Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։14

Ա. Լոպուխին

14-15. «Եվ հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերությունը և նրանց պիտի վերադարձնեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի թույլ թագավորություն կլինեն»։ [14] «Այն մյուս թագավորություններից ամենաթույլը պիտի լինի և այլևս չպիտի բարձրանա ազգերի վրա. Ես պիտի խոնարհեցնեմ նրանց, որպեսզի նրանք չիշխեն ազգերի վրա»։ (Սինոդական թարգ․)
   

    «Պաթուրեսի երկիրը» - սլավոներենում՝ «Ֆաֆորի երկիրը», հունարենում «γη Φαθωρης» կամ «Παθουρης», եգիպտերենում՝ «Հարավային երկիրը», այսինքն՝ վերին Եգիպտոսը։ Համաձայն սեպագիր արձանագրությունների՝ Պատուրիզի, ըստ Պլինիոսի վկայության (5.9)՝ «nom Phaturitis», ըստ Պտոլոմեոսի (4, 5, 69)՝ «κωμη Ταθυρις»։ Իսկ Հերոդոտոսը (II, 4, 15) և Դիոդորոսը (I, 50, III, 3) պատմում են, որ Եգիպտոսի առաջին թագավոր Մենեսը ծագումով Աբիդոսի մոտ գտնվող Թեբայդի Թինիս քաղաքից էր, որը և ծառայում էր որպես 1-ին և 2-րդ դինաստիաների մայրաքաղաքը՝ այն դեպքում, երբ Եգիպտոսի մնացած մասը դեռևս գտնվում էր ճահճի մեջ (միայն 3-րդ դինաստիան էր, որ հիմնադրեց Մեմֆիս քաղաքը): Այստեղից էլ հետևում է հաջորդող՝ «իրենց ծագման երկիրը» արտահայտությունը։ Ասես այստեղ մատնանշվում է այն, որ ապագա եգիպտական ​​թագավորությունը սահմանափակվելու է Վերին Եգիպտոսով՝ այդ թագավորության հայրենիքով, որի արդյունքում այն Սբ. Երկրի սահմաններից դուրս կհայտնվի և նախկինի պես չի վնասի նրան:

   «Եվ նրանք այնտեղ մի թույլ թագավորություն կլինեն» - Եգիպտոսն այլևս երբեք համաշխարհային մեծ տերություն չի լինի։ Ըստ այդմ՝ այդքան ավելի խաբուսիկ էր Հուդայի հույսը՝ կապված Եգիպտոսի հետ (Գենգ.)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) վերադարձնելու եմ եգիպտացիներին գերութիւնից ու բնակեցնելու եմ նրանց Պաթուրէսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշուել: Եւ այնտեղ գոյութիւն է ունենալու մէկ իշխանութիւն, որ լինելու է բոլոր իշխանութիւններից աւելի խեղճացած:
(Արարատ թարգ․) Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։
(Գրաբար) և դարձուցից զգերութիւն Եգիպտացւոցն, և բնակեցուցից զնոսա յերկրին Պաթուրէս՝ յերկրին ուստի առան. և եղիցի անդ իշխանութիւն մի՝ տառապեալ քան զամենայն իշխանութիւնս: