Ա. Լոպուխին
13-15․ Երեկոյան լորեր եկան ու ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ: [13] Առավոտյան, երբ ցողը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր և երկրի վրայի եղյամի նման մի բան կար: Եվ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»: Որովհետև չգիտեին, թե դա ինչ է: Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը ձեզ տվել է ուտելու: (Սինոդական թարգ․)
Ճանապարհորդների վկայության համաձայն՝ Սինայի թերակղզում գարնանը լինում է չվող թռչունների այնպիսի առատություն, որ հնարավոր է նույնիսկ ձեռքերով բռնել դրանց: Հրեաներին կերակրելու գործում Աստծո նախախնամության ձեռքով այդ բնական երևույթը զենքի վերածվեց: Թվոց գրքի տեղեկության համաձայն (Թվ. 11:9)՝ ցողի հետ միասին նաև մանանան էր հայտնվում: Եվ քանի որ ցողը երկնքից է իջնում (Բ Օր. 33:13, 28, Զաք. 8:12), ապա երկնքից տրվող մանանան էլ կոչվում է «երկնային հաց» (Ելք 16:4, Սաղմ. 77:24, 104:40, Նեեմ. 9:15; Հովհ. 6:31):
Արտաքնապես այն եղյամի պես սպիտակ կամ դեղնակապտավուն գնձի սերմ էր հիշեցնում, նման էր քարախունկի, իսկ համով ասես մեղրաբլիթ լիներ (Ելք 16:31, Թվ. 11:7): Հենց «Մանանա» բառը կազմված է եբրայերեն երկու բառերից՝ «Ման» կամ «Մա», որ նշանակում է «որ», և «հու», որ նշանակում է «սա», ըստ այսմ «մանանա» արտահայտությունը բառացիորեն նշանակում է՝ «ի՞նչ է սա»: «Մանան»՝ նվիրել բառից կազմված լինելը տեքստային հիմնավորում չունի: Լորամարգիների հայտնվելու նման՝ մանանայի շնորհումը Հովսեփիոս Փլավիոսի ժամանակներից սկսած բնական երևույթ էր համարվում: Ինչպես նա, այնպես էլ ուրիշ հետազոտողներ աստվածաշնչյան մանանան նույնացնում են կարմրանազգիների մանանայի հետ, որը սոսնձի պես հոսում է այդ բույսերից: Վերջինս հեղուկ վիճակում ունի մուգ պղտոր գույն, իսկ պինդ վիճակում ամբողջովին սպիտակ է: Սինայի թերակղզում՝ Վադի-Ֆեյրանում և Գարանդելում, մանանան հավաքում են այն նույն ժամանակահատվածում, որի ընթացքում հրեաները գտնվում էին Սին անապատում՝ մայիս-հունիս ամիսներին:
Սակայն աստվածաշնչյան և կարմրանազգիների մանանաների ողջ նմանությամբ հանդերձ նաև էական տարբերություններ կան: Խոսքն առաջին հերթին քանակի մասին է: Հրեաները մանանան հավաքում էին մեկական օմեր չափով (Ելք 16:16), այսինքն՝ օրվա համար բավարար քանակով, իսկ կարմրանազգիների մանանան հավաքվում է տարեկան 500-600 ֆունտից (409,5 գրամ – ծանոթ. թրգմ.) ոչ ավելի: Հրեաները մանանայով կերակրվում էին քառասնամյա դեգերումների ողջ ընթացքում (Ելք 16:35)՝ նույնիսկ արևելահորդանանյան կողմում (Հեսու 5:12), մինչդեռ կարմրանազգիների մանանան բացի Սին անապատից այժմ ոչ մի ուրիշ տեղ չի հանդիպում:
Կարմրանազգիների մանանան մոմի նման է, իսկ աստվածաշնչյանը՝ ալյուրի կամ ձավարի, որը կարող էին աղալ երկանքով, սանդում ծեծել և եփել կաթսայի մեջ (Թվ. 11:8): Աստվածաշնչյան մանանան նեխում էր (Ելք 16:20), իսկ կարմրանազգիների մանանան՝ ոչ, առաջինը շաբաթ օրերին չէր հանդիպում (Ելք 16:27), իսկ մյուսն այդ օրը ևս կարելի է հավաքել:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին:
(Արարատ թարգ․) Եվ երեկոյան լորամարգիներ եկան ու ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ:
(Գրաբար) Եւ եղեւ ընդ երեկոյսն եւ ել լորամարգին եւ ծածկեաց զբանակն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: