Եվ եղավ այն տարի, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա (6:1).
Ոզիան բարեպաշտ թագավոր էր, և բազում ողորմություններ արեց, ինչպես պատմում է Չորրորդ Թագավորությունը, բայց քանի որ համարձակվեց [մտնել տաճարի սրբության սրբոց] ու խունկ գցել, բորոտացավ, և ժողովուրդն էլ անփույթ գտնվեց [Աստծո օրենքի] հանդեպ: Այդ պատճառով Աստված բարկացավ և արգելեց մարգարեների տեսիլքը, և նրանց չէր պատասխանում: Եվ երբ Ոզիան մեռավ, այնժամ այս տեսիլքը երևաց:
Հարց.Ի՞նչ է, որ ասում է Ավետարանը. «Աստծուն ոչ ոք չի տեսել երբեք» (Հովհ. 1։18). մինչդեռ Եսայի մարգարեն ասում է՝ Տեսա Տիրոջը (6։1):
Պատասխան. Իրար հակառակ չեն, որովհետև «Աստծուն ոչ ոք չի տեսել» խոսքը վերաբերում է Աստծո բնությանը, էությանը. որը եղականներիցս մեկն իսկ չի կարող տեսնել։ Մարգարեների տեսնելն ընդգրկելի է, մինչդեռ Աստված բնությամբ անընդգրկելի է: Իսկ մարգարեն տեսավ՝ որքան ի զորու է տեսնելու մարդը՝ կերպարանքներով և նմանությամբ: Ուստի պարզ է, երբ ասում է «Տիրոջը տեսա նստած» (6։1), իսկ Աստված ամենուրեք է [և լցնում է ամեն ինչ], Աստված անընդգրկելի է, և անպատշաճ չէ՞ նրան [վերագրել] նստելը:
Եվ ի՞նչ է նստելը. նախ նշանակում է խոնարհվելը և զիջելը: Երրորդ՝ Աստծո հաստատուն, անեղծ, անփոփոխ էությունն է նշանակում, ինչպես Երեմիան է ասում, ,,Մենք կկորչենք և դու կնստես հավիտյան,,(հմմտ.Ողբ 5։19): Երրորդ՝ ,,հանգիստը,, սուրբերի մեջ աստվածային կամքն է նշանակում, ըստ այնմ, թե՝ ,,Ես ու՞մ վրա հանգչեմ, եթե ոչ հեզերի և խոնարհների,, և այլն (66։2): Չորրորդ՝ Աթոռին նստելը դատել ու պատժել է նշանակում, ըստ այնմ՝ ,,Աթոռին նստեցիր դատավորդ արդարության,, (Սղմ. 9։5): Հինգերորդ՝ բարձր ու վեհ աթոռին նստելը բոլոր արարածների վրա նրա անհասանելի գերբարձրյալ թագավորությունն է մատնանշում, ինչը երևում է նրա շուրջը խմբված սերովբեների ահով: Ըստ այն խոսքի, թե ,,Աստված մեծ թագավոր է երկրի վրա,,(Սղմ. 46։3): Իսկ ասելը, թե՝ ,,Տաճարը լի է նրա փառքով,,(6 1). նախ փառքը հրաշալիքների ներգործման համար է ասում: Երկրորդ՝ փառքը լույսն է, ըստ առաքյալի. ,,Այլ է արեգակի փառքը և այլ է լուսնի փառքը,, (1 Կորնթ. 15։41): Երրորդ՝ [այդպես է] անվանվում գերապայծառ աստվածային լույսը: Չորրորդ՝ աստվածավայելուչ գեղեցկությունը փառք է անվանում: Հինգերորդ՝ փառքը, որ տաճարում էր, Սուրբ Հոգու շնորհն էր, որ ամպի նման հովանի էր սեղանին:
Հարց. Ի՞նչ է նշանակում՝ թևերն անմարմինների վրա:
Պատասխան. Նախ նրանց արագաշարժությունն է ցույց տալիս և մարդկանց համար Աստծո հրամանին պատրաստ լինելը: Երկրորդ՝ ցոււց է տալիս որ բարձր են ստորին խորհուրդներից: Երրորդ՝ նրանց պահպանությունն է ցույց տալիս, համաձայն Աստծո [կամքի], ինչպես մարգարեն է ասում. ,,Ծածկվենք քո թևերի հովանու ներքո,, (Սղմ. 16։9): Իսկ վեց թևերից ,,երկուսով երեսը ծածկելը, երկուսով՝ ոտքերը, և երկուսով՝ թռչելը,, (6։2) նախ այն է ցույց տալիս, թե անկարելի է Աստծո մեջ տեսնել սկիզբն ու վախճանը, քանզի անսկիզբ և անվախճան է, սակայն որոշ միջոցներով, այսինքն՝ օրինակների միջոցով աշխարհի արարված լինելն ենք տեսնում: Դարձյալ՝ երեսների ու ոտքերի ծածկելը՝ Աստծուն նայելիս [նրանց համակած] ահագին, սաստիկ երկյուղն է ցույց տալիս, ինչպես մենք ճայթյունից կամ փայլատակումից զարհուրում ենք և հակում մեր գլուխները: Իսկ միջին թևերը ցույց են տալիս հարատև սերը, որ Աստծո հանդեպ ունեն անփոփոխ կամքով, ինչպես ասացինք թևերի մասին: Իսկ մեկ առ մեկ աղաղակելը նախ ցույց է տալիս պատկառանքը, ինչպես մարդիկ ամաչելով մեծամեծներից չեն համարձակվում նրանց դեմ հանդիման կանգնել, այլ մեկը մյուսի ետևն են անցնում: Դարձյալ՝ մեկը փառաբանություն էր երգում և մյուսին էր փոխանցում, և ոչ թե աշխատում էին, այլ պահպանում էին կարգավորությունը: Իսկ երեքսրբյան երգաբանությունը նախ Աստծո փառաբանությունն է, որ միշտ մատուցում են: Երկրորդ՝ մարգարեություն է հանդերձյալ կյանքում աստվածպաշտության մասին, որ լինելու է: Երրորդ՝ վկայությունն է մեր հաստատուն և անմերժելի կրոնի՝ դավանելով Աստծուն երեք Անձնավորությունների մեջ և նրա մեկ Աստվածությունն ու Տերությունը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: