ԲՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

Հայր Թովմասը իբրև առաջնորդը գնաց Սեբաստիա` Կոլոտին թողնելով իր փոխարեն իբրև գանձապահ: Վանահայր Կարապետ սրբազանը բավականին ծերացել էր և հիվանդ էր, բայց և այնպես ոչ ոք չէր ուզում նրա հրաժարականը, որովհետև գիտեին նոր ընտրությունների վնասների մասին: Մոտալուտ ընտրապայքարի համար արդեն իսկ կազմվել էին չորս–հինգ խմբակներ: Գրիգորն ու Կոլոտը հեռու էին մնում` զգուշանալով և կողմերից ոչ մեկին նեցուկ չկանգնելով: Նրանք դեռ Ամրդոլցի էին և չէին ուզում դրսից եկած խառնակիչներ երևալ: Սակայն բոլորն էլ քաջ գիտեին, թե որ խմբին որ միանար այս երկվորյակը, այն էլ անտարակույս պիտի շահեր: Ուստի նրանց այս խոհեմ չեզոքությունը գնահատվում էր բոլորի կողմից:

Վանքը պարտք չուներ, եկամուտն ավելացել էր, գանձանակը` լցվել: Հաջողությամբ և մեծավ մասամբ ի կատար էին ավել շինարարական աշխա տանքները: Աշակերտների թիվը հասել էր գագաթնակետին: Բազմաթիվ գրիչներ անխոնջ ընդօրինակում ու բազմացնում էին հնագույն ձեռագրերը` դրանք կորստից փրկելու համար:

Օրակարգում առաջնահերթ էր ժամանակակից մի տպարանի այրող պահանջը: Արդեն ամեն ինչ պատրաստ էր: Տարիների խնայողությամբ դրամագլուխ էր կազմված: Միաբաններ էին ուղարկված Կոստանդնուպոլիս և Եվրոպա` ուսումնասիրելու հարմար կարելիությունները: Կոլոտը ցանկանում էր ամենալավը, ընտիրն ու մեծը: Որովհետև հայ Առաքելական Եկեղեցու առաջ գաղափարական մի մեծ պայքար էր ցցվել: Հիսուսյանների կամ ավելի ծանոթ անվամբ` ճիզվիտների ազդեցիկ ուղղությամբ կաթոլիկական զորավոր մի շարժում էր սկսվել հայ ժողովրդի մեջ: Հայ եկեղեցին, անպատրաստ` դիմագրավելու այս արշավանքին, մեծապես տուժում էր մարդորսության պատճառով: Հիսուն տարուց ի վեր շարունակվող այս պառակտիչ շարժումն իր տխուր պտուղներն էր արդեն տալիս ամեն տեղ: Այս մրցակցությունը ակամայից ցույց էր տալիս Առաքելական Եկեղեցու տկարությունը` բավարարել չկարողանալու իր հոտի հոգևոր պահանջները: Հրատարակչության պակասն ու կրթված եկեղեցականների պատրաստությունը Հայ Եկեղեցու առջև նետված մեծագույն մարտահրավերն էին: Վանքերից բացի հայ իրականության մեջ ոչ մի ուրիշ բարեկրթված հաստատություն չկար:

Նորից գարուն էր: Սուրբ Կարապետ վանքում իրենց հաստատվելու օրից երեք կլոր տարիներ էին անցել` արդյունաբեր երեք տարիներ: Տարօրինակ ձևով ամեն ինչ, հրաշքով սկիզբ առած, հաջող էր ընթացել` ապահովված Կարապետ Սրբազանի նման պահապան հրեշտակի թևերի ներքո:

Նրանց ծաղկուն առաքելությունը վաղուց տվել էր իր քաղցր պտուղները: Ահավասիկ Վարդանի սկզբունքներով պատրաստված աշակերտների առաջին հունձը. ձեռնադրվում էին վեց նոր աբեղաներ: Կարապետ սրբազանը նստած` մի կերպ կատարեց ձեռնադրությունը: Պատարագիչն ու քարոզիչը Կոլոտն էր:

– Որքա՜ն սպասեցինք ձեզ, տղանե՛ր, որքա՜ն սպասեցինք: Բախտավոր են կանայք. միայն ինն ամիս է տևում նրանց հղիությունը: Իսկ մենք սպասեցինք ձեզ ինը տարուց ավելի: Բարով եք եկել կղերական մեր աշխարհը: Այսօր մենք` ձեր ուսուցիչներն ու եղբայրները, մայր արծվի չափ ուրախ ենք` տեսնելով, որ ձեր թռչնաթևերն այլևս կատարյալ են, և ռունգները շնչում են անհամբեր` կարոտ հյուսիսային հողմերին: Բարով եք եկել մեր ցուրտ լեռները, ուր մարդկանցից հեռու ըմբոշխնելու եք արծիվների առանձնությունը` ամպերի և Աստծո հարևանությամբ: Մարդիկ պիտի հիանան աստղերի մեջ ձեր սավառնումով ու պիտի գան խոնարհաբար հալվելու և համբուրելու ձեր աստղաթաթախ սքեմը: Միայն իմանայիք` որքա՜ն ուրախ ենք, տղանե՛ր, ա՜հ, որքա՜ն ուրախ: Մենք` Քրիստոսի` չորս կողմից ճնշված բանակը, մենք` պաշարված, կողոպտված ու հազար անգամ ոտնակոխ բանակը, սակայն միշտ կանգուն` երբե՛ք հուսահատ, երբե՛ք հաղթված, երբե՛ք զինադուլ: Եվ ահա հորիզոնի վրա դուք եք` մեզ օգնության հասնող ասպետները` մանկունք Սիովնի. ի՜նչ երջանիկ օր: Լսեցինք ձեր` կորյունի մռնչյունը թշնամու դեմ, եկաք մեռնելու: Բարո՛վ եկաք այս կենսատու և արգասաբեր մահվանը: Ձեր մահով մարդկանց սրտերում հարություն պիտի առնի Քրիստոսի խաչը, ձեր կորցրած կյանքերով պիտի գտնվեն կորած որդիները Երկնավոր Հոր, և պիտի պարարտանան աղոթքի անապատները ձեր արցունքներով:

Պատարագից հետո պարտեզի մեջ` ընկուզենիների ստվերի տակ, ճոխ սեղան պարրաստեցին: Բոլոր միաբանները ներկա էին` ներառյալ նաև խոր ծերության հասած անկողնային վիճակի չորս միաբաններ, որոնց, իրենց անկողիններով, տեղավորել էին սեղանների շուրջը: Գինին առատ էր, և խորովածը` համեղ: Երգերի և ուրախության ձայնը արձագանքում էր ամենուր:

– Ավելի լավ չէր կարող լինել, այդպես չէ՞, – ասաց Կոլոտը Գրիգորին, – ինչ որ ձեռնարկեցինք, Աստված օրհնեց ու ինչ որ ցանեցինք, հարյուրապատիկը ստացանք: Մենք շրջապատված ենք անկեղծ եղբայրներով, և Կարապետ սրբազանը, իր խոր ծերությամբ և հիվանդությամբ հանդերձ դեռ հայրաբար հսկում է մեզ: Վերևում Աստված ունենք, ներքևում` հաց ու գինի. մեր շտեմարանը լիառատ է բարիքներով: Ուրիշ ի՞նչ պիտի լիներ:

Կոլոտը վերցրեց բաժակն ու զարկեց Գրիգորի բաժակին և աղաղակեց գինու անուշ թմրության ներքո.

– Գարնան գեղեցկության և նոր նվաճումների համար: Գրիգորը տխուր չէր, բայց մի տեսակ մտածկոտ էր: Կոլոտը, նկատելով այդ, հարցրեց.

– Ի՞նչ կա, ուրախ չե՞ս, ինչ–որ բա՞ն պատահեց:

– Ո՛չ, ոչինչ չկա, լավ եմ, միայն թե – կանգ առավ Գրիգորը` խորը  շունչ քաշելով, – կարծես թե վատ բան պիտի պատահի, սրտիս մեջ անհայտ մի նեղություն խռովում է ինձ: Կարծես թե երկար ժամանակ է, ինչ սատանան թողել է մեր  օձիքն ու չի մոտենում այս կողմերին: Չափից ավելի հանգիստ ու խաղաղ ենք:

– Ի՞նչ, ուրեմն սատանայից նոր փորձություն սպասելով` տխրե՞նք և պահի գեղեցկությունը խաթարե՞նք` տրտմելով ու մտահոգվելով: Եթե սատանակա, Աստված էլ կա և, – Կոլոտը դարձյալ զարկեց իր բաժակը Գրիգորի` սեղանի վրա դրված բաժակին և զվարթաձայն բարձրացրեց, – և Աստված մեզ հետ է:

– Կաս կած չունեմ, որ Աստված մեզ հետ է: Սակայն, չգիտեմ ինչու Հոբ Երանելու փորձությունն է գալիս միտքս և արձագանքում սատանայի մարտահրավերը Աստծուն:

Մի՞թե Հոբը ձրի է պաշտում Աստծուն: Չէ՞ որ դու նրան և նրա տունը և նրա ողջ ունեցվածքը շրջապատեցիր, նրա ձեռքի գործերը օրհնեցիր, և նրա ստացվածքը երկրի վրա շատացավ: Հիմա ձեռքդ երկարի ու դիպցրու նրա ամեն ունեցածին ու կտեսնես, թե ինչպես պիտի հայհոյի քեզ: Հուսամ, որ մեր փորձությունը թեթև կանցնի: Գրիգորը նայեց երկինքու շշնջաց.

– Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ` փրկեա ի չարէ:

Կոլոտն էլ վարակվեց Գրիգորի մտահոգությամբ: Որովհետև լավ գիտեր այս աղոթքի ախոյանին, ինչպես նաև Գրիգորի նախազգացումների ճշգրտությունը, որ ապացուցված էր մի քանի առիթներով. ինչպես, օրինակ, մի ամառ գյուղացիները տառապում էին երաշտի պատճառով: Դաշտերի մեջ անձրևի աղոթք ասվեց: Աղոթքից հետո Վարդան վարդապետը շրջվեց Գրիգորի կողմն ու բոլորի առաջ դիմեց նրան. «Ե՞րբ պիտի անձրևի»: Բոլորը զարմացած էին այս հարցումից: Գրիգորը պատասխանեց ցածր ձայնով. «Այս գիշեր»: Այդ գիշեր դաշտերը կշտացան անձրևով: Հետո Կոլոտը Գրիգորին առանձին հարցրեց, թե ինչպե՞ս իմացավ: «Չգիտեմ, բայց, երբ աղոթում էինք, մի ձայն արձագանքում էր գլխումս` այս գիշեր, այս գիշեր, այս գիշեր: Սա մի շնորհ էր` Սուրբ Հոգուց ինձ տրված. Վարդան վարդապետն այդպես ասաց»: Սակայն Հովհաննես Կոլոտը հոռետեսությանը տրվող մարդ չէր և, եթե իմանար, որ քիչ անց աշխարհը փուլ կգա, կրկին կկարողանար կատակել ու քմծիծաղել վախի դեմքին:

Հիշեց նորից իր խտղտացնող ոտանավորը. «Ձմեռը հեռացա՜վ, գարունը արթնացա՜վ, Քրիստոսը մեր մեջ հայտնվե՜ց, հոռետեսությունը ետ փախա՜վ, իսկ Գրիգոր Վարդապետը չիմացա՜վ, տխրե՜ց ու լա՜ց եղաւ, լա՜ց եղաւ»:

Կոլոտին հաջողվեց Գրիգորից ժպիտ կորզել:

– Դե, ասա՛ տեսնեմ, փորձ չը ե՞բ է հարվածելու մեզ: Ի՞նչ են ասում ականջիդ ձայները:

Գրիգորը կամացուկ ժպտաց. ճիշտը պիտի խոսեր, բայց եղբայրները բարձրաձայն, միաբերան ուրախ մի երգ սկսեցին: Ոչ մի տխրություն չէր կարող դիմանալ այսպիսի երգի զորությանը: Եղբայրական ուրախությունը, գինին ու կատակները վաղուց ավլել էին տխրությունը` արտաքսելով վանքի պատերից դուրս: Այս գարնան առաջ ձյունն ինչպե՞ս կդիմանար: Կյանքն այսօր դրախտից մի անկյուն էր սարքել իրենց առջև. վաղվա դժոխքը ու՞մ հոգսն էր:

Մոտենում էր ժամը չորսը: Բոլորն էլ կուշտ ու հագեցած էին: Կարապետ Սրբազանի հետ ոտքի կանգնեցին` արտասանելու գոհաբանական աղոթքը: Հենց այդ պահին Գրիգորը շշնջաց Հովհաննեսին` այսօր, այսօր:

– Ի՞նչ, այսօ՞ր, – մռլտաց Կոլոտը: Սակայն աղոթքը սկսված էր: «Հայր մեր»–ից հետո հզոր մի «ամեն» թնդացրեց պարտեզը: Եվ փորձիչը եկավ:

Սեղանը առաջ շարժվեց, հետո ոտքի տակ հողը սկսեց խլրտալ: Բոլոր կողմերից ահազանգող աղմուկ բարձրացավ.

– Երկրաշա՜րժ է, երկրաշա՜րժ է, Աստվա՜ծ իմ:

Ծառերի խշրտոցը սպառնալից էր: Շատերը միմյանց ձեռք բռնեցին, ոմանք ծունկի իջան, բոլորն անխտիր սրտագին աղոթում էին: Պարտեզում ապահով էին, իրենց վրա փլվող պատերից հեռու: Սակայն կայուն ու անշարժ թվացող հողի երերումն արդեն իսկ բավական հոգեցունց էր: Տասը վայրկյան անց շարժումը կանգ առավ:

– Փա՜ռք Աստծո, կարճ տևեց, շուտ կանգնեց:

Ի՞նչ իմանային, որ երկրաշարժը պարզապես խորը  մի շունչ քաշեց` բուն ավերումը վարից վեր սկսելու համար:

Խորերից եկողմի հարվածից սթափվեցին բոլորը, ու սկսվեց երկրաշարժի մոլեգին պարը: Այս մեկը առաջինից շատ էր տարբերվում: Ոչ մեկը չկարողացավ ոտքի վրա մնալ. ջանալով ինչ–որ բանից բռնվել` սողում էին գետնին: Իսկ ծառերն էլ այնպես էին ճկվում, որ կարծես պատրաստվում էին գավազանահարել նրանց: Մի քանի չորացած ճյուղեր արդեն իսկ ընկան: Լեռների երգչախումբն աղաղակում էր ժայռերի ահարկու մի կրճտոցով: Ոչ մեկն ականատես չէր եղել այսպիսի ահավոր երևույթի և ոչ էլ լսել այսպիսի մի ձայն իր ամբողջ կյանքի ընթացքում: Ժամանակը կարծես կանգ էր առել, և աղետը, սաստկանալով, շարունակվում էր: Մեկը սուր մի ճիչով ուժգին գոռաց.

– Նայե՜ք, նայե՜ք, եկեղեցին փլվում է:

Իսկապես, նրանց աչքերի առաջ նորակերտ գմբեթը քարուքանդ էր լինում, իսկ զանգակատունը ճեղքվում էր վերից վար: Կործանարար ճոճումը աննկարագրելի որոտ ու փոշի էր ծնում: Աշխարհի վե՞րջն էր գալիս: Ոչ ոք այդպես  չէր աղոթել, և ոչ ոք մահվանն այդքան մոտ չէր զգացել ինքն իրեն:

Երբ երկիրը դադարեց շարժվել, սկսվեց սրտերի ցավատանջ շարժում–ճմլումը:

Տեսնես ի՞նչ էր խլել իրենցից այս աղետը: Բայց և վախենում էին մոտ գնալ շենքերին: Վանքի սուրբ պատերը հիմա արդեն վերածվել էին իրենց վրա հարձակվող գազանների:

Բոլորը, ծնկի իջած, փառք էին տալիս Աստծուն և ողորմություն խնդրում Նրանից: Շարժումները թեև թեթև, Սակայն մեր թընդ մերթ շարունակվում էին` կրկին խուճապի մատնելով միաբաններին: Կործանումը մեծ էր: Վանքում ոչինչ չէր մնացել անվնաս:

 

Հաջորդ գլուխը՝

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱԳՆԱՊԸ