Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։14

Ա. Լոպուխին

«Եվ Ես Իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ, և երկիրը անապատ ու ամայի պիտի դարձնեմ՝ Դիբլաթի անապատից նրանց բոլոր բնակավայրերում, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   «Իմ ձեռքը պիտի երկարեմ» - ասել է թե՝ «պիտի պատժեմ», հմմտ․ Սաղմ․ 137։7 և այլ տեղիներ։

   «Երկիրը անապատ ու ամայի պիտի դարձնեմ․․․» - Սա հիպերբոլա (չափազանցություն) է, քանի որ Սուրբ Երկիրը երբեք էլ իսկական անապատի չի վերածվել։

   «Դիբլաթի անապատից» - Եբրայական տեքստի կառուցվածքը թույլ է տալիս նաև թարգմանել հետևյալ կերպ. «Անապատից մինչև Դիբլաթ», կամ էլ այսպես․ «Ավելի անապատային, քան Դիբլաթի անապատն է»։ Այս վերջին երկու թարգմանություններից մեկը պետք է ընդունելի համարվի, քանի որ բնագրային տարբերակում չի նշվում վերջնակետը՝ «terminus ad quem» («մինչև որտեղ»): Դիբլաթ անապատի վայրն անհայտ է։ Երեմիայի 48:22-րդ և Թվոց գրքի 33:46-րդ համարներում հիշատակվում է Բեթ-Դիբլաֆայմ քաղաքը, որը հիշատակվում է նաև Մովաբի թագավոր Մեշայի արձանագրության մեջ (30-րդ տող) և կարող է գտնվել Արաբական մեծ անապատի մերձակայքում, սակայն ոչ մի հատվածում որևէ անապատ չի կոչվում այս աննշան քաղաքի անունով: Հետևաբար այստեղ ենթադրելի է գրչագրական սխալ, որը «Ռիբլաթ»-ի փոխարեն փոխադրել է «Դիբլաթ» (եբրայեցերենում «ռոշ» և «դալեթ» տառերն այնքան նման են, որ նմանատիպ սխալը շատ հնարավոր էր և հաճախակիորեն էր տեղի ունենում)։ Հետևաբար՝ «անապատից», այսինքն՝ «արաբական անապատից» մինչև «Ռիբլաթ»։ Ռիբլաթը գտնվում էր Եմաթի երկրում՝ Օրոնի մոտ, նույն լայնության վրա, ինչ Տրիպոլին։ Իսկ ահա այլ հատվածներում Եմաթը հաճախ նշվում է որպես խոստացված երկրի հյուսիսային սահման։ Եթե Եզեկիելն այստեղ կիրառել է «Ռիբլաթ» անվանումը, ապա դա կարող է պայմանավորված լինել այն ժամանակվա հրեաների համար այս քաղաքի ունեցած ճակատագրական նշանակությամբ։ Այդտեղ էր, որ Նաբուգոդոնոսորը հասավ Սեդեկիային և դաժան դատաստան իրականացրեց նրա նկատմամբ (Դ Թագ․ 25:6-7, հմմտ․ 33:33): Գրչագիրները կարող էին «Ռիբլաթը» փոխարինել «Դիբլաթ»-ի՝ Եզեկիելի մարգարեության և Թվոց գրքի վերոնշյալ հատվածների ազդեցության արդյունքում։ «Նրանց բոլոր բնակավայրերում» - Նվաճողը չի խնայելու որևէ մի քաղաքի կամ գյուղի։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ես ձեռքս իջեցնելու եմ բոլորի վրայ եւ երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման, Դեբլաթի անապատից մինչեւ ձեր բոլոր բնակավայրերը: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"»։
(Գրաբար) Եւ ձգեցից զձեռն իմ ‘ի վերայ նոցա, և եդից զերկիրն յապականութիւն և ‘ի սատակումն. յանապատէն Դեբղ’աթայ յամենայն բնակութեան նոցա. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր։