Եսայու մարգարեության մեկնություն 57:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

«Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում:
   
   Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում

   Նկատի ունի այն, որ երբ արդարը մեռնում է, մեղավորները չեն իմանում, որ աշխարհի վրա չարիք է գալու՝այդ պատճառով արդարը մեռավ: Սկզբից արդարն է մեռնում, որպեսզի մեղավորների հետ պատիժ չկրի, և ապա գալիս է վտանգը, ինչպես եղավ բարեպաշտ Հովսիայի պարագայում. նա մեռավ, որպեսզի չգերեվարվի (Դ Թագ. 22, 23, Բ Մնաց. 34, 35, Զաք. 12:11): Արդարը մեռնում է նաև այն պատճառով, որպեսզի չբարեխոսի հանցավորների համար, քանի որ երբ ճրագը մարում է, լուսավորությունը խավարում է: Նաև, արդարը մեռնում է, որպեսզի աշխատանքներից հանգստանա: Դրա համար էլ ասում է.
   

Ա. Լոպուխին

«Արդարը մահանում է, և ոչ ոք դա սրտին մոտ չի ընդունում, և բարեպաշտ մարդիկ վերանում են երկրից, ու ոչ ոք չի մտածում, որ արդարը չարիքի պատճառով է վերանում»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «Արդարը մահանում է, և ոչ ոք դա սրտին մոտ չի ընդունում․․․ ոչ ոք չի մտածում, որ արդարը չարիքի պատճառով է վերանում» - Բնութագրելով իր ժամանակակիցների կրոնա-բարոյական խորագույն անկումը և այլասերվածությունը՝ մարգարեն հիշատակում է նրանց լիակատար անտարբերության իրողությունն այնպիսի նշանակալի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսին է արդարների՝ ժամանակից շուտ մահանալը, որի մեջ պետք էր տեսնել աստվածային պատիժն ու ամբարիշտներին դարձի բերելուն ուղղված հրահանգ։ Հարցի պարզեցման համար այստեղ անհրաժեշտ է ի նկատի ունենալ հինկտակարանայն աշխարհայացքի այն առանձնահատկությունը, համաձայն որի արդար մարդը սովորաբար պարգևատրվում էր երկարակեցությամբ (Ելք․ 20։12, Գ Թագ․3։14, Առակ․ 3։1-2)։ Իսկ եթե ամենքի կողմից ճանաչված արդարներն այժմ հաճախակի պարբերացմամբ Աստծո ձեռքով վերացվում են ողջերի շարքերից, ապա դրա պատճառը ոչ թե նրանց, այլ մե՛ր մեջ է, մասնավորապես մեր մեղավորությունն է, որ արդաների համար ծանրագին միջավայր է ստեղծում։ Ահա թե ինչու է Տերն այդպիսի արդարներին մեզանից դեպի Իր մոտ տանում՝ մեզ զրկելով նրանց օրհնաբեր ներազդեցությունից և ուսուցողական օրինակից։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում:
(Արարատ թարգ․) «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։
(Գրաբար) Տեսէ՞ք զիարդ կորեաւ արդարն, եւ չիք ոք որ անսայ սրտիւ. եւ արք արդարք բառնան, եւ ոչ ոք հայի. զի յերեսաց անիրաւութեան բառնայ արդար: