Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ:
Եվ ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար»։
Այսինքն՝ «դատ են դնում Իմ առջև և արդարություն են պահանջում՝ ասելով, թե՝ «մենք պահեցինք, ուրեմն Դու ինչո՞ւ չես փրկում մեզ»: Դրա պատճառն այն էր, որ կարծում էին, թե միայն պահքով կարող էին արդարանալ բազում չարիքներից: Իսկ Աստված ի՞նչ պատասխան է տալիս.
Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում։
«Ա՛յն պատճառով չեմ տեսնում,- ասում է Տերը,- որովհետև պահքի ժամանակ ձեր չար կամքն եք կատարում: Չեմ տեսնում նաև ա՛յն պատճառով, քանի որ վիշտ եք պատճառում նրանց, ովքեր ձեր ենթակայության տակ են: Չեմ տեսնում այն պատճառով, որ հակառակվում եք մեծերին: Չեմ տեսնում, որովհետև կռվում եք մեկդ մյուսի դեմ: Չեմ տեսնում, քանի որ ծեծում եք կրտսերներին, այսինքն՝ զրկում և հարստահարում եք աղքատներին»:
Ա. Լոպուխին
3-5․ «Ինչո՞ւ ենք մենք ծոմ պահում, սակայն Դու չես տեսնում, խոնարհեցնում ենք մեր հոգիները, դու չես իմանում»: Ահա, դուք ձեր ծոմապահության օրը ձեր կամքն եք կատարում և ուրիշներից ծանր գործեր եք պահանջում»։ [3] «Ահա, դուք վեճերի և հակառակության համար եք ծոմ պահում և այն բանի համար, որպեսզի անզգամ ձեռքով հարվածեք ուրիշներին. այդ ժամանակ դուք ծոմ չեք պահում այնպես, որ ձեր ձայնը լսելի լինի բարձունքում»։ «Մի՞թե այդպիսին է այն ծոմը, որը Ես ընտրել եմ՝ որպես մի օր, երբ որ մարդը ճգնեցնում է իր հոգին, երբ իր գլուխը կախ է գցում՝ որպես եղեգ, և իր տակ քուրձ ու մոխիր է լցնում։ Մի՞թե դու դա ես ծոմապահություն և Տիրոջը հաճելի օր անվանում»։ (Սինոդական թարգ․)
«Ինչո՞ւ ենք մենք ծոմ պահում, սակայն Դու չես տեսնում…» - Հրեական աշխարհայացքում փրկության միջոցների վերաբերյալ իշխում էր արտաքնապես կոպիտ, զուտ մեխանիկական մի տեսակետ․եթե մարդ իրականացնում էր օրենքով սահմանված այս կամ այն ծիսական գործողությունը, ապա այդ մարդը ենթադրում էր, որ դրա համար նա ոչ միայն հիմք ունի Աստծո կողմից արդարացման և փրկության արժանանալու, այլև նույնիսկ կարող է պահանջել դա՝ որպես ասես թե արժանի պարգև կամ էլ որպես վաստակած վարձատրություն։ Այս ամենի վերաբերյալ տիպիկ օրինակ է Եսայի մարգարեության մեջ, ինչպես նաև ավելի ուշ հենց Փրկչի կողմից արտաբերված փարիսեցու և մաքսավորի մասին Նրա հայտնի առակում արծարծվող հրեաների տեսակետը՝ նրանց կողմից լայնորեն կիրառվող ծոմապահությունների հատուկ նշանակության վերաբերյալ (Ղուկ․ 18։12, հմմտ․ Մատթ․ 6։16, Ղուկ․ 5։36)։ Որպես այս խեղաթյուրված տեսակետի կատարյալ անհեթեթության լավագույն մերկացում են ծառայում մարգարեի հաջորդող խոսքերը, որոնցում նա բացահայտում է նմանատիպ ծոմապահության ամբողջ կեղծավորությունն ու երեսպաշտությունը և լիակատար անհամապատասխանությունն իր նպատակին։
«Ահա, դուք վեճերի և հակառակության համար եք ծոմ պահում և այն բանի համար, որպեսզի անզգամ ձեռքով հարվածեք ուրիշներին․․․Մի՞թե դու դա ես ծոմապահություն և Տիրոջը հաճելի օր անվանում» (4-5-րդ համարներ)։ Այստեղից ամբողջովին պարզ է դառնում, որ միմիայն ֆիզիկական ծոմապահությունը, նույնիսկ եթե այն ուղեկցվում էր մարմնի լիակատար հյուծումով, լիովին անբավարար էր․յուրաքանչյուր ծոմապահություն իր նշանակությունն ու իմաստը ստանում է միայն այն ժամանակ, երբ որ այն միաձուլվում է համապատասխան հոգևոր տրամադրվածության հետ, որի մասին Եսայի մարգարեն անմիջականորեն խոսում է արդեն հետագայում։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ:
(Արարատ թարգ․) «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։
(Գրաբար) եւ ասեն. զի՞ է զի պահեցաք մեք` եւ դու ոչ տեսեր. խոնարհեցուցաք զանձինս մեր` եւ դու ոչ գիտացեր: Զի յաւուրս պահոց ձերոց գտանին կամք ձեր կատարեալ. եւ կսկծեցուցանէք զամենեսեան որ ընդ ձեռամբ ձերով են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: