Ա. Լոպուխին
21-24. Հուսին՝ անդրանիկ որդուն, նրա եղբայր Բուզին, Կամուելին՝ Արամի հորը… [21] Քասադին, Ասավին, Փաղդասին, Հեդլափին և Բաթուելին: Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս ութ որդիներին Մեղքան ծնեց Աբրահամի եղբոր՝ Նաքորի համար: Եվ նրա հարճն էլ, որի անունը Ռեումա էր, ծնեց Տեբաքին, Դաամին, Թաքասին և Մաաքային: (Սինոդական թարգ․)
Երբ աստվածային հրամանի համաձայն` Աբրահամը Քաղդեական Ուրից շարժվեց դեպի Խառան և առհասարակ դեպի Սիրիա ու Պաղեստին, խզեց բոլոր կապերն ու հարաբերությունները հայրենիքում մնացած հարազատների հետ: Եվ իր կյանքի գրեթե վերջում նա անսպասելիորեն լուր է ստանում իր եղբայր Նաքորի ընտանիքի մասին, որի թիվն ավելացել էր 12 որդով (8–ը` օրինական կնոջից և 4–ը՝ հարճից): Նրանցից որոշների մասին, ավելի ճիշտ` նրանց սերունդների մասին, որոշ ցուցումներ կարելի է գտնել հենց Սուրբ Գրքում: Այսպես՝ Նաքորի անդրանիկ որդի Հուսը, ըստ երևույթին, իր անունը տվել է Արաբիայի հյուսիսարևելյան կողմում ընկած Հուս երկրին, որտեղից էր` Հոբը (Հոբ 1:1), Բուզ անվամբ հիշատակվում է Դեդանի և Թեմանի միջև (Եր. 25:23) բնակվող արաբական մի ցեղ, որը Հոբի հայրենիքի հարևանությամբ էր, քանի որ այնտեղից էր ծագում վերջինիս ընկերներից մեկը՝ Եղիուսը (Հոբ 31:2): Արամ անունն այստեղ հավանաբար կիրառվել է Ռամի փոխարեն: Մեկ այլ տեղում էլ Ռամիմի փոխարեն Արամիմ ձևն է կիրառված: Այդ դեպքում դրա տեղագրության մասին կարելի է իմանալ «Ռամի ցեղից բուզացի» Եղիուսի մասին սուրբգրային նույն վկայությունից (Հոբ 31:2): Շատերը, հետևելով Հերոնիմոսին, հակված են Քասադ անվան տակ տեսնելու Հյուսիսային Միջագետքում՝ Շուշի և Էլամի հարևանությամբ ապրող «քաղդեացիների» նախահորը («քեսեդ» կամ «քասդիմ»): Վերջապես Մաաքայի մասին որոշ ցուցումներ նկատվում են մաքաթացիների հետ կապված, որոնց մասին, որպես Միջագետքին սահմանակից քաղդեական ցեղերից մեկի, խոսվում է Բ. Օրենքի և Հեսու Նավեի գրքերում (Բ Օր. 3:14, Հես. 13:13):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) անդրանիկ որդի Ովքին, նրա եղբայր Բաւին, ասորիների նախահայր Կամուէլին,
(Արարատ թարգ․) Իր անդրանիկին՝ Հուսին, նրա եղբայր Բուզին, Արամի հայր Կամուելին,
(Գրաբար) Զովք զանդրանիկն նորա, և զԲաւ զեղբայր նորա, և զԿամուէլ հայր Ասորւոց,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: