Քրիստոսի ճշմարիտ բարեկամը նա է, ով նմանւում է առաքեալներին եւ Քրիստոսին, նա, ում թէպէտ նախատում եւ չարչարում են, սակայն համբերում է եւ նրա բարութիւնը չի նուազում այլոց հանդէպ: Քրիստոս նրանց համար ասում է. «Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտի, թէ տէրն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ լսեցի Իմ Հօրից, յայտնեցի ձեզ»[1]: Եւ այն մասին, թէ ինչո՞ւ է Աստուած թոյլ տալիս, որ չարչարեն ու փորձութիւնների ենթարկեն Իր սուրբերին եւ բարեկամներին, վարդապետներն ասում են՝ չորս պատճառով:
Նախ՝ Նա այստեղ պանդխտութեան եւ օտարութեան է մատնում նրանց, որպէսզի ցանկանան եւ փնտրեն երկնաւորը, ինչպէս առաքեալն է ասում. «Ցնծացին եւ խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ»[2], ու տենչան մի աւելի լաւ տեղ, այսինքն երկնաւոր մի վայր:
Երկրորդ՝ փորձութիւնների է մատնում Իր սիրելիներին, որպէսզի ցոյց տայ Աստուծոյ սէրը նրանց հանդէպ եւ նրանց սէրն էլ Աստուծոյ հանդէպ, որովհետեւ Տէրը ում սիրում է, նրան էլ խրատում է: Իսկ նրանք որքան շատ են դիմանում չարչարանքներին, այնքան շատ են սիրում Աստծուն:
Երրորդ՝ երբ արիութեամբ են տանում այդ ամէնը, Աստուած փառաւորւում է, ինչպէս ասաց ի ծնէ կոյրին. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստուծոյ գործերը յայտնի լինեն»[3]:
Չորրորդ՝ որպէսզի սատանան պատկառի եւ ամօթահար լինի սուրբերի նահատակութիւնից, որոնք իրենց հողեղէն ու տկար մարմնով յաղթեցին թշնամուն:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
[1] Յովհ. ԺԵ 15:
[2] Եբր. ԺԱ 13:
[3] Յովհ. Թ 3:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: