Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։7

Ա. Լոպուխին

«Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սա է Իմ գահի տեղը և Իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ Ես պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ հավիտյան. և Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի Իմ սուրբ անունը՝ ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց թագավորները, իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց բարձրադիր տեղերում»»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    Մարգարեն «խոսողից» ստանում է մի հայտնություն, որը գրքի այս ամբողջ հատվածի սերմնահատիկն ու էությունն է: Մարգարեի կողմից զննված և նրա իսկ ներկայությամբ չափագրված տաճարը լինելու է բուն Աստծո գահի տեղը, այնպիսի մի վայր, ինչպիսին մինչ այժմ եղել է միայն երկինքը: Աստված ուղղակիորեն բնակվելու է այնտեղ (այսինքն՝ տաճարում՝ «ոտքերի գարշապարների տեղը»․ սա մի արտահայտություն է, որն «Իմ գահի տեղը» արտահայտության առավել արտահայտիչ դարձված տարբերակն է): Աստծո այս բնակությունը հնարավոր դարձավ այն պայմանի շնորհիվ, որ «Իսրայելի տունն այլևս չպիտի պղծեր Աստծո սուրբ անունը»։ Այդ պղծումը տեղի էր ունեցել երկու կողմերից և երկակի բնույթ էր ունեցել։ Բացի այն, որ Աստծո անունը պղծել էր ամբողջ ժողովուրդը միասին («նրանք»), սակայն դրա հետ մեկտեղ մասնավորաբար Իսրայելի թագավորնե՛րն էին պղծել այդ անունը։ Ժողովուրդն այդ պղծությունը գործել էր «պոռնկությամբ», մի եզրույթ, որով Եզեկիել մարգարեն սովորաբար անվանում է կռապաշտությունը (հմմտ․ Եզեկ․ 8-րդ, 16-րդ և 23-րդ գլուխներ): Իսկ ահա արդեն ժողովրդի թագավորները, չսահմանափակվելով այդ պղծությունը (որով էլ նրանք ասես ընդհանրություն ունեին ժողովրդի հետ), կարելի է ասել, իրենց ամբողջ կյանքի «երկայնքով» տարածելով, այն տարածեցին նաև իրենց երկրային կյանքի սահմաններից դուրս՝ պղծելով տաճարը նաև իրենց դիակների՝ այդ սրբազան վայրի մերձավորության «պատճառով», քանի որ այդ թագավորների պատգամն էր, որ իրենց թաղեին տաճարին անմիջականորեն շատ մոտ գտնվող մի ինչ-որ տեղում։ Արդեն իսկ Դավիթն ու Սողոմոնը թաղվել էին ոչ թե քաղաքից դուրս, այլ հենց «Դավթի քաղաքում» (Գ Թագ․ 2:10; 11:43)՝ ա՛յն քաղաքում, որի բլուրներից մեկի վրա էլ հենց գտնվում էր տաճարը, մասնավորապես՝ Սիոնի հարավ-արևմտյան մասում (Նեեմ․ 3։16): Չնայած որ Թագավորաց գրքի հեղինակն այս մասին խոսում է ոչ առանց դրան հավանություն տալու, սակայն դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ծիսական անմաքրության վերաբերյալ հասկացություններն այն ժամանակ այդքան էլ զգայուն չէին: Իսկ ահա Մանասե և Ամոն թագավորները հավանաբար թաղված են եղել տաճարին էլ ավելի մոտ վայրում՝ «Ուզայի պարտեզում» (Դ Թագ․ 21:18, 26): Համաձայն ռաբբիների տեսակետի՝ Եզեկիել մարգարեն այստեղ խոսում է հենց Մանասեի և Ամոնի թաղման վայրի մասին։ Թագավորական այգիները գտնվում էին Սիլովամի մոտ գտնվող ցածրադիր վայրերում՝ Եվնոմիական և Հովսափատյան հովիտների խաչմերուկում։ Այն գտնվում էր հենց տաճարի մոտ։

    «Իրենց բարձրադիր տեղերում» - եբրայեցերում՝ «bamotam», որ նշանակում է՝ «նրանց թաղման բլուրները»։ Իսկ եթե տարընթերցենք «bemotam», ապա կստացվի «իրենց մահվան ժամանակ» (Թարգում, Սիմմաքոսի թարգմանություն)։ Յոթանասնից թարգմանության մեջ էլ՝ «իրենց երեցներին իրենց մեջ սպանելով» (խոսքը մահապատժի ենթարկելու մասին է)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Մի մարդ կար մօտս, որ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահաւորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է յաւիտեան ապրելու անունս Իսրայէլի մէջ: Իսրայէլի տան զաւակներն այլեւս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկութեամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանութիւններով,
(Արարատ թարգ․) Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում.
(Գրաբար) և ասէ ցիս. Որդի մարդոյ՝ տեսե՞ր զտեղի աթոռոյ իմոյ, և զտեղի հետոց ոտից իմոց. որովք բնակեսցէ անուն իմ ‘ի մէջ տանն Իսրայէլի յաւիտեան. և մի՛ ևս պղծեսցեն տունն Իսրայէլի զանուն իմ սուրբ, ինքեանք և առաջնորդք իւրեանց պոռնկութեամբ իւրեանց, և սպանութեամբ իշխանացն որ ‘ի մէջ նոցա․