվում զորությունից ու գեղեցկությունից, ինչպես լինում է, օրինակ, ձմռանը, երբ երկիրը զրկվում է բույսերից, որի պատճառով Դավիթն ասում է. «Մաշվեց երկիրն ու բոլոր բնակիչները» (հմմտ. Սաղմ. 74։4), բայց և այնպես Արարչի զորությամբ սա կա հավիտենապես:
Երրորդ՝ շորը պահպանում է ցրտից ու տոթից. նույն գործառույթն է անում նաև երկիրն ինքն իրենով, և ձմռանը՝ բույսերին, ամռանը՝ աղբյուրներին, նույնպես և մարդուն ու կենդանիներին [տալիս] է նրանց անհրաժեշտ բաներն ըստ պահանջի:
Չորրորդ՝ որովհետև շորը մարմնի ծածկույթն է, իսկ երկիրն էլ, որպես մեզ համար մայր ու դայակ, ծածկում է ամեն տեսակ ապականություն, ինչպես, օրինակ, մեռյալներին ու մնացյալ բաները:
Հինգերորդ՝ ինչպես շորն իր վրա նաև վերարկու ունի, նույնպես և երկրի ջրերն իբրև զգեստ նրա վերարկուն են:
Վեցերորդ՝ թեպետ միայն որոշ մարդիկ են շոր հյուսում, բայց բոլորն են այն հագնում, այդ նույն կերպ նաև, թեպետ միայն ոմանք են մշակում հողը, բայց բոլորն են ճաշակում հողի բարիքները:
Յոթերորդ՝ թեպետ մենք փոխում ենք մեր շորերը, բայց իսպառ չենք մերկանում շորերից, նույնպես և, թեպետ փոխում ենք մեր բնակության վայրը՝ այստեղից այնտեղ գնալով, սակայն ուր էլ գնում ենք՝ երկրի մեջ ենք:
Ութերորդ՝ ինչպես ոմանք նույն [շորով] են, իսկ ոմանք էլ բազմաթիվ ու տարատեսակ շորեր ունեն, նույնպես և երկրի 1 վրա շատերը մտահոգ են ու զբաղվում են նմանատիպ արտաքին բեներով, այսինքն՝ պարտեզներով, այգիներով, վաճառքով, իշխանությամբ և այլն: Բայց ոմանք գոհանում են սակավ ունեցածով, այսինքն՝ կերակուրներով ու շորերով, համաձայն առաքյալի. «Շորեր ու կերակուրներ ունենք. դրանցով գոհանանք» (Ա Տիմ. 6։8): Այլև, ինչպես շորն է աղտոտվում ու երեք բանով մաքրվում՝ ոչնչացումով, ջրով ու կրակով, նույնպես այս երկիրն է, մեղքերից աղտոտվելով, մահվան, գերության հետևանքով զրկվում բնակիչներից ու դառնում ավերակ, երբեմն՝ ջրի հետևանքով, ինչպես Նոյի ժամանակ, երբեմն էլ՝ կրակով, ինչպես՝ Սոդոմում եղավ և վախճամի ժամանակ լինելու, երբ «Լեռները հալվելու են մոմի նման» (Սաղմ. 96։5):
Տասներորդ՝ ինչպես մեր ունեցած բազմատեսակ շորերից մահից հետո ոչինչ չենք կարող տանել, բայց միայն՝ պատանքը, չնայած որ այն ևս փտում է, ուստի մենք մերկ ենք հարություն առնելու, այդպես և այս բովանդակ երկրից ոչինչ չենք կարող մեզ հետ տանել, բայց միայն՝ մի քիչ հող, ինչը ևս թողնելու ենք գերեզմանում, որովհետև «ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչ էլ կարող ենք տանել» (Ա Տիմ. 6։7), ինչպես ասում է առաքյալը:
Հարց. Այստեղ ասում է. «Մի՛ վախեցեք մարդկանց նախատինքներից ու բամբասանքից» (51։7), իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Փրկի՛ր ինձ զրպարտիչներից» (Սաղմ. 118։134): Նաև Եզեկիան է ասում. «Թող Տերը լսի Ռափսակի պատասխանը» (Դ Թագ. 19։4, Եսայի 35։4): Մի՞թե այս խոսքերը հակասում են իրար:
Պատասխան. Իրար չեն հակասում, այլ ցույց են տալիս նախատինքի երկակի ներգործությունը, այսինքն՝ [մի կողմից] նախատինքն ու բամբասանքը պատիժ են բամբասողների համար, և [մյուս կողմից] բամբասվողների համար՝ պարգև: Որ նախատողները պատժվում են, հայտնի է Ռափսակի [օրինակից], որը նախատեց կենդանի Աստծուն և զորքով կորստյան մատնվեց (Դ Թագ. 19։17): Եվ Սիմեն նախատեց Դավթին, ու իր արյամբ դժոխք իջավ (Բ Թագ. 16։5-14, 19։16-23, հատկապես Գ Թագ. 2։8-9): Սրանք ցույց են տալիս, որ ամեն ոք, ով նախատում ու բամբասում է՝ ինքն է կորչում, և ոչ թե նախատվողը, ինչպես ասում է Առակը. «Ով իր ընկերոջը փոս է փորում՝ ինքը կնկնի դրա մեջ» (Առակ. 26։27): Իսկ նախատվողի պարգևն այն է, որ որքան նախատվում է՝ այնքան վարձ կստանա ու դեռ ավելին կառնի, ըստ այն խոսքի. «Երբ ձեզ նախատեն, ցնծացեք և ուրախ եղեք, քանզի ձեր վարձը բազում է երկնքում» (Մատթ. 5։12, Ղուկ. 6։23): Նաև, այս կյանքում բազում ողորմություն է գտնում համբերողը, ինչպես Դավիթն էր ասում Հովաբի վերաբերյալ. «Թող դա նախատի, որպեսզի Աստված տեսնի ու ողորմի մեզ», նչպես և եղավ: Այդպես լինելու է բոլորի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: