Գլուխ 66

Այսպես է ասում Տերը. «Երկինքն Իմ Աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը, ի՞նչ տուն պիտի շինեք Ինձ համար» (66։1)
   
   Այս խոսքով պատասխանում է նրանց, ովքեր ասում էին, թե՝ «մեր հայրերը սրբության տուն շինեցին, իսկ Դու ավերեցիր»: Արդ, ասում է․ «Ինչպե՞ս կարող է Իմ անսահման բնությունն ընդունվել ձեր տաճարում»: Սրանից երկու բան է երևում. նախ՝ Աստծո անսահմանությունը, համաձայն նաև այս խոսքի. «Նրան, որին իրենց մեջ չէին կարող տեղավորել երկինքն ու երկիրը», այլ միայն Նա Ինքն է Իրեն բովանդակում, ըստ այս խոսքի. «Ես Հորս մեջ եմ, և Հայրս՝ Իմ մեջ» (Հովհ. 10։38): Երկրորդ՝ ուզում է ասել հետևյալը․ Ձեր տաճարը չի կարող կրել Ինձ, այլ Իմ շնորհի համար ընդարձակ բնակավայրը կոտրած սիրտ ունեցողներն ու խոնարհներն են», այսինքն՝ հեթանոսների Եկեղեցին: Եվ արդ, ի մտի ունեցի՛ր, ո՜վ եղբայր, ու ի հեճուկս հրեայի հարցրո՛ւ, թե նրանք ըստ իրենց պատմության ընթացքի ինչպե՞ս են մեկնում այս խոսքը․ «Երկինքն Իմ Աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը»։ Նրանք մարգարեների բոլոր խոսքերը հասկանում են տառացիորեն, որի հետևանքով էլ հեռանում են Քրիստոսից: Արդ, Աստծուն մարմնավոր են պատկերացնում, երկնքում նստած, երկար ոտքերով, որոնք հասնում են երկիր: Մենք նույնպես լսեցինք մեր առաջնորդից՝ Կախիկ մեծիմաստ ուսուցչից 1, թե մեծն Վարդան վարդապետն այս խոսքով ամոթի է մատնել ոմն տրամաբան հրեայի՝ Թիֆլիս քաղաքում Վրաց թագավորի ու վերջինիս մեծամեծների առջև 2: Նույնպես և այն խոսքը, թե՝ «Գայլերն ու գառները միասին պիտի արածեն», չի կարող տառացիորեն իրականանալ, և չնայած որ այդ երկու կենդանիներն էլ միասին պատսպարված էին Նոյի տապանում, [սակայն] այստեղ խոսքը գալիքի մասին է: Նույնը նաև «Նոր երկինք ու նոր երկիր է լինելու» խոսքին է վերաբերում, քանի որ նրանց դարձի ժամանակ այդ խոսքը բառացիորեն չիրականացավ: Եվ կամ այն, որ ասում էր Երուսաղեմին. «Ահա ես քո քարերը՝ սուտակից, և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բյուրեղից» (54։11)։ Այս խոսքը ևս տառացիորեն չկատարվեց: Այլև այն խոսքը, թե՝ «Գետերը բխելու են լեռների վրա, ու բլուրները խոնարհվելու են Քո առջև, և բոլոր ձորերը պիտի լցվեն (40։4)։ Կամ էլ սա. «Ո՞վչափեց երկինքը՝ թիզով, երկիրը՝ քիլով, և ջուրը՝ ափով» (40։12): Սրանք ևս նյութեղենապես չիրականացան: Եվ սրա նման շատ բաներ, ինչպես ասվեց. «Այս բոլորը Իմ ձեռքը ստեղծեց, և Իմն է ամենը» (Գործք 7։50): Արհեստավորը բազում բաներով է տարբերվում [Աստծուց]. նախ՝ որովհետև արհեստավորն ուրիշների հրամանով է գործում, իսկ Աստված ասում է, թե՝ «Այս բոլորը Ի՛մ ձեռքը ստեղծեց»:

   Երկրորդ՝ արհեստագործները ուրիշների համար են անում, իսկ Աստված ասում է. «Իմն է ամենը»։ Իսկ Դավիթը, թե՝ «Նրանն է ծովը, և Նա ստեղծեց այն» (Սաղմ. 94։5):

   Երրորդ՝ արհեստավորները գործելու համար նյութ են պահանջում, իսկ Աստված ստեղծում է ոչնչից, ինչպես ասում է. «Սկզբից ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1):

   Չորրորդ՝ նրանք հանուն վարձատրության են անում, մինչդեռ Աստված՝ հանուն Իր առատ բարության:
   Հինգերորդ՝ նրանք չարչարանքով են ստեղծագործում, մինչդեռ Աստված ասաց, և եղան, հրամայեց և հաստատվեցին:

   Վեցերորդ՝ նրանք կարիք ունեն ժամանակի, իսկ Աստված դրա կարիքը չունի, այլ կամենալիս գործն [ինքնին] կատարվում է, ըստ այս խոսքի. «Ամենայն ինչ, որ կամեցավ Տերը, կատարեց» (46։10):
   
Ես ո՞ւմ վրա հանգչեմ, եթե ոչ՝ հեզերի և խոնարհների ու նրանց, ովքեր դողում են Իմ խոսքերից (66։2)
   
   Տե՛ս, որ հեզերի ու խոնարհների սրտերը բարձր են երկնքից ու վեր են տաճարներից, և ովքեր պատկառում են Նրա խոսքերից, այսինքն՝ կատարում են Տիրոջ պատվերները, նրանք Աստծո բնակարանն են, ըստ այս խոսքի. «Նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14։23): Եվ ովքե՞ր են, որ դողում են Նրա խոսքերից. նրա՛նք, ովքեր խոնարհ են հոգով ու հեզ՝ բարքով, և սուրբ են սրտով՝ զերծ մեղքերի աղտերից, որովհետև ասում է. «Նրանք տեսնելու են Աստծուն» (Մատթ. 5։8):
   
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում (66։3)
   
   Զոհաբերությունը չորս դեպքում է հաճելի Աստծուն. նախ՝ եթե մատուցողը մաքուր հոգի ունի, որովհետև Աստված հոժարում է նախ մատուցողին, և ապա՝ նայում զոհաբերությանը, համաձայն այն խոսքի, թե՝ «Աստված նայեց Աբելին ու նրա զոհաբերությանը» (Ծննդ. 4։4): Իսկ եթե նախ իր անձը չմաքրի, կլսի այստեղ ասված խոսքը, թե եզի ու ոչխարի զոհաբերությունը մարդու և շան սպանության նման է, և խունկը հայհոյանք է, որովհետև Աստծուն ոչինչ այնպես չի բարկացնում, ինչպես անարժանությամբ մատուցված զոհաբերությունը: Եվ այլուր ասում է. «Ո՞վ խնդրեց այդ ձեր ձեռքից: Ձեր խունկը պիղծ է, և ձեր ալյուրն՝ իզուր», ապա ավելացնում է պատճառը. «որովհետև ձեր ձեռքերը շաղախված են արյամբ»: Նաև Մաղաքիան է ասում. «Ձեր երեսին եմ շաղ տալու ձեր աղտն ու կեղտը» (Մաղ. 2։3):

   Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ զոհաբերությունն իրենց արդար քրտինքից լինի, ըստ այն խոսքի, թե՝ «Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ Քեզ» (Սաղմ. 65։15): «Պատվի՛ր Տիրոջը» Քրիստոսով եղած «քո արդար վաստակից» (հմմտ․ Առակ. 3։9): «Ահավասիկ ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Զորությունների Տիրոջ ականջին» (Հակ. 5։4):

   Երրորդ՝ հարկ է, որ զոհաբերությունը ընտիրներից լինի, ըստ այս խոսքի. «Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ Քեզ» (Սաղմ. 65։15): Նաև՝ «եթե Տիրոջ համար ողջակիզվողը գառ կամ ուլ է, թող այն պարարտ լինի» (հմմտ.Ղեվ. 1։10), որովհետև Աստծո համար պետք է գեղեցիկն առանձնացնել և այն առատորեն ու զվարթ երեսով մատուցել, որպեսզի նրա տալը այնպիսի առատությամբ լինի, ինչպիսին վերցնելը կլիներ: Եվ դա իսկ է Աստծո համար սիրելին, ըստ այն խոսքի, թե՝ «Աստված սիրում է ուրախ և առատ ընծաներ» (Առակ. 22։9): Այլև՝ «Ով ճշտությամբ սերմանի, ճշտությամբ էլ կհնձի» (Բ Կորնթ. 9։6), ինչպես ասում է Պողոսը:

   Չորրորդ՝ որպեսզի Աստծո փառքի համար մատուցի, և ոչ թե ի ցույց մարդկանց: Սա նախ այն է մատնացույց անում, որ մեկը գովաբանվելու համար է ինչ-որ մի բան անում, որպեսզի, ինչպես ասում է Տերը, «մարդկանցից փառավորվեն» (Մատթ. 6։2):

   Երկրորդ՝ դա նշանակում է այն, որ մեկը փոխարինաբար է կատարում՝ կանչելով մեծամեծներին ու բարեկամներին, ինչպես ասում է Տերը (Ղուկ. 14։12-14): Այլև նա՛ է Աստծո փառքի համար գործում, ով աղքատներին է բարիք գործում և դա անում է հանուն հոգևորի:
   
Տիրոջ պատգամները լսեք դուք, որ դողում եք Նրա խոսքերից (66։5)
   
   Այս խոսքը ակնարկում է հետևյալը. «Ձե՛զ եմ ասում, որ լսում եք», որովհետև նրանց բավական է միայն լսելը:

   Խոսեցեք ձեր ատելիների և ձեզ զզվանք պատճառողների հետ (66։5ա)

   Սա այն նույն միտքն է, որն ասում է Տերը. «Բարիք արեք ձեր ատելիներին» (Մատթ. 5։44)։ Իսկ Պողոսն ասում է. «Եթե քո թշնամին քաղցած է՝ հաց տուր նրան, ու եթե ծարավ է՝ ջուր, և այսպես անելով կրակե կայծեր կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12։20):

   Որպեսզի փառավորվի Տիրոջ անունը, ըստ այս խոսքի. «Որ տեսնեն ձեր գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16): Այդ նույն կերպ և մեր ծուլության վերաբերյալ ասում է. «Իմ անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ, ասում է Տերը (52։5):
   
   Աղաղակի՝ խռովության ձայն է հնչում քաղաքից, և դա այն ժամանակ, երբ թշնամիները պաշարեցին այն (Ա Մակաբ. 11։49), այլև՝ ձայն տաճարից (66։6)։ Սա այն մասին է խոսում, որ քաղաքի բնակիչները քաղաքը հանձնեցին, որովհետև տաճարին ապավինում էին իբրև մի մեծ բանի՝ բարեգործություններն անտեսելով և ասելով. «Տիրոջ տաճա՜րը, տաճա՜րը» (Երեմ. 7։4), որից էլ սկսվում է ավերը: Եվ սրանից հայտնի է, որ նեղության ժամանակ չի կարելի ապավինել այլ մեկին, բայց միայն՝ Աստծուն և հոգիների առաքինությանը:
   
Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի մի ամբողջ ազգ (66։8)
   
   Որովհետև գերիները վերադառնում են չորս կողմերից ու ծնվում են մեկ օրում, այսինքն՝ քաղաքը լցվում է կարճ օրերի ընթացքում:

   Որովհետև Սիոնը երկունքի ցավով բռնվեց ու ծնեց իր մանուկներին (66։8)

   Այսինքն՝ հանկարծակի ավեր եղավ ու Սիոնը լցվեց զորքով: Բայց սա հիրավի պատշաճում է նոր Սիոնին, որը բոլոր ազգերի մեջ Աստծո որդիներ ծնեց:
   
Ահա Ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը, ինչպես գետ, և հեթանոսների փառքը, ինչպես հորդահոս հեղեղ (66։12)
   
   Աստծո ընծաների շնորհները գետի ու հեղեղի է նմանեցնում մի շարք պատճառներով. նախ՝ որովհետև ինչպես գետն ու հեղեղն են հոսում հորդառատ կերպով, նույնպես և հորդառատ են Աստծո շնորհները, ըստ այն խոսքի, թե «ով ունի՝ նրան տրվելու և ավելացվելու է» (հմմտ․ Մատթ. 25։29):

   Երկրորդ՝ որովհետև ինչպես գետն ու հեղեղն են հանկարծակի հոսում, նույնպես և՝ Աստծո շնորհները, որոնք բաշխվում են այն ժամանակ, երբ Տերը կամենում է։ Այդպես եղավ վերնատանը, ուր նստած էին առաքյալները, և հանկարծակի ցնցում եղավ ու բոլորը լցվեցին Սուրբ Հոգով (Գործք 2։2-5):

   Երրորդ՝ Աստծո շնորհներին ոչ ոք չի կարող արգելք լինել, ուստի և Պողոսն ասում է. «Աստված է, որ արդարացնում է, իսկ, արդ, ո՞վ է, որ կդատապարտի» (Հռոմ. 8։33-34):

   Չորրորդ՝ որովհետև գետն ու հեղեղը տեսանելի են նաև ուրիշներին, նույնպես և շնորհները երևում են ոչ միայն նրանց, որոնց տրված են, այլև ուրիշները ևս տեսնում են [դրանք], ըստ այս խոսքի. «Չի կարող քաղաքը թաքնվել, կամ ճրագն իր լույսը թաքցնել բոլորից, որ տան մեջ են» (հմմտ․ Մատթ. 5։14):

   Հինգերորդ՝ գետերն ու հեղեղները ետ չեն դառնում, նույնպես և, ինչպես Պողոսն է ասում. «Աստծո պարգևը և կոչն են անդառնալի» (Հռոմ. 11։29):

   Վեցերորդ՝ նրանք բարձրավանդակներից իջնում են ցածրադիր վայրեր, և «Տերը հակառակ է ամբարտավաններին ու շնորհներ է տալիս խոնարհներին» (Հակ. 4։6): Յոթերորդ՝ ինչպես հեղեղից ու գետից փոքրիկ առուներ են հոսում, նույնպես և շնորհներին արժանացած շատերն աշխատանքի միջոցով հաջողությունների են հասնում, ըստ այն խոսքի, որ ասում է առակով. «Խոր ջրհոր է մարդու սրտի խորհուրդը, սակայն իմաստունը երես է հանում այն» (Առակ. 20։5): Նույնպես և ամեն տեսակ բարություն ու խաղաղություն, որ տալիս է Աստված, համապատասխանում է այդ նույն օրինակին, ինչպես որ ասվեց:
   
Ահավասիկ Տերը կրակի նման է գալու, ու նրա կառքը զորավոր մրրիկի նման է (66։15)
   
   «Մրրիկ» և «կրակ» ասելով Աստծո արագ և սաստիկ հրամանն է հայտնում, ըստ  Մաղաքիայի այն խոսքի, որն ասում է. «Տիրոջ օրը բորբոքված հնոցի նման է» (Մաղ. 4։1), որ նկատի ունի աշխարհի վախճանի ահեղ օրը, և թե՝ «Մեր Աստված ուտող կրակ է» (Եբր. 12։ 29): Այս է ասում նաև Դավիթը. «Մեր Աստված հայտնապես կգա, Նրա առջև կրակ է բորբոքվելու ու Նրա շուրջը՝ հզոր մրրիկ» (հմմտ. Սաղմ. 49։3): Տերն էլ ասում է. «Փայլակի նման է լինելու մարդու Որդու գալուստը» (Մատթ. 24։27):
   
Որովհետև Տիրոջ կրակի մեջ է դատվելու ամբողջ երկիրը (66։16)
   
   Նախ՝ ակնարկում է թշնամիներին, որոնք վերադարձից հետո կրակի դատաստանով «դատեցին» Երուսաղեմը, և հետո՝ ապագան է ակնարկում, ինչպես ասում է Պետրոսն իր Ընդհանրական նամակում. «Իսկ այժմ երկինքն ու երկիրը պահված են կրակի համար» (Բ Պետ. 3։7): Իսկ Պողոսն ասում է. «Ընտրելու է օրը, որ կրակով պիտի հայտնվի» (Ա Կորնթ. 3։13): Եվ արդ, կրակով նախ ցույց է տալիս սրբերի պայծառությունը, քանի որ նրանք իբրև գործելու «նյութ» կիրառում են ոսկի, արծաթ, պատվական ակնեղեն, որոնք լուսավորում են առվելագույնս: Երկրորդ՝ ցույց է տալիս մեղավորների պատիժը, քանի որ մեղավորները իբրև «շինանյութ» գործածում են փայտը, խոտը, եղեգը, որոնք դյուրությամբ ոչնչանում են կրակի մեջ: Կրակի այլ հատկությունների մասին գրված է այլ տեղերում:
   
Ովքեր ուտում են խոզի միս, պիղծ բաներ և մուկ, նրանք միասին բնաջնջվելու են (66։17)
   
   Որովհետև սրանցով արհամարհում էին օրենքները, այդ մեղքերով էին հանդգնում մեղանչել հրեաները, կամ էլ այս խոսքը ակնարկում է բաբելացիների կողմից ոչնչացվելը, գուցե նաև՝ գերեդարձից հետո հույների կողմից բազմիցս չարչարվելը:
   
Եվ Ես նրանց խորհուրդներն ու նրանց գործերը գիտեմ (66։18)
   
   Տե՛ս, որ մանրամասն քննության է ենթարկում ոչ միայն նրանց գործերը, այլև՝ խորհուրդները: Այդպես է անում, որպեսզի հավաքի բոլոր ազգերն ու լեզուները, այսինքն՝ հեթանոսներին, որոնք կոտորվեցին Զորաբաբելի ժամանակ:

   Թող գան և տեսնեն Իմ փառքը (66։18ա) [ակնարկում է] ա՛յն փառքը, որն ունենալու է Իսրայելը Գոգի գալստյան ժամանակ (Ծննդ. 10։2, նաև՝ Եզեկ. 38, 39):
   
Ու նրա վրա նշան եմ դնելու (66։19)
   
   Այսինքն՝ սարսափի՛ [նշան]: Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ. նկատի ունի Գոգի զորքերից քչերին, որոնք փրկվեցին հրաշքների միջոցով, որպեսզի գնան- պատմեն յուրայիններին Թարսիսում, Փութում և Լութում, որտեղից և օգնության եկան Գոգին:

   Հեռավոր կղզիները կտեսնեն Իմ փառքը, քանի որ Աստծո հրաշագործությունների մասին պիտի գնան ու պատմեն ազգերի մեջ (66։19):
   
Շքեղազարդ ձիերով, ոսկեզօծ զարդերով ու հովանոցներով (66։20)
   
   Ինչպես այժմ ամպհովանի են պահում խաների վրա՝ պատվի արժանացնելով, այդպես էլ պիտի լինի վերադարձից հետո, երբ Տերը նրանց ցույց է տալու Իր փառքն ու խնամքը:
   
Նրանցից եմ վերցնելու Ինձ համար քահանաներ ու ղևտացիներ (66։21)
   
   Կամ նկատի ունի ժողովրդի որդիներին, որոնք տասանորդ են բերում քահանաներին, կամ ղևտացիների մասին է ասում, կամ էլ հեթանոսների, որոնք «Տիրոջ տան՝ Իսրայելի որդիների նման ինձ նվերներ են մատուցում» (հմմտ. Ղևտ. 7։29-31):
   
Ինչպես օրինակ նոր երկինք է և նոր երկիր (66։22)
   
   Ինչպես անապատում՝ առաջին ելքի ժամանակ, երկնքից ու երկրից իջածհրաշալի պարգևներով նոր կյանք շնորհեց նրանց, նույնն անել է խոստանում նաև այս դարձի ժամանակ: Որովհետև Բաբելոնից վերադառնալիս նոր երկինք եղավ, այսինքն՝ նոր փրկություն, որը կատարվում էր Երկնայինի կամքով, և զանազան խոստումներով նոր երկիր հաստատվեց և նրանց համար նյութեղեն փոփոխություններ եղան:
   
Ամսից ամիս և շաբաթից շաբաթ (66։23)
   
   Հանապազօրյա տոների մասին է ասում, որոնք կատարում էին ետդարձից հետո 3, որովհետև քանի դեռ գերության մեջ էին, չէին կարող տոնախմբել այդ օրերը, համաձայն այս խոսքի. «Մենք ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում» (Սաղմ. 136։4): Իսկ «յուրաքանչյուր անձ» ասելը բազմությունն է նշանակում:
   
Պիտի ելնեն ու տեսնեն Իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները (66։24ա)
   
   Երբ կոտորվի Գոգի տունը, գալու են նրանք, ովքեր հարձակվելու են Իսրայելի որդիների վրա ու ելնելու են այն բարձունքը, որտեղից պիտի գրոհեն ու հաղթեն, այլև տեսնելու են հանցանք կատարածների ոսկորները, այսինքն՝ նրա՛նց ոսկորները, ովքեր անօրենություն գործեցին Տիրոջ դեմ:

   Որովհետև նրանց որդը չի մեռնելու և կրակը չի մարելու (66։24բ)

   Որովհետև նրանք «հայտնի եղան», ուստի այնժամ ազգեազգ պատմվելու են նրանց [պատուհասած] հարվածները:

   Նրանք հայտնի 4 պիտի լինեն բոլոր մարմնավորներին (66։24գ)

   Այսինքն՝ ժողովրդի ու բոլոր հեթանոսների համար ճշմարտության օրինակ պիտի լինեն, իսկ ուրիշներ այս խոսքը կարծում են ա՛յն ազգերի համար ասված, որոնք Անտիոքոսի 5 ժամանակ զորքեր գումարեցին սելևկյանների դեմ: Դարձյալ ժողովուրդը, որ չի ոչնչանում, օրինակն է անմահ որդի, անմար կրակի և նրանց տանջանքի: Բայց անօրեն հրեաները ասում են, [թե այս խոսքը] կատարվելու է ապագայում՝ պատրվակ բռնելով ու պատճառաբանելով, թե մենք ե՞րբ հավաքվեցինք Թարսիսում, Իսպանիայում և այլ վայրերում: Այս կապակցությամբ կապատասխանեմ, որ ձեզ հարկ է ընդունել երկուսից մեկը. կա՛մ ասել, թե ետդարձից հետո Երուսաղեմում այլևս չէր պահվում օրենքը, որ ամենևին սուտ է, կա՛մ ասել, թե պահվում էր օրենքը: Ուրեմն սուտ է մարգարեությունը, թե՝ Շաբաթից շաբաթ ամեն մարմին գալու է Երուսաղեմ՝ երկրպագելու: Որովհետև մարդը թռչուն չէ, որ կարողանա շաբաթից շաբաթ անխտիր կերպով գալ այնտեղ ու տոն կատարել, ինչն անկարելի է նույնիսկ պաղեստինցիների համար: Հետևաբար ակներև է, որ դարձից հետո բովանդակ աշխարհի՛ց հավաքվեցին ու կառուցեցին Տաճարը, և կարգված օրենքը կատարվում էր ամեն շաբաթ ու ամսագլխին: Եվ ճշմարիտ է այս մարգարեությունը, որն օրենսգետների վերաբերյալ ասում է. «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարածների ոսկորները (հմմտ. 38։13), քանի որ նրանք չպահեցին Իմ շաբաթն ու ամսագլուխը»: Իսկ նրանց տարակույսի [վերաբերյալ], թե «ե՞րբ հավաքվեցինք Թարսիսից և Իսպանիայից», կասեմ հետևյալը. Գիրքը 6 մեծամեծ բաներ է հայտնում, քանզի գիտե, թե փոքր բաները քողարկված են մեծերի մեջ, ըստ այն խոսքի, թե՝ «Կյուրոսն իր խոսքը հռչակեց բովանդակ թագավորության մեջ» (Ա Եզր. 2։1): Պարզորոշ է, որ Իսպանիան բոլոր քաղաքների հետ կապված է այս վայրին, նույնպես և հայտնի է այն, որ Դանիելն ասաց Նաբուգոդոնոսորի վերաբերյալ, թե՝ «Բոլոր վայրերն, ուր ապրում են մարդիկ, քո ձեռքը տվեց» (Դան. 2։38): Եվ արդ, տե՛ս, որ Նաբուգոդոնոսորը 7 գերեց նրանց, և Կյուրոսը 8 աշխարհակալ դարձրեց, ինչպես և գրված է մեկի վերաբերյալ, թե՝ «ցրվեցին ամեն տեղ», և մյուսի մասին, թե՝ «հավաքվեցին բոլոր կողմերից» (Եզեկ 11։16,17): Եվ արդ, գիտելի է, որ մարգարեների խոսքերն ունեն երկակի իմաստ ու զորություն. մարգարեություններ, որոնք հրեաների մեջ կատարվեցին, և մարգարեություններ, որոնք մասնավորաբար վերաբերում են ապագային, և մարգարեություններ էլ, որոնց մեջ մեկ խոսքով բացահայտվում են երկու իմաստներ: Միայն հրեաներին վերաբերող մարգարեության օրինակ է այգու առակը, որը Եգիպտոսից խլվեց ու տնկվեց Պաղեստինում, և փոխանակ առաքինի պտուղներ տալու մեղքի փշեր բերեց, որի վրա բարկանալով՝ Տերը հրամայեց քանդել օրենքի ցանկապատնեշը՝ թագավորներին, մարգարեներին, խորհրդականներին, ու նրանց մատնել գերության այլազգիների մեջ, ինչպես և եղավ: Իսկ մասնավոր, ապագային վերաբերող կանխասացություն է հետևյալը. «Ահա Կույսը պիտի հղանա և Որդի ծնի (7։14): Նաև Դավթի խոսքերը. «Ծակեցին իմ ձեռքերը և ոտքերը», «Ինձ լեղի կերակուր տվեցին» (հմմտ. Սաղմ. 21։18, 68։22): Իսկ երկու և երեք իմաստ ունեցող մարգարեություն է սա, որ ասում է. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը (2։2), ինչը կատարվեց նրանց դարձի ու մեր փրկության ժամանակ և դեռ կատարվելու է ապագայում, ըստ այն հավատի, որ տածում ենք ժամանակ առ ժամանակ եկող փրկության մասին: Եվ այս մարգարեության վախճանին թեպետ առաջին հայացքից ցույց է տալիս հրեաների մարմնական ազատությունը ու նրանց թշնամիների խորտակումը, սակայն նաև մեր պարագան է հայտնի դարձնում, այսինքն՝ փրկությունը՝ ըստ հոգու, որ կատարվելու էր նոր Զորաբաբելի՝ Օծյալ Քրիստոսի միջոցով՝ Բանն Աստծո  մարդկության միավորությամբ, որով Նա մեզ դարձի բերեց սատանայի գերությունից ու մեր մեջ եղած ամեն տեսակ չար հակառակություններից:
   
Եվ հրեաներից փրկվածներին պիտի ուղարկեմ հեթանոսների մեջ (66։19)
   
   Այսինքն՝ առաքյալներին պիտի ուղարկի բարի լուրը քարոզելու բոլորի փրկության համար: Սա համաձայնում է Պողոսի այս խոսքին. «Մեզ փրկեց խավարի իշխանությունից և հայրենատուր ավանդների ծառայությունից» (Կողոս. 1։13), և թե՝ «Երուսաղեմից մինչև Լյուրիկիա լցվելու է Քրիստոսի Ավետարանը» (Հռոմ. 15։19): Դա ասաց նաև մյուս աշակերտներին. «Գնացե՛ք աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին» (Մատթ.ԻԸ 19), որոնք չէին լսել Նրա անունը ու չէին տեսել Նրա զորության հրաշալի փառքը (հմմտ. 28։19), որ դրսևորվեց Նրա խաչելության ժամանակ ու խաչից առաջ՝ հրեաների մեջ: Բայց թող գան, այսինքն՝ առաջադիմեն հավատքի միջոցով, և տեսնեն (66։18), այսինքն՝ հավատքի աչքերով տեսնեն, ինչպես Պողոսն է գրում Գաղատացիներին. «Աչքերի առաջ Հիսուս Քրիստոս նկարագրվեց խաչը ելած» (Գաղ. 3։1):

   Նրանց վրա նշան դրեցի (66։19)

   Այսինքն՝ Խաչի դրոշմը և հոգևոր շնորհների պարգևները, որպեսզի դառնան դեպի ապագա վախճանի գիտությունն ու արդար հատուցումը՝ գիտենալով, թե համընդհանուր հարության ժամանակ ինչ են լինելու անհավատների և հանցավորների ոսկորները, որոնց համար անխուսափելի են մշտջենավոր տանջանքները, ինչպես ասում էլ է. «Նրանց որդը չի մեռնում, ու կրակը չի մարում» (66։24), որ կսկիծն է խորհրդանշում. «Նրանք մատնվելու են հավիտենական տանջանքի, որտեղ լինելու է աչքերի լաց և ատամների կրճտոց, որ պատրաստված է սատանայի ու նրա հրեշտակների համար» (հմմտ. Մատթ. 24։46):
   
Նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին (66։24)
   
   Այսինքն՝ նախատինք պիտի լինեն նրանց համար, ովքեր անարժան կլինեն Արյանն ու Մարմնին, որովհետև Քրիստոս ապրեց նույն այս աշխարհում և այս կյանքում կցորդակից եղավ ամենքի տառապանքներին, սակայն միայն ոմանք տերունական պարգևների և երախտիքների բարի ծառաներն ու սպասավորները դարձան, իսկ մյուսները անմտաբար վատնելով ամեն ինչ՝ կորցրին նաև իրենց հոգիները՝ անհաղթահարելի և աններելի տույժերի դատապարտվելով, որի պատճառով մարգարեն իրավացիորեն ասում է, թե՝ «Նախատինք է լինելու իր ազգակիցների համար» (Երեմիա 8։2), որից թող մեզ ազատի մեր բնությունների [ստեղծիչ] ողորմած Աստված, Որ օրհնված է հավիտյանս. ամեն:
   
   ԱՅՍ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

   Արդ, ես խոսքի սպասավորների մեջ վերջինս՝ Գրիգոր քահանաս, Եսայու մարգարեության այս ծաղկաքաղ, հատվածական մեկնությունը հավաքեցի իմ տեր ու վարժապետ Հովհաննես Որոտնեցու լուսավոր խոսքերից, որի հիշատակը թող օրհնությամբ լինի հավիտենապես:

   Արդ, սա պիտանի է ճառասացության, քարոզխոսության ու զրույցների համար, որ գուցե թե Տիրոջ շնորհներով սա որևէ կերպ գոհացում տա ձեր փափագին, իսկ մեր տկարության [հետևանքով եղած] թերության համար աղաչում եմ ներողամիտ լինել: Եվ թող որ, եղբայրական խնամքով մարդասիրելով, ձեր աղոթքից մի կաթիլ ցող իջեցնեք իմ ոսկորների վրա, որը կլվա իմ հոգու և մարմնի, նաև ծնողներիս թարախոտ ապականությունը, ներելի ու մահացու մեղքերը, և ձեզ՝ հիշողներիդ ու մեզ՝ բոլոր հուսացողներիս թող շնորհվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալիք փառքի հույսը: Ուստի համար աղերսում ենք, որպեսզի դուք ևս, որ ընդօրինակում եք [այս մատյանը], մեր փոքր հիշատակի հետ արձանագրվեք Կյանքի գրքում. ամեն: