Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:35

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:34
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

35-36. Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:
   
   Կափառնայումի ժողովուրդը Հիսուսի այնտեղ հասած պահին բաժանված էր երկու հատվածների. մի մասը Հիսուսի հետևից Բեթսայիդա էր գնացել և անապատում մասնակցել հացերի հրաշքին, իսկ մյուս մասն էլ մնացել էր քաղաքում: Երբ Հիսուս Կափառնայում հասավ, ոչ միայն քաղաքի ժողովուրդը, այլ ամբողջ Գենեսաբեթ գավառի բնակչությունը իրար անցավ: Ամեն կողմ լուր տարածվեց և գյուղերից ու քաղաքներից հիվանդ էր, որ գալիս էր, հիվանդ էր, որ բերվում էր, այն աստիճան, որ մինչև իսկ անկողնային հիվանդներին մահիճների և պատգարակների մեջ Կափառնայում էին վազեցնում ու տանում Նրա գտնվելիք վայրը՝ քաղաքում կամ դրսում:
   Երբ Հիսուս Կափառնայումից հեռանալու և ուրիշ քաղաքներում, գյուղերում և ագարակներում շրջելու պատեհ առիթ էր գտնում, միևնույն դիմումն ու խռնումն 1 էր ի հայտ գալիս և դեռևս Հիսուս չեկած, հիվանդներին հանում էին տներից և ճանապարհների վրա էին շարում, որ գալու ժամանակ շուտով առիթ ունենան ներկայանալ Նրան, Նրա ձեռքի հպմանն արժանանալ կամ Նրա հրամայական ձայնը լսել: Մինչև իսկ գոհ կմնային, եթե կարողանային նրա հագուստի քղանցքին քսվել, որովհետև նույնիսկ լոկ քղանցքին քսվողները անմիջապես բժշկություն էին ստանում:
   Այս եղելությունները, որոնք Մատթեոսն ու Մարկոսը մանրամասնորեն հիշում և, անշուշտ, միայն Կափառնայում հասած օրերին չեն պատկանում, այլ հաջորդ օրերի և ամիսների վրա են տարածվում և առհասարակ Հիսուսի Գալիլիայում կատարած անթիվ-անհամար բժշկությունների համառոտ ամփոփումն են: Բայց սրանցից առաջ պետք է անդրադառնանք կափառնայումցիների այն մասին, որ մինչև Բեթսայիդա անապատը հետևել էր Հիսուսին:
   Ոմանք գիշերվա սկզբին անապատից մեկնելով, մյուս առավոտյան ծովեզերք իջան և ուզեցին ծովի ճանապարհով անցնել Կափառնայում, բայց նավ չգտան: Լսեցին, որ Հիսուսին բերող նավն էլ առաքյալները մտել և առանց Հիսուսին սպասելու, մեկնել էին, որ նշանակում էր, թե Հիսուս դեռևս իրենցից հետ էր մնացել Բեթսայիդայի լեռան վրա, որտեղ նախորդ գիշեր էր բարձրացել՝ իրենցից բաժանվելուց հետո: Մի պահ իրենց հետագայի անելիքների մասին վարանեցին. Հիսուսին գտնելու համար ե՞տ դառնան, թե ճանապարհը շարունակեն դեպի իրենց քաղաքը: Երբ տեսան, որ Տիբերական ծովակում գտնվող նավերը հետզհետե իրենց են գալիս, իրենց տանելու նպատակով, անշուշտ, մտածեցին, որ Հիսուս միայնակ չի մնա և Ինքն էլ անպայման անցած կլինի Կափառնայում և որոշեցին Կափառնայում գնալ: Մի մասը նավերով և ծովային ճանապարհով, իսկ նրանք, ովքեր չկարողացան նավ գտնել, ստիպված ցամաքի ճանապարհը բռնեցին, ծովեզերքի ուղղությամբ, ինչպես, որ առաջին անգամ եկել էին: Բայց ո՛չ ծովի վրա, ո՛չ ցամաքի ճանապարհով Հիսուսի անցած լինելու վերաբերյալ տեղեկություն ունեցողի կամ Նրան տեսնողի չհանդիպեցին և ենթադրեցին, թե Հիսուս դեռևս Կափառնայում եկած պիտի չլինի, այլ Բեթսայիդայում մնացած, կամ թե մի ուրիշ անծանոթ կողմ գնացած կլինի, ինչը որ իրենց համար բավականին մտածմունքի նյութ դարձավ:
   Երբ Կափառնայում հասան, մեծ զարմացմամբ լսեցին, թե Հիսուս իրենցից առաջ է եկել Կափառնայում և արդեն սկսել է նաև բժշկություններ անել: Լսեցին, բայց ինչպես եկած լինելու մասին իրենց մեջ որևէ բացատրություն չկարողացան գտնել: Ուստի առաջին անգամ, որ հանդիպեցին Հիսուսին, հետաքրքրությամբ սկսեցին հարցնել. «Ռաբբի, ե՞րբ եկիր այսր»: Եվ սկսեցին մեծ կարևորություն տալ Իրեն հանդիպելուն, իրենց բախտավոր համարել Հիսուսին գտած լինելու համար և վկայել, թե մեծապես պիտի ցավեին, եթե հեռացած լիներ իրենցից: Այս խոսակցությունները նույն օրերին հաճախ կրկնվեցին, մինչև մոտակա շաբաթ օրը, երբ Հիսուս կափառնայումցիների հայտնած փափագը և Իր հանդեպ ցույց տված կարևորությունը առիթ ունենալով՝ ժողովարանում գեղեցիկ ու խորախորհուրդ մի քարոզ խոսեց՝ երկնավոր հացի վարդապետությունը լուսաբանելով: