Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 1:1

Ստեփանոս Սյունեցի

Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը,
   
    «Քանի որ շատերը ձեռնարկեցին գրել պատմությունը»:
[Այնպես], ինչպես հնում [շատերն] էին խոստանում մարգարեություն գրել. և ոմանք ճշմարտապես էին [գրում], իսկ ոմանք էլ՝ ստությամբ, ինչպես Անանիան՝ Ազարի որդին [ստությամբ մարգարեացավ] (տե՛ս Երեմ. 28։15-17), այնպես էլ ներկայումս շատերը ավետարան գրեցին, ոմանք՝ ստությամբ և ոմանք՝ ճշմարտապես:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-4․ Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ, որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր։ 
   
    Ամեն գրքի հեղինակ սկզբում ազդարարություն դնելու սովորություն ունի, որտեղ  բացատրում է, թե ի՛նչ նպատակով, ի՛նչ միջոցներով և ի՛նչ ուղղվածությամբ է գրել գիրքը: Ավետարանիչներից միայն Ղուկասն ունի այդպիսի առաջաբան: Հին հեղինակների սովորության համաձայն, նա իր անունը չի հիշատակում, սակայն վկայում է. «Սկզբից ճշմարտությամբ հետամուտ էի եղել ամեն բանի»: Այսինքն, ինքը սկզբից ևեթ հետևել է Քրիստոսին` իր տեսածը և իմացածը գրի առնելով: Համաձայն ընդհանուր կարծիքի, Ղուկասն Անտիոքում ուսանած մի հրեա էր, բժիշկ ու նկարիչ, որը, վերադառնալով Երուսաղեմ, հետևել էր Քրիստոսին և դարձել յոթանասուներկու աշակերտներից մեկը: Նա հիշատակում է, որ ուրիշները ևս, իրենից առաջ, գրել են Քրիստոսի պատմությունը, իսկ ինքը, բացի իր իմացածից, նաև լսել ու հավաքել և ի մի է բերել Քրիստոսի առաքյալներին վերաբերող ավանդությունները, որոնք «սկզբից Բանի ականատեսներն ու սպասավորները եղան»: Սակայն, ինքը հատուկ մտադրությամբ ուզում է ամեն ինչ «կարգ ով գրել»: Այսինքն` թե նախնական գրվածքները, և թե իր իմացածներն ու լսածներն ամփոփելով, կամենում է կանոնավոր մի պատմություն կազմել: Կարծես թե Ղուկասը նույնպես մտադիր է եղել մեր ծրագրած ձևով մի  «ՀԱՄԱՊԱՏՈՒՄ» կազմել:
    Ղուկասն իր Ավետարանն ուղղում է Թեոփիլե անունով մեկին, որը հետագայում աշակերտել է Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը: Թեոփիլեն հունարեն բառ է և թարգմանվում է Աստվածասեր: Շատերը կարծեցին թե Ավետարանիչն իր խոսքն ընդհանրապես ուղղում է բոլոր նորադարձ քրիստոնյաներին: Սակայն «Քաջ Թեոփիլե» կոչումն ավելին է ասում: «Քաջ»  ածականը գործածվում է քաջատոհմիկ կամ ազնվական իմաստով, որ մատնացույց է անում յուրահատուկ, որոշակի և պատվավոր մի անձնավորության: Այս ենթադրությունն է՛լ  ավելի կզորանար, եթե Նոր Կտակարանի որևէ հատվածում այդ անունով մեկը հիշված լիներ: Սակայն, այդպիսի բան չկա: Միայն ավանդություննն է, որ մեզ ծանոթացնում է Կեսարիայի կապադովկիացիների առաջին և առաքելաշավիղ եպիսկոպոս Թեոփիլոսի հետ: Ենթադրվում է, թե նա Անտիոքում բժշկապետ էր ու Ղուկասի ուսուցիչն էր, ում շնորհիվ էլ քրիստոնեություն էր ընդունել: Ղուկասը նույն Թեոփիլեին է նվիրում նաև իր երկրորդ գրվածքը, այսինքն` Գործք Առաքելոցը Գործ. 1։1,սակայն, այստեղից ևս հնարավոր չէ որևէ ստույգ և որոշակի տեղեկություն քաղել Թեոփիլեի ինքնության մասին:
    Նոր Կտակարանի պատմությունից հայտնի է, որ Ղուկասը եղել է Պողոս առաքյալի հավատարիմ և անբաժան գործակիցը, այնպես որ մյուս գործակիցների ու աշակերտների հեռանալուց հետո էլ Ղուկասը մնացել է Պողոսի մոտ Բ․ Տիմ․ 4:10։ Ավանդությամբ պատմվում է, որ Ղուկասն իր Ավետարանը գրել է Պողոսի հրամանով և Պողոսի համար, ինչպես և վկայում է Նախաբանը: Նույն ինքը` Պողոսը, հիշատակում է, թե Ղուկասի «գովության համբավն ավետարանի քարոզության մեջ ծանոթ է բոլոր եկեղեցիներում» Բ․Կորն․ 8։18․։ Շատ մեկնիչներ Պողոսի «իմ Ավետարանը»(Բ․ Կորն15) խոսքի տակ նույն Ղուկասի Ավետարանն են հասկանում: Մյուս կողմից էլ գիտենք, որ Պողոսը,  լինելով հռոմեական քաղաքացի, ուսյալ և պատվավոր անձնավորություն էր և իրավամբ կարող էր «քաջ» պատվանունով հիշվել: Արդյոք ճիշտ չի՞ լինի կարծել, թե Թեոփիլեն հենց ինքը` Պողոսն է: Իմանալով, որ Ղուկասը յոթանասուներկուսից մեկն էր, Պողոսն իրոք, նրանից հետո, աշակերտած կլինի ճշմարտությանը: Մեր կարծիքն առավել համոզիչ կդառնար, եթե Գործք Առաքելոցն ավելի հստակ ակնարկեր այդ մասին: Առայժմ, կարծիքներից մեկն էլ սա է, որ հայտնում ենք առանց պնդելու: