Ա. Լոպուխին
«Եվ պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը, երբ որ սպանվածներն ընկնեն իրենց կուռքերի մեջ՝ իրենց զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն կանաչ ծառի տակ ու ամեն տերևախիտ կաղնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին»։ [13] (Սինոդական թարգ․)
13-րդ համարը կրկնում և լրացնում է 4-րդ և 5-րդ համարների գաղափարները, ինչպես որ 14-րդ համարը՝ 6-րդ և 7-րդ համարների մտքերը։ Այս համարը մեզ է փոխանցում կռապաշտության վայրերի զգալիորեն պատկերավոր մի ցանկ: Կուռքերի և մեհյանների համար ընտրվել են լեռներն ու բլուրները՝ ա՛յն համոզմունքով, որ այդ վայրերն ավելի մոտ են երկնքին (Tacitus, Ann XIII, 57, հմմտ․ Թվ․ 22:41 և այլ տեղիներ): Լեռների հետ մեկտեղ նաև տերևախիտ ծառերի (ինչպես օրինակ՝ տերևինթոսների կամ կաղնու) տակ գտնվող ստվերային հովիտները ընտրվել են որպես աստվածապաշտության վայրեր, քանի որ այն կարծիքը կար, որ ծառի մեջ աստվածություն է բնակվում։
«Անուշահոտ խունկ» - սլավոներենում՝ «հաճելի բուրմունք»։ Դա Աստծուն հաճելի զոհաբերության սովորական անվանումն է։ Այն, ինչը, օրենքի համաձայն, պետք է հատկացվեր Աստծուն, զոհաբերվեց կուռքերին, ուստի և այս խոսքերը հնչում են որպես մի վշտալի խանդի արտահայտություն։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր բլուրների ու լեռների գագաթների վրայ, ինչպէս նաեւ բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստատուն կաղնիների տակ գտնուող կռատներում, ուր խունկ էիք ծխում ձեր բոլոր կուռքերին:
(Արարատ թարգ․) Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։
(Գրաբար) Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր, յորժամ անկցին վիրաւորքն ձեր ‘ի մէջ կռոցն ձերոց, շուրջ զսեղանովքն ձերովք. ‘ի վերայ ամենայն բլրոցն բարձանց, և յամենայն գլուխս լերանց, և ‘ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց, և ‘ի ներքոյ ամուր կաղնեաց՝ ուր արկանէին խունկս ամենայն կռոցն իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: