Ա․ Լոպուխին
«Իսկ նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես»։ (Սինոդական թարգ․)[7]
Մարգարեն այստեղ մատնանշում է խորհրդավոր կենդանիների ոտքերին բնորոշ 3 առանձնահատուկ հատկանիշներ.
1) Առաջին առանձնահատկությունը՝ ոտքերի ուղիղ լինելը, սովորաբար հասկացվում է այնպես, որ կենդանիների ոտքերը ծնկի հատվածում թեքություն և նույնիսկ ջլեր ու հոդեր չեն ունեցել։ Այս արտահայտությունն այդպես են ըմբռնել նաև Յոթանասնից թարգմանության հեղինակները՝ այն թարգմանելով հետևյալ ձևով. «և նրանց սրունքները (նշելով մասը ամբողջի փոխարեն) ուղիղ էին»։ Մարդու և կենդանիների ոտքերը բնորոշող այս բոլոր հոդերի ու ջլերի փխրուն կառուցվածքն ավելորդ կլիներ այն արարածների համար, որոնք կարող էին տեղաշարժվել առանց քայլելու (ասել է թե՝ թևերի և անիվների միջոցով)։ Այս իսկ պատճառով էլ քերովբեների ոտքերը կարող էին կատարյալ ուղիղ լինելու արդյունքում ունենալ որոշ առավելություններ՝ ոտքերին հաղորդելով յուրահատուկ կարծրություն և ամրություն, ինչն այնքա՜ն անհրաժեշտ էր քերովբեներին, քանի որ իրենց վրա կրում էին մի հսկայական, աներևակայելի «բեռ» (եբր. «kebod»՝ «ծանրություն»)՝ Յահվեի փառքը։ Քերովբեների ոտքերը, սակայն, չծալվեցին ու չխոնարհվեցին այդ ծանրությունից, այլ ուղիղ լինելու շնորհիվ ցուցաբերեցին հոգևոր տոկունություն ու զորություն, որն էլ հատուկ է նրանց:
2) Մարգարեին երևացած այս էակների ոտքերի երկրորդ առանձնահատկությունը, որով նրանք աչքի էին ընկնում, հորթի թաթերին նմանվող նրանց թաթերն էին՝ համաձայն եբրայական տեքստի։ Այսպիսով, քերովբեներն իրենց կառուցվածքի ստորին և երկրորդային հատվածներում հորթի նմանություն ունեին։ Հին Կտակարանում հորթը գառից հետո առաջին զոհաբերվող կենդանին է՝ «ad honorem», ասել է թե՝ «զոհաբերվող կենդանի», որը հատուկ պատվավոր զոհաբերություն էր, որն իրենք իրենց անձերի համար մատուցում էին քահանայապետը և «ամբողջ հասարակությունը», ընդ որում՝ բացառիկ կարևորություն ունեցող հանգամանքներում նաև՝ ակամա գործված մեղքի համար (Ղևտ․ 4-րդ գլուխ), ինչպես նաև այն պարագայում, երբ մեկը կամ մյուսը իրավունք և կարիք ուներ առանձնահատուկ մտերմությամբ մերձենալու Աստծուն․ խոսքը քավության օրվա մասին է (Ղևտ․ 16-րդ գլուխ)։ Որոշ մեկնաբաններ ոչ արդարացիորեն կարծում են, որ քերովբեներին հորթի ոտքի նմանությամբ ոտք ունենալն անհրաժեշտ էր այն կլոր ձևի պատճառով, որով աչքի էր ընկնում հորթի թաթը։ Ըստ այս մեկնաբանների տեսակետի՝ դա հորթին հնարավորություն էր տալիս մշտապես նայել բոլոր ուղղություններով, մինչդեռ մարդու ոտքը միայն մեկ ուղղությամբ նայելու հնարավորություն էր ընձեռում։ Այսպիսով, համաձայն սույն ենթադրության, հորթի թաթը քերովբեներին հնարավորություն պիտի տար առանց այս կամ այն կողմ շրջվելու ընթանալ ցանկացած ուղղությամբ։ Եթե խոսելու լինենք տարբեր ուղղություններով շարժվելու հարմարավետության մասին, ապա պիտի փաստենք, որ մարդու ոտքը, չնայած այն հանգամանքին, որ թեքված է մի ուղղությամբ, սակայն ամենից առավել հարմարավետն է իսկույն ցանկացած ուղղությամբ պտտվելու տեսանկյունից։ Եվ եթե շրջվելու այդ հարմարավետության պատճառով է, որ այստեղ քերովբեները «կարիք» ունեին կլորաձև թաթեր ունենալու, ապա ուրեմն այդ դեպքում ինչի՞ հիման վրա է «պահանջ» ներկայացվում հենց հորթի կճղակը «ընդօրինակելու», և ոչ թե, օրինակ, եզի թաթը վերցնելու որպես հարմարավետ անդամ, կամ էլ այդ դեպքում ի՞նչ կարիք կա հորթի թաթը գերադաս համարելու համասեռ դասի սմբակավոր ներկայացուցիչների մի ամբողջ խմբից։ Յոթանասնից թարգմանությունն այս հատվածին բոլորովին այլ մեկնաբանություն է տալիս՝ համարը թարգմանելով հետևյալ կերպ․ «․․․իսկ նրանց ոտքերը փետրավոր (pterwtoi) էին․․․» Հունարեն «pterwtoi» բառը կարող է նշանակել թե՛ «թևավոր, թևեր ունեցող» (aligerus), և թե՛ «փետրավոր, փետուրներ ունեցող» (pennatus): Բոլոր մեկնիչներն այստեղ միաբերան հավանություն են տալիս եբրայերեն բնագրին, իսկ ահա Յոթանասնից թարգմանության անհամապատասխանությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Ալեքսանդրիայի թարգմանիչներն անհավանական և գայթակղիչ են համարել քերովբեների՝ հորթի ոտքեր ունենալու իրողությունը՝ նկատի ունենալով այն տխրահռչակ դերակատարությունը, որը հորթին վիճակված էր ունենալ Իսրայելի պատմության մեջ։ Չնայած որ սույն նախադասության մասորեթական ընթերցումը, ինչպես տեսանք, տալիս է մի գաղափար, որը ոչ միայն միանգամայն հնարավոր է, այլև խորհրդավորություն և վեհություն է պարունակում իր մեջ, այնուամենայնիվ չի կարելի ասել, որ Յոթանասնից թարգմանության հաղորդած միտքը բոլորովին անհնարին էր և չուներ իր առավելությունները՝ ընդ որում, ինչպես «փետրավոր» բառի առաջին, այդպես էլ երկրորդ իմաստով։ Քերովբեների ոտքերի վրա գտնվող թևերը կարող էին խորհրդանշել նրանց արագությունը և ցույց տալ, որ քերովբեներն իրենց ոտքերով ոչ թե վազում էին, այլ թռչում (չնայած որ, ճշմարիտ է, քերովբեների թևերը գտնվում էին իրենց համար նախատեսված սովորական տեղում՝ քերովբեների ուսերին (8-րդ համար, հետևաբար կարիք չկար, որ ոտքերի վրա թևեր լինեին. Մերկուրին թևեր ուներ միայն իր ոտքերի վրա)։ Այդպես նաև, քերովբեների փետրավոր ոտքերը կարող էին ունենալ այն նույն նշանակությունը, ինչ նշանակություն որ ունի թռչունների փետրավորությունը․ թեթևացնել մարմինը և նրան հնարավորություն ընձեռել սավառնելու օդում (չնայած որ, ճշմարիտ է, այդ նպատակին ամենանվազ չափով հասնելու համար անգամ միայն փետուրներ բավական չէին): Եվ այսպես, Յոթանասնից թարգմանության ընթերցումն արդեն ներքին, իմաստային առումով հանդիպում է առարկությունների։ Ամեն ինչից բացի՝ ընդունելով Յոթանասնից թարգմանության խմբագրությունը, այլևս հնարավոր չի լինի բացատրել մասորեթական բնագրի առաջացման վավերականությունը, մինչդեռ մասորեթական բնագրից Յոթանասնից թարգմանության տարընթերցման առաջացումն ավելի մեծ դյուրությամբ կարելի է ընկալել։ Յոթանասնից թարգմանության հեղինակները, վերոնշյալ հայտնի պատճառներով հորթի հետ համեմատությունը մարգարեի շուրթերին անպատշաճ և անհավանական համարելով, միանգամայն կարող էին այս հատվածում մարգարեի միտքն ազատորեն փոխադրել։ Այս թարգմանության հեղինակները կարծում էին, որ քերովբեների ոտքերը համեմատելով հորթի ոտքերի հետ՝ մարգարեն ցանկանում էր մատնանշել դրանց արագընթացությունը։ Իսկ ահա այդ «արագ» հասկացությունը նրանք կարող էին փոխանցել «pterwtoi» բառի միջոցով՝ այդպիսով միտքը զորեղացնելով և բանաստեղծորեն զարդարելով: Յոթանասնից թարգմանությունից բացի՝ մյուս հին թարգմանություններն այստեղ չեն փոխարդում «հորթ» տարընթերցումը. Թարգումը և Ակիլլայի թարգմանությունը փոխադրում են «կլոր» բառի միջոցով, սակայն Սիմմաքոսի թարգմանությունը, Պեշիթոն և Վուլգաթան համաձայնում են մասորեթական բնագրի հետ:
3) Քերովբեների ոտքերի երրորդ առանձնահատկությունն այն էր, որ դրանք փայլում էին որպես պղնձի մի հատուկ տեսակ՝ եբրայերեն «կալալ» («փայլուն»)։ Լույսի և կրակի այն «ծովը», որով շրջապատված էին քերովբեները՝ իրենց տակ (4-րդ համար) և իրենց միջև (13-րդ համար) կրակ ունենալով և իրենց գլխավերևում էլ Աստվածության անտանելի շողարձակումը կրելով (27-րդ համար), մեզ առաջնորդում է այն համոզմանը, որ ընդհատվող, անկայուն և ընդհանուր առմամբ թույլ փայլատակումը չէր կարող որևէ էական փոփոխություն կատարել, հետևաբար կայծի այդ փայլատակումն այստեղ լուսային էֆեկտ ապահովելու դերակատարությունը չուներ։ Քանի որ կայծերն առաջանում են այն ժամանակ, երբ որոշակի առարկաներ ներազդում են այլ առարկաների վրա, ապա ուրեմն քերովբեների ոտքերի կայծերը նշանն էին այն բանի, որ քերովբեներն օտար ազդեցության էին ենթարկվում։ Մարգարեին մոտենալու համար անհրաժեշտ էր, որ քերովբեները հայտնվեին երկրի վրա, քայլեին կամ թռչեին երկրում ու մուտք գործեին այդ ոլորտ, սակայն երկրային այս ոլորտը քերովբեների համար բոլորովին խորթ էր, ավելի խորթ, քան մյուս հրեշտակների համար, քանի որ քերովբեների կյանքն ու գործունեությունն անմիջապես շաղկապված էին հենց Աստծո գահի և Նրա ոտքերի պատվանդանի սպասավորությանը։ Քերովբեների շփումն իրենց բոլորովին խորթ եղող երկրային ոլորտի հետ կարող ենք համեմատել երկու առարկաների այն կոպիտ հպման հետ, որի արդյունքում կայծ է առաջանում։ Քերովբեների ոտքերից կայծի առաջացումը պետք է վկայեր նրանց շարժման արտասովոր ուժի ու արագության, ինչպես նաև քերովբեների ոտքերի առանձնահատուկ ամրության մասին, որի շնորհիվ նրանց ոտքերը չպիտի ընկրկեին մետաղի կամ քարի զորության առջև։ Մարգարեն հավելում է նաև, որ, դատելով կայծերի առկայությունից, կարելի է ենթադրել («պես» բառի գործածությունն է հիմք տալիս այդպես ենթադրելու), որ այդ նկարագրվող կենդանիների ոտքերը պատրաստված էին հատուկ տեսակի պղնձից: Սովորաբար քերովբեների ոտքերը պղնձի հետ համեմատելով մեկնաբանները հիմնավորում են այդ ոտքերի արտասովոր փայլը։ Սակայն հնարավո՞ր է, որ պղինձը, նույնիսկ ամենալավ տեսակին պատկանողը, այնպիսի փայլ ունենա, որը կհամապատասխաներ մարգարեի այս տեսիլքին, որում ամեն բան փայլում է լույսերի մեջ, մի երևույթ, որը հազիվ թե համեմատելի է որևէ այլ բանի հետ, քանի որ այդ շողարձակումը նույնիսկ ավելի պայծառ էր, քան լավագույն գոհարների փայլը: Սակայն մարգարեն չի խոսում քերովբեների ոտքերի փայլի մասին, այլ խոսում է դրանց երկաթյա ամրության մասին (որը բնութագրվում է քերովբեների ոտքերի՝ ուղիղ լինելու առանձնահատկությամբ): Այդ ժամանակահատվածում երկաթին փոխարինելու էր եկել պղինձը (Ես․ 45:2 և այլ տեղիներ)։ Ամրությամբ չզիջելով երկաթին՝ պղինձը միշտ համարվել է ավելի ազնիվ ու ավելի նրբագեղ, քան երկաթը և, հետևաբար, պատշաճել է այստեղ համեմատության մեջ դրվելու համար (ինչպես որ նաև Դան․ 10:6-ում, Հայտն. 1:15-ում):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին:
(Արարատ թարգ․) Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։։
(Գրաբար) Եւ բարձք նոցա բարձք ուղո՛րդք. և ոտք նոցա թևաւորք էին, և կճղակք նոցա իբրև զկճղակս որթուց. և կայծակունք թօթափէին ‘ի նոցանէ իբրև ‘ի փայլատականց պղնձոյ։ Եւ թևք իւրեանց երագո՛ւնք էին.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: