Ա. Լոպուխին
1-38. Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տուն։ [1] Եվ պալատի վերակացու Եղիակիմին, գրագիր Սեբնային և ավագ քահանաներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։ Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. «Նեղության, պատժի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել, բայց ծննդաբերելու համար ուժ չկա։ Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան ա՛յն խոսքերի համար, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը․ ուրեմն աղո՛թք բարձրացրու այն մնացորդացի համար, որը դեռևս ողջ է»։ Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ։ Եվ Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. «Մի՛ վախեցիր այն խոսքերից, որոնք դու լսեցիր և որոնցով հայհոյեցին Ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։ Ահա, Ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի ու կվերադառնա իր երկիրը, և Ես սրով կխոցեմ նրան իր երկրում»։ Եվ Ռաբսակը վերադարձավ ու Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։ Եվ Ասորեստանի թագավորը լսել էր եթովպացիների թագավոր Թարակայի մասին․ նրան ասել էին. «Ահավասիկ, նա ելել է քո դեմ պատերազմելու»։ Այդ լսելով՝ նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. «Թող քեզ չխաբի քո Աստվածը, Որին դու ապավինել ես՝ կարծելով, որ Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ Ահա, դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին՝ անեծք դնելով նրանց վրա, մի՞թե դու ազատվելու ես։ Մի՞թե ազգերի աստվածները փրկեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը, մի՞թե փրկեցին Գոզանը և Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։ Որտե՞ղ են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները»։ Եվ Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունն ու կարդաց այն, ապա Եզեկիան գնաց Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։ Եվ Եզեկիան աղոթեց Տիրոջ առջև՝ ասելով. «Ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա։ Դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, Դու ես արարել երկինքն ու երկիրը։ Խոնարհեցրո՛ւ, Տե՜ր, Քո ականջը և լսի՛ր. բացի՛ր, Տե՜ր, Քո աչքերը և տե՛ս։ Եվ լսի՛ր այն բոլոր խոսքերը, որոնք Սենեքերիմն ուղարկեց Քեզ՝ կենդանի Աստծուդ նախատելու համար։ Արդարև, ո՜վ Տեր, Ասորեստանի թագավորները ավերել են բոլոր պետություններն ու ավերել նրանց երկրները։ Եվ կրակով այրել են նրանց աստվածներին, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդկային ձեռքերի գործ՝ փայտ ու քար, ուստի և ոչնչացրին դրանց։ Եվ այժմ, մեր Տե՛ր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, և երկրի բոլոր թագավորությունները կիմանան, որ Դու, Տե՛ր, միակ Աստվածն ես»։ Եվ Եսային՝ Ամոզի որդին, մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դու աղոթեցիր Ինձ Սենեքերիմի՝ Ասորեստանի թագավորի մասին։ Ահա սա՛ է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին. «Քեզ պիտի անարգի, քեզ պիտի ծաղրի Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխը պիտի շարժի Երուսաղեմի դուստրը։ Ո՞ւմ նախատեցիր ու անարգեցիր, և ո՞ւմ վրա բարձրացրեցիր քո ձայնն ու աչքերդ այդքան վեր բարձրացրիր․ Իսրայելի Սրբի դեմ։ Քո ծառաների միջոցով դու նախատեցիր Տիրոջն ու ասացիր. «Իմ մարտակառքերի բազմությամբ ես ելա լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը, և կտրեցի նրա հաղթահասակ եղևնիները, նրա ընտիր մայրիները և հասա նրա ամենավերին բարձունքը՝ նրա պարտեզի պուրակը։ Եվ ես փորեցի ու ջուր խմեցի, և իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր գետերը ցամաքեցրի»։ Մի՞թե դու չես լսել, որ Ես նախապես էի պատրաստել այդ, ծրագրել էի հին օրերում, և այժմ կատարեցի այդ, որ դու ամայացնես ամրացված քաղաքները՝ ավերակների կույտերի վերածելով դրանք։ Եվ դրանց բնակիչներն ուժասպառ եղան, նրանք դողացին ու ամաչեցին, եղան դաշտի խոտի ու դալար կանաչի պես, կտուրների տակ եղող բուսատեսակների ու ցորենի այն այրված հասկի նման, որը նախքան պտուղ տալը փչանում է։ Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելը, գիտեմ նաև քո հանդգնությունն Իմ դեմ։ Իմ դեմ ունեցած քո հանդգնության ու նաև ա՛յն պատճառով, որ քո ամբարտավանությունը հասել է Իմ ականջներին, Ես էլ Իմ կարթը քո քթին և Իմ սանձը քո բերանին կդնեմ և քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։ Եվ ահա, սա թող քեզ համար նշան լինի, Եզեկիա՛. այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսած հացահատիկը, և հաջորդ տարի՝ այն, ինչ աճում է նրանցից, իսկ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք և խաղողի այգինե՛ր տնկեք ու կերե՛ք դրանց պտուղը։ Եվ Հուդայի տան ողջ մնացած մնացորդացը կրկին դեպի ներքև արմատ պիտի գցի և պտուղ պիտի տա վերևում։ Քանի որ Երուսաղեմից պիտի դուրս գա մնացորդացը, և Սիոն լեռից՝ փրկվածները։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։ Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. «Նա չի մտնի այս քաղաքը ու այստեղ նետեր չի արձակի, և նրա առաջ դուրս չի գա վահանով ու նրա դեմ պատվար չի կանգնեցնի։ Նա հետ կվերադառնա իր եկած ճանապարհով և չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։ - Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որպեսզի այն փրկեմ Ինձ համար և Դավթի՝ Իմ ծառայի համար»։ Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակատեղիում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։ Եվ Սենեքերիմը՝ Ասորեստանի թագավորը, վեր կացավ, վերադարձավ ու գնաց- բնակվեց Նինվեում։ Եվ երբ նա Նեսրոքի տաճարում երկրպագում էր իր աստծուն, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատյան երկիրը։ Եվ Ասարդանը՝ նրա որդին, թագավորեց նրա փոխարեն։ (Սինոդական թարգ․)
Եսայի 37:1-38-րդ համարների մեկնությունը տե՛ս Դ Թագ. 18:13-20:19. -րդ համարների մեկնության հատվածում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը:
(Արարատ թարգ․) Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ լուաւ Եզեկիա արքայ, պատառեաց զպատմուճան իւր` եւ քուրձ զգեցաւ, եւ ել ի տուն Տեառն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: