Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Դուք նախ փնտրեք Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ»։
Մեզնից հեռացնելով ավելորդ հոգածությունների մասին ամեն մտածում՝ Քրիստոս հիշատակում է նաև Երկնքի´ մասին: Նա հենց այդ նպատակով էր եկել՝ քանդելու հինը և մեզ առաջնորդելու դեպի ավելի լավ մի հայրենիք: Դրա համար էլ Փրկիչն ամեն բան անում է, որպեսզի մեզ հեռու պահի ավելորդություններից և երկրային ամեն ինչի հանդեպ կախվածությունից: Ահա թե ինչու Հիսուս հիշատակեց նաև հեթանոսների մասին՝ ասելով, որ «այդ ամենը հեթանոսներն են փնտրում» (Մատթ. 6:32): Հեթանոսներն են, որ իրենց ողջ ջանքերը սահմանափակում են միայն ներկա կյանքով, նրանք են, որ ընդհանրապես չեն խորհում ապագայի մասին և չեն մտածում Երկնքի մասին:
«Իսկ ձեզ համար, - քարոզում է Քրիստոս, - կարևոր պետք է լինի ոչ թե դա, այլ մեկ այլ բան…»: Չէ՞ որ մենք ստեղծված չենք ուտելու, խմելու և հագնվելու համար, այլ՝ Աստծուն հաճելի լինելու և գալիք բարիքներին արժանանալու համար: Ուստի, չպետք է ջանասիրաբար հոգ տանել և աղոթել երկրային իրերի համար: Դրա համար էլ Փրկիչն ասում է. «Նախ փնտրեք Աստծու արքայությունը…և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ»: Նա չասաց՝ « կտրվի», այլ՝ «ավելիով կտրվի», որպեսզի դու իմանաս, որ ներկա բարիքները ոչինչ են՝ համեմատած ապագա վայելչությունների հետ: Ահա թե ինչու Հիսուս չի պատվիրում աղոթք մատուցել ներկա բարիքների համար, այլ` խնդրել երկնային բարիքներ ու հույս ունենալ, որ դրանք (երկրային բարիքները) էլ կգումարվեն սրանց: Ուրեմն, փնտրի՛ր գալիք բարիքները, և կստանաս նաև ներկա բարիքները: Մի՛ փնտրիր տեսանելիները, և անպայմանորեն կստանաս դրանք: Եվ քեզ համար անվայել է Տիրոջը դիմել նմանօրինակ (ներկայիս, երկրային, տեսանելի ու նյութական) բարիքների համար աղոթքով: Կոչված լինելով ամեն ջանք և հոգածություն գործադրել անճառ բարիքների արժանանալու համար՝ դու խստորեն անարգում ես ինքդ քեզ, երբ քեզ հյուծում ես անցողիկ բարիքների մասին հոգսատանջ մտածումներով:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ:
Նախ փնտրեք Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, և այդ ամենը կավելացվի ձեզ համար:
Խոսում է հոգևոր և նյութական բարիքների զանազանության մասին և հոգևորը պատվականությամբ նախադասում նյութականին՝ ըստ այսմ. «Տերը հույժ օրհնեց իմ տիրոջը, և [վերջինս] բարձրացավ, և նրան տվեց ոսկի ու արծաթ, ծառա և աղախին» (Ծննդ. 24։35): [Տերը] նախ աստվածայինը սահմանեց, որն Աստծո շնորհի օրհնությունն է, և ապա մարդկայինը, և իրավացիորե՛ն, քանի որ երկու մասից ենք գոյացած՝ հոգուց և մարմնից, ուստի Աստված կամենում է, որ երկուսով էլ հարուստ լինենք. բայց նախ հոգևոր բաներով, որոնք աստվածային են և իշխանի նման առաջնորդության են վիճակվել, և ապա՛ նյութական բաներով, որոնք ծառայության կարգում են՝ մահկանացու նյութեր լինելով: Մարմինն էլ է երկրորդական հոգու համեմատ, որն Աստծո կերպարանքն է և մարմնի շարժման պատճառը, իսկ մարմինը պետք է շարժել այն առաջին շարժմամբ, որը, ինչպես Տերը սովորեցնում է, պատշաճ խնդրանքներ մատուցելն է:
«Նախ փնտրեք Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, և այդ ամենը [կավելացվի ձեզ համար]»: Այսպիսի բան նաև Սողոմոնը խնդրեց, ուստի Աստված գովեց նրան՝ ասելով. «Քանի որ չխնդրեցիր հարստություն ու փառք և ոչ թշնամիների դեմ հաղթանակ, այլ իմաստություն, քեզ կտամ սրտի մեծ իմաստություն և դրան կավելացնեմ հարստությունն ու փառքը, որոնք չխնդրեցիր, այնպես, որ քեզ նմանը չի լինի ոչ նախկինների մեջ, ոչ հետո եկողների» (հմմտ. Գ Թագ. 3։11-13): Բայց խնդրելը հավատով պիտի լինի, և [խնդրածը] ստանալը՝ աղոթքի միջոցով՝ ըստ այսմ. «Խնդրե՛ք Տիրոջը, և հզոր կլինեք» (Սաղմ. 104։4): Եվ բանական հոգին, սրտից բխած աղոթքով զորանալով, սրբությամբ միանում է մաքուր լույսին, երբ խնդրանքի արժանի բան է հայցում, և սա էլ հենց Աստծո արքայությունն ու արդարությունն է: Բայց տես, որ Տերը նախ թեթևացրեց աշխարհային հոգսերից և հետո է հորդորում նայել վերին կյանքին, որպեսզի չկարծեն, թե, ինչպես հրեաներն էին ցանկանում, նյութական երկիր են ժառանգելու և անցավոր կյանքի թագավորություն ստանալու, ինչպես որ շատերն էին կարծում, թե [Տերը] թագավորելու էր Երուսաղեմում: Որովհետև չենք ստեղծվել այս [երկիրը] ժառանգելու համար, այլ անեծքի պատճառով ենք տարագրվել այստեղ, իսկ [Տերը], անեծքը վերացնելով, նախկին փառքին է հրավիրում՝ ըստ այսմ. «Ես եկա, որ կյանք ունենաք և է՛լ ավելին ունենաք» (հմմտ. Հովհ. 10։10): Նաև ցույց է տալիս, որ երկրավոր պարգևը մեծ չէ, այլ անցավոր, իսկ դուք խնդրեք, ասում է, հեռավորն ու մշտնջենավորը, որպեսզի ձեզ տրվի [նաև] մերձավորը, որովհետև այս անցավորը չի հեռանում քեզնից, և չարժե այսպիսի բաների համար Աստծուն խնդրանք մատուցել: Այլ ինչպես որ ստվերն է անհրաժեշտաբար ընթանում մարմնի հետևից, այդպես էլ ճշմարիտն ունենալուց հետո գալիս է նաև դա, և կամ ճշմարիտին աշակերտելուց հետո հավելվածը դա՛ համարեք:
Բայց հարկավոր է քննել, թե [Տերն] ինչն է «արքայություն» կոչում: «Արքայություն» է կոչում Իրեն՝ ըստ այսմ. «Մոտեցել է Աստծո արքայությունը» (Մատթ. 4։17), ինչպես նաև «արդարություն». Պողոսն ասում է, որ Նա է արդարությունը, որն էլ [Տերը] փնտրել է թելադրում իբրև պատվական ունեցվածք և գտնելիս Նրանից բացի ուրիշ բան չստանալ՝ ըստ այսմ. «Փնտրեցինք և գտանք Մեսիային Նազարեթից» (հմմտ. Հովհ. 1։41), և թե՝ «Կճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստված և Ում ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոս» (Հովհ. 17։3): Իսկ «փնտրելը» Նրա կյանքին հետևելն ու Նրա արդար չարչարանքներին աշակերտելն է, և «հավելված» է կոչում Օրենքը, թեև այն հարկավոր է կատարել, կամ էլ այն կղկղանք համարել՝ ըստ առաքյալի (Փիլպ. 3։8): Կամ էլ [Տերն] «արքայություն» է կոչում վերին փառքը, որը մի ու րիշ տեղ «Աբրահամի գոգ» (Ղուկ. 16։22) է անվանում թագավորական փառքի և ինքնիշխան ազատության պատճառով, և կամ Աստծո թագավորությունը, ինչպես սովորեցրեց աղոթքում ասել. «Թող Քո արքայությունը գա»: Եվ «Նրա արդարություն» է կոչում հավատքը, որն առանց գործերի արդարացնում է՝ ըստ այսմ. «Աստված է, որ արդարացնում է. ուրեմն ո՞վ է, որ կդատապարտի» (Հռոմ. 8։33-34): Նաև՝ «Հավատքը լսելո՞վ արդարացաք, թե Օրենքի գործերով, քանի որ Օրենքի գործերով ոչ մի մարմին չի արդարանում» (հմմտ. Գաղ. 3։5-11), քանզի «ո՞վ կպարծենա, թե մաքուր սիրտ ունի» (Առակ. 20։9), և՝ «Եթե ասեմ, թե արդար եմ, բերանս ամբարշտություն կգործի» (հմմտ. Հոբ 9։20): Ու րեմն՝ Աստծո հանդեպ հավատով է արդարանում ամեն ոք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Ում արյամբ ընդունեցինք [Աստծո հետ] հաշտությունը: «Եվ այդ ամենը կավելացվի ձեզ համար»: Այսինքն՝ հավատով արդարանալուց հետո երբ դու ձեռնարկում ես առաքինության գործերին, դա քեզ համար փառքի հավելված է, ասում է, և մեծագույն վարձի առիթ ու պատճառ:
Իսկ այլաբանորեն՝ [Տերը] կենսօգուտ խրատ է տալիս նրանց, ովքեր լսելու կարողություն ունեն, որովհետև սովորեցնում է, որ նա է իսկապես արքա և ամեն ինչի տեր, ով իմաստասիրության դպրոցներում է դեգերում և վերին իմաստությամբ հարստանում, իսկ անմիտը, թեկուզ երկրին ու ծովին էլ տիրի, աղքատ է ու չքավոր: Սրանց նայելով է, որ աշխարհիկ գիտնականները միայն իմաստունին թագավոր ու հարուստ կոչեցին, քանի որ տեսականորեն՝ կրթությամբ, և գործնականորեն՝ արդար վարքով, կարող է նաև ազգեր նվաճել, բազմաթիվ երկրների տիրել և փառքի հավելված ձեռք բերել, ինչպես Դավիթը, Սողոմոնը և Ալեքսանդր Մակեդոնացին: Իսկ ովքեր միայն արտաքին փառքով բարձրացան և ներքին կրթությունից զուրկ մնացին, նրանք արագ էլ կորցրին այն, ինչպես Ռոբովամը ( Գ Թագ. 14) և այլ շատեր: Ուստի Սողոմոնը խրատում է. «Իմաստությունն ավելի լավ է, քան շատ արծաթը, և հասկացողությունը՝ քան ընտիր ոսկին» (հմմտ. Առակ. 8։11): Նաև այն է հայտնում, որ պետք է նախ Սառային տիրել՝ վերին ազատին, որից մտքի անճառ բերկրանք է ծնվում ( Ծննդ. 21։1-6), և ապա՛ կենակցել Քետուրայի հետ, որը «հավելված» է նշանակում 1, և որից առաջ են գալիս մահկանացու ազգեր (Ծննդ. 25։1-4):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: