Ելից գրքի մեկնություն 10։21

Ա․ Լոպուխին

21-23. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, և Եգիպտոսի երկրի վրա թող խավար լինի՝ շոշափելի խավար»: [21] Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր խավար եղավ: Երեք օր մարդ մարդու չտեսավ և ոչ ոք իր տեղից վեր չելավ, բայց Իսրայելի բոլոր որդիները լույս ունեին իրենց բնակավայրերում: (Սինոդական թարգ․)

   

   Իններորդ պատժի նկարագրությունն առաջին հերթին ուղեկցվում է խորհրդանշական գործողությամբ՝ Մովսեսի ձեռքի՝ դեպի երկինք մեկնվելով, որն էլ առաջացրեց մթություն, այնուհետև թանձր մութը (շոշափելի խավար) այն աստիճան տարածվեց, որ որևէ մեկը չէր կարող որևէ բանով զբաղվել: Դա եռօրյա տևողությամբ պատիժ եղավ,  բայց այդ մթության աղետից Գեսեմ երկիրը հրաշքով զերծ մնաց: Նոր պատիժը առաջին և վերջին նշանների նման գերբնական մի երևույթ էր: Բայց քանի որ այս պատուհասի բաղկացուցիչ տարրերից մեկը՝ թանձր խավարը, դիտարկվում է իբրև հարավ-արևմտյան քամու խորշակի հետևանք, ուստի ամբողջ իններորդ պատիժը նույնականացվում է Եգիպտոսի համար սովորական մի երևույթի հետ: Նման ընկալման սկիզբը դրեց Յոթանասնիցի տեքստը՝ իններորդ պատժի մասին խոսելիս նկարագրելով «խավարը, մութն ու մրրիկն» իբրև խորշակի մշտակա ուղեկից, ինչպես նաև Սողոմոնի Իմաստության գրքի հեղինակը (Իմաստ. Սող. 17)

   Սակայն իններորդ պատժի և խորշակի միջև միանմանությունից զատ, այնուամենայնիվ, կա նաև մի էական տարբերություն: Պատժի էությունը խավարի մեջ էր, որն ուղեկցվում էր հեղձուցիչ օդի և այրվող ավազի առկայությամբ, որոնք, իբրև խորշակի գլխավոր տարրեր, Աստվածաշնչում չեն հիշատակվում: Յոթանասնիցի տեքստը խոսում է մրրիկի մասին, բայց մասսորեթական ընթերցման հետ համընկնում են Վուլգաթան, Անկելոսի թարգմանությունը, սիրիական, արաբական և սամարական թարգմանությունները: Չնայած որ խորշակը տևում է երկու, երեք, չորս օրեր շարունակ, սակայն այնպես չէ, որ այն առանց դադարի է «գործում»: Ամենաշատը այն տևում է 12 ժամ, քանի որ գիշերը այն չի փչում: Հետևաբար, խորշակի դեպքում անդադար եռօրյա խավար լինել չի կարող: Եգիպտոսի եռօրյա խավարը ակնհայտ ապացույցն էր գլխավոր՝ Ռա աստծո՝ արևի աստծո անզորության, որն այժմ ենթարկվում է Ամենաբարձրյալի կամքին և անկարող է անգամ իրեն երկրպագողներին լույսի մի շող տալ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»:
(Արարատ թարգ․)Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որ Եգիպտոսի երկրի վրա խավար լինի, շոշափելի խավար»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ձգեա զձեռն քո յերկինս. եւ եղիցի խաւար ի վերայ երկրիդ Եգիպտացւոց. խաւար` շաւշափելի: