Ա. Լոպուխին
1-3. Հակոբի ականջին հասան Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը տեր դարձավ մեր հոր ողջ ունեցվածքին. մեր հոր ունեցվածքի շնորհիվ նա դիզեց մեծ հարստություն»։ [1] Հակոբը նայելով Լաբանի դեմքին՝ հասկացավ, որ նա իր հետ այնպես բարյացակամ չէ, ինչպես առաջ էր։ Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրը, քո հայրենիքը, և ես կը լինեմ քեզ հետ»։ (Սինոդական թարգ․)
Լաբանին մատուցած վեցամյա նոր ծառայությունը հարստացրեց Հակոբին։ Այդ հանգամանքը զայրացրեց Լաբանին և նրա որդիներին: Վերջիններիս կողմից Հակոբին ուղղված նախատինքները և վերջինիս հանդեպ «նախկինում» «Քո միջոցով Տերն ինձ օրհնեց» (Ծննդ. 30:27) ասած և մոռացած Լաբանի անբարեխիղճ վերաբերմունքը (սուրբ Հովհան Ոսկեբերան, Ճառ 57) Հակոբի համար նույնքան ծանր իրավիճակ են ստեղծում, ինչպիսին իր հայրենիքում` Խառանում էր: Այժմ նա վճռում է վերադառնալ այնտեղ։ Հակոբին Քանան վերադառնալ պատվիրած և Լաբանի կողմից հարուցած վտանգներից նրան ազատած (Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին փրկել էր Եսավի ատելությունից) Աստվածային հայտնությունը վերջնականապես ամրապնդում է Հակոբի՝ հայրենիք վերադառնալու որոշումը։ Հակոբն իր մտադրությունը հայտնում է Ռաքելին և Լիային (Ծննդ. 31:4-6) ու ստանում է նրանց համաձայնությունը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբի ականջին հասան Լաբանի որդիների ասածները, թէ՝ «Յակոբը տէր դարձաւ մեր հօր ողջ ունեցուածքին, մեր հօր ունեցուածքի շնորհիւ նա դիզեց մեծ հարստութիւն»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը տարավ մեր հոր ամբողջ ունեցվածքը և այս հարստությունը, որ նա ունի, մեր հոր ունեցվածքից ստացավ»:
(Գրաբար) Եւ լուաւ Յակոբ զբանս որդւոցն Լաբանու` զի ասէին, եթէ առ Յակոբ զամենայն ինչս հաւր մերոյ. եւ ի հաւր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: