Գործք Առաքելոցի մեկնություն 2:4

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

4-13. Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս: Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից: Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով: Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք: Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում,10. Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»: Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»: Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. «Նոր գինուց հարբած են»:
   
    Ցանկացանք հատկապես առանձնացնել և Հոգու գալստյան ժամանակ տեղի ունեցած երրորդ հրաշքի մասին առանձին խոսել, որը այլևայլ լեզուներ խոսելու երևույթն է, որը էությամբ տարբերվում է նախորդ երկու հրաշալիքներից, որոնք վերաբերում են նյութական բնությանը և շատ ուրիշ խնդիրների տեղիք է տվել՝ եղելության դժվարակնճիռ լինելու պատճառով։ Մենք այստեղ լեզուների շնորհի ընդհանուր քննությունն եւ պարզաբանությունը չպիտի անենք, այլ պիտի մնանք Պենտեկոստեի օրվա հրաշքի սահմանում, ինչպես պահանջում է «Համապատումիս» նպատակը։ Գիտենք, որ լեզուների շնորհը այլ առիթներով էլ տեղի ունեցավ եկեղեցում, սակայն այդ անգամների մանրամասները չեն համապատասխանում Պենտեկոստեի եղելության հանգամանքներին և շատ հեշտությամբ կարող ենք տարբեր եղելությունների տարբերությունները ընդունել։ Նաև գիտենք, որ եկեղեցում լեզուների շնորհը տեղի տվեց անտեղի արարքներին և զեղծություններին, որոնց դեմ Պողոսը գրեց Կորնթացիների թղթում, բայց հետագայում տեղի ունեցած այղ զեղծումները պատճառ չեն կարող հանդիսանալ մերժելու նախնական և նշանավոր եղելության իսկությունը։ Այդ դիտողությունները կարևոր էին՝ մեր գրելիք պարզաբանությունների իմաստը ճշտելու համար։
    Սրբազան պատմիչն ասում է, որ հնչյունի ձայների և հրեղեն լեզուների հրաշալի երևույթի հետ ամենեքեան, ովքեր հավաքված էին վերնատանը՝ առաքյալները, աշակերտները, յուղաբերները, «լցան Հոգւով Սրբով», նոր ու երկնային շնորհ ստացան, եռանդները բորբոքվեց, իղձերն արծարծվեց, սրտները քաջալերվեցին, «եւ սկսան խօսիլ յա՛յլ լեզուս», իրենց իմացած լեզվից դուրս, ուրիշ լեզվով խոսել, ոչ թե յուրաքանչյուրն իր լեզուն որոշելով ու գործածելով, այլ ներքին ներշնչման ազդեցության ներքո խոսել այն լեզվով, «որպէս եւ Հոգին տայր բարբառել նոցա»։ Իսկ ասածները ո՛չ պատմություն էր, ո՛չ եղելությունների բացատրություն և ո՛չ էլ նոր հավատքի քարոզությունը, այլ միայն օրհնաբանություն և փառաբանություն՝ ուղղված Աստծուն, պարգևած շնորհների համար գոհաբանության մաղթանքներ, որովհետև խոսում էին «զմեծամեծս Աստուծոյ»։
    Հնչյունի, բոցերի և լեզվախոսական հրաշքի մասին լսվեցին ամեն կողմում և ամեն կողմից «եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ» վերնատան շուրջը։ Երուսաղեմը միշտ լեցուն էր ո՛չ միայն պաղեստինցի ճամփորդներով, այլև աշխարհի բոլոր կողմերում սփռված հրեա գաղթականներով և հրեության դարձողներով, այսինքն՝ հրեական կրոնն ընդունողներով, որոնք չէին կարող մոռանալ իրենց Երուսաղեմը և ուխտավորներն ու այցելուները միշտ անպակաս էին, մանավանդ գլխավոր տոների առիթներով՝ Զատկին, Պենտեկոստին և Տաղավարահարացին։ Այդ նույն օրն էլ Երուսաղեմում բազմատեսակ բազմություն կար, հատկապես սրա նրա կողմից ասվող այն խոսքերը, թե «Ինչ-որ բան են ասում, որ չենք հասկանում, խոսում են մի լեզվով, որը չենք հասկանում», այնտեղ հավաքեց հիմնականում գաղթական հրեաներին ու հրեությանը հարող հեթանոսներին, ովքեր եկք էին կոչվում։ Սրբազան պատմիչն այդ գաղթականներին հիշատակելու համար, թվարկում է զանազան երկրների անուններ, ինչպիսիք են՝ պարթևների, մարերի, իլամացիների երկրները, Միջագետք, Հրեաստան, Գամիրք, Պոնտոս, Ասիա, Փռյուգիա, Պամփյուլիա, Եգիպտոս, Լիբիա, Կյուրենե, Հռոմ, Կրետե և Արաբիա։ Ընդամենը տասնվեց տարբեր գաղթականություններից եկողներ և նույնչափ էլ տարբեր լեզուներ իմացողներ։
    Այստեղ մի փոքրիկ և միջանկյալ դիտողություն անենք վերը հիշատակված աշխարհագրական անունների վերաբերյալ։ Այդ շարքում բացահայտորեն տեղագրական մի կարգ է նկատվում, որ արևելյան ամենահեռու Պարթևների աշխարհից առաջ է գալիս, և Մարերի ու Իլամացիների, այսինքն՝ Պարսից երկրները հիշելուց հետո, հասնում Միջագետք և, Հրեաստանը նշելով, անցնում Փոքր Ասիայի երկրներին, որոնք են Գամիրքը կամ Կապադովկիան, Պոնտեսը, Ասիան, այսինքն՝ Հոնիան, Փռյուգիան և Պամփյուլիան։ Այս մասն ավարտելով՝ անցնում է Եգիպտոս և նրա շրջակայքը՝ Լիբիա և Կյուրենե, իսկ ամենավերջում՝ մնացյալ ցրված երկրները, հռոմեացիների կողմը, որ է Իտալիան, Կրետեն և Արաբիան։ Այս շարքում աչքի է ընկնում Միջագետքի ու Կապադովկիայի միջև Հրեաստանի հիշատակությունը, որը ո՛չ այդ երկու երկրների մեջտեղում է գտնվում, ո՛չ էլ հրեական գաղթականության կամ օտարալեզու բնակչության երկիր կարող է անվանվել։ Միջագետքի և Կապադովկիայի միջև ընկած երկիրը Հայաստանն է։ Աֆրիկյան Եկեղեցու նշանավոր հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը, որ Սուրբ Գրոց ամենահին և Իտալա կոչված թարգմանությունն են օգտագործել, այդ հատվածը բացատրելիս, իրոք Հրեաստանի փոխարեն Հայաստան են դնում։ Այդ ընթերցումն աշխարհագրական տեսակետով արդարացնում է սրբազան պատմիչի պահած կարգը, և պատմական տեսանկյունով Հայաստանում եղած հրեական գաղթականության գոյությամբ է հաստատվում եւ երևույթի պահանջից ելնելով՝ որպես օտար լեզու է հիշվում, մինչ առաքյալների Հրեաստանի լեզվով խոսելը ո՛չ հրաշք էր, ո՛չ էլ զարմանք կարող է պատճառել։ Բայց թե ինչպե»ս է եղել, որ բոլոր սովորական օրինակներում և թարգմանություններում Հայաստանը Հրեաստանի է փոխվել, մեր նպատակից դուրս է բացատրելը։
    Անդրադառնալով պատմությանը՝ ասենք, որ այս գաղթականության բոլոր ներկայացուցիչները հիշատակվում են որպես հրեայք և արք երկիւղած, որոնք երբ վերնատանը եղող աշակերտներին ունկնդրելու էին վազում ու «լսէին յիւրաքանչիւր լեզուս խօսիլ նոցա», այլայլված և անակնկալ միջադեպից շվարած, «սքանչանային եւ զարմանային» ու, դառնալով միմյանց, իրար հարցուփորձ էին անում, տեսնում էին, թե ամեն լեզվով խոսողին հասկացող կար, բոլորովին անծանոթ լեզու խոսող չկար․ Ասէին ընդ միմիանս․ «Չէ՞ որ սրանք ամենքն էլ գալիլիացիներ են, տխմար և անուս հրեաներ, ապա ինչպե՞ս են կարողանում խոսել այն օտար լեզուներով, որոնք մենք սովորել ենք ու գիտենք միայն այդ երկրներում ծնված ու ապրած լինելով։ Ինչպե՞ս են սրանք կարողանում իրենց չիմացած ու չսովորած լեզուներով Աստծուն ուղղված գեղեցիկ փառաբանություններ անել, ինչպե՞ս կարելի է մեկնել այս տարօրինակ երևույթը»։ Երբ երկյուղած գաղթականները, ասվածները հասկանալով, մի կողմից ապշած ու շվարած էին, եղելությունը բացատրելիս շփոթվում էին, մյուս կողմից երուսաղեմցի հրեաները, որ օտար լեզուներ չգիտեին և ասվածները չէին հասկանում, չհասկանալու համար աշակերտներին՝ բերանից եկածը դուրս տվող և աննշան աղաղակ բարձրացնողներ համարեցին, ծաղրելով խնդում էին նրանց վրա, թե՝ «քաղցուալից իցեն» և «արբեալ իցեն», ասածները չհասկացող գինով հարբածներ են։
    Հրաշալի իրողության պատմական կողմը պարզաբանելուց հետո, նրա բացատրության և քննադատության վերաբերյալ տեղի ունեցած խնդիրներից ու տեսակետներից գոնե գլխավորները, որքան հնարավոր է, համառոտակի ներկայացնենք։
    1․ Ասողներ եղան, թե լեզուների շնորհը խոսողների վրա ենթակայական չէր, այլ առարկայական՝ լսողների համար։ Հրաշքի եզրը ոչ թե աշակերտների լեզուն էր, որ խոսում էր տարբեր լեզուներով, այլ ունկնդիրների ականջը, որ աշակերտների ասածը գաղթականները հասկանում էին իրենց լեզվով։ Եղելությունը հրաշալի լինելուց չի դադարում, եթե այդպես էլ հասկանայինք, միայն թե այդ դեպքում սրբազան պատմիչի մտքից կհեռանանք, որ ասում է․ «սկսան խօսիր յայլ լեզուս», և ոչ թե ունկնդիրները «սկսան իմանալ յայլ լեզուս»։ Մանավանդ չպետք է ենթադրել, թե գաղթական հրեաները բոլորովին մոռացել էին իրենց լեզուն և անշուշտ գաղթականության մեջ էլ պահել էին իրենց մայրենի լեզուն ու բոլորովին առիթ չկար մայրենի լեզվով ասվածը հասկանալ օտար լեզվով։
    2․ Ասողներ եղան, թե լեզուների շնորհը երբեք չպետք է տարբեր ու օտար լեզուներ խոսել հասկանալ, որովհետև լեզուների կամ լեզվի շնորհ ունեցող հարմարվել կարող է նաև նա, ով խոսում է ճարտար, հարուստ, արագ, ազդու, հուզիչ և հմուտ լեզվով, գրավում է ունկնդիրներին, դյութիչ տպավորությամբ ազդում։ Սա էլ հրաշալի եղելություն կլիներ, եթե իրավամբ սա լիներ Հոգու ազդեցությունն աշակերտների վրա, որ հանկարծ տկար ու տգետ գալիլիացիներին փոխակերպում էր աննման հռետորների։ Սակայն պատմական պարագաները շատ հեռու են այս ենթադրությունից, որովհետև գաղթական հրեաները «լսէին յիւաքանչիւր լեզուս խօսիլ նոցա», և ոչ թե խոսում էին միայն «զմեծամեծ Աստուծոյ», զայլ լսում ենք, որ խոսում են «ի մեր լեզուս»,- ասում էին նրանք։
    3․ Ի լեզուս խոսելու շնորհը, ոմանք էլ հիմնովին աղավաղելով, կամենում են աննշանակ և անիմաստ ձայներ հանելու վերածել, լեզվին եկած ձայնը դուրս տալ, մոլեգնածի պես ձայներ հանել, լեզվով խոսել նյութապես, այլ ոչ թե ինչ-որ լեզվով խոսել։ Այդ բացատրությունը ոչ միայն անարգական է աշակերտների համար, որ խոսեցին և Սուրբ Հոգու համար, որ «տայր բարբառել նոցա», այլև չենք կարող հասկանալ, թե ի՞նչ հրաշալիք կարող էր ենթադրվել խենթուխելառ ձայնարկություններում։ Եթե կային լեզու չիմացող հրեաներ, որ ոչինչ չհասկանալով, «յայլ լեզուս» խոսողներին «քաղցուալից», այսինքն՝ քաղցուով կամ գինով հարբած էին կարծում, բայց կային նաև օտար լեզուներ իմացողներ, ովքեր անկեղծորեն վկայում էին «յիւրաքանչիւր լեզուս խօսել նոցա»։
    4․ Հարց է ծագում, թե ի՞նչ լեզվով էր խոսում յուրաքանչյուրը, որովհետև ենթադրվում է, թե յուրաքանչյուրն սկսեց խոսել այն երկրի լեզուն, ուր քարոզելու պիտի գնար։ Ըստ այդմ, մեր Լամբրոնացին, խոսքը մասնավորելով, ասում է, թե Պետրոսը լատիներեն էր խոսում, Փիլիպպոսը՝ արաբերեն, Հովհաննեսը՝ կիլիկերեն, Թովմասը՝ եթովպերեն, Թադեոսը՝ հայերեն, Բարթողիմեոսը՝ մարերեն, մյուսներն էլ՝ հելլեներեն ու պարթևերեն։ Սակայն ոչ միայն փաստ չունենք պնդելու, թե այսպիսի կապ կարող էր լինել յուրաքանչյուրի խոսած լեզվի ու քարոզած երկրի միջև, որովհետև չենք էլ կարող ասել, թե անշուշտ գնացած տեղերի լեզվով քարոզեցին, մինչ իրենց հրեերենը բավական էր, որպեսզի խոսեին հրեա գաղթականության հետ, իսկ հունարենով շփվելու մյուս ազգությունների հետ։
    5․ Այդ պատճառով չենք կարող պնդել, թե յուրաքանչյուր աշակերտ տևականորեն պահեց այն լեզվի հմտությունը, որով այդ օրը խոսեց։ Այն օրվա հրաշալիքը բացառիկ երևույթ էր՝ հնչյունի ձայների ու հրեղեն լեզուների նման և ինչպես հրեղեն լեզուն, որ «նստաւ իւրաքանչիւր ի վերայ նոցա», նրանց գլուխների վրա մշտապես տեսանելի զգալի չմնաց, նույնպես և անհրաժեշտությունը չկա ասելու, թե մեկ անգամ խոսացած լեզվով մինչև վերջ խոսեցին։
    6․ Միևնույն պատճառով չենք կարող ասել, թե յուրաքանչյուրը կարողացավ խոսել իր կամեցած լեզվով՝ ընտրությունն ինքը կատարելով և շնորհը երկնքից ընդունելով։ Սրբազան պատմիչը հստակորեն շեշտում է այդ հանգամանքը, երբ ասում է, թե խոսում էին «որպէս եւ Հոգին տայր բարբառել նոցա»։
    7․ Անհրաժեշտ է պարզել նաև, թե ի՞նչ էին խոսում։ Եթե ուսումնասիրենք տրված հատվածը, ապա պիտի ասենք, թե խոսացածները, վարդապետություն, քարոզ և քրիստոնեական հավատքի բացատրություն չէր, այլ պարզապես Աստծուն ուղղած օրհնություններ, քանի որ այս է նշանակում խոսել «զմեծամեծս Աստուծոյ», որ է Աստծուն բարձրացնել ու փառաբաները՝ հիշատակելով Նրա կատարած հրաշալի գործերը։
    8․ Տարբեր լեզուներ խոսողներն հասկանու՞մ էին արդյոք ասածները, գիտեի՞ն, թե ինչ են ասում, կամ թե ասու՞մ էին, ինչ ուզում էին։ Սա մեկնիչների համար խնդրո առարկա է եղել, և մեծագույն մասը կարծում է, թե քանի որ հրաշալի երևույթի բնություն ունեցող մի հրաշք էր, որիշների վրա ազդելու, այլ ոչ թե իմացողության միջոց է, և բոլորովին էլ անհրաժեշտ չէ, որ խոսողը լինի գիտակից և կամակից վիճակում, և «Յայլ լեզուս» խոսողը պարզապես հափշտակվածի և վերին ազդեցության ներքո գործողի դերն է կատարում, այլ ոչ թե պատասխանատու գործողի վիճակում է։
    9․ Վերջապես նրանք, ովքեր լեզուների շնորհի նշանակությունն ուրանալով, այն ցանկանում են դասել պարզապես ցուցադրված խեղկատակության շարքը, իրենց համար որպես հիմք են ծառայեցնում Պողոսի գրածները (Ա Կորնթ․ 14), ուր նա ջանում է անօգուտ ներկայացնել լեզուների շնորհը, որպես շփոթության և գայթակղության պատճառ և հրամայում է զգուշանալ այդ շնորհի կիրառությունից։ Անշուշտ, այստեղ Պողոսի թղթի մեկնությամբ չպիտի զբաղվենք, բայց չգիտենք, թե ինչ փաստ կարելի է դնել Վերնատան հրաշքի դեմ, եթե հետագայում այդ շնորհը կեղծ ձևակերպությունների և անտեղի զեղծումների առիթ տվեց Կորնթոսում, և առաքյալը ստիպված եղավ արմատական բժշկության դիմել՝ տիրող զեղծումներն իսպառ ջնջելու համար։ Մի՞թե որևէ սկզբունքի, գործի կամ շնորհի զեղծումը կարող է սուտ հանել նրա իսկությունը, կամ ոչնչացնել նրա ուղիղ ու ճշմարիտ լինելը։ Ընդհակառակը, ոչ մի բանի կեղծն ու եղծվածը չի կարող տեղի ունենալ, եթե նրա իսկությունն ու ճշմարիտը եղած չլինի։ Այդ մի քանի դիտողությունը բավական են ոչ թե լեզուների շնորհի մասին վարդապետորեն խոսած լինելու համար, այլ պարզապես հոգեգալստյան օրվա հրաշալի երևույթները հանգամանորեն բացատրած լինելու համար։