Ելից գրքի մեկնություն 32։11

Ա. Լոպուխին

11-13․ Սակայն Մովսեսը սկսեց աղաչել Տիրոջը՝ իր Աստծուն, և ասաց. «Թող չբորբոքվի, Տե՛ր, Քո բարկությունը Քո ժողովրդի վրա, որին մեծ զորությամբ և զորավոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից: [11] Որպեսզի եգիպտացիները չասեն, թե. «Կործանման համար հանեց նրանց, որպեսզի սպանի նրանց լեռներում և ոչնչացնի երկրի երեսից»: Ուստի ե՛տ դարձրու Քո սաստիկ բարկությունը և դադարեցրո՛ւ Քո ժողովրդի կործանումը: Հիշի՛ր Քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց Դու Ինքդ խոստացար՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը և այս ողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, ու նրանք պիտի ժառանգեն հավիտյան»»: (Սինոդական թարգ․)
   
   Աղաչելով չեղարկել մեղավոր ազգի հանդեպ ահեղ դատաստանը՝ Մովսեսն ամենևին չի փորձում մեղմացնել նրա մեղքը: Նա ուղղակիորեն հիշեցնում է հրեաների հանդեպ Աստծո նախկին բարեգործությունները (Ելք 32:11)՝ որպես հիմնավորում կրկին ողորմություն ցուցաբերելու: Դրա համար մեկ այլ հիմնավորում է հանդիսանում Բարձրյալի կողմից ցուցաբերած մեծ նախանձախնդրությունն Իր սուրբ Անվան փառքի համար. եթե նա ոչնչացնի Իսրայելը, ապա մյուս ազգերը և ամենից առաջ եգիպտացիները չարախնդությամբ կասեն. «Այն պատճառով, որ Տերը անկարող էր տանել այս ժողովրդին այն երկիրը, որը երդմամբ խոստացել էր, այդ պատճառով Նա կործանեց նրանց անապատում» (Թվ. 16:13-16, Բ Օր 10:28 (Ռուսերեն Սուրբ Գրքում Բ Օր. 11:28)): Տերը չի կարող կործանել Իսրայելը նաև հրեա ժողովրդի նախնիներին տված ավետիսի «պատճառով»: Բազմացնելու, պահպանելու և ավետյաց երկիր հասցնելու խոստումը տրվել էր Աբրահամի սերնդին առհասարակ (Ծննդ. 48:19), այդ իսկ պատճառով այդ խոստումը Ղևիի ցեղի վրա կենտրոնացնելն ու սահմանափակելը մասնավորապես մեկ անձի՝ Մովսեսի՛ սերնդի վրա, ուղղակիորեն կխախտեր երդմամբ կնքված ուխտը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի Քո բարկությունը Քո ժողովրդի վրա, որին մեծ զորությամբ և զորավոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից:
(Գրաբար) Եւ աղաչեաց Մովսէս առաջի Տեառն Աստուծոյ իւրոյ` եւ ասէ. Ընդ է՞ր Տէր բարկանաս սրտմտութեամբ քով ժողովրդեան քում, զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց զաւրութեամբ մեծաւ եւ բարձր բազկաւ: