Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:20

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների և փարիսեցիների արդարությանը, դուք չեք մտնի Երկնքի արքայություն»։
   
    Այստեղ գործածված «արդարություն» բառով Հիսուս ի նկատի ունի առաքինությունը առհասարակ, ինչպես Հոբի մասին պատմության մեջ էլ ասվում է. «Եվ այդ մարդը անարատ ու արդար էր…» (Հոբ 1:1): Նույն իմաստով նաև Պողոս առաքյալը արդար է անվանում նրան, ում համար, նրա իսկ խոսքերով, օրենք սահմանված չէ. «Արդարների համար չէ օրէնքը» (Ա Տիմ. 1:9): Եվ շատ այլ տեղերում ևս կարելի է տեսնել, որ այդ բառը օգտագործվում է, ընդհանուր առմամբ, առաքինությունը սահմանելու համար: Քրիստոսի խոսքերից, ի միջի այլոց, կարող ես նկատել, թե շնորհը որքան է «աճ» է ունեցել. դա տեսանելի է այն հանգամանքից, որ Քրիստոս ցանկանում է, որ արդարության ճանապարհին հազիվ միայն ոտք դրած Իր աշակերտներն ավելի լավը լինեն հինկտակարանյան ուսուցիչներից: Դպիրների և փարիսեցիների մասին խոսելով` Քրիստոս նկատի չունի նրանց, ովքեր խախտում են օրենքը, այլ նրանց, ովքեր կատարում են այն: Եթե դրանք օրենքը չկատարող մարդիկ լինեին, ապա Հիսուս չէր խոսի նրանց արդարության մասին, և այդպիսի՝ գոյություն չունեցող արդարությունը չէր համեմատի գոյություն ունեցող արդարության հետ:
    Այստեղ նկատի՛ր նաև, թե Հիսուս ինչպես է հաստատում հնում արդարության գոյության փաստը՝ այն նորի հետ համեմատելով: Իսկ դա արդեն ցույց է տալիս, որ այդ երկուսն միմյանց փոխկապակցված են, քանի որ անկախ նրանից, որ մեկն ավելի մեծ, իսկ մյուսը` ավելի փոքր արդարություն է, բայց, այնուամենայնիվ, երկուսն էլ արդարություն են:
Այսպիսով, Քրիստոս չի վատաբանում հին արդարությանը, այլ ցանկանում է ավելի վեր բարձրացնել այն: Եվ իրոք որ, եթե այն վատը լիներ, Հիսուս չէր պահանջի ավելի բարձր արդարությունն ու եղածը չէր կատարելագործի, այլ պարզապես կմերժեր այն: Սակայն, - կասես դու, - եթե այդ հին արդարությունն իրոք այդպիսին էր, ապա ուրեմն ինչո՞ւ այն այժմ չի առաջնորդում դեպի Արքայություն: Այդ նախկին արդարությունը դեպի Արքայություն չի առաջնորդում Քրիստոսի գալուստից հետո այս աշխարհում ապրող մարդկանց, քանի որ վերջիններս, ավելի մեծ զորություն ստացած լինելով, պետք է նաև առավել մեծ սխրանքներ գործեն:
Իսկ ահա իր բոլորին հավատարիմ սաներին այս արդարությունը, ամեն դեպքում, տանում է դեպի Արքայություն: «Արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան, — ասում է Տերը, — և պիտի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ» (հմմտ. Մատթ. 8:11): Այսպես, հայտնի է, որ մեծ պարգևների արժանացած Ղազարոսն այժմ գտնվում է Աբրահամի գոգում: Եվ ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հատկապես շողշողում էին Հին Կտակարանում, նրանք շողշողում էին հենց ա´յդ արդարությամբ:
    Եվ Ինքը` Քրիստոս էլ, աշխարհ գալով, ամբողջությամբ չէր կատարի այս արդարությունը, եթե այն վատը լիներ և «ազգակցություն» չունենար այս նոր արդարության հետ: Եթե Հիսուս այդ հին արդարությունն իրագործեց միայն հրեաներին գրավելու, և ոչ թե` ցույց տալու համար դրա փոխկապակցվածությունն ու համաձայնությունը Իր բերած այս նոր արդարության հետ, ապա այդ դեպքում Նա ինչո՞ւ չպահեց նաև հեթանոսների օրենքներն ու սովորույթները` հելլեններին նույնպես դեպի Իր կողմը գրավելու համար:
    Այս ամենը ցույց է տալիս, որ հինկտակարանյան արդարությունը դեպի Արքայություն չի տանում ո´չ թե այն պատճառով, որ այն վատն է, այլ որովհետև եկել է ավելի բարձրաշունչ պատվիրանների ժամանակը: Եթե այդ հին արդարությունն այս նորի համեմատությամբ ավելի կատարյալ չէ, դրանից բնավ չի հետևում, որ հինը վատն էր, հակառակ դեպքում, միևնույն հիմնավորմամբ, նույնը կարելի էր ասել նաև նոր արդարության մասին: Չէ՞ որ այս նոր արդարության մասին մեր իմացությունը, ապագայի հետ համեմատությամբ, մասնակի, անկատար իմացություն է, և երբ գա կատարյալը, այն կվերանա. «Իսկ երբ գա կատարյալը, — ասում է Սուրբ Գիրքը, — այն, ինչ մասնակի է, կանհետանա» (հմմտ. Ա Կորնթ. 13:10): Հենց դա էլ պատահեց հին արդարության հետ, երբ ներդրվեց նոր արդարությունը: Այդուհանդերձ, սակայն, դա չի կարող պատճառ դառնալ, որ մենք նսեմացնենք հին արդարությունը` նորի հետ հարաբերակցության համատեքստում: Չնայած հստակ է, որ այն տեղի կտա Քրիստոսի բերած նոր արդարությանը` այն ժամանակից ի վեր, երբ մենք հասնենք Արքայությանը, քանի որ, համաձայն Սուրբ Գրքի, «այն, ինչ մասնակի է, կանհետանա»: Սրանով հանդերձ, , այնուամենայնիվ, մենք այդ հին արդարությունը «մեծ» ենք անվանում:
    Այսպիսով, երբ Տերը մեզ խոստանում է և´ ավելի բարձր պարգևներ, և´ ավելի մեծ զորություն` տրված [Սուրբ] Հոգուց, այդժամ իրավացիորեն պահանջում է նաև ավելի մեծ սխրանքներ գործել: Այստեղ արդեն չի խոստացվում կաթ ու մեղր բխեցնող մի երկիր, ոչ էլ պատվարժան ծերություն, ո´չ բազմաթիվ զավակներ, ո´չ հաց ու գինի, ո´չ ոչխարների ու եզների հոտեր, այլ միայն՝ երկինք և երկնային բարիքներ, որդեգրություն և եղբայրություն Միածնի հետ, մասնակցություն Նրա ժառանգությանը, փառքին և թագավորությանը, ինչպես նաև այլ անհամար պարգևներ:
    Իսկ այն, որ մենք արժանացել ենք նաև ավելի մեծ աջակցություն ստաալուն, դա ակնհայտորեն երևում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Եթե այդպես է, այլևս ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, որովհետև Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ինձ փրկեց մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8:1-2): Այսպիսով, օրենքը խախտողների դեմ սպառնալիքներ հնչեցնելով և մեծ պարգևներ խոստանալով նրա´նց, ովքեր կատարում են այդ օրենքը, ինչպես և` ցույց տալով, որ Ինքն իրավացիորեն մեզանից ավելին է պահանջում, քան պահանջում էր նախկինում` Քրիստոս վերջապես սկսում է առաջադրել նոր օրենքը՝ ընդ որում, ոչ թե պարզապես հնչեցնել այն, այլ ներկայացնել` համեմատելով հին օրենքի սահմանումների հետ: Այսօրինակ համեմատությամբ Հիսուս ցանկանում էր ցույց տալ, նախևառաջ, որ Իր օրենսդրությունը չի հակասում նախորդին, այլ դեռ մի բան էլ` լիովին համապատասխանում է դրան, և երկրորդ՝ որ Ինքն արդարացիորեն և խիստ պատշաճ ժամանակին է հին օրենքին ավելացնում նոր օրենքը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
   
    Բայց ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունն ավելին չլինի, քան օրենսգետներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի:

    Ըստ խոսքի կարգի՝ «ավելի» է կոչում կատարելն ու սովորեցնելը, որովհետև օրենսգետներն ու փարիսեցիները սովորեցնում էին, բայց բնավ չէին կատարում՝ ըստ այսմ. «Մովսեսի աթոռին նստեցին օրենսգետներն ու փարիսեցիները. այնամենը, ինչ ասում են ձեզ, արե՛ք, բայց նրանց գործերի պես մի՛ վարվեք, որովհետև ասում են ու չեն անում, ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և իրենց մատով [իսկ] չեն կամենում մոտենալ [դրանց]» (հմմտ. Մատթ. 23:3-4): Ուրեմն՝ Տերը [վերոնշյալ խոսքն] ասաց, որպեսզի [Նրա ունկնդիրներն] այսպիսին չլինեն և արքայությունից չզրկվեն:

    «Ավելին» լինելը տարբերում է [մարդուն] նրանից, ում հանդեպ նա առավելություն ունի: Ուստի [Տերն այս խոսքով] ասում է. եթե չհեռանաք օրենսգետների և փարիսեցիների կրոնից, չեք մտնի Աստծո արքայություն: Սրանից պարզ է դառնում, որ նրանք չեն մտնում, ինչպես այլուր ասում է. «Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ ու կեղծավոր փարիսեցիներիդ, քանի որ դուք չեք մտնում, իսկ մտնողներին թույլ չեք տալիս մտնել» (հմմտ. Մատթ. 23:13): Որովհետև եթե նրանք իրենց արդարությամբ մտնում էին [արքայություն], էլ ի՞նչ հարկ կար ավելի մեծ արդարությամբ մտնելու և ոչ թե միայն նրանց [արդարությամբ]: Ուստի պետք է քննենք, թե օրենսգետներն ու փարիսեցիներն ի՛նչ արդարություն ունեին, որը գերազանցել է պահանջում Տերն Իր աշակերտներից:

    Նրանց արդարության մասին Պողոսը սովորեցնում է եբրայեցիներին՝ ասելով. «[Նրանց զոհերը] չէին կարողանում մտքով կատարելագործել պաշտամունք մատուցողներին  1, այլ միայն կերակուրներով, ըմպելիքներով ու զանազան լվացումներով մարմնի արդարություն էին, որ կար մինչև ուղղության ժամանակները» (Եբր. 9:9-10): Տերը նույնպես հանդիմանելով ասում էր, որ կա տարում են բաժակների, ամանների, պղինձների ու մահիճների լվացումներ (Մարկ. 7:4): Ուրեմն՝ [Տերն] այսպիսի մարմնական արդարությունից հրաժարվել է պահանջում և հոգևոր արդարություն քարոզում, որը հոգու մասերի ներդաշնակությունն ու բովանդակ առաքինության անունն է, ինչպես որ Հոբի մասին ասվում է, թե արդար էր (Հոբ 1:1), և Պողոսն էլ [ասում է]. «Արդարների համար օրենք չկա» (Ա Տիմ. 1:9): Իսկ օրենսգետներն ու փարիսեցիները ոչ թե մտավոր արդարությունն ունեին, այլ մարմնականը: Եվ որ սա այսպես է, հաջորդող խոսքերն են ցույց տալիս՝ չբարկանալը, որը [հոգու] ցասմնական մասի անիրավությունն է, չցանկանալը, որը ցանկականի անիրավությունն է և այլն:

    Բայց ոմանք ասում են, որ ոչ թե բոլոր օրենսգետների ու փարիսեցիների մասին է [Տերը] խոսում, այլ այն օրինապահների, ովքեր որոշ արդարություն ունեին. սակայն աշակերտներից ավելին է պահանջում, քանի որ [օրենսգետներն ու փարիսեցիները] Հին [ուխտի] մեջ էին, իսկ սրանք՝ Նոր, նրանք ստվերում էին  (Եբր. 10:1, Կող. 2:17), սրանք՝ ճշմարտության մեջ, նրանք աշակերտեցին ծառաների, իսկ սրանք՝ Տիրոջը: Ով նրանց արդարությունն էր գործում, [Տերը] չի ասում, թե նա «չի մտնում», քանի որ նախքան Քրիստոսի օրենքը այդպիսի կյանքով մտնո՛ւմ էին [արքայություն], սակայն Քրիստոսի գալուստից հետո՝ ոչ, որովհետև որքան [մարդիկ] ավելի շատ զորություններ վայելելու արժանացան, [այնքան] ավելի՛ շատ պիտի գործեն սխրանքներ իրենց հոգում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
   
    «Եթե ձեր արդարությունն ավելին չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չենք մտնի»:

    Քանի որ դպիրներն ու փարիսեցիները չէին կատարում, այլ միայն ուսուցանում էին: Բարին էին սովորեցնում, [սակայն իրենք] չարն էին գործում: Ուստի նրանք, ովքեր խոսքերով ուսուցանելը բարի գործ են կարծում՝ նայելով ուսուցանողների գործերին և նմանվելով նրանց, առավել, քան բարին, ուսանում էին չարիք գործել: Քանի որ լսողները մանավանդ գործերին են հավանում, քան թե խոսքերին: Որից նրանց բարի թվացող վարդապետությունը դառնում էր ստուգապես չար վարդապետություն: Դրա համար ասվեց. «Եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17