Եսայու մարգարեության մեկնություն 33։10

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

«Այժմ ելնելու եմ ես,-ասում է Տէրը,-այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ:
   
   «Արդ, ելնելու եմ»,- ասում է Տերը
   Երբ Տերը թշնամիներին գերության մատնեց, այնժամ վեր բարձրացավ և տեսանելի դարձավ ամենքի աչքին, սակայն այդժամ իրադարձությունները դեռևս պարզված չէին, բայց երբ խորտակեց չարի զորքերին, այնժամ առավել հայտնի դարձավ Աստծո զորությունը: Չի ասում՝ «հարձակվելու եմ նրանց վրա», որովհետև Աստծո «ելնելը» միայն բավական է թշնամիներին ցրելու համար: Ինչպես ասում է Դավիթը. «Աստված ելավ ու ցրվեցին նրա թշնամիները» (հմմտ Սաղմ. 82։2)։Ելնելը նստելու վիճակից ուղղվել է նշանակում, և չնայած դա վայել չէ Աստծո անմարմին բնությանը, բայց Սուրբ Գիրքը Աստծո վրեժխնդրության դրսևորումը «ելնել» և «արթնանալ» է անվանում, իսկ ներելու կարողությունը «նստել» ու «ննջել» է կոչում:
   Այժմ փառավորվելու եմ
   Աստվածային փառքը Նրա սեփականությունն ու բնությունն իսկ է. սա ըստմարդկային պատկերացման: Դարձյալ, Տերն Իր ժողովրդի փառքը Իրենն է համարում: Դարձյալ, չէ՞ որ այժմ Աստծո փառքը հայտնվեց այլազգիների մեջ: Եվ տե՛ս ու ի մտի ունեցի՛ր այն խոսքը, որն ասում է Տերը. «Այժմ փառավորվեց մարդու Որդին» (Հովհ. 13։31), այսինքն՝ այժմ հայտնվեց փառքը, որ ուներ բնությամբ ու սեփականությամբ: «Այժմ բարձրանալու եմ». Նույնպիսին է նաև այս խոսքը, քանզի Աստված ժողովրդի հետ բարձրացավ նրանց մեջ, չնայած մինչ այդ Նրան նվաստ ու խոնարհ էին կարծում: Դարձյալ, մեր Տերը բարձրացավ գերեզմանից ու փառավորվեց երկնքում, երկրի վրա ու բարձունքներում և երկնքում նստեց Հոր աջ կողմում: Ու նրանք տեսան և ամաչեցին, սակայն չմտափոխվեցին:
   

Ա. Լոպուխին

10-12․ Հիմա վեր եմ կենալու,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, հիմա վեր եմ բարձրանալու։ [10] Դուք հղի եք հարդով, մղեղ եք ծնելու. ձեր շունչը կրակ է, և այն ուտելու է ձեզ։ Եվ ժողովուրդներն այրված կրի պես պիտի դառնան, կտրված փշերի պես կրակի մեջ պիտի այրվեն։ (Սինոդական թարգ․)
   
   Եվ այժմ, ճիշտ այն ժամանակ, երբ հրեաների մեջ անհետացել է մարդկային օգնության հանդեպ հույսը, Տերն Ինքն է ելնում Իր ժողովրդին պաշտպանելու և ասորեստանցիներին հայտնում է նրանց ծրագրերի ոչնչացման  և իրենց վախճանի մասին։ Նրանց ծրագրերը, բոլոր հաշվարկները և մտադրություններն անզոր են ու փխրուն, ինչպես հարդն ու մղեղը։

   «Ձեր շունչը», ավելի ճիշտ՝ «ձեր վայրագությունը»։

   «Պիտի այրվեն», այսինքն՝ պիտի ոչնչանան, պիտի կործանվեն։

   «Ժողովուրդները», այսինքն՝ ասորեստանյան բանակի կազմում եղող տարբեր ազգերը։

   «Այրված կրի պես» - երբ կիրը բռնկվում է, այն գրեթե անհնար է դառնում հանգցնել:

   «Կտրված փշերի պես»։ Նույնկերպ հնարավոր չէ մարել նաև իր մեջ փշեր այրող կրակը, քանի որ կրակը չափազանց արագ է լափում այդպիսի չոր նյութը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Այժմ ելնելու եմ ես,-ասում է Տէրը,-այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ:
(Արարատ թարգ․) «Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։
(Գրաբար) Արդ` յարեաց ասէ Տէր. արդ` փառաւորեցայց. արդ` բարձրացայց: