Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։25

Ա․ Լոպուխին

«Եվ այն կամարից, որ նրանց գլխավերևում էր, մի ձայն եղավ. երբ նրանք կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում»։ (Սինոդական թարգ․)[25]
   

   Այն հարցի շուրջ, թե ինչպիսի՞ն էր «կամարից հնչող ձայնը», տարատեսակ ենթադրություններ են արվում։ Առաջին միտքը, որ ծագում է, ա՛յն ենթադրությունն է, որ այս ձայնը պատկանում էր Նրան, Ով գտնվում էր երկնակամարից վեր և Ով ցույց էր տալիս, թե որտե՛ղ պիտի կանգնեին կենդանիները: Այդ պարագայում համարի երկրորդ հատվածը կարող է նշանակել, որ «վերևից հնչող կանչի ժամանակ կառքը վերջապես կանգ առավ Եզեկիելի առջև, և այդժամ արդեն մարգարեն կարող էր նկարագրել գահը և նրա վրա Բազմողին։ Սակայն այսպիսի ընկալմանը խոչընդոտում է 1) ա՛յն, ինչը որ Յահվեն ավելի առաջ ասել էր 2։1-ում, 2) ա՛յն, որ կառքն արդեն կանգնած դիրքում էր, երբ ձայնը հնչեց, 3) ա՛յն, որ կենդանիների՝ երկնակամարից եկող ձայնին հնազանդվելով վերջապես կանգ առնելու իրողությունը չէր կարելի նկարագրել այսպիսի խոսքերով, թե՝ «երբ նրանք կանգնում էին, նրանց թևերը կախ էին ընկնում»։ Այս ձայնի վերաբերյալ արտահայտված մյուս ենթադրությունները նույնպես անհիմն են: Այդ ձայնը «չէր կարող ներքևից հնչող արձագանք լինել՝ թե՛ իրապայմանների և թե՛ այն պատճառով, որ Եզեկիելը, իր գտնվելու վայրով պայմանավորված, անկարող էր լսելու այն: Այդ ձայնը չէր կարող հնչել կանգ առած գահից։ Այն չէր կարող հնչել հենց Յահվեի կողմից, բնավ չէր կարող լինել Նրա ոտքերի շարժի արդյունքում առաջացած աղմուկը, որովհետև Յահվեն քայլ չի անում, այլ բազմում է։ Իսկ եթե դա ​​ամպրոպի ձայն լիներ, ապա այն կարելի կլիներ ավելի ճշգրիտ սահմանել՝ կոչելով իր իսկ անունով» (Գիտցիգ): Այս ցանկը հարկ է ամբողջացնել Կրետշմարի այն սրամիտ ենթադրությամբ, համաձայն որի՝ երկնակամարից հնչող ձայնի ներքո պետք է «հասկանալ այն աղմուկը, որն առաջացել էր Յահվեի՝ Տիրոջ բանակի կողմից, ինչի մասին միանշանակ կարող ենք պատկերացում ունենալ՝ ելնելով ա՛յն հանգամանքից, որ գահին բազմող Յահվեն, Որը, հետևապես, ներկայանում է որպես թագավոր, որպես այդպիսին պետք է շրջապատված լիներ ծառաների անթիվ բազմությամբ՝ առանց որոնց առկայության Արևելքում ապրող մարդն անկարող էր պատկերացում կազմել թագավորի մասին»։ Իսկ ահա «ռազմական ճամբարի աղմուկի նման բարձր աղմուկը» արտահայտությունը 24-րդ համարից պետք է փոխանցվի սույն 25-րդ համարին, և այդ պարագայում այստեղ այն մատնացույց կաներ այն դողդոջուն շշուկը, որը «սուրում» էր երկնային զորքերի բազմության միջով այնժամ, երբ աստվածային կառքը կանգ առավ, և Յահվեն պատրաստվում էր խոսել։ Եզեկիելը կանգ չի ​​առնում Աստվածային շքախմբի նկարագրության վրա, այլ Նրան շրջապատողների կողքով շտապում է դեպի գլխավոր Անձը: Սակայն ընթերցողների աչքին մարգարեի կողմից արտահայտված չափազանց տարօրինակ միտք կթվար ա՛յն ակնարկը, միայն որից ելնելով՝ ընթերցողը պետք է եզրակացություն աներ Տիրոջ շուրջբոլորը եղող և Նրան շրջապատող բանակի գոյության մասին, ինչը, թերևս, «ապացուցվում» էր աղմուկի առկայությամբ: Այս համարում հիշատակվող ձայնի խորհրդավորությունը, սույն համարի երկու կեսերի միջև որևէ կապ գտնելու լիակատար անհնարինությունը, ինչպես նաև 25-րդ համարի երկրորդ մասի բառացի նմանությունը 24-րդ համարի հետ դեռևս նույնիսկ հին շրջանի մեկնիչներին է հանգեցրել այն մտքին, որ այս հատվածում տեքստն աղավաղման է ենթարկվել: Այս գաղափարին է հակվում նաև տեքստի նախապատմությունը. եբրայեցերեն ինը ձեռագրեր և Պեշիթոյի որոշ տարընթերցումներ բաց են թողնում այս ամբողջ համարը, չիզիական կոդեքսն այն նշում է աստղանիշով։ Իսկ ահա համարի երկրորդ կեսը բացակայում է եբրայեցերեն տասներեք ձեռագրերից, Ալեքսանդրյան և Վատիկանյան կոդեքսներից և ղպտիական ու եթովպական թարգմանություններից, ինչի արդյունքում այս համարը վերոնշյալ տեղիներում ստանում է հետևյալ տեսքը. «Եվ ձայն էր հնչում երկնակամարից»։ Այս տարընթերցումը սահուն է թվում, սակայն այդ սահունությունը կասկածելի է. ինչպե՞ս կարող էր այն նախընտրելի լինել բնագրային այն կարծր հիմնաքարից, որի վրա հիմնված են ներկայիս եբրայեցերեն տեքստը և դրան համակարծիք հունարեն ձեռագրերը։ Փաստորեն, սույն մեկնաբանությանը չի հակասում համարի միայն երկրորդ կեսը, որն իրենից ներկայացնում է նախորդող 24-րդ համարի ականջ ծակող կրկնությունը: Սակայն Եզեկիել մարգարեի և առաջին գլխի ոգուն համահունչ շարադրված, ամփոփիչ բնույթ ունեցող արտահայտությունների նմանատիպ կրկնությունն այս հեղինակին հատուկ գրական տեխնիկայի կիրառության օրինակներից միակը չէ («երբ գնում էին, չէին շրջվում», «որովհետև կենդանության ոգին անիվների մեջ էր»): Այսպիսի կրկնությունների միջոցով մարգարեն ընդգծում է նախկինում հնչեցված արտահայտությունների՝ ներկայումս ունեցած կարևորությունը: Այսպիսով, պարտադիր չէ, որ կրկնվող արտահայտությունը խիստ սերտորեն կապված լինի հարևան նախադասությունների հետ (9-րդ համար և 12-րդ համար)․ այն ունի իր հատուկ նպատակը ո՛չ թե մեկ այլ, նախկինում ասված նախադասության մեջ, այլ ինքնին նաև ա՛յն տեղիում, որտեղ կրկնաբար կիրառվում է։ Այդ կերպ մարգարեն օգտվում է իրեն ընձեռնված հեռավոր առիթից (մի հնարավորություն, որը, ի դեպ, մարգարեն դեռևս չէր օգտագործել)՝ վերհիշելու նախկինում արտահայտված միտքը և այն արժևորելու ներկա համատեքստում: Կարելի է նաև չընթերցել այս ամփոփիչ կրկնությունները, և նկարագրության թելը չի ​​կտրվի, և դա այն է, ինչ հարկ է, որ արվի այս պարագայում։ Անհրաժեշտ է համարի 1-ին կեսում տեսնել նկարագրության շարունակությունը, իսկ երկրորդում՝ դրա «ընդմիջումը», որի անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի վաղ արտահայտված մտքին վերադառնալու ցանկությամբ. «Կամարից մի ձայն լսվեց․ այն հնարավոր էր լսել, որովհետև երբ կենդանիները կանգ էին առնում, նրանց թևերը ձայն չէին հանում»: Իսկ եթե ​​այդպես է, ապա համարի առաջին կիսահատվածը կարելի է բացատրել երկրորդից միանգամայն անկախ եղանակով: Հատկանշական է, որ «կամարից հնչած ձայն» արտահայտության ամենադիպուկ բնորոշումը, որպես այդպիսին, գոյություն չունի: Ոչ պակաս ուշագրավ է նաև այն իրողությունը, որ այս ձայնը բնութագրելու համար առաջին անգամ օգտագործվել է «verbum finitum»՝ «և ձայն եղավ» արտահայտությունը։ Այս երկու հանգամանքներով պայմանավորված՝ «կամարից հնչող ձայն»-ին հատկացվում է բացառիկ նշանակություն և շատ բարձր, պատվավոր ու իսկապես Աստվածային տեղ՝ «երկնակամարից էլ ավելի վեր»: Միևնույն ժամանակ, սակայն, այս ձայնին որոշակի առեղծվածայնություն և անհասկանալիություն է հաղորդվում ա՛յն պատճառով, որ այդ ձայնի նկարագրության մեջ որևէ հստակ սահմանում գոյություն չունի: Դեռևս նույնիսկ քերովբեների թևերից բարձրացող աղմուկի նկարագրության համար մարգարեն հազիվ թե կարողանում էր նմանություն գտնել երկրային ձայների միջից։ Իսկ ահա արդեն երկնակամարից հնչող ձայնի նկարագրության համար նա չի էլ փորձում որևէ համեմատության եզրեր գտնել։ Այդ ամենն ինքնին ապացուցում է այս «աղմուկի» աստվածային բնույթը։ Եվ իսկապես, ինչո՞ւ Աստված Իր հայտնությամբ չէր կարող, մնացյալ ամեն ինչից զատ, նաև Աստվածային առանձնահատուկ աղմո՛ւկ բարձրացնել։ Չէ՞ որ այդպիսի աղմուկով («ձայն» - եբր․՝ «կօլ») ուղեկցվեց Աստվածաշնչում նկարագրված Նրա առաջին հայտնությունը (դրախտում)։ Նրա հայտնվելուն ուղեկցող զարմանալի աղմուկը («ձայներ» - եբր․՝ «կօլօտ») հիշատակվում է նաև Սինայի Աստվածահայտնության նկարագրության մեջ: Աստված առաջին հերթին և ամենից մոտ ձևով այս աշխարհում Իրեն բացահայտում է ձայնի (եբր․՝ «կօլ»), Իր Խոսքի միջոցով: Եվ նույնիսկ քերովբեներն «անկարող եղան «կրելու» Ամենակարող Աստծո ձայնը, որը հնչում էր երկնքում, ուստի նրանք ևս կանգ էին առնում ու հիանում էին, և իրենց լռությամբ ցույց էին տալիս երկնակամարում բազմած Աստծո զորությունը» (Հերոնիմոս Երանելի):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում:
(Արարատ թարգ․) Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։
(Գրաբար) Եւ ահա բարբառ ‘ի վերուստ քան զհաստատութիւնն որ է՛ր ‘ի վերայ գլխոց նոցա ‘ի կալն իւրեանց, և յամբառնալն զթևս իւրեանց։