Ա․ Լոպուխին
«Երբ կենդանի էակները գնում էին, գնում էին նաև անիվները, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները նույնպես կանգնում էին, և երբ այդ կենդանի էակները գետնից բարձրանում էին, այդ ժամանակ անիվները նույնպես բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանիների հոգին անիվների մեջ էր»»։(Սինոդական թարգ․)[21]
Անիվների և կենդանիների շարժման համաձայնությունն այնքան ուշագրավ էր, որ մարգարեն դարձյալ ուշադրություն է հրավիրում այդ հանգամանքի վրա՝ կարճառոտաբար կրկնելով այն ամենը, ինչն արդեն իսկ ասվել էր այդ մասին: Եզեկիել մարգարեն միայն լրացնում է այս կրկնաբանությունը՝ մատնացույց անելով այն, որ երբ կենդանիները կանգ էին առնում, անիվները նույնպես կանգ էին առնում նրանց հետ, մի հանգամանք, որն ինքնին ենթադրելի իրողություն չէ, եթե նկատի ունենանք այն, որ անիվները ոչ մի կերպ կապված չեն եղել կենդանիներին։ Այսպիսով, «21-րդ համարը մի նոր հավելադրումով իրար է միաձուլում նախորդ երկու համարները և ամբողջացնում է դրանք» (Գիտցիգ): Բացի այս վերոնշյալ նպատակին ծառայելուց, համաձայն որի՝ այն հանդես է գալիս որպես կենդանիների և անիվների շարժման ուշագրավ ներդաշնակության նկարագրությանը հանգող եզրահանգում, սույն համարը ևս մեկ նպատակ ունի․ այն մեր աչքերի առջև պատկերում է ամբողջ տեսիլքի ընդհանուր շարժը։ Սույն համարը մեզ ուսուցանում է, որ տեսիլքը միշտ չէ, որ շարժի մեջ է եղել, այլ երբեմն կանգ է առել։ Ինչպես նաև տեղեկանում ենք, որ այդ տեսիլքը երբեմն «պատկերվում» է երկրի երկայնքով, իսկ երբեմն էլ սավառնում է երկրի վերևում՝ «գետնից բարձրանում էին»․ տեղեկություններ, որոնք ոչ փոքր նշանակություն ունեին և մարգարեի կողմից դեռևս չէին հաղորդվել այդքան ամբողջականորեն և հստակությամբ: Համարն ավարտվում է նախորդ համարի վերջնամասի բառերի բառացի կրկնությամբ՝ «որովհետև կենդանիների հոգին անիվների մեջ էր»՝ մի բան, որը Եզեկիելի գրական հնարքներից մեկն էր՝ կոչված լինելով ընթերցողների ուշադրությունը հրավիրելու նմանատիպ բառացիությամբ կրկնվող մտքի վրա։ «Այս պատճառա-հետևանքային բնույթ ունեցող նախադասությունը կրկնակ անգամ է հիշատակվում, քանի որ այդ նախադասության մեջ է թաքնված գաղափարի հիմնական զորությունը» (Կրեչմար): Այդ միևնույն միտքը «երկու անգամ է ասվում, «որովհետև կյանքի ոգին էր անիվների մեջ», որպեսզի չլիներ թե մենք անիվները համարեինք մի բան, որը տեսնում ենք սայլերի, վագոնների և կառքերի ստորին հատվածներոըմ, այլ այդ անիվներին համարեինք կենդանի էակներ, և դեռ նույնիսկ ավելի վսեմ մի բան, քան կենդանի էակներն էին» (Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Երբ նրանք ընթանում էին, անիւներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիւներն էլ էին նրանց հետ բարձրանում, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար:
(Արարատ թարգ․) Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։
(Գրաբար) ‘Ի գնալն նոցա գնային, և ‘ի կալն նոցա՝ զտեղի առնուին, և ‘ի վերանալ նոցա յերկրէ, և անիւքն ընդ նոսին վերանային. զի ոգի կենդանի՛ գոյր յանիւսն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: