Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա քեզ վրա կապանքներ են դնելու և քեզ կապելու են դրանցով, և չես քայլի նրանց միջով»։ (Սինոդական թարգ․)[25]
Որպեսզի մարգարեն ավելի «լավ ու դյուրին» կերպով տանի իր այս բանտարկությունը տան մեջ, որը հատկապես մեծ դժվարություն կարող էր ներկայացնել հասարակական նախաձեռնողականությամբ աչքի ընկնող մարդու համար (հատկապես Արևելյան հասարակության մեջ), Աստված կամենում է կապել նրան։ Ինչպես ցույց է տալիս 4։8-րդ համարը, այս կապանքները երբեմն այն աստիճանի էին սահմանափակում մարգարեին, որ նա նույնիսկ չէր կարողանում մի կողմից դեպի մյուս կողմ շրջվել: Այստեղ խոսքն ակնհայտորեն մարգարեի մարմնի իրական թմրածության, անդամալույծ վիճակի մասին է, մի վիճակ, որով պարուրված էր նաև նրա լեզուն (26-րդ համար):
«Կապանքներ են դնելու․․․կապելու են» - սրանք ակնհայտորեն որևէ մեկի անձով չպայմանավորված արտահայտություններ են, որոնց մարմնավորող տրամաբանական «ենթական» երկնային զորությունն է։ Սակայն հրաշալիորեն հաջորդող համարում արդեն, երբ խոսվում է լեզվի մասին, տեղի է ունենում հակառակը՝ հստակ ու որոշակի անձնականացում․․․ «Այս կապանքները տեսիլքում կարող էին նաև տեսանելիորեն դրված լինել մարգարեի վրա» (Մալդոնատ): Ամբողջ արտահայտությունը բավականին հստակորեն համապատասխանում է հետևյալ ընկալմանը. «Մարգարեի հայրենակիցների չարությունն ու համառությունը նմանվելու էին կապանքների, որոնցով կապված լինելով՝ նա չէր կարողանալու ազատորեն գործել իր ծառայության ընթացքում» (Տրոշոն):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) «Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը: Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու դուրս չես գալու դրանց միջից:
(Արարատ թարգ․) Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ, ահաւադիկ տուեալ են ‘ի վերայ քո կապանք, և կապեսցեն զքեզ նոքօք. և ո՛չ ելցես ‘ի միջոյ նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: