Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։11

Ա. Լոպուխին

«Եվ եթե նրանք ամաչեն այն ամենի համար, ինչ կատարել են, ապա նրանց ցո՛ւյց տուր տաճարի ձևը և նրա կարգավորությունը, և նրա ելքերն ու նրա մուտքերը, և նրա բոլոր գծագրերն ու նրա բոլոր կանոնները, և նրա բոլոր պատկերներն ու նրա բոլոր օրենքները, և գրի՛ր նրանց աչքի առաջ, որպեսզի նրանք պահեն նրա բոլոր գծագրերն ու նրա բոլոր կանոնները և դրանց համաձայն գործեն»։ [11] (Սինոդական թարգ․)
   

    Այստեղ անվանապես հիշատակվում է կատարվելու ենթակա անհրաժեշտ գործողությունը և տեղեկացվում է դրա պայմանի մասին. ամոթը, որն առաջանում էր ժողովրդի վարքուբարքի և տաճարի չափման պատճառով, ուներ նաև իր հակառակ «երեսը». տաճարի գտնվելու վայրի մասին գիտակցական ըմբռնում ունենալը և հատկապես այդ նշանակված վայրում տաճարը գոյության կոչելն Իսրայելի համար հնարավոր կլիներ միայն, «եթե նրանք ամաչեին (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «եթե նրանք ընդունեն պատիժը․ այստեղ «im» - «եթե» բառի փոխարեն տարընթերցել են «hem» - «նրանք»՝ ակնհայտորեն շփոթելով գործող պայմանների և դրանց հետևանքների վերաբերյալ 10-րդ համարում առկա հակառակ հաջորդականության հետ․ այդպես է նաև Վուլգաթայում՝ «et erubescant») այն ամենի համար, ինչ կատարել են» (ոչ միայն 8-րդ համարում հիշատակված արարքների..․այլ նաև ժողովրդի գործած ամեն վատ արարքի համար): Միայն այս պայմանի բավարարման դեպքում մարգարեն կարող էր ժողովրդին «ծանոթացնել» խորհրդավոր տաճարի հետ. առանց այդ պայմանի՝ մարգարեի տեսիլքը, որքան էլ որ այն գրի առնվի և ընթերցվի ժողովրդի կողմից, հրեաների համար որևէ իմաստ չի ունենա, այլ կլինի գեթ մի առեղծված և մի տարօրինակ «պատմություն», ինչպիսին որ այն շատերին թվում է մինչև օրս էլ: Եվ դարձյալ միայն այս պայմանի բավարարման դեպքում էր, որ նկարագրված տաճարի վերաբերյալ ժողովրդի համար ամեն ինչ պարզ կլինի և գուցե նաև ամեն բան պարզորոշ կներկայացվի ժողովրդին («ցո՛ւյց տուր» - «goda» - «թո՛ւյլ տուր իմանալ»): Այնուհետև հանգամանալից կերպով նշվում է, թե ժողովրդին խորհրդավոր տաճարում հատկապես ի՛նչ պետք է ցույց տալ և հասկանալ («goda») տալ նրանց.

    1) «Տաճարի ձևը» - «tsurat bayit»։ Սույն թվարկման մեջ «tsura»-ն հիշատակվում է 4 անգամ (ռուսերենում թարգմանվում է «ձև», «գծագրեր, «պատկերներ», «գծագրեր» բառերով) և որևէ այլ տեղում չի գործածվում՝ եթե չհաշվենք այդ բառի հետ նույնական համարվող «tsur» բառի կիրառությունը Սաղմ․ 48:18-րդ համարում, որը ռուսերեն թարգմանությունը փոխադրել է «ուժ», սլավոներենը՝ «օգնություն» բառերի միջոցով։ Նմանություն կարելի է գտնել նաև Ես․ 45:16-րդ համարում գործածված «ketiv cir» արտահայտության հետ, որը թարգմանվել է «կուռք», այսինքն՝ պատկեր։ Այս վերջին տեսակետը որպես հիմնավորում ունենալով՝ նշված բառը դիտարկվում է հենց այդ իմաստով։ Յոթանասնից թարգմանությունն այն համարում է բայ՝ հավանաբար տարընթերցելով «tsarta»՝ «և պատկերիր տաճարը» նշանակությամբ: Հավանաբար այստեղ նկատի է առնվում տաճարի արտաքին տեսքը (Վուլգաթայում՝ «figuram»)՝ առ ի համեմատություն տաճարի ներքին հատակագծի, որի մասին խոսվում է հաջորդիվ․

    2) «նրա կարգավորությունը» - եբրայեցերենում՝ «techunato»։ Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է՝ «և դրա պատրաստությունը» - «etoimasian»․․․Վատիկանյան և մյուս ձեռագրերը չունեն այս բառը, Վուլգաթայում տարընթերցվում է՝ «fabricae»։ Տաճարի ընդհանուր տեսքի և հատակագծի հետ մեկտեղ պետք է ցույց տրվեն նաև տաճարի ամենակարևոր մանրամասնությունները (ինչպես որ նախկինում էլ նկարագրվում էին), այսինքն՝ այդ նկարագրությունը պետք է լիներ շատ հանգամանալից՝ իր մեջ ներառելով հետևյալ մանրամասները․

    3) «նրա ելքերը» և

    4) նրա մուտքերը, քանի որ դրանք ապահովում էին տաճարի ամենաուշադիր պաշտպանությունը բոլոր տեսակի պղծություններից, այսինքն՝ տաճարի դեմ ուղղված ոչ միայն ամեն տեսակի մեղանչական բնույթի երևույթից, այլ նաև աշխարհիկ որևէ բանի հարձակումից։ Ահա թե ինչու տաճարի ամբողջ նկարագրությունը, ըստ էության, իրենից ներկայացնում էր հենց այդ ելքերի և մուտքերի նկարագրությունը՝ դրանց անվան ներքո նկատի ունենալով ոչ միայն դարպասները, այլ նաև նախասրահը, քահանաների համար նախատեսված սենյակները և տաճարի հետին հատվածը։

    5) «Նրա բոլոր գծագրերը» - եբրայեցերենում դարձյալ գործածված է «tsura» բառը, որն առկա էր նաև 1)-ին կետում. հոգնակի թվի կիրառությունն անհասկանալի է։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և նրա եղելությունը, լինելիությունը», Վուլգաթայում՝ «descriptionem»:

    6) «Եվ նրա բոլոր կանոնները» - եբրայեցերենում՝ «hukkotav», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «հրամաններ», «praecepta» - «ծիսակատարություններ», որոնք պետք է կատարվեին տաճարում, որոնք դեռևս չէին նկարագրվել և որոնց նկարագրությունը տրվում է հենց այժմ և հաջորդող գլուխներում:

    7) «Եվ նրա բոլոր պատկերները» - դարձյալ կիրառված է «tsurato» բառը, որը Յոթանասնից թարգմանության մեջ արդեն բացակայում է։ Վուլգաթայում՝ «ordinem»․․․

    8) «Նրա բոլոր օրենքները»․ այդպես է նաև սլավոներեն թարգմանության մեջ, իսկ Վուլգաթայում՝ «leges» - «օրենքներ», որոնք, հավանաբար, վերաբերում էին քահանայություն կատարող անձանց և տաճարում նրանց պատշաճող վարքագծին։ Գուցե այստեղ խոսքը Եզեկ․ 44-րդ գլխում շարադրված օրենքների մասին է, բայց նաև հնարավոր է, որ այս բառի ներքո նկատի են առնվում տաճարի բոլոր կարևորագույն օրենքները, որոնք բովանդակված են գրքի այս ամբողջ հատվածում՝ ներառյալ նաև 45-48-րդ գլուխները: Այդ ամենը մարգարեն ոչ միայն պետք է հայտներ («goda») ժողովրդին, այլ նաև պիտի «գրեր նրանց աչքի առաջ»՝ նկատի ունենալով սույն հայտնության առանձնահատուկ կարևորությունը և նպատակ ունենալով ամուր պահպանել այդ հայտնությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եզեկիելի հռչակած այդ լուրը նախատեսված էր ոչ այնքան մարգարեի ժամանակակիցների, որքան գալիք սերունդների համար: Սակայն Իսրայելն այս ամենառեղծվածային հայտնությանը չէր կարող հաղորդակից լինել միայն իմացությամբ և մտքով. Իսրայելը պետք է «պահեր» («պահպաներ») և «գործեր» (բառացիորեն՝ «անել», Վուլգաթայում՝ «faciant»)՝ համաձայն վերոնշյալ «գծագրերի» (դարձյալ «tsurato» բառն է գործածված) և տաճարի «օրենքների»․․․
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամէն ինչի համար: Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցուածքը, ելքը, մուտքն ու կահաւորանքը: Դրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, կանոնները ցո՛յց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ: Ու թող պահեն իմ բոլոր օրէնքներն ու պատուիրանները, կատարեն դրանք:
(Արարատ թարգ․) Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։
(Գրաբար) և նոքա ընկալցին զտանջանս իւրեանց վասն ամենայնի զոր արարին։ Եւ նկարեսցես զտունդ և զպատրաստութիւնդ իւր, և զել և զմուտ դորա, և զկահ և զամենայն հրամանս դորա. և զամենայն օրէնս և զիրաւունս դորա ցուցցես նոցա. և գրեսցես առաջի նոցա. և պահեսցեն զամենայն իրաւունս և զհրամանս իմ, և արասցեն զնոսա: