Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել:
Նրան լեղու հետ խառնված գինի տվեցին խմելու, և երբ փորձեց, չկամեցավ խմել:
Սա անում էին նրանց, որոնց խաչում էին, որպեսզի թմրեին և շատ ցավ չզգային, բայց նրանք քացախ 1586 ու լեղի խառնելով` [Հիսուսի հանդեպ] թշնամանքն էին շատացնում: «Եվ երբ փորձեց,- ասում է [ավետարանիչը],- չկամեցավ խմել»: Մյուս ավետարանիչն ասում է.«Երբ փորձեց, ասաց` ամեն ինչ կատարված է» (հմմտ. Հովհ. 19։30), այսինքն` այն մարգարեությունը, [որն ասում է].«Ինձ որպես կերակուր լեղի տվեցին և ծարավս [հագեցնելու] համար ինձ քացախ խմեցրին»(Սաղմ. 68։22): Նաև` [Տերը] ցույց չի տալիս, թե խմել է. ըստ Մարկոսի` «չընդունեց» (Մարկ. 15։23), որովհետև փոքր-ինչ փորձելը չխմելուց բնավ տարբեր չէ, ուստի ավետարանիչները նույն բանն են ցույց տալիս. որովհետև քացախն այնքան թանձրացրին զմռսախառն լեղիով, որ չխմեց, ինչպես և ասվեց: Լեղին նշանակում է նաև նրանց դառն չարությունը` ըստ այսմ. «Նրանց շուրթերի ներքո իժերի թույներ կան» (Սաղմ. 139։4), և` «Չար ու դառնասիրտ ազգ» (Սաղմ. 77։8), Եզեկիելն էլ կոչեց «դառնասիրտների տուն» (Եզեկ. 2։5, 3։9, 26 ևն): Որովհետև Նրան լեղի ընծայեցին նրանք, ում համար անապատում վտակը քաղցրացրեց և Մեռայի դառնությունը անուշահամության փոխեց 1587: Լեղու ճաշակմամբ նաև պտղի դառն ճաշակումը 1588 քաղցրացրեց [Նոր] օրենքի հույսով, որը բոլորովին քաղցրություն է և ամբողջապես ցանկալի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել:
Մի տեսակ պատժական գթության դրևորում էր մահապարտների վերջին մահացու գործողությունից առաջ նրանց զգայարանները թմրեցնելն ու ոգելից ըմպելիքով ինքնամոռացության մատնելը։ Այդ նպատակով գործածվում էր թունդ, բայց անարգ գինի, մեջը խառնած տեսակ-տեսակ սաստկացուցիչ և հարբեցնող նյութեր, ինչպես, օրինակ՝ լեղի, զմուռս կամ ուրիշ դառը համեմունքներ։ Հաճախ այդ խառնուրդը եփվում ու հատուկ պատրաստվում էր կրակի վրա որպես մի էական մաս և ամեն ինչի հետ միասին տարվում էր մահապատիժների առիթներով։ Գողգոթա հասնելուն պես հռոմեացի զինվորների առաջին գործը, իրենց ավանդության համաձայն, եղավ մահապարտներին կանոնական ըմպելիքը մատուցելը, փարչով տվեցին գինի ընդ լեղի խառնեալ կամ գինի զմուռսեալ կոչված ըմպելիքը։ Հիսուսը բերանին է մոտեցնում փարչը, բայց պարունակությունը հազիվ ճաշակած և ինչ լինելն զգացած, մերժում է և չի ուզում խմել։ Ավազակների համար ոչինչ գրված չէ, բայց նրանք, անշուշտ, դատարկեցին իրենց մատուցած փարչերը։
Հիսուսի մերժելու պատճառը նախ տեսնում ենք Իր կենցաղային սովորությունների մեջ, որովհետև եթե երբեմն հասարակ գինիներ էլ գործածում էր, այսպիսի թունդ և անսովոր ըմպելիքի սովոր չէր և տանել չէր կարող։ Բայց ավելի մեծ պատճառը տեսնում ենք Իր կատարյալ գիտակցությունը և մտքի պայծառությունը պահելու մտադրության մեջ։ Ոչ միայն Հիսուսի փրկագործ մահվան տեսանկյունից, այլև Իր կամավոր և գիտակից գործողության սկզբունքով, բոլորովին հարմար չէր լինի Հիսուսին՝ իրեն կորցրածի տեսքով, արածն ու խոսածը չգիտակցող հարբածի պես Իր կյանքի պատարագը մատուցել։ Նա նույնիսկ չէր ուզում այսպիսի արհեստական միջոցներով Իր չարչարանքների սաստկությունը թեթևացնել, այլ մտքի կատարյալ պարզությամբ և կամքի պատրաստակամությամբ էր ուզում չարչարանքների ու մահվան դառը բաժակը քամել և ոչ թե ոգելից ըմպելիքի փարչը դատարկել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: