Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ, թողնելով Նազարեթը, եկավ ու բնակվեց ծովեզրյա Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:12
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում,
Եվ թողնելով Նազարեթը– ասում է [ավետարանիչը], եկավ բնակվեց Կափառնայումում՝ ծովեզրին՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում:
Որքան պետք էր, որ մարգարեությունն իրականանար, [Հիսուսն այնքա՛ն] բնակվեց Նազարեթում, իսկ մկրտությունից հետո տեղափոխվեց այնտեղից, որպեսզի ուրիշ կողմերում էլ քարոզի: Նաև հեռացավ նազովրեցիներից այն չար նախանձի պատճառով, որն ունեին Նրա հանդեպ, ինչպես և հանդիմանեց նրանց՝ [ասելով]. «Մարգարեն ընդունելի չէ՛ իր գավառում» (Ղուկ. 4։24), երբ, [Նրան] փորձելով, Եսայու գիրքը տվեցին Նրան և ընթերցեց [մի հատված]: [Սա ասաց]՝ հիշատակելով Եղիայի և Եղիսեի ժամա-նակ կատարված հրաշքների մասին, և Նրան հասցրին մինչև լեռան ծայրը՝ կամենալով գահավեժ անել, սակայն Նա անցավ գնաց նրանց միջից 176: Իջավ Կափառնայում, որպեսզի մարգարեությունն իրականացնի և բոլոր երկրների ուսուցիչներին որսա, քանի որ այնտեղ էին շրջում: Թեև Նա Ինքն էր կամենում հեթանոսների սահմանները գնալ, սակայն կամենում էր նաև, որ հրեաների կողմից էլ պատճառ ստեղծվեր, ինչը եղավ, երբ նենգություն գործեցին Կարապետի հանդեպ: Ուստի արդարացիորեն թողեց նրանց և գնաց հեթանոսների Գալիլեան:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում,
«Եվ թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց Կափառնայումում»
«Զաբուղոնի և Նեփթաղեմի սահմաններում»:
Զաբուղոն թարգմանվում է զորության բնակարան, իսկ Նեփթաղեմ՝ ընդարձակություն: Քանի որ [այդտեղ] ընդարձակվեց Քրիստոսի վարդապետության շնորհը, դրա համար էլ ասաց. «Զաբուղոնի և Նեփթաղեմի սահմաններում բնակվեց», որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, թե այն ժողովուրդը, որը նստած էր խավարում, այսինքն՝ կռապաշտության և անաստվածության մեջ, տեսավ մեծ լույս (Ես․ 9։2), որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհ. 1։9), ինչպես աստվածաբան ավետարանիչն է վկայում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:12
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
13-16․ Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։
Նազարեթի միջադեպը միայն Ղուկասն է պատմում, սակայն Մատթեոսը ևս ակնարկում է նազարեթցիների անտեղի վերաբերմունքի մասին, երբ հայտնապես ասում է, թե Հիսուս քարոզչության շրջանում այլևս չէր բնակվում Նազարեթում, այլ Իր բնակությունը հաստատել էր Կափառնայումում․ «Թողեալ զՆազարէթ, եկն բնակեցաւ ի Կափառնաում»։ Այդ տեղափոխության մեջ տեսնում ենք ոչ միայն նազարեթցիների անշնորհք վերաբերմունքի հետևանքը, այլև տնօրինական քարոզչությունների պահանջը։ Որպեսզի տարածվեր Ավետարանի քարոզչությունը, անհրաժեշտ էր մի հայտնի քաղաք, հարաբերությունների այնպիսի մի կենտրոն, անցուդարձերով առլեցուն, որպեսզի շուտով տարածվեր նրա համբավը, որի շնոհիվ հնարավոր լիներ մոտենալ և կապեր հաստատել։ Նազարեթը, գտնվելով Գալիլիայի մի կողմում, խիստ հարմար էր Հիսուսի առանձնական կյանքի համար, սակայն անհարմար էր հրապարակային կյանքն սկսելուց հետո։ Հիսուսի նկատմամբ նազարեթցիների դրսևորած կոպիտ վերաբերմունքն անգամ ցույց է տալիս, որ վերջիններիս հանրային կյանքի ձգտումներից զուրկ էին և իրենց հետաքրքրասիրությունը զարգացնելու շնորհք չունեին։ Ճիշտ դրա հակառակն էր Կափառնայումը։ Երուսաղեմից Դամասկոս տանող մեծ ճանապարհի վրա գտնվող նշանավոր կետերից մեկը, առևտրի շահաստան, թե՛ ցամաքով էր կապված գլխավոր քաղաքների հետ և թե՛ ծովակողմից Տիբերիայի լճի քսանի հասնող նավահանգիստների հետ կապեր ուներ, որի հրապարակներից անպակաս էին Ասորեստանի և Հրեաստանի զանազան գավառների ուղևորներն ու վաճառականները, որոնք ամեն կողմ կարող էին տանել և հասցնել Հիսուսի ասածն ու արածը, տարածել Նրա համբավը։ Դեռևս նախքան առաջին զատիկը, երբ Հիսուս հարևանցիորեն եկել էր Գալիլիա, ինչպես տեսաք (Հովհ․ 2։12), Կափառնայումն աչքի էր անցկացրել և Իր համար ապագա կենտրոն էր նախընտրել։
Կափառնայումը գտնվում էր Տիբերիայի լճի հյուսիս-արևմտյան եզերքին, Նեփթաղիմ և Զաբուղոն երկրների սահմանագլխին, թեև պատկանում էր բուն Նեփթաղիմ ցեղին։ Այդ հանգամանքը առիթ է հանդիսանում Մատթեոսի համար, որպեսզի մի մեսիական մարգարեություն մեջ բերի Եսայու գրքից, ուր մարգարեն գուշակում է, թե Նեփթաղիմի և Զաբուղոնի երկրները, որոնք իբրև թէ համարվում են Հրեաստանի հետամնաց և խավարամիտ կողմը, հանկարծ պետք է իրենցից ծագած տեսնեն կենաց մեծ լույսը, այսինքն՝ ասել է, թե այնտեղից պիտի հայտնվի խոստացյալ Մեսիան․ «Երկիր Զաբուղոնի և երկիր Նեփթաղիմայ․ ճանապարհ Ծովու, յայնկոյս Յորդանանու, Գալիլիա հեթանոսաց․ ժողովուրդ որ նստէր ի խավարի՝ ետես լոյս մեծ․ եւ որոց նստէին յաշխարհին եւ ի ստուերս մահու՝ լույս ծագեաց նոցա» Ես. 9։1,2:
Բնակության վայրը փոխելով՝ Հիսուս պետք էր մորն էլ իր հետ Կափառնայում բերած լիներ։ Այս մասին թերևս բացահայտորեն չի գրված, բայց ավետարանական պատմության ընթացքում դյուրությամբ հասկացվում է։
Կափառնայումում մշտական բնակություն հաստատած լինելու հետևանքներից մեն էլ այն էր, որ թեև երբեմն քաղաքից դուրս շրջագայություններ էր անում, սակայն ավելի հաճախ շաբաթ օրերն անցկացնում էր Կափառնայումում, ուր ժողովարանում կատարում էր տոնական օրվա պաշտամունքը և մեկնում Սուրբ Գիրքը՝ ավելի շատ մեսիական գուշակությունների կատարումը բացատրելով․ «Եւ էջ ի Կափառնաում ի քաղաքն Գալիլիացւոց, եւ ուսուցանէր զնոսա ի Շաբաթու»։ Այդ ժողովարանի քարոզություններն էլ հենց մեծապես նպաստեցին Հիսուսի համբավի տարածմանը, քանի որ տարօրինակ մի վեհություն էր դրսևորում Իր վարդապետություններում և Երկնային օծում ունեին Նրա խոսքերն ու բացահայտորեն երևում էր, Ինքն է Սուրբ Գրոց տերը, և իշխանական շեշտ ունեին նրա մեկնությունները․ «Իշխանութեամբ էր բանն նորա», սովորական մեկնիչներից բոլորովին տարբեր, եւ ոչ որպէս դպիրքն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: